ՄԵԾ ՍՐՏՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Ինգեր ԱԼԵՍԹԻԳ, «Դագեն», Ստոկհոլմ, 2015, օգոստոսի 20 «Արշիլ Գորկի» բալետում Արսեն Մեհրաբյանը ներկայացնում է ցեղասպանությունը վերապրածի դիմանկարը Արսեն Մեհրաբյանը հայ է եւ Ստոկհոլմի Թագավորական բալետի մենապարողը: Նա ունի նաեւ սեփական հայկական պարի խումբը, եւ նկարիչ Արշիլ Գորկու դերով մարմնավորում է ցեղասպանության մի վերապրածի ճակատագիրը: «Սրտով ես մնացել եմ Հայաստանում»,- ասում է նա: Արսեն Մեհրաբյանին հանդիպում ենք Ստոկհոլմի Թագավորական օպերայի աշնանային համերգաշրջանի առաջին պարապմունքներից մեկի ժամանակ: Պարողները ողջունում են միմյանց եւ գրկախառնվում ամառային բաժանումից հետո, այնուհետեւ սկսվում են կքանստումները, փայտաձողի մոտի եւ մարմինը բացող մյուս վարժությունները: Շատ արտիստներ փափուկ հողաթափերով ենՙ խնայելու համար կոճերը: Որոշ ժամանակ անց բոլոր պարողները տեղափոխվում են փայտաձողի մոտ, եւ պարապմունքը դառնում է ավելի ավանդական բալետային: Ավստրալացի փորձավարը հրահանգում էՙ «պլիե՛», «արաբե՛սկ», «պտո՛ւյտ»: «Բայց այսօր ոչ մի հույս չկա բացվելու,- պարզաբանում է Արսենը, երբ հետո միասին գնում ենք սրճարան:- Առնվազն հինգ օր պետք է պարապելՙ նախքան կկարողանաս ցատկել, այլապես վնասվելու վտանգ կա»,- ասում է նա: Ինքըՙ Արսենը, եկել էր երկու շաբաթ Կիպրոսում անցկացրած արձակուրդից հետո: Մինչ այդ նրա ժամանակացույցը լեցուն էր: Հուլիսին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում նա երկու անգամ ներկայացրել էր իր առաջին պարային բեմադրությունըՙ «Արշիլ Գորկին», ավելի քան հազար հանդիսականի ներկայությամբ: Ստեղծագործությունը ներկայացնում է հայտնի նկարչին, ով Հայաստանից տեղափոխվեց ԱՄՆ եւ ի վերջո դարձավ ամենահայտնի հայ նկարիչը: Գորկին 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ հայերից մեկն էր... - Նրա ճակատագիրը գրավեց ինձ: Մայրը ցեղասպանության ժամանակ մահացել է սովից: Ինքը դժվար տարիներ է անցկացրել Միացյալ Նահանգներում: Փոխել է իր անունը, սովորել է նկարել: Նա պետք է աշխատեր, որ կարողանար ապրուստ վաստակել եւ ապրել իր արվեստով,- ասում է Արսենը: Գորկու կյանքը դրամատիկ է եղել: Կյանքի վերջին տարիներին վթարի է ենթարկվել եւ կորցրել աջ ձեռքը: Սա նշանակում է, որ նա այլեւս անկարող էր նկարել: Նրա մոտ նաեւ քաղցկեղ են ախտորոշել. կինը լքել է նրան: Մի քանի ձախողված ինքնասպանության փորձերից հետո նա կյանքից հեռացել է սեփական ձեռքով, 1948-ին: Գորկին էքսպրեսիոնիստ էր, նա ճանապարհ է հարթել աբստրակտ էքսպրեսիոնիզմի համար: Որպես բալետմայստեր իր առաջին ներկայացման վերջին հատվածները Արսենը ներշնչվել է Գորկու թոռնուհու վավերագրական ֆիլմից: - Ես հատվածաբար պատկերել եմ նրա կյանքը, նրա արվեստը, որով հափշտակված եմ, այդ հրաշալի վերացական գեղանկարները, որոնք կարծես թե պարզ են, բայց միաժամանակՙ այնքան արտահայտիչ եւ զգացմունքներով լի: «Արշիլ Գորկի» բալետի բեմադրությանն աջակցել է Ցեղասպանության հիշատակման հայաստանյան հիմնադրամը: Արդյունքում ստեղծվել է 46 րոպեանոց բեմադրություն, որը ներկայացվեց երկու անգամ: Երաժշտությունը դասական եւ ժամանակակից ստեղծագործությունների խառնուրդ է: Բախը միախառնվում է հայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսին եւ Կոմիտասին: «Թեեւ Գորկին վերացական նկարիչ էր, բեմադրության ոճը, սակայն, վերացական չէր, այլ ավելի պատմողական»,- ասում է Արսենը: - Ինձ համար ամենակարեւորը մի այնպիսի պատմություն պատմելն է, որը զգացմունքայնորեն ուժեղ լինի: Երկու ներկայացումների տոմսերն էլ արագ են վաճառվել եւ արժանացել են դրական արձագանքի: - Այո, հանդիսատեսը շատ հավանեց բեմադրությունը: Հայաստանում Գորկու անունը հայտնի է: Շատերն էին ինձ հարցնում ներկայացման մասին եւ հետաքրքրվում, թե երբ կդիտեն այն,- ասում է Արսենը: Ողջ 2015-ի ընթացքում Ցեղասպանության հարյուրամյա հիշատակը տարբեր ձեւերով ոգեկոչվում է Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ընդամենը 24 երկիր, ներառյալՙ Շվեդիան: Իսկ վերջերս, հունիսին, Բելգիան ճանաչեց այն: Պետությունների ճնշող մեծամասնությունը չի ճանաչել մեկուկես միլիոն քրիստոնյա հայերի ցեղասպանությունը: Այդ իսկ պատճառով Ցեղասպանության հարցը մնում է ծանր խնդիր: - Մարդիկ շարունակում են խոսել այդ մասին Երեւանում: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, մեկուկես միլիոն մարդ է սպանվել,- ասում է Արսենը:- Մարդիկ այդ օրը ծաղիկները ձեռքին քայլում են դեպի Ցեղասպանության հուշարձան: Հիշելու մի ձեւ է Ցեղասպանության զոհերի հանդեպ ուշադրությունը, մեկ այլ միջոց է ապագայի նկատմամբ հույս ու հավատ ոգեշնչելը: Արսենն ասում է, որ ինքը, բազմաթիվ հայ պարողների եւ մշակութային գործիչների պես հեռացել է երկրիցՙ կրթություն ստանալու նպատակով: - 1990-ականներին երկրի իրավիճակը ծանր էր: Ադրբեջանի հետ պատերազմի մեջ էինք: Ես հեռացա երկրից, դժվար էր, բայց այդպես էր պետք: Ինձ եւ հայկական բալետի դպրոցի իմ ընկերներին հնարավորություն տրվեց մասնակցել տարբեր մրցույթների եւ ստուգատեսների, եւ մեզնից մի քանիսը կարողացան շարունակել մասնագիտական կրթություն ստանալ Եվրոպայում: Արսենն առաջին անգամ ուսանել է Համբուրգում, ապա մաս կազմել Ջոն Նոյմայերի պարախմբի: Ասում է, որ Նոյմայերն այն պարադիրն է, որն ամենից շատ է իրեն ոգեշնչել: Հետո իր կյանքում եղավ Ցյուրիխը, եւ ի վերջո Ստոկհոլմը, որտեղ նա, ի թիվս այլոց, աշխատել է Մաթս Էկիՙ ֆանտաստիկ պարուսույցի ու մարդու հետ, որը բանիմաց է, համեստ եւ բարի: - Մաթս Էկի հետ աշխատելը մի ամբողջ նոր աշխարհ էր ինձ համար: «Յուլիա եւ Ռոմեո» բալետում նա ստեղծեց Յուլիայի հոր դերն ինձ համար: Լավագույն բանը, որ ինձ հետ եղավ Շվեդիայում, Մաթս Էկի հետ աշխատելու հնարավորությունն էր: Մենք Հայաստանում դիտում էինք նրա կնոջՙ Անա Լագունայի տեսագրությունները: Եվ պատկերացրեք, որ դրանից հետո նրա հետ հանդես եմ գալիս «Յուլիա եւ Ռոմեոյի» նույն տեսարանում: Արդեն հինգերորդ թատերաշրջանն է, ինչ Արսենն աշխատում է Ստոկհոլմի Թագավորական բալետում: Այս աշնանը Մաթս Էկի «Կարապի լճի» բեմադրության մեջ նա կկատարի գլխավոր դերերից մեկը: Բայց եթե նույնիսկ նա մի քանի տարի ֆիզիկապես գտնվում է Շվեդիայում, նրա սրտի մի մասը Հայաստանում է: - Այո: Մարդը երկատվում է, նրա մի մասը մնում է տանը: Ես զգում եմ, որ կարծես երբեք չեմ լքել իմ երկիրը, ես ֆիզիկապես այստեղՙ Շվեդիայում եմ, բայց սիրտս մնացել է Հայաստանում: Իր փորձառությունը նա կիսում է նկարիչ Արշիլ Գորկու եւ բազմաթիվ այլ տարագիրների եւ ներգաղթյալների հետ: Արսենի համար «Հզոր զգացմունքներ» խմբի ստեղծումը դարձավ մի ճանապարհՙ պարի միջոցով արտահայտելու այն, ինչը սրտում է, եւ միաժամանակ դրա որոշ մասը վերադարձնելու հայրենիք: «Հզոր զգացմունքները» ստեղծվեց 2006 թվականին, կազմված է հինգ տղամարդ արտիստներից, բոլորն էլՙ հայեր: Հինգ պարողներն էլ աշխատում են Եվրոպայի տարբեր մասերում, բայց պարբերաբար հանդիպում ենՙ զարգացնելով իրենց ընկերությունը: - Դա մի երկար եւ ուսանելի ճանապարհ էր: Մենք փորձեր էինք անում հանգստյան օրերին կամ ազատ ժամանակ, եթե կարողանում էինք գտնել այն: Վերջին տարիներին ես առնվազն 30 անգամ ճանապարհորդել եմ Գերմանիա: Մինչ օրս «Հզոր զգացմունքները» ելույթներ է ունեցել Գերմանիայում, Իտալիայում եւ Հայաստանում: Այժմ հույս ունի ելույթներ ունենալ նաեւ ԱՄՆ-ում եւ հաճույքովՙ Շվեդիայում: Արսենի եւ խմբի մյուս անդամների համար, իհարկե, հատկապես կարեւոր է Հայաստան վերադառնալը: - Ես ցանկանում եմ նպաստել իմ երկրինՙ ինչով կարող եմ: Դասավանդել, ներկայացումներ բեմադրել: Մենք երիտասարդներին պարելու եւ մտածելու նոր ուղիներ ենք ցույց տալիս: Հայաստանը այսօր կարիք ունի հույսի, քանի որ այժմ շատերն են անհույս ապագայի հանդեպ: «Հզոր զգացմունքները» ինձ համար միջոց էՙ ինչ-որ բան վերադարձնելու իմ երկրին: - Իմ վաղեմի երազանքն էրՙ ստեղծել այս խումբը, եւ այնքան ուրախ եմ, որ գտա բարեկամների, ովքեր նույն կերպ են մտածում: Տվյալներ. Արսեն Մեհրաբյան Ուսանել է Հայաստանի ազգային բալետի դպրոցում եւ Համբուրգի բալետի դպրոցում: Ի թիվս այլ դերերիՙ կատարել է Ֆավնի դերը Ջոն Նոյմայերի բեմադրության մեջ եւ Կոլարի դերըՙ Փեր Իսբերգի բեմադրած «Մարդուկ-Ջարդուկը» բալետում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվումՙ Ուրուգվայի ազգային բալետի «Սոարե» եւ Մոսկվայի Միջազգային բալետի գալա պարգեւներին: «Հզոր զգացմունքներ» խմբի գեղարվեստական ղեկավարը եւ բալետմայստերն է: Նրանից բացի խմբի կազմում են Վահե Մարտիրոսյանը, Տիգրան Միքայելյանը, Արման Գրիգորյանը եւ Արթուր Բաբաջանյանը: Շվեդերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ |