ՈՍԿԵ ՄԻՋԻՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու քվազիքաղաքական իրադարձություններին, ներքին գործընթացներին, հրապարակային հայտարարություններին ու փոխադարձ մեղադրանքներին կողքից հետեւողներին կարող է թվալ, որ երկիրը գտնվում է նախընտրական պայքարի շրջանում: Անգամ այս օրերին, երբ թվում էր, որ տիրապետողը պետք է լիներ արձակուրդային տրամադրությունը, անողոք պայքար է ընթանում երկու ախոյանների միջեւ, մեկըՙ իշխանության գագաթից, մյուսըՙ կալանավայրի խցից, անարդարորեն: Իրականում, գեթ առայժմ, ոչ մի ընտրություն էլ չկա: Բայց ընթացքի մեջ է լարված պայքար, որի ներկա փուլը կարելի է կոչել, փոխ առնելով Երկրորդ նախագահի բառապաշարից, կոնսուլիտացում ընդդիմադիր եւ իշխանական ուժերի շուրջը, ի նախապատրաստումն մեծ ճակատամարտի, որն անխուսափելի է թվումՙ որքան էլ որ դա անհեթեթ թվա մեր երկրի դիմագրաված արտաքին ու ներքին մարտահրավերների ֆոնինՙ անվտանգային եւ տնտեսական մտահոգությունների խորապատկերում: Երկրորդ նախագահը, որի քաղաքական ակտիվները հետզհետե մեծանում ենՙ նրա նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի համոզիչ փաստարկության բացակայության պայմաններում, փորձում է ներկայանալ որպես լիդերՙ ընդդիմությանը իր շուրջ համախմբելու առաջադրանքով, ավելի շուտՙ ինքնառաջադրանքով: Տարօրինակն այն է, որ այդ առաքելության մեջ Երկրորդ նախագահին փաստորեն օժանդակում է իշխանությունըՙ իրեն կողմնակից չեղողներին հրելով դեպի իր հակառակորդը, ի գործ դնելով ավելորդ ջանքերՙ նրանց վանելու իրենից, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Դժվար է ասելՙ Երկրորդ նախագահը երբեւիցե առիթ կունենա՞ այդ օժանդակության համար երախտագիտություն հայտնելու հանրապետության Վարչապետին, բայց առայժմ, դատելով նրա վերջինՙ «Գոլոս Արմենի» լրատվամիջոցին տված հարցազրույցից ու նրա գրասենյակի օրերս տարածած հայտարարությունից, նա հետեւողականորեն ձգտում է ընդդիմադիր եւ իշխանությանը ոչ համակիր «օղակներին» (իր բառն է) խոթել «կոնսեսուս մինուս մեկ» (դարձյալ իր արտահայտությունն է) ձեւաչափի մեջ, իր գրասենյակի բնութագրմամբՙ «բնականորեն»: Մյուս կողմից, անշուշտ գիտակցելով, որ իր վայելած լայն ժողովրդականությունը անսպառ չէ, եւ հակառակ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու ժամանակավոր խթանիչներին (գնաճի զսպումը շատ ավելի կարեւոր է ու տեւականորեն առավել ազդեցիկ), ինչպես նաեւ արտաքին իրական ներդրումների բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնելու է գործազրկության աճի, Վարչապետը, իր հերթին, շարունակում է իր անդուլ ջանքերը իշխանությունը եւ ողջ իշխանությունը իր շուրջ կոնսոլիտացնելու ուղղությամբ: Դրա վերջին դրվագը հանդիսանում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, ամբողջացնելու համար դատական իշխանության «նվաճումը»: Լիարժեք պատկերացնելու համար Սահմանադրական դատարանի կարեւորությունը Վարչապետի հետագա ու հեռագնա ծրագրերում, կարելի է վերստին կարդալ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը: Իրերի այս կացության մեջ, լրատվական-քարոզչական գերլարված հակամարտության մթնոլորտում, որքան էլ որ դժվար եւ անշնորհակալ լինի, երկրում գտնվող առողջ ուժերը, դրանց թվումՙ Ռամկավար Ազատական կուսակցությունը, անհրաժեշտաբար ստիպված են որոնել-որդեգրել այսպես կոչված քաղաքական «ոսկե միջինը», մեկ կողմից քննադատելով իշխանության սխալներն ու բացթողումները, մյուս կողմից թույլ չտալով հակամարտության խորացումը, հնարավորինս կանխելով կործանիչ առճակատումը: Մանավանդ այն պայմաններում, երբ ի պաշտոնե ընդդիմություն լինելու կոչված 30 տոկոսանոց զույգ խմբակցություններըՙ «Բարգավաճ» եւ «Լուսավոր» հայաստանները, առայժմ չեն շտապում ստանձնել մեծամասնությանը հակակշռելու իրենց առաքելությունը, կոնյուկտուրային կամ այլՙ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Քաղաքական սխալ դասավորումների հետեւանքով առաջացած վերադասավորումների պահանջը ստիպում է բոլոր առողջ ուժերին կազմել արտախորհրդարանական խելացի ընդդիմությունՙ փոխլրացնելով միմյանց եւ ընտրելով, հավաքաբար թե անհատապես, այսպես կոչված «կետային ընդդիմության» մարտավարությունը. սխալների քննադատության մեջ անողոք, դրական գործերի պարագայումՙ քաջալերող եւ աջակցող: Ճիշտ է, մեր ազգային խառնվածքին ու քաղաքական ավանդույթներին այնքան էլ հարիր չէ նման կեցվածքը, այսինքն ժողովրդականություն չվայելելու վտանգը միշտ է առկա նման կեցվածքի դեպքում, բայց բոլոր պարագաներում հակակշռողի ու հավասարակշռողի դերն է լինելու մնայունն ու օգտակարը մեր պետության ու ժողովրդի համար: Այլ ելք չկա: |