RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1421, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 52

Ե՞ՐԲ ԿՍՈՎՈՐԵՆՔ ԽՂՃՈՎ ԾԱԽՍԵԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոր կառավարությունը Ազգային ժողովում իր ծրագրի հաստատումից հետո շուտով կաշխատի ողջ ներուժով: Նոր-հին կառավարության եւ նրա նախարարների համար թերեւս սթափեցնող նշանակություն պետք է ունենա 2012 թվականի բյուջետային միջոցների վերահսկողությամբ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների եւ անարդյունավետ ծախսերի թվային պատկերը, մանավանդ որոշ ոլորտներում արձանագրվել է խայտառակ պատկեր: Ազգային ժողովի այս քառօրյայում ներառված էր ՎՊ հաշվետվության ներկայացումը, սակայն մնաց հաջորդ նիստին, ինչը չի խանգարի մեզ մի քանի անդրադարձ անել այդ հաշվետվությանըՙ հույսով, որ ի վերջո մեր կառավարման մարմինները կսովորեն արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները:

Քաղաքաշինության ոլորտում վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ` ընդհանրական եւ նույնությամբ կրկնվող գրեթե բոլոր օբյեկտներում: Դրանցից առավել հատկանշական են չկատարված աշխատանքների դիմաց վճարումները, անորակ աշխատանքները, արհեստական թանկացումները, նորմերի խախտումներով շինարարական նախագծերը` զարմանալիորեն փորձագիտական դրական գնահատականով, նախատեսված բարձրորակ նյութերի եւ ապրանքների փոխարեն դրանց ցարծորակ տեսակների օգտագործումը:

ՎՊ հաշվետվության մեջ ներկայացված օրինակներից մի քանիսը ներկայացնենք: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտում իրականացրած 986,090.0 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգմամբ արձանագրվել է 47,158.2 հազ. դրամի անորակ եւ վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:

Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակը թվով 6 օբյեկտի կառուցման համար կատարողական ակտերով կապալառուներին վճարել է 3,523,744.7 հազ. դրամ, մինչդեռ նշված աշխատանքների համար կառավարության որոշումներով հաստատված պայմանագրերի արժեքը կազմում էր 3,299,919.9 հազ. 3 դրամ:

Փաստորեն առանց պայմանագրերի փոփոխության կապալառուներին պայմանագրային արժեքներից 223,824.8 հազ. դրամով ավելի է վճարվել:

Կրթության եւ գիտության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտում` 134,045.3 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել է անորակ եւ վերականգնման ենթակա 8,625.8 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով նույնպես բացահայտվել են ընդհանրական եւ համակարգային բնույթի խախտումներ` չհիմնավորված ծախսեր, նախահաշվային արժեքի գերազանցում, չնախատեսված աշխատաքի կատարում, որակյալի փոխարեն անորակ նյութերի օգտագործում եւ այլն:

Ընտրանքային կարգով «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ում եւ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է 198,116.0 հազ. դրամ գումարի չափով խախտում, որից «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի վերականգնման ենթակա գումարը կազմում է 95,952 հազ. դրամ, անորակ աշխատանքներ ` 8,360 հազ. դրամ: Ստուգված «Արարատ ճանշին» ՍՊԸ-ում վերականգնման ենթակա գումար` 80,900 հազ. դրամ է, իսկ անորակ աշխատանքները գնահատված են 12,904.0 հազ. դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ եւ ռիսկեր:

«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով եւ խախտումներով: 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է 8-ը, 2011թ.` 17 սուբյեկտից` 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը:

Ռիսկային է նաեւ արդեն տրամադրված վարկային միջոցների վերադարձելիության խնդիրը, մասնավորապես ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով «Կոնսեր» ՍՊԸ-ին եւ «Վայք գրուպ» ՓԲԸ-ին հատկացված համապատասխանաբար` 395.000.0 եւ 164.000.0 հազ. դրամի ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում վերականգնվել է ընդամենը 85,825.1 հազ. դրամը:

ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիոզուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետեւանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է (այս հարցին կառավարության վերջին նիստն արդեն անդրադարձել է` այդ զուգարաններից Երեւանում տեղադրվածը գործում է):

Կրթության եւ գիտության նախարարության եւ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շրջանակներում իրականացված ստուգումներով նույնպես հայտնաբերվել են խախտումներ, թերություններ եւ ռիսկեր:

Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման եւ կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը կատարել է վերապատրաստման բուն գործընթացի հետ ուղղակի կապ չունեցող ծախսեր: Ընդ որում, մեկ դաստիարակի հաշվարկով միավոր/ժամի համար վարկային ծրագրերի շրջանակներում դաստիարակը ստացել է 3814 դրամ, մինչդեռ վերապատրաստման փորձ ունեցող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում այն կազմել է 500 դրամ:

Ուսուցիչների վերապատրաստման եւ մասնագիտական զարգացման միջոցով կրթության որակի հետագա բարելավման ծրագրի շրջանակներում վերապատրաստող մասնավոր կազմակերպությունների համար վարկային միջոցներից ձեռք են բերվել 40,133.3 հազ. դրամի հիմնական միջոցներ, մինչդեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունները հաջորդ անգամ կընգրկվե՞ն արդյոք վերապատրաստողների ցուցակում:

Դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացը նախապատրաստելու համար վարկային միջոցներից ծախսվել է 69,947.9 հազ. դրամ (մշակվել է ձեռնարկ եւ ուղեցույց, ինչպես նաեւ վերապատրաստվել են տնօրեններին հետագայում վերապատրաստող 25 դասախոսներ), սակայն տնօրեններն այդպես էլ չեն վերապատրաստվել, քանի գործընթացն դադարեցվել է:

Ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում բաց կրթական միջավայր (պլատֆորմ) ստեղծելու նպատակով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, որի դիմաց միջազգային փորձագետին վճարվել է շուրջ 7 մլն դրամ, սակայն հետագայում «պլատֆորմի» ստեղծման գործընթացը դադարեցվել է:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման կայուն համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվել է ուսանողներին տրամադրել հատուկ վարկեր եւ այդ նպատակով 34,009.8 հազ. դրամի չափով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (վարկերի տրամադրման մեխանիզմի ձեւավորում), սակայն հետագայում վարկերի տրամադրման գործընթացն դադարեցվել է:

2012 թվականի ՎՊ վերահսկողության արդյունքները կշարունակենք ներկայացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ