ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Նորայր ԱԴԱԼՅԱՆ Դրամատուրգիան դժվարագույն գրական սեռ է, հատկապես կատակերգության ժանրը, որն իր արտաքին թեթեւությամբ հեղինակներին կանգնեցնում է ներքին ծանր ու բարդ խնդիրների առջեւՙ արտահայտելու իրականության ծիծաղելի-դրամատիկ պատկերի միասնականությունը: Սրանով չեմ ցանկանում ասել, թե ողբերգությունը թեթեւագիր է, քավ լիցի, նա էլ իր արմատական բարդություններն ունի, որոնցից գլխավորը, գուցե, նրա գործողության մերձեցումն է դրամատիկ դարաշրջանային հոգեբանությանն ու կերտվածքին: Այս վճռական տարբերությունը գրական աշխարհին ի ցույց դրեցին Վերածննդի հանճարներ անգլիացի Շեքսպիրն ու ֆրանսիացի Ժան-Բատիստ Մոլիերը գրեթե միաժամանակ: Ի տարբերություն հին հունական թատերգության աստվածային բնույթի, նրանք ստեղծեցին մարդկային թատրոնՙ մարդկային հերոսներով կյանքային դրամատուրգիա: Վերածննդյան աշխարհայացքն ու իսկապես հանճարեղ դրամատուրգիական արվեստը հետագա դարերում, ընդհանրականության մեջ, հաճախ վերածվեցին մանրադրամի, փոքրացավ «իդեալը»ՙ ե՛ւ մանրախնդիր ժամանակների, ե՛ւ շատ հեղինակների համեստ շնորհների պատճառով: Այդուամենայնիվ շարունակվեցին այս կամ այն չափով շրջանառվել Շեքսպիր-Մոլիերյան տեսաբանական սահմանադրության որոշ դրույթներ: Ալֆրեդ դը Մյուսեն ստեղծեց շեքսպիրյան շնչով հագեցած «Լորենցաչչո» պատմական հիանալի դրաման, հրապարակ եկավ Գոգոլի բարձրագույն վարպետությամբ խոսող «Ռեվիզոր» կատակերգությունը: Հայերս էլ անմասն չմնացինք Մոլիերի լուսավոր ազդեցությունիցՙ ի դեմս Հակոբ Պարոնյանի, որը քաջածանոթ էր մեծ կատակերգակի պիեսներինՙ Կ.Պոլսի «Արեւելյան թատրոնի» բեմադրություններիցՙ «Ժլատը», «Տարտյուֆ», «Ակամա բժիշկ» եւ այլն: Աշխարհի գրականությունները եւ արվեստներն ազդում են միմյանց վրա, եւ սա ժողովուրդների մեծ բարեկամությունն է, գուցե միակ մարդասիրականը: Երեւանի Դրամատիկական թատրոնում օրերս բեմ ելավ անգլիացիներ Ռեյ Կունիի ու Ջոն Չեպմենի «Տիկնայք եւ պարոնայք» կատակերգությունը (թարգմանությունըՙ Ա. Խանդիկյանի, Ա. Մխիթարյանի), բեմադրության հեղինակՙ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյան , բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանը , ռեժիսորՙ Արտաշես Մխիթարյան , զգեստների նկարիչՙ Մերի Սարգսյան , երաժշտական ձեւավորումն իրականացրել է Աշոտ Փափազյանը , լուսային ձեւավորումըՙ Վահագն Գալստյանի : Ինչպես երեւում է այս ցանկիցՙ բեմում առկա են դրամատուրգիան եւ գլխավոր արվեստները սերտ համագործակցությամբ: Իսկ հիմնականում երիտասարդներից բաղկացած տաղանդավոր թատերախումբըՙ Բաբկեն Չոբանյան , Նարինե Պետրոսյան , Արտաշես Մխիթարյան , Մարիամ Ադամյան , Նիկոլայ Ավետիսյան , Էրիկ Սարգսյան , Ալիսա Մելիքսեթյան , Էմմա Մանուկյան , փորձառու եւ վաստակաշատ Էվելինա Շահիրյան , բեմախաղին տալիս են աշխույժ ու տպավորիչ ընթացք, ամեն րոպե սպասում ես, թե ինչ է պատահելու հաջորդ պահին, որ կատակերգության կարեւոր յուրահատկություններից է, նրա գործողության աստիճանաբար բացվող զսպանակը: Յուրաքանչյուրը խաղում է կատակերգություն, բայց եւ դրամա: Արեւմտյան նորագույն կատակերգությունները մի զգալի չափով գտնվում են այսպես կոչված «սիրային խառնաշփոթ» շրջանակում: Սա տարածված բեմական մոդել է, գրեթե սկզբունքային մոտեցում սիրո թեմային, որ հակադրվում է «Ռոմեո եւ Ջուլիետի» բարձր ու մարդասիրական սիրուն եւ արտացոլում ժամանակակից իրականության մեջ սիրո այլասերվածությունըՙ հիմնված ստի, խաբեության ու կեղծիքի վրա: Վերածննդյան հումանիզմից այժմ իջել ենք նեղ-անձնական խավար բարքերի անդունդը, մեր ժամանակներն են, մեր կյանքը, մենք ենքՙ ոչ միայն ուրիշների, այլեւ մեր իսկ դեմ: Այսպես է ինձ ներկայանում «սիրային խառնաշփոթի» բովանդակային շերտը: Այն, ինչ խոսք, ունի արդիական հնչեղություն, չի պատկանում որեւէ ժողովրդի, այլ, ցավոք սրտի, համամարդկային է: Նման պիեսների «շինանյութն» ու կառուցվածքը հեռավոր աղերսներ ունեն Մոլիերի «Սիրային բարկություն» կատակերգության հետ, նրա «խառնաշփոթությանը», որ նշանակում է նորագույն հեղինակներն իրենց գործը զրո կետից չեն սկսում, այլ հենց «կառուցվածքաբանությամբ» շարունակում են դասական ավանդույթը: Վաղուց Երեւանի Դրամատիկական թատրոնի գործող խաղացանկում է գերմանացի Հերբերտ Բերգերի «Սիրային խառնաշփոթ» կատակերգությունը, իսկ այժմ բեմ է ելել «Տիկնայք եւ պարոնայք» «խառնաշփոթ» ժանրի պիեսըՙ Արմեն Խանդիկյանի ինքնատիպ եւ ուշագրավ բեմադրությամբ եւ նորովի մոտեցմամբ: Բեմական հիանալի շեքսպիրական ստեղծած Խանդիկյանը («Համլետ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Հուլիոս կեսար», «Մակբեթ») ինչո՞ւ հանկարծ կանգ առավ «Տիկնայք եւ պարոնայք» կատակերգության վրա: Չեմ կարծում, թե իր մի քանի տասնյակ բեմադրությունների ցանկն ավելի բազմազան ու բազմաբնույթ դարձնելու համար, ոչ իհարկե, դրա կարիքը բնավ չկար, առանց այն էլ նա միասնության մեջ չափազանց բազմաշերտ արվեստագետ է, այլ, համոզված եմ, նրան գրավել է «Տիկնայք եւ պարոնայքի» գրեթե աբսուրդի հասնող «խառնաշփոթ» սիրո բովանդակության սերտ հարաբերությունը ժամանակակից կյանքին, այստեղ էլ, ինչպես նրա շեքսպիրականում, ստեղծագործական գլխավոր խնդիր է բովանդակությամբ ու ձեւակառուցվածքով արդիական ներկայացումը, որը հանդիսատեսին կմղի լուրջ մտորումների, մասնավորապեսՙ նայիր ներկայացումը եւ ճանաչիր ինքդ քեզ: Բացի այդ, Խանդիկյանը բացառիկ զգայուն է գրական տեքստի նկատմամբ եւ նրանից պահանջում է բարձրակարգ խաղարկայնություն: Նա «Տիկնայք եւ պարոնայքում» տեսավ լիարժեք խաղ եւ այն բեմադրեց առավել խաղարկայնությամբ, քան, նույնիսկ, առկա է պիեսում: Դրաման ընդհանրապես պետք է խաղ լինի, կատակերգությունըՙ առավել եւս: Խանդիկյանը խաղ է կառուցել, նրա թելադրանքով դերասանները խաղում են իրենց խաղային ճակատագիրը, որ հատկապես բնական է, համոզիչ ու հոգեբանական Բաբկեն Չոբանյանի եւ Նարինե Պետրոսյանի կատարմամբ, մյուսները նույնպես ելնում են այս ստեղծագործական խնդրից եւ մարմնավորում բեմադրիչի թատերական գաղափարը: Ռուսաստանի ժամանակակից անվանի բեմադրիչ Ռոման Վիկտյուկի կարծիքն էՙ «Արվեստի բովանդակությունը ձեւն է»: Շատ քչերը կհամաձայնեն այս որոշ չափով ծայրահեղ, բայց ճշմարիտ մտքին: Արմեն Խանդիկյանի բեմական արվեստն աչքի է ընկնում գեղարվեստական ձեւի ընդգծված շեշտադրումներով, որի բարձրագույն արտահայտությունը հայ թատրոնում «Հուլիոսն» է: Իսկ այսօրՙ «Տիկնայք եւ պարոնայքը»: Լեփ-լեցուն դահլիճում գտնվող շատ քիչ հանդիսատեսները գիտեն, թե պիեսը թատրոնում ինչպիսի դժվարին ու երկարատեւ ճանապարհ է անցնումՙ մինչ բեմական կերպարանք կստանա: Հաճախ գլխավորապես ընկալում ենք այն, ինչն արդեն պատրաստ է, գրեթե հաղորդակից չենք դրան նախորդող «հղիության» ընթացքին, որին մասնակից են թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական բոլոր օղակները: Այսպես է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկականում: Այստեղ այդ ընթացքը, բեմադրական մասով, ոչ թե սեւագործ աշխատանք է, այլՙ լիովին ստեղծագործական, զգացմունքային ու մտավոր: Այսպես է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի պարագայում: Նա գալիս նստում է դահլիճում բեմադրիչի լամպով լուսավորված սեղանիկի մոտ եւ ստեղծագործում ապագա ներկայացումըՙ նախապես մանրամասնորեն, գիտնականի ջանասիրությամբ մտահղացած ու մշակած լինելով իր բեմական տեսլականի բովանդակության բազմաթիվ շերտեր, լավ պատկերացնում դեռեւս հատվածների հավաք ամբողջությունը: Նման հարուստ հոգեղենությունը նրան ազատություն եւ հնարավորություն է տալիս պահի մեջ, հընթացս նաեւ իմպրովիզ միջամտություններ անելու: Այս ամենը ես մեկ անգամ եւս տեսա ու զգացի ներկա գտնվելով «Տիկնայք եւ պարոնայք» կատակերգության բեմադրության փորձերին: Արմեն Խանդիկյանի հայացքից, որն ասես ոչ թե երկու, այլ չորս ու ավելի աչք ունի, բեմում ոչինչ չի վրիպում: Բուտաֆորիան, դռան փականը, աթոռների դասավորությունը, ջրի ծորակը, ամեն ինչ, նույնիսկ հանդիսատեսին աներեւույթ մեխն է նրա աչքը ծակում, մեխն էլ պետք է լինի իր տեղում: Նա չափազանց զգայուն է լուսային փոխանցումների, երաժշտության տատանումների, զգեստների ձեւ ու գույնի հանդեպ: Նրա եւ Կարեն Գրիգորյանի մտահղացմամբՙ բեմը սպիտակ ճարտարապետական կառույց է, որպեսզի առավել արտահայտիչ դառնա լուսավոր ձեւավորման եւ տիկնանց ու պարոնների անբարոյական ու խառնաշփոթ սիրախաղի հակադրությունը: Դերասանների խաղի կազմակերպումը Խանդիկյանից խլում է ամիսներ տեւող բեմափորձերի ժամանակի առյուծի բաժինը: Դա պարզ առումով փորձադաշտ չէ, այլ յուրահատուկ ներկայացում բուն ներկայացումից առաջ, որ գեղագիտական բավականություն է պատճառում դիտողին: Հերոսների բեմելը, դադար ու շարժումներ, ձայնային ելեւէջները, ժեստիկուլյացիան, դիմախաղը, միմյանց նկատմամբ հարաբերությունները բեմական տարածության մեջ, համազոր կեցվածքը լույսի, երաժշտության ու գույնի հանդեպ եւ ուրիշ բեմական արտահայտություններ գտնվում են Խանդիկյանի սեւեռուն ուշադրության կենտրոնում, դերասաններին ստիպում է նույն պահը բազմիցս կրկնել, երբեմն ինքն է ցույց տալիս ինչպես խաղալՙ հասնելու բեմադրության կատարելությանը: Գուցե բոլորը հոգնում են, բայց համբերատար գնում այս ճանապարհով: Բեմելից առաջ դերակատարները կարդում ու կարդում են իրենց տեքստը, այստեղ եւս բեմադրիչը հետեւում է անգամ յուրաքանչյուր բառի բնական ու ճշգրիտ հնչեղությանը, շեշտադրություն, դադար, բազմակետ ու վերջակետ, հսկում լեզվի կուլտուրան, խորացնում բեմական լեզվի դրամատուրգիան, ոչ թե խոսակցական, պարզ հաղորդակցական, պատմողական, այլ դրամատուրգիական գործողության մեջ թաթախված լեզու: Խանդիկյանը գիտակցում է, որ թատրոնը նաեւ մայրենի լեզվի ուսուցման բարձրագույն ինստիտուտ է: Ասում են, հռչակավոր Պիտեր Բրուկի բեմական փորձերին երբեմն նույնքան շատ հանդիսատես է ներկա գտնվել, որքան եւ ներկայացումների ժամանակ: Գալիս էին հիանալու եւ սովորելու: Ցավում եմ, որ Արմեն Խանդիկյանի փորձերն անցնում են գրեթե դատարկ դահլիճում, չենք ցանկանում սովորել, դիպլոմ ունենք, մրցանակներ, ամեն ինչ գիտենք: Սովորելը չի ավարտվում, բարեկամներ, այն մշտական շարունակություն է եւ վերջ ու վերջակետ չունի, անկախ այն բանից, թե քանի տարեկան ես, սովորելն է մարդուս ապրեցնում: Խանդիկյանի վարպետության դասերը շատ օգտակար կարող են լինել ռեժիսորներին ու դերասաններին եւ հարստացնել նրանց բեմական շնորհներն ի շահ իրենց ու հայ ժամանակակից թատերական արվեստի: «Տիկնայք եւ պարոնայք» կատակերգության փորձերն ու դրանց տրամաբանված ամբողջականությունը իմաստուն դաս ու դպրոց են, ինչպես Արմեն Խանդիկյանի շատ բեմադրություններ: Ասված էՙ երբ աշակերտը պատրաստ է, գալիս է ուսուցիչը: Այստեղ դերասանները պատրաստ եղան ուսուցչին հանդիպելու, սակայն, բնական է, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով փորձեց լուծել նրա առաջադրած խնդիրները: Թատրոնում բեմադրիչ-դերասան մասնագիտական հարաբերությունների ավելի կամ պակաս չափով անհամապատասխանությունը նորություն չէ: Դրամատիկականում նման տարբերությունը հասցվեց գրեթե զրոյականի Խանդիկյանի հատկապես շեքսպիրականում եւ «Մոռանալ Հերոստրատին», «Ավտոբուս» ներկայացումների մեջ, որտեղ երկու կողմերն էլ խոսում են միմյանց հարազատ ձայնով ու գեղագիտական հայացքների ըմբռնողությամբ: «Տիկնայք եւ պարոնայքը» իմաստալից, պատկերավոր ու տեսարժան ներկայացում է, բուֆՙ զվարճալի խաղ, որ հանդիսատեսին մեկ-երկու ժամվա լիաթոք ուրախություն է տալիս: Սա էլ է մտնում բեմադրիչի ծրագրումՙ զգացմունքային ու մտավոր հաճույք պատճառել թատրոն եկած մարդկանց: 2016-ին լրացավ Արմեն Խանդիկյանի ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության գրեթե 50-ամյակը: Այս մշակութային իրադարձությունը չնշվեց իր իսկ ցանկությամբ, թեեւ Դրամատիկականում ու պարբերական մամուլում կար դրա անկեղծ պատրաստակամությունը: «Տիկնայք եւ պարոնայք» թատերախաղն ուշ, բայց ոչ ուշացած արձագանքն է նրա ծանրակշիռ հոբելյանին: |