ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՆԻՇԻԿ ԵՎ ՄՈԶՐՈՎ ԳՅՈՒՂԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտաքին լուսավորության նոր նախագիծն են իրականացրել` համայնքային զարգացմանն ուղղված «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում: Այս անգամ լուսավորության 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ է տեղադրվել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ եւ Մոզրով գյուղերում, որոնք գտնվում են Նախիջեւանի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա: Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լեւոնյանը, համայնքի բնակիչներ: Գնիշիկ համայնքըՙ բաղկացած Մոզրով եւ Գնիշիկ գյուղերից, ունի մոտ 250 բնակիչ: Համայնքը հատկապես հայտնի է իր կարեւոր պատմամշակութային արժեքներով եւ հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ, եկեղեցիներՙ կառուցված 9-13-րդ դարերում: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական եւ կենդանական աշխարհի ձեւավորմանը, որն իր ինքնատիպությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված այնպիսի կենդանատեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լուսանը, կովկասյան հովազը: Չնայած տեղանքի կարեւորությանը` որպես զբոսաշրջության եւ մշակութային կենտրոն, համայնքի մի մասը երբեք չի ունեցել արտաքին լուսավորություն, իսկ մյուս մասըՙ գրեթե 30 տարի: Ծրագրի շնորհիվ համայնքի բնակելի հատվածը գրեթե ամբողջությամբ ապահովվել է լուսավորության համակարգով: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանըՙ 18:30-ից մինչեւ 00:00-ն: Տոնական օրերինՙ լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: «Փողոցային լուսավորությունն առանցքային ենթակառուցվածք է, համայնքային կյանքի անհրաժեշտ նախապայման, որից տեղում ռեսուրսների անբավարար լինելու հետեւանքով ամբողջությամբ զուրկ են բազմաթիվ գյուղեր: Փողոցային լուսավորություն ունենալը շռայլություն է դարձել: Մենք ցանկանում ենք, որ գյուղաբնակ մեր հայրենակիցները գիշերային ժամերին եւս ապահով զգան տանից դուրս գտնվելիս: Լուսադիոդային լամպերը զգալիորեն նվազեցնում են փողոցային լուսավորության ծախսերը, հետեւաբար նաեւՙ թեթեւացնում համայնքային բյուջեի վրա դրվող ֆինանսական բեռը: Խնայված միջոցները կարող են օգտագործվել գյուղի համար ավելի կարեւոր ծախսերը հոգալու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մեկ համայնքում միավորված Մոզրով եւ Գնիշիկ գյուղերը մշտապես եղել են ընկերության ուշադրության կենտրոնում: Ի հեճուկս ներդրումների վերադարձելիության սկզբունքին, 2013 թվականին այս նոսր բնակեցված գյուղերի մոտակայքում տեղակայվել է 3G բազային կայան, որպեսզի այս եւ հարակից գյուղերին հնարավորություն տրվի օգտվելու 3G ծառայություններից: Գյուղի դպրոցն ապահովվել էր բարձր արագության 3G/Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որն առ այսօր տրամադրվում է անվճար հիմունքներով: |