«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Նոյեմբերի 23- ին ՄԱԿ- ի 61- րդ նստաշրջանին փախստականների խնդրին անդրադարձել է այդ կառույցում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւըՙ հարցը տեղական դիտանկյունից ներկայացնելով: Ինչպես իրազեկ ենք դառնում «Ազերթաջ» -ի Նյու Յորքի թղթակից Յուսիֆ Բաբանլիի գերմաներեն տարածած հաղորդագրությունից, ադրբեջանցի դիվանագետը ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի դեմ «զինված ագրեսիա եւ անեքսիա» իրականացնող Հայաստանի քաղաքականության վրաՙ ընդգծելով, թե Սիրիայի էթնիկ հայերը բնակեցվում են հայկական զինուժի կողմից գրավված ադրբեջանական տարածքներումՙ Զանգիլանում, Լաչինում, Խոջալիում: « Ադրբեջանը մեծ մտահոգություն ունի, որ սիրիահայերի վերաբնակեցման հարցում հայկական կողմը ստեղծում է բոլոր պայմանները. միջազգային տարբեր աղբյուրներում, ինչպես նաեւ տեղական ԶԼՄ- ներում հստակ տեղեկություններ կան Հայաստանի նպատակային գործողությունների մասին »: Ալիեւը հիշեցրել է, որ Հայաստանի ագրեսիայի հետեւանքով իրենք 1 միլիոն փախստական ունեն, բայց դա չի խանգարել, որ օգնեն սիրիացիներին: 2012- ին Ադրբեջանը Հորդանանում սիրիացի փախստականներին ուղղակի ֆինանսական օգնություն է տրամադրել: Երկար ելույթի վերջում բանախոսը կրկին անդրադարձել է սիրիահայերի վերաբնակեցմանը: «Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ակտիվացրել է ապօրեն վերաբնակեցումըՙ դրանով ոտնահարելով 1949- ի Ժնեւի փախստականների կոնվենցիայի 49- րդ հոդվածը:Հայաստանում բավարար տեղ կա այս փախստականների վերաբնակեցման համար, քանի որ անընդհատ աճում է երկիրը լքողների թիվը: 1992- ից ի վեր 1 միլիոն քաղաքացի լքել է Հայաստանը », ՄԱԿ - ում դժգոհել է Յաշար Ալիեւը: |