ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ, (Թոշակառու) Անցնում էի Հանրապետության փողոցով եւ հանկարծ նկատեցի երկհարկանի սեւ շենք, որը նախկին Ալավերդյան թիվ 37-ն էր: Մտովի տեղափոխվեցի 61 տարի առաջ, երբ այդ շենքի երկրորդ հարկում նշում էինք Եղիշե Չարենցի ավագ դստերՙ Արփինեի 20-ամյակը 1952 թվականն էր: Արփինեն այստեղ չի ապրել: 1937 թ. Չարենցին բանտարկելուց հետո կնոջն աքսորում են, ավագ դստերըՙ Արփինեին հանձնում Քանաքեռի մանկատուն, իսկ Անահիտին թողնում մորական տատի մոտ: Արփինեն մանկատան դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվում է համալսարանի հանրակացարան: Քննությունները հանձնում եւ ընդունվում բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը: Արփինեի ծննդյան 20-ամյակը հանրակացարանում չէինք կարող նշել: Եթե որեւէ մեկը հայտներ եւ տեսներ, որ մենք թեկուզ միայն մեր սենյակի աղջիկներով նշում ենք Չարենցի դստեր ծնունդը եւ արտասանում նրա հոր որեւէ բանաստեղծություն, լուրջ խնդիր կունենայինք: Ուստի երեկոյան գնացինք նրա տատիկի տանը նշելու, քիչ անց եկավ Գեւորգ Էմինըՙ երիտասարդ, հաճելի արտաքինով: Նա նվեր էր բերել. գեղեցիկ, փոքր տուփ, մեջը 3 զեֆիրՙ վարդագույն, որ ժամանակին նորույթ էր եւ թանկ արժեր: Արփինեի տատիկը սիրալիր էր եւ համեստ: Հյուրասիրության այս նկարի 6 աղջիկներն էինք, երիտասարդը ձախիցՙ չորրորդի նշանածն էր: Արփինեն բարձրացավ սեղանի վրա եւ լացակումած, սրտաբուխ արտասանեց. «Ես իմ անուշ Հայաստանի...»-ն: «Բոլորը քեզ, բոլորը քեզ, դու չմրսես ձմռան ցրտում, բոլորը քեզ...»: Ձմեռն անցավ, սառույցը հալվեց, գարունը եկավ հաճելի նորությամբ: Կառավարությունը թույլատրեց տպագրել Եղիշե Չարենցին: Չարենցի ձեռագրերը եւ մի քանի գրքեր Ալավերդյան թիվ 37 շենքի բակում, հողի մեջ թաղված արկղում էին: Դեղնած ձեռագրերը փտած էին, աջ եզրերը փշրված հուշ էին: Դասերից հետո երեկոյան սրիչով զգուշությամբ բացում էինք թերթերը, կարողանում էինք միայն մի երեսը արտագրել, մեր տկար վիճակով տողերի վերջավորությունները մի կերպ հարմարեցնում էինք: Լենա Պեպելյանը (ձախից) ժուռնալիստիկայի ֆակուլտետից, Լենա Եսայանը աշխարհագրականից եւ եսՙ ֆիզմաթի մեխանիկայից, Էմման անգլիական բաժնից, Վիլեն Ասատրյանըՙ հայկական բանասիրականից եւ վեցերորդըՙ Արփինեն: Հանրակացարանի մեր սենյակ հաճախ էին գալիս Գեւորգ Էմինը, Սողոմոն Տարոնցին, որին վստահեցին խմբագրելու աշխատանքը, եւ Նվարդըՙ Գեւորգ Էմինի կինը, որ Վահան Տերյանի աղջիկն էր: Ձեռագրերի արկղի մեջ էր նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն եւ «Պատգամ» բանաստեղծությունը, որի ամեն տողի առաջին տառով «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հայտնի խոսքը: Արփինեն պատմում էր, որ հայրը Թիֆլիսում գինետանն այս մասին ասել է: Դրանից հետո նրան բանտարկել են: Գիրքը տպագրեցին նրա համար, որ Լենինի մասին 1920 թ.-ից հետո որոշ ժամանակ որեւէ բանաստեղծություն չէր գրվել, իսկ Չարենցը ուներ: Ահա այդ գրքի տպագրության պատճառը: Նկար 1. Քոչարյան Մանուշակ, Ասատրյան Վիլենա, Պեպելյան Լենա, Նկար 2. Շահնազարյան Էմմա, Չարենց Արփիկ, Եսայան Լենա. 31. XII.1952թ. |