RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-18 20:26:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 939, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՑԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 14-ին Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ հանդիպում էր կազմակերպել որոշ մտավորականների հետ: Հանդիպմանը, որին ներկա են եղել մոտ 20-25 հոգի, մասնավորաբար մասնակցել են Ռազմիկ Դավոյանը, Հենրիկ Էդոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Ժիրայր Դադասյանը, Արամ Սաթյանը, Կարեն Աղամյանը, Արամ Իսաբեկյանը, Արա Երնջակյանը, Գեղամ Գրիգորյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Կարինե Խոդիկյանը, Երվանդ Ղազանչյանը, Նարինե Մալյանը, այլք:

Սկզբում հանդիպման մասնակիցները շրջել են Պռոշյանի տուն-թանգարանով, ապա տեղի է ունեցել ոչ պաշտոնական հարցուպատասխանի ձեւաչափով հանդիպում, որից հետո էլ մտավորականները, վարչապետը եւ մշակույթի նախարարը (սահմանազատումն անում ենք` ելնելով զուտ արարողակարգային նրբություններից) նստել են համատեղ սեղանի շուրջը` վայելելու ընտիր տեղական հացը եւ ոչ պակաս ընտիր տեղական ծիրանի օղին: Հայտնի չէ, թե ո՞վ է եղել այս ուշագրավ սեղանի թամադան, բայց հայտնի է, որ սեղանի շուրջ երեք կենաց են խմել. նախ առաջարկվել է խմել` Հայաստանի Հանրապետության, պետության եւ ժողովրդի համերաշխության կենացը (հավանաբար պետություն ասելով կենացասացը նկատի է ունեցել իշխանությանը):

Ի դեպ այս կենացի շրջանակներում վարչապետ Աբրահամյանը խոսել է Բաղրամյան պողոտայում հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներից: Ապա մշակույթի տիկին նախարարն առաջարկել է խմել մտավորականների կենաց, որից հետո էլ վերջիններս խմել են մշակույթի նախարարի եւ ողջ կառավարության` ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենաց: Ապա մտավորականներից մի քանիսը, մտածելով, թե վարչապետ Աբրահամյանն արժանի է առանձին կենացի, փորձել են առաջարկել նրա` առանձին կենացը: Միայն փորձել են, քանի որ հենց այն պահին, երբ կենացասացը ցանկացել է բարձրաձայնել նոր կենացը, վարչապետ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, եւ գուցե խուսափելով իր անձի հանդեպ ավելորդ ուշադրությունից, ասել է. «Եկեք դուրս գանք` մի քիչ դրսում նստենք»: Բնականաբար դուրս են եկել, հասկանալի է` առանց ծիրանի օղու:

Հենց դրսում էլ, երբ հանդիպման մասնակիցները հարմարավետ նստել են եւ կազմել այսպես կոչված «կլոր սեղան», տեղի է ունեցել ամենահետաքրքրականը: Մտավորականներից մեկը, որի անունը եթե իմանայինք էլ, հաստատ չէինք բարձրաձայնի (նրա իսկ օգտին), վարչապետի հետ անկաշկանդ զրույցի է մտել, մասնավորաբար հորդորելով վերջինիս` «Էս մամուլի դեմն առնել»: Ավելի կոնկրետՙ մտավորականը հետաքրքրվել է վարչապետից, թե` «Չե՞ք կարողանում զսպել էս մամուլը»: Ըստ հանդիպման ներկաներից Մերուժան Տեր-Գուլանյանի, վարչապետն այս հարցին պատասխանել է մոտավորապես այսպես. «Մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ մամուլը եւս ազատ է, եւ չենք կարող մամուլի գլխին ոստիկանություն կանգնեցնել: Բայց եթե ձեզ վիրավորում են, ապա դատարան դիմեք»:

Մի քիչ շեղվելով այս պատմության այս կարեւորագույն դրվագից, ասենք նաեւ, որ Տեր-Գուլանյանը հայտնել է նաեւ, որ ինքն այդ օրը, շեշտեմ` այդ օրը, բացահայտել է իր իսկ խոսքերով` «ապշելու մի բան». «Ես այդ օրն իմացա ապշելու մի բան, որ Հայաստանում բոլոր թանգարանները վերանորոգված են ամենաբարձր մակարդակով, ինչն ինձ շատ ուրախացրեց»: Դժվար է ասել, թե ինչո՞ւ մինչեւ «այդ օրը» հարգելի Տեր-Գուլանյանը չէր այցելել հայաստանյան թանգարաններ, որպեսզի ավելի վաղ իմանար հիշյալ «ապշելու մի բանը», եւ քանի որ սա իրոք դժվար է ասել, դառնանք այս պատմության կարեւորագույն դրվագին: Այն, ինչպես հասկացաք, վարչապետի պատասխանը չէ, ոչ էլ անգամ այն, որ վարչապետը մտավորակնների հետ հանդիպել է ոչ թե խաշի սեղանի շուրջը (ենթադրենք), այլ թանգարանում: Կարեւորն այն է, որ մեր մտավորականներից մեկին հաստատ հարկավոր է, որ «էս մամուլը զսպվի»:

Բայց ավելի կարեւոր մի բան կա. այնՙ որ սեպտեմբերի 14-ը (երբ տեղի է ունեցել հիշյալ հանդիպումը), կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր էր հայտարարված, այսինքն աշխատանքային օրերին կառավարությունն ուղղակի ժամանակ չունի հանդիպում կազմակերպել մեր մտավորականների հետ: Հավանաբար այդ պատճառով էլ նրանցից ոմանք, կամ թեկուզ նրանցից միայն մեկը, զսպվելու կարիք ունի:

Հա, քանի չենք մոռացել ասենք, որ մենք միանում ենք կառավարություն-մտավորականներ սեղանի` երկրորդ կենացին եւ ավելացնում` չորրորդը. ամեն ինչում (այդ թվում` մամուլում, ի դեպ) չափավորության կենացը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ