ՎԱԼԵՆՍԻԱՅԻՑ ՀԵՏՈՙ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Վալենսիա (Իսպանիա) Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացվեց Մոսկվայում: «Արմենիա» տաղավարում տեղի ունեցած շնորհանդեսը կազմակերպել էր տեղի Երիտասարդական միությունըՙ Մարտիկ Գասպարյանի հովանավորությամբ: Վերջինս նաեւ հովանավորել էր գրքի մոսկովյան տպագրությունն ու խմբագրումը, ներկայացրել իր գրախոսականը աշխատության վերաբերյալ: Շնորհանդեսն սկսվեց ջութակի մելամաղձոտ հնչյուններով: Այնուհետեւ հանդիսավար Տիգրան Գասպարյանը խոսքը տվեց բարերար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին , ով ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, նրա ներկայիս գործունեությունն Իսպանիայում, ինչպես նաեւ արդեն գրքում հրատարակված գրախոսականը: Մ. Գասպարյանը հրապարակեց նաեւ Հայաստանի Գրողների միությանը հասցեագրված նամակը, որով խնդրվում է ընդգրկել Արարատ Ղուկասյանին միության մեջ: Գասպարյանից հետո խոսք առավ հեղինակը, ով գլուխ առ գլուխ ներկայացրեց ժողովածուն, բացատրեց վերնագրի ընտրությունը եւ, միաժամանակ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից պատմեց Իսպանիայի հայկական հետքը, այժմյան համայնքն ու նրա գործունեությունը: Արարատ Ղուկասյանի խոսքին հետեւեց գրականագետ Աբգար Հայրապետյանի մեկնաբանությունն աշխատության վերաբերյալ: Շնորհանդեսին ներկա էր նաեւ ռուս գրող, հրապարակախոս Ալեքսանդր Սոսնովսկին , ում հորդորներով է տպագրվել Արարատ Ղուկասյանի գիրքը: Սոսնովսկին պատմեց Վալենսիայում տեղի ունեցած իր գրքիՙ «Վրացական սինդրոմ» աշխատության աննախադեպ շնորհանդեսի մասին, որը կազմակերպել էր «Արարատ» հայկական միությունը: Հենց վերջինիս անունից էլ նրան շնորհվեց միության պատվավոր անդամի շնորհագիրը: |