RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 856, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 14

50 ՔԱՂԱՔԱՑԻ ԲՆԱԿԱՐԱՆ Է ԳՆԵԼ, ՍԱԿԱՅՆ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Հ. Հ.

Երեւանի 2-րդ Եկմալյան 5 հասցեի նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներ հասարակության, լրատվամիջոցների եւ իշխանությունների ուշադրությունը կրկին հրավիրում են իրենց խնդրին, որը 13 տարվա պատմություն ունի, եւ հսկայական գումար վճարած քաղաքացիներն այժմ չեն կարողանում իրենց բնակարաններում ապրել: Նրանց անգամ շենքից ներս թույլ չեն տալիս մտնել:

2005-ին մի շարք քաղաքացիներ «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի հետ անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագրեր են կնքել, որոնք վավերացրել է նոտար Ալվարդ Մելքոնյանը: Համաձայն պայմանագրի, բնակիչները վճարել են բնակարանների համար նախատեսված գնի 90 տոկոսը, իսկ մնացած 10 տոկոսը պետք է վճարեին, բնակարանների սեփականության վկայականները ստանալուց հետո: Ամեն ինչ ընթացել է համաձայն պայմանավորվածության, սակայն 2011-ին քաղաքացիները կանգնել են փաստի առաջ: Շենքը կառուցապատող Գագիկ Պապոյանի դեմ դատավարություն է սկսվել, նրան ձերբակալել են, եւ պարզվել է, որ շենքի սեփականատերը Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին անդամ Անդրանիկ Խալոյանն է, ով հայտարարել է, որ շենքը իր սեփականությունն է: Վերջինս փոխել է շենքի բնակարանների բանալիները, փոխել նաեւ շքամուտքի երկաթյա դուռն, ու այդ կերպ քաղաքացիները չեն կարողանում շենք մտնել:

Շենքի բնակիչ Սուրեն Աբրահամյանի խոսքերովՙ քաղաքապետարանից պարզել են, որ Խալոյանը ձեռք է բերել շենքի հողատարածքի ընդամենը մի մասըՙ 695 քմ-ից 500 քմ: Թե ինչպես է Խալոյանը տարածքը սեփականաշնորհել, բնակիչներին հայտնի չէ, միայն հայտնի է, որ շենքի սեփականատեր է 2008-ից. իրենց չեն տեղեկացրել սեփականատիրոջ փոփոխության մասին:

Բնակիչների ներկայացմամբՙ շենքը կառուցվել է իրենց գումարներով, Խալոյանը շինարարական աշխատանքներին ոչ մասնակցել է, ոչ էլ ներդրումներ է կատարել, սակայն այսօր բազմաբնակարան շենքի սեփականատերն է: Բնակիչների հետ զրույցն էլ կարճ է տեւել: Խաբված քաղաքացիներին առաջարկել է գնալ ու Գագիկ Պապոյանից պահանջել գումարները: Այլ հանդիպումներ Խալոյանի հետ բնակիչները չեն ունեցել, մինչդեռ որպես իրավահաջորդ Խալոյանը պարտավոր էր բնակարանները տրամադրել բնակիչներին: «Փաստացի մենք Պապոյանի հետ կապ չունենք: Գումարները վճարել ենք, մեր բնակարանները պատրաստ են, արդեն 6 տարի է բնակարան ենք ձեռք բերել, բայց չենք կարողանում ապրել: Մենք ընդամենը մեր բնակարաններն ենք պահանջում», ասաց Մհեր Մարությանըՙ հավելելով, որ դիմել են նաեւ իրավապահ մարմիններին, սակայն նրանց բողոքի հիման վրա գործը դեռ ընթացքի մեջ է, քանի որ կառուցապատողի դեմ մեկ այլ գործ է ընթանում եւ բնակիչներն այդ գործում ներգրավվել են որպես տուժողներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննաչական ծառայությունում ավարտվել է «Գաբբնակշին» «Նարեկ-Դավիթ» եւ «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի եւ նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Համաձայն քրեական գործով ձեռք բերված ապացույցներիՙ Պապոյանին եւ Աղազարյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովՙ խարդախությամբ բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու հատկանիշներով: Պապոյանի եւ Աղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ