RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2794, Տպվել է` 253, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Եվրոպական միությունը, չնայած քաղաքական տարաձայնությունների, որոնք ի հայտ են եկել վերջերս, այնուամենայնիվ, մի շարք առավելություններ է տալիս իրեն անդամակցող Եվրոպայի 28 երկրներին: Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը տարիներ շարունակ հանդես է եկել Կենտրոնական Ասիայում նման միություն ստեղծելու նախաձեռնությամբ:

Ն.Նազարբաեւի կարծիքով, Կենտրոնական Ասիայի պետություններիՙ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածաշրջանային ինտեգրումը թույլ կտա այդ երկրների տնտեսությունը բարձրացնել նոր մակարդակի, հաշվի առնելով տարածաշրջանի հարեւանների փոխօգնության հնարավորությունները:

Հարկ է նշել, որ տարածաշրջանի պետությունները հետխորհրդային շրջանում աստիճանաբար շարժվում են ինչ-որ ինտեգրման ուղղությամբ, ինչպես եւ կանխատեսում էր Ն.Նազարբաեւը: 2000-ական թթ. սկզբին երեք երկրներիՙ Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի միջեւ ստորագրվեց Հավերժ բարեկամության պայմանագիր: Տարածաշրջանի պետությունները Թյուրքական խորհրդի, Թյուրքական խորհրդարանական ասամբլեայի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ են, որոնց անդամ է նաեւ Թուրքիան: ԹՅՈՒՐՔՍՕՅի հիմնական նպատակ է հռչակված թյուրքական ժողովուրդների միջեւ համագործակցությունը հանուն այդ ժողովուրդների ընդհանուր նյութական եւ մշակութային հուշարձանների պահպանման, զարգացման եւ ապագա սերունդներին փոխանցման:

Կենտրոնական Ասիայի տնտեսական միավորումը պետք է որ թույլ տա լուծել այդ եւ այլ կարեւոր հարցեր, օրինակՙ զբոսաշրջության, ընդհանուր անվտանգության ոլորտներում, ստեղծել նոր միասնական շուկա եւ նույնիսկ տարադրամ: Ինտեգրացիոն նախաձեռնությունների շրջանակներում նաեւ բարձրաձայնվել է կենտրոնաասիական սեփական արտոնագրային ռեժիմի կազմակերպման գաղափարը «Շենգենի» նմանությամբ, սակայն ավելի պարզ:

Ինչպես նշում են փորձագետները, նման նորամուծությունն, առաջին հերթին, կթեթեւացնի նույն Կենտրոնաասիական միության (ԿԱՄ) երկրների բնակիչների կյանքը, հատկապես գործարարների, ում «ձեռքերը վերջապես ազատ կարձակվեն»: Ավելի շատ օգուտներ կստանան զբոսաշրջիկները, քանի որ նրանք հնարավորություն կունենան միանգամից այցելել Կենտրոնական Ասիայի ամենահետաքրքրական վայրերը առանց ավելորդ ծախսերի:

Մաքսային միության նմանությամբ կնվազեն մաքսատուրքերը անդամ երկրների միջեւ ապրանքների տեղաշարժի համար, ինչը կկարգավորի եւ կմեծացնի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ: Օրինակ, անցյալ տարվա վերջում Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 2,5 մլրդ. դոլար, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի միջեւՙ 302 մլն. դոլար: Իսկ ահա Տաջիկստանի ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ, այդ երկրի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության վերջին տվյալներով, նվազել է 5,1%-ով: Շատ փորձագետների կարծիքով, Կենտրոնաասիական միություն մտնելը կարող էր օգնել բարելավելու ստեղծված իրավիճակը:

Իմիջիայլոց, ԿԱՄ ստեղծման դեպքում կարելի է համարձակորեն դասեր առնել Եվրոպական միության օրինակից, ավելի ճիշտՙ նրա սխալներից: Դեռ 1990-ական թթ., երբ այդ գաղափարը առաջին անգամ բարձրաձայնեց Նուրսուլթան Նազարբաեւը, այն ընկալվեց ոչ լավագույն կերպով, ելնելով այն պարզ իրողությունից, որ նույն Եվրոպական միությունում մեկ երկիրն, այնուամենայնիվ, ունի առաջնորդող, հետեւաբար գերիշխող դիրք: Այդ կապակցությամբ շատ փորձագետներ վտանգ էին տեսնում Ղազախստանի պարագայում, քանի որ այն ժամանակ հենց նրա տնտեսությունն էր առաջ անցել տարածաշրջանի մյուս երկրներից, ներգրավելով Կենտրոնական Ասիա մտնող բոլոր ներդրումների 80%-ը: Այնինչ, ԿԱՄ ստեղծման կողմնակիցներն առ այսօր նշում են կենտրոնաասիական երկրների ակնհայտ տարբերությունը եվրոպական երկրներից: Տարբերությունն առաջին հերթին արժեքներն են: Տարիների ընթացքում Եվրոպական միությունում դրանք հաճախ են փոփոխվել կախված իրականացվող քաղաքականությունից, ինչը թյուրք-ասիական ժողովուրդների համար սկզբունքորեն անընդունելի է: Ինքըՙ Կենտրոնաասիական միությունը, Նազարբաեւի մտահաղացմամբ պետք է լինի եղբայրական հանրապետությունների միավորում ընդհանուր իդեալներով, մշակույթով, նման ավանդույթներով եւ աշխարհընկալմամբ: Ինչպես որ ընդունված է Ասիայում, դա նշանակում է փոխօգնություն եւ աջակցություն ամեն հարցում, հիմնախնդիրների համատեղ լուծում եւ կոմպրոմիս սուր հարցերում: Առայժմ ԿԱՄ ստեղծման գործում առանձնապես առաջխաղացումներ չկան: Դրա պատճառներից մեկը կարող է լինել մի շարք պետությունների միջեւ սահմանազատման մասին փաստաթղթերի բացակայությունը: քանի որ այդ հարցում մինչեւ հիմա վիճելի հանգամանքներ կան:

Իսկ այ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մի անգամ չէ, որ ընդգծել է, որ հանդիսանում է տարածաշրջանում ազատ տնտեսական տարածքի ստեղծման կողմնակից, որտեղ էներգակիրներով հարուստ իր երկիրը կկարողանա անարգել վաճառել հարեւաններին նավթ, գազ, բենզին եւ դիզելային վառելիք: Պակաս կարեւոր չէ նաեւ այն փաստը, որ Կենտրոնաասիական միությունը կարող է օգնել դաշնակից երկրներին որոշակի չափով նվազեցնելու ճնշումը Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից: Պայմանավորվելով անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ, միության անդամ երկրները կլուծեն տարածաշրջանում ռազմավարական խնդիրներն իրենց սեփական ուժերով: Ընդ որում, ցանկության դեպքում ԿԱՄ-ը նույնիսկ կարող է դառնալ ռազմաքաղաքական բլոկ, Կենտրոնական Ասիայի երկրներին հնարավորություն տալով դիմակայել միասին արտաքին սպառնալիքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ