ՋՈՒՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԺԱՆԱՑԱՎ ՄՈՏ 4 ԴՐԱՄՈՎ Ա. Մ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստում Երեւանում խմելու ջրի սակագին է հաստատել 170,256 դրամ 1 խմ դիմաց: Ներկայումս գործող սակագնով «Երեւան ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը կազմում 174,059 դրամ: Նոր` մոտ 4 դրամով էժան սակագները ուժի մեջ կմտնեն 2013-ի հուլիսի 21-ից: Ներկայացնելով «Երեւան ջրի» սակագների ճշգրտման հայտըՙ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ մատակարարվող խմելու ջրի սակագինը կազմում է 144 դրամ, ջրահեռացմանը` մոտ 12 դրամ, կեղտաջրերի մաքրմանը` ավելի քան 12 դրամ: Տեղեկացվեց, որ խմելու ջրի սակագների վրա ազդում են 4 գործոններ` ջրի սպառման ծավալներ, գնաճ, էլեկտրաէներգիայի սակագին եւ փոխարժեք: Ընդ որում, փետրվարին ներկայացրած հայտով, «Երեւան ջուրը» 1 խմ խմելու ջրի սակագինը առաջարկել էր 166 դրամ, սակայն, նկատի ունենալով հուլիսից էլեկտրաէներգիայի սակագնի 8 դրամով թանկացումը, նոր սակագին է առաջարկվել 170 դրամը: |