ԽԱՂԱՐԿՎԵՑԻՆ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի համատեղ ջանքերով անցկացվեց ըմբշամարտի ձեւերից Հայաստանից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը: Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան Լենդրուշ Զատիկյանը (48 կգ), Դավիթ Խաչատրյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Գոռ Մալյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Տարոն Մելքոնյանը (100 կգ) եւ գերծանրքաշային Արմեն Լեւոնյանը: Գառնիկ Հովհաննիսյանը հայ ճանաչված սամբիստներից է: Նա սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 1981-ին Մադրիդում: Նշենք, որ մինչ այդ մեր մարզիկներն ըմբշամարտի ձեւերից եւ ոչ մեկում նման հաջողության չէին հասել: 1983-95-ին Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել է որպես սամբոյի բաժանմունքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներինՙ 1989-1994-ին մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող Հայաստանի եւ Արցախի պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում: 1995-ին նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: |