RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 22:00:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 21964, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իսահակյանի մի քանի վայրկյանը

Վիգեն Իսահակյանըՙ Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ եւ մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան...

Այնուհետեւ Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը.

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:

Անհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին,

Ու անցել:

Մահախուճապ սերունդների

Աչքն է դիպել լույս գագաթին,

Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.

Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր...

Վիգեն Իսահակյանը այցելության ճշգրիտ օրը չի նշում, բայց բանաստեղծությունը թվագրված է «1926-ի հունիսի 8»: Բանաստեղծությունը մեջբերելուց հետո որդին զարմացական հարց է տալիս. «Սակայն ի՞նչն էր ներշնչել հորս, որպեսզի հենց Ռավեննայում գրեր իր այս բանաստեղծությունը, լավագույններից մեկն իր ողջ ստեղծագործության: Այստեղ ոչ մի լեռ չկար, անգամ հորիզոնում, չորս կողմը հարթավայր էր»:

Լավ հարց է, որ, թվում է, մեր գրականագետները վաղուց պետք է տային եւ իրենք էլ պատասխանեին այդ հարցին: Իրոք, ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Ռավեննայում», երբ բանաստեղծության չորս եռատողում էլ խոսքը Արարատ լեռան մասին է:

Իսահակյանը անշուշտ շատ լավ գիտեր Դանտեի ողբերգական ճակատագրի պատմությունը: Իտալիայի մեծ բանաստեղծը նաեւ Ֆլորենցիայի քաղաքական նշանավոր գործիչ էր, Սպիտակ գվելֆների կուսակցության երեւելի դեմքերից մեկը: 1301 թվականի հուլիսին Կարլոս Վալուայի զորքը մտնում է Իտալիա, եւ Ֆլորենցիան պատրաստվում է պաշտպանության: Բոնիֆացիուս պապի խոստումներից խաբված` Սպիտակ գվելֆները քաղաք են թողնում Կարլոս Վալուային, բայց Կարլոսի ջոկատների հետ քաղաք են խուժում նաեւ Սեւ գվելֆների առաջնորդներն իրենց ջոկատներով: Այսպես Սպիտակների կուսակցությունը պարտություն է կրում, եւ Սեւերը դաժան հաշվեհարդար են տեսնում պարտված Սպիտակ գվելֆների հետ: Տեղի է ունենում իշխանափոխություն` դրանից բխող անմարդկային դաժանություններով եւ սոսկալի անարդարություններով: Դանտեի անունը հայտնվում է դատապարտվածների ցանկում: Դատավճռով նրան պարտավորեցնում են վճարել 5000 լիր տուգանք, երկու տարով աքսորում են Տոսկանայի սահմաններից դուրս, նրան սպառնում էր գույքի եւ ունեցվածքի բռնագրավումը եւ իր տան հիմնահատակ ավերումը: Եվ Դանտեն պետք է երեք օրվա ընթացքում ներկայանար քաղաքագլխին: Դանտեն չի ներկայանում, եւ դա համարում են սեփական հանցանքի ճանաչում: Չներկայանալը պատճառ է դառնում, որ նոր դատավճիռ կայացվի բանաստեղծի հանդեպ: Նրան մահվան են դատապարտում, մահվան դատավճիռ են կայացնումՙ «կրակի վրա այրել, մինչեւ որ մահանա»: Դատավճիռը հրապարակվում է 1302 թվականի մարտի 10-ին: Քաղաքագլուխը զինված զորաջոկատով եւ 150 քարգործ վարպետներով ու գործավարներով հիմնահատակ քանդում եւ ավերում է Դանտեի տունըՙ բառացիորեն գետնին հավասարեցնելով այն:

Բանաստեղծը հարկադրված բռնում է տարագրության ճանապարհըՙ հազիվ խույս տալով դաժան դատավճռից: 1306 թվականին նա խնդրագիր է գրում եւ հայրենիք վերադառնալու թույլտվություն է խնդրում, բայց խնդրանքը մնում է անհետեւանք: Աքսորյալը հասկանում է, որ այլեւս վերադարձի ճանապարհ չկա: Սկսվում են անհանգիստ թափառումի տարիներըՙ Բոլոնիա, Փարիզ, Վերոնա... Ի վերջո հաստատվում է Ռավեննայում: 1315 թվականի հոկտեմբերի 15-ին բանաստեղծին մահվան դատապարտելու նոր վճիռ է կայացվումՙ այս անգամ երկու որդիների հետ: Դատավճիռը հրապարակային հանդիսավորությամբ հաստատում է փոխարքան: Դանտեի համար Ֆլորենցիան այլեւս վերջանում է, եւ այս աքսորը, այս հայրենազրկումը դառնում է բանաստեղծի մեծագույն ողբերգությունը:

Եվ ահա, տարագիր հայ բանաստեղծը խոնարհվում է տարագիր ու երիցս աքսորյալ իտալացի մեծ բանաստեղծի շիրիմի առջեւ: Ի՜նչ տառապանքներ է կրել տիեզերական մեծության բանաստեղծը, ի՜նչ հալածանքների է ենթարկվել նա: Եվ ո՞ւր են այսօր Դանտեին հալածողները, ո՞վ գիտի նրանց անունները, մինչդեռ Դանտեի անվան առջեւ խոնարհվում է ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Դանտեի անունը դարերի ընթացքում լուսաստղի պես գնալով բարձրացել է, մինչդեռ հալածողներին կլանել է մոռացության սեւ անդունդը, նրանց հիշատակը հավասարվել է հողին, ինչպես որ նրանք մի օր Դանտեի տունն էին հավասարեցրել հողին:

Բայց դառնանք «Աստվածային կատակերգությանը»: «Դժոխքի» երրորդ երգում Դանտեի վարպետը` Վերգիլիուսը մատնացույց է անում նրանց, «Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր» , ինչպես նաեւ «ճղճիմ հոգիները այն մարդկանց, / Որոնք անգով ու անպարսավ ապրեցին» : Նույն երրորդ երգում մի հատկանշական եւ ուշագրավ հատված կա, ուր Վերգիլիուսը վճիռ է արձակում այդ մեղսավորների վերաբերյալ եւ Դանտեին խորհուրդ ու հրահանգ է տալիս.

Նրանք երկրում անհիշատակ մնացին,

Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց,

Նրանց մասին լռենք, նայիր եւ անցիր:

(Fama di loro mondo erser non lassa,

misericordia e geustizia li sclegna:

non ragioniam di lor;

ma guarda e passa.)

Ահա՛, ամենակարեւոր եւ ճակատագրական խոսքը արդեն ասված է` «նայիր եւ անցիր» («ma guarda e passa»): Այստեղ է Դանտեի իմաստնության գաղտնակետը: Այս տողերում Դանտեն փաստորեն Վերգիլիուսի միջոցով դատավճիռ է կարդում իր հակառակորդներին ու թշնամիներին:

Չմոռանանք Ավետիք Իսահակյանի սիմվոլիստական բանաստեղծությունները եւ հիշենք, որ սիմվոլիստական գրականության մեջ լեռը խորհրդանշում է կամային կյանքը, այսինքնՙ իդեալը, իսկ հարթավայրըՙ դյուրին, հեշտ, անհոգ ու ապահով ապրելակերպը, քաղքենի ու ճղճիմ միջավայրը, փոքրոգի ու ցածր մարդկանց իրականությունը: Ուստի եւ պատահական չէ, որ հայ բանաստեղծի երեւակայության մեջ արթնանում է Արարատ լեռան պատկերը, որ շուտով փոխարկվում է փոխաբերության: Դանտեն նման է Արարատին, Դանտեն ինքը Արարատ լեռն է, որ դիմացել է բազում հարվածների ու փորձությունների:

Արարատ լեռան խորհրդանշական պատկերը անմիջապես ծնունդ է տալիս նոր համադրության, Իսահակյանը Դանտեի կյանքի ու ճակատագրի առթած մտածումով Արարատ լեռը նույնացնում է հայ ժողովրդի հետ, որի զավակը, որի մի մասնիկն է ինքը: Լեռը եւ իր կրած հարվածներն ու փորձությունները, հայ ժողովուրդը եւ իր դժվարին պատմությունը, իր ծանր ճակատագիրը:

Բանաստեղծական մտածումը Արարատ լեռան պատկերը տեղափոխում է երեւակայական այլ իրականություն եւ տարածություն: Իհարկե, Արարատ լեռան խորհրդանիշը կարող է ընկալվել իբրեւ Դանտեի կերպարի փոխաբերություն, այլաբանական-այլասացական խոսք Դանտեի հիշատակին: Բայց եւ ակնհայտ է, որ Իսահակյանը անցում է կատարում հայկական իրականությանը եւ հայ մարդու, հայի իր հոգեկան ապրումներին ու վիճակին:

Վերգիլիուսի (Դանտեի) իմաստուն հրահանգըՙ «նայիր եւ անցիր» («guarda e passa») Իսահակյանի բանաստեղծության մեջ որոշակիորեն ա՛յլ նրբերանգ է ստանում: Պոեմում Դանտեն պետք է արհամարհանքով նայի, պետք է անտեսի մտքի բարիքը կորցրած հոգիներին, պետք է նայի եւ անցնի, Իսահակյանի «անցիր»-ը բոլորովին ա՛յլ իմաստ ունի: Չորս եռատողում էլ առկա է Արարատը (1. «Արարատի ծեր կատարին» , 2. «...Սուրն է բեկվել ադամանդին» , 3. «Աչքն է դիպել լույս գագաթին» , 4. «Դու էլ նայիր սեգ կատարին» ) եւ չորս եռատողում էլ առկա է «անցնել» բառըՙ երեք անգամՙ «Ու անցել» եւ վերջին եռատողումՙ «Ու անցիր»:

Բանաստեղծությունը հայ ժողովրդի դարավոր պատմության հանճարեղ խտացումն ու խորիմաստ փոխաբերությունն է: «Հերթը հիմա քոնն է» ասելով փիլիսոփա բանաստեղծը նախ նկատի ունի իրենՙ պարզ մահկանացու մարդուն, եւ ապա ընթերցողին:

Երեք անգամ հնչող, իմաստավոր նրբերանգով բանաստեղծական տունը եզրափակող «Ու անցել» հանկերգը եւ վերջին եռատողիՙ ճակատագրի փողի ձայնի նման անառարկելի «Ու անցիր» -ը շեշտում-ընդգծում են լեռան (ժողովրդի) հավերժության գաղափարը:

Ամենեւին էլ անհիմն չի լինի կարծել, որ Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը նաեւ ընդգծված քաղաքական իմաստ եւ բովանդակություն ունի: Հայաստան աշխարհում, Արարատյան դաշտում Արարատ լեռանը նայել ու անցել են պարսիկներն ու հռոմեացիները, բյուզանդացիներն ու արաբները, թաթար-մոնղոլներն ու թուրք-սելջուկները, նոր պարսիկներն ու նոր թուրքերը... Սխալ չի լինի կարծել, որ Իսահակյանը բանաստեղծությունը հասցեագրել է Հայաստանը զավթած եւ Հայաստանի պատմական տարածքները թուրքին նվիրած բոլշեւիկներին, որոնց ներկայությունը Հայաստանում հազարավոր մարդկանց դարձրել է տարագիր։ Հիմա հերթը բոլշեւիկյան իշխանությանն է, բոլշեւիկներինը: Նրանք էլ հազիվ հասցնելու են մի պահ նայել եւ անցնել: Եվ, իհարկե, անցնելու են։ Թվում է` բանաստեղծը մեծահոգաբար նրանց թույլ է տալիս մի պահ նայելու`

Հերթը հիմա քոնն է մի պահ.

Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր:

Սա Իսահակյանի ազնիվ զայրույթն ու սպանիչ հեգնանքն է Հայաստանի բոլշեւիկյան իշխանության հանդեպ։

Իսահակյանիՙ 1920-ական թվականների ստեղծագործություններին, մտածումներին ու խոհերին ծանոթ մարդկանց ամենեւին էլ արտառոց ու անակնկալ չի թվալու նման իմաստն ու բովանդակությունը:

Հին դարերի մեջ Արարատին նայողները վաղուց չկան, իսկ լեռը կա` վեհաշունչ, վեհապանծ, անայլայլ ու անսասանելի, վսեմական ու հավերժական:

Իրոք պոեզիայի ճանապարհները անքննելի եւ անիմանալի են. իսկական գրականությունը միշտ առեղծվածային կարելիություն եւ հեքիաթային զորություն ունի ընդարձակելու ընդգրկումի եւ ուղղվածության իր տարածական ու ժամանակային սահմանները ինչպես դեպի անցյալ, այնպես էլ դեպի ապագա։ Այնպես որ Իսահակյանի բանաստեղծությունը վերաբերում է ոչ միայն արյունարբու բոլշեւիկներին, որ քսանական թվականներին իրոք թվում էին ժամանակավոր, այլեւ բոլշեւիկների հարազատ ժառանգներինՙ բոլշեւիկներին հաջորդած եւ Հայաստանը ավերումի ու կողոպուտի մատնած ամեն տեսակ սրիկաներին եւ ավազակներին։

Բայց կա բանաստեղծության մի ա՛յլ, թերեւս ավելի խոր ու առավել նշանակալից հայեցակետ: Այն թերեւս ավելի ընդհանուր, առավել փիլիսոփայական բովանդակություն է հաղորդում Իսահակյանի բանաստեղծությանը: Սիմվոլիստական բանաստեղծության հիմնական թեմաներից մեկը անցողիկի, ժամանակավորի եւ մնայունի, հավերժականի թեման է, կյանքի վաղանցուկ վայրկյանների ու պահերի եւ բնության ու տիեզերքի հավերժության բազմապիսի ու բազմակերպ արծարծումները: Պահի ու վայրկյանի անցողիկության արձանագրումը շեշտում է կյանքի գեղեցկության անցողիկությունը: Ահա թե ինչու սիմվոլիստական բանաստեղծության այսպես կոչված քնարական հերոսը շատ հաճախ անցորդն է, ոչ միայն քայլող-անցնողը, այլեւ նա, որ այս կյանքում անցնում է: Բավական է հիշել Վահան Տերյանի ամբողջ ստեղծագործությունը, Եղիշե Չարենցի վաղ շրջանի հանճարեղ բանաստեղծությունները: Չմոռանանք նաեւ իրՙ Իսահակյանի սիմվոլիստական սքանչելի բանաստեղծությունների հայեցողական եւ ներսուզումային բնույթը:

Եվ վերջապես, Հիսուս սովորեցնում էր մարդկանց չկառչել առարկայական աշխարհին, նյութեղեն իրականությանը, առավել եւսՙ նյութականը չդարձնել կյանքի իմաստ ու նպատակ: Ըստ Թովմայի պարականոն ավետարանիՙ Հիսուս պատվիրում էրՙ «Եղեք անցորդ»:

Ահա, «Ռավեննայում» բանաստեղծության մեջ Արարատը կարող է խորհրդանշել (խորհրդանշում է) մնայուն, այլեւս հավերժական թվացող, իր հզորությամբ ու գեղեցկությամբ կատարյալ բնությունն ու առարկայական աշխարհը, իսկ Արարատին նայող մարդը, պարզ մահկանացունՙ անցվորը, անցորդը, որի ողջ կյանքը Արարատ լեռան հավերժական ժամանակի համեմատությամբ լոկ մի պահ է, վայրկյանի մի չնչին մասը.

Հերթը հիմա քոնն է մի պահ...

Ուրեմն մարդու ողջ կյանքը ընդամենը «իրեն տրված հերթն» է հավերժության աչքերին մի ակնթարթ նայելու եւ այդ հերթը իրոք «մի պահ» է: Նույնիսկ Դանտեի նման տիեզերական մեծության բանաստեղծի կյանքն ու ճակատագիրը ժամանակի հավերժության դիմաց թվում են ընդամենը «մի պահ»: Իսկապես որ «ավա՜ղ փառացս անցավորի...»:

Ահա թե ինչպիսի բանաստեղծության ծնունդ է տվել այն մի քանի վայրկյանը, որ Վարպետը, խոնարհվելով Դանտեի շիրմաքարի առջեւ, տրվել է մտասուզումի: Ընդամենը մի քանի վայրկյան, բայց ի՜նչ վայրկյաններ... Ինչպես տեսնում ենք, ընդամենը տասներկու տողանոց այս բանաստեղծությունը հենց այն է, ինչ ժամանակակից իտալացի մեծատաղանդ գրականագետը անվանում է «բաց ստեղծագործություն»: Լինելով պատկերագրի նման առեղծվածային ու խորհրդավոր, այն բազմաշերտ է ու բազմիմաստ եւ բաց է ժամանակների եւ սերունդների առջեւ նոր իմաստներ ստանալու եւ բովանդակելու առումով:

Ահա թե ինչու հայ բանաստեղծության ամենագեղեցիկ էջերից մեկը, որ իր ծնունդով երեւի թե պարտական է հենց այն «մի քանի վայրկյանին», մեծ Վարպետը իմաստուն մարդու եւ խորատես բանաստեղծի նրբազգացությամբ արդարացիորեն անվանել է «Ռավեննայում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ