RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



150-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3622, Տպվել է` 372, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 1921 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՍԱՀԱԿ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ, պատմաբան

Թումանյանն իմանալով բոլշեւիկների դաժանաբարո վարքի մասինՙ տակավին 1920-ի դեկտեմբերի 18-ին Թիֆլիսից դիմել է Հայաստանի Հեղկոմինՙ քաղաքական հակառակորդների նկատմամբ մեղմ ու մեծահոգի վերաբերմունք ցուցաբերելու հորդորով: «Անցյալներում ,- գրում է բանաստեղծը,- հայ-թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ, դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը: Էդ պատճառով էլ հայ ժողովրդի լայն շրջանները հարած են դաշնակցությանը: Հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որ անձնական հաշիվներ ունեն իրար դեմ, էդ հանգամանքից առատ նյութ կարող են առնել դավեր լարելու եւ իրենց հաշիվները մաքրելու իրենց անձնական թշնամիների հետ: Հայաստանի Ռեւկոմը (Հեղկոմ) պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօրՙ լուրջ նշանակություն չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին եւ ընթացք չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք » (ԵԼԺ, հ. 10, էջ 369-370): Բանաստեղծը կանխատեսելով հետագա իրադարձություններըՙ խաղաղարար առաջին քայլն է արել կանխելու գալիք եղբայրասպան կռիվները:

Սակայն հայ բոլշեւիկները չեն լսել Ամենայն հայոց բանաստեղծի իմաստուն խորհուրդը: Կոմունիստները (հայ կոմունիստներն էլ նրանց մեջ) ի սկզբանե անողոք դատաստանը որդեգրել են իբրեւ կուսակցական քաղաքականություն: 1920-ի դեկտեմբերին եւ 1921-ի հունվարին նախկին հայկական բանակի շուրջ 1400 սպաներ «վերադաստիարակվելու» նպատակով հեռացվել են Հայաստանից եւ արգելափակվել Բաքվի բանտերում ու Ռյազանի (Ռուսաստան) համակենտրոնացման ճամբարներում: 1921-ի հունվարին պաշտոնից հեռացվել է ՀԽՍՀ կարմիր բանակի հրամանատար Դրոն (Դրաստամատ Կանայան): Բռնություններն ավելի են ծավալվել «Ռազմական կոմունիզմի» եւ դրա համակարգում պարենմասնատրման (հացի, այլ մթերքների ու ապրանքների բռնագրավում) քաղաքականությունը կիրառելիս: Դժգոհություններն ուժգին խորացել են 1921-ի փետրվարին կատարված նոր ձերբակալություններն ու գնդակահարությունները: Փետրվարի 16-ից 18-ին ապստամբական խմբերը մի շարք շրջաններում իշխանությունը վերցրել են իրենց ձեռքը եւ շրջապատել Երեւանը: Դաշնակցության առաջնորդներն ստանձնել են ապստամբության ընդհանուր ղեկավարությունը: Երեւանում (գրավել են փետրվարի 18-ին) ստեղծվել է «Հայրենիքի փրկության կոմիտե» (ՀՓԿ)ՙ Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Փոփոխակի հաջողությամբ ընթացող քաղաքացիական կռիվներն ավարտվել են Հայաստանի խորհրդային իշխանության հաղթանակով (ապրիլի 2-ին վերագրավվել է Երեւանը)ՙ նրա թիկունքում կանգնած Խորհրդային Ռուսաստանի շնորհիվ:

Թումանյանն անտեղյակ ապստամբության պատճառներին ու մանրամասներին եւ դրա մեջ չտեսնելով ոչ մի հեռանկար, բողոքի նամակ է հրապարակել «Հայ ժողովրդի երգիչը Խորհրդային Ռուսաստանին» խորագրով (տպագրվել է «Կովկասյան կոմունա» պատի տպագիր լրագրի եւ «Կարմիր Աստղ» թերթի 1921 մարտի 4-ի համարներում), որտեղ Երեւանի «հեղաշրջում» կոչված արկածախնդրության մասին գրել է. «...կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ հայ ժողովրդի եւ նրա դատի դեմ, եւ որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով: Էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից» (ԵԼԺ, հ. 7, էջ 408):

Բանաստեղծը մեծ հավատ ունենալով դեպի նոր, այսինքնՙ բոլշեւիկյան Ռուսաստանըՙ շարունակել է. «...խնդրում եմ Սովետական Ռուսաստանին հեռացնել էդ վերջին տանջանքի բաժակը արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, մեծի մեծահոգությամբ եւ բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մոտենալ Երեւանին ու հայ աշխատավոր ժողովրդին...» (Նույն տեղում):

Թումանյանըՙ մտահոգված Հայաստանի իրադրությամբ, Գ. Օրջոնիկիձեի [ՌԿ(բ)Կ կենտկոմի կովբյուրոյի նախագահ, 11-րդ բանակի ռազմ. խորհրդի անդամ] հովանավորությամբ, մարտի 13-ին մեկնել է Թիֆլիսից եւ Դիլիջան-Ելենովկա-Ախտա երթուղով մարտի 20-ին ժամանել Երեւան: Մարշալ Բաղրամյանն իր հուշերում պատմել է, թե նա ինչպես է 11-րդ Կարմիր բանակի ռազմահեղ. խորհրդից անցաթուղթ ստացել ռազմաճակատի գիծն անցնելու համար: Վտանգավոր ուղեւորության մասին բանաստեղծը Երեւանից գրել է Թիֆլիսՙ իր զավակներին. «Գուցե արդեն լսած լինեք, թե ինչպես մի ֆրոնտից մյուսն անց կենալու ժամանակ, թե ուրիշների եւ թե իմ անզգուշությունից, ընկա երկու կողմից էլ հրացանային ու պուլեմյոտային կրակի տակ - երկու անգամ, երկարատեւ - սաստիկ, եւ էսպիսով ձյունի միջով անցա մոտ տասը վերստ, մինչեւ գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին: ... Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից... Վերջապես մի կատարյալ հրաշք» (ԵԼԺ, հ. 10, էջ 379):

Բոլշեւիկ զինվորները Թումանյանին հանձնել են դաշնակցական զինվորներին, որոնք նրան Սուխոյ Ֆանտան (այժմՙ գյուղ Ֆանտան, Կոտայքի մարզ) գյուղն են տարել աչքերը կապած: «Համաձայն Ձեր խնդիրքին ,- մարտի 19-ին գրում է բանաստեղծին «ներգործմին» Կարո Սասունին,- Հայաստանի հանրապետական կառավարությունը թույլ տվեց անցնելու մեր զորաշղթան: Մարդիկ ղրկած եմ Ձեզ ընդունելու համար: Արգելվում է ամեն խոսակցություն Ձեզ առաջնորդողների հետ» (ԵԼԺ, հ. 10, էջ 694):

Ուշագրավ է նաեւ, Էջմիածնի գավառի ՀՓԿ-ի նախագահ Վ. Տեր-Խաչատրյանի մերժողական դիմում-նամակը (մարտի 23) Սիմոն Վրացյանինՙ «...բոլշեւիկների կողմից... իբրեւ ներկայացուցիչ...» ժամանած Թումանյանի վերաբերյալ. «...պահանջում ենք երկրորդ Լեգրան (նկատի ունի Հայաստանում Խորհրդ. Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին) չսունացել Հայաստանի կրծքում եւ չգուրգուրել իբրեւ բանաստեղծի: Կա՛մ պետք է [բանտարկել] չեզոքացնել, կա՛մ հեռացնել: Մեր գավառը երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ մենք ներկա բոլշեւիզմի քնացնող օրորներին ենթակա լինենք» (նույն տեղում):

Երեւան հասնելուն պես (մարտի 20) Թումանյանը մեկուսացվել է, նույն օրը նրան է այցելել ավագ դուստրըՙ Աշխենըՙորդուՙ Հովհաննեսի հետ եւ «հայրիկին» տարել իրենց տուն (Երեւանի կենտրոնում, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմացիՙ այժմ էլ կանգուն շենքի երկրորդ հարկի մի բնակարան): «Ճաշից հետո երեկոյան եկան հայտնեցին ,- հիշատակում է Աշխենը,- որ Վրացյանը վերադարձել է (գնացել էր շրջան) եւ կարգադրել է Թումանյանին թողնել տանը առանց հսկողության... Հետո հայրիկը պատմեց ինչ դժվարություններով է անցել ֆրոնտից, դիրքերից-ֆրոնտ, ինչպես 2-3 օր մնացել է Ելենովկա (այժմՙ Սեւան քաղաք)...» («Թումանյանի զավակները, Աշխեն. հուշեր եւ ընտանեկան պատմություններ», Ե., 2011, էջ 94-95):

1921-ի մարտի 24-ի ՀՓԿ-ի պաշտոնաթերթ ( 28) «Ազատ Հայաստանին» տված հարցազրույցում Թումանյանը նշել է. «...որ ինքը Երեւան եկել է մանրամասն կերպով ծանոթանալու համար Հայաստանի ներկա դրության հետՙ ուղարկված լինելով Թիֆլիսի հայ հասարակության կողմից» եւ իր այցը որեւէ քաղաքական խնդիր չի հետապնդում:

Թումանյանն առանց վարանելու հարկ է համարել Գ. Օրջոնիկիձեին տեղեկացնել, թե ինչ է կատարվում իրականում: Հայաստանում նա տեսել է պայքարի ելած ժողովրդական ուժերին հակաբոլշեւիկյան ապստամբություն եւ այդ մասին հեռագրով իրազեկել (1921, մարտի 25) Գ. Օրջոնիկիձեին. «...ես կատարելապես համոզվեցի, որ մեզ մոտՙ Թիֆլիսում կազմված կարծիքը Հայաստանի դեպքերի բնավորության մասին չի համապատասխանում իրականությանը: Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ զանազան շրջաններում, տարածվել է մինչեւ Երեւան եւ իր ետեւից քաշել է մտավորականությանը: Ստեղծվել է հետեւյալ վիճակը. զենքերը ձեռքին կանգնած են միմյանց դեմ մի կողմից Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը, մյուս կողմիցՙ կոմունիստների զինված ուժերը, եւ արյունը հոսում է առանց թշնամության ու փոխադարձ բնաջնջման հիմքի...» : Այնուհետեւ խնդրել է վերջինիս հեղինակավոր միջամտությունը «...որպեսզի շուտով վերջ տրվի այս ոչ ոքի համար հարկավոր արյունահեղության: Կարեւոր եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված բանտարկյալներից եւ ոչ մեկը եւ ոչ մի ռազմագերի այստեղ չի գնդակահարված...» (ԵԼԺ, հ. 10, էջ 375): Գրեթե նույնն է բովանդակում բանաստեղծի նամակն (1921, մարտի 25, 26) ուղարկված չեկիստ Գեւորգ Աթարբեկյանին : Ներքոհիշյալ մեջբերումը հետաքրքրաշարժ դարձնելու համար ասենք, որ վերջինս (Ա. Նուրիջանյանի, Գ. Ալիխանյանի եւ այլոց հետ) Հայաստանի Հեղկոմի կազմում բռնությունների կողմնակից ու կենսագործող անդամներից էր, դասակարգային հակամարտություններ «ստեղծողներից» եւ, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ գործուն պայքարողներից:

«...Դուք արդեն տեղեկություն կունենաք,- գրում է Թումանյանը,- թե ինչ անախորժ տպավորություն արավ ինձ առաջնորդող սպիտակ դրոշակը Երեւանի ֆրոնտում հավաքված գյուղացիների վրա: Եվ ես շուտով համոզվեցի, որ էս շարժումը հիրավի առաջ է եկել գյուղերում եւ գյուղացիների մեջ, որոնց կոմունիստական կարգերն ու կարգադրությունները խորթ են ու անընդունելի: Մի խոսքովՙ նրա բոլորովին հակառակը, ինչ որ մենք կարծում էինք Թիֆլիսում եւ Դուք ֆրոնտումՙ թե մի քանի մարդու գործ է եւ հեշտ վերջանալու գործ: ...Էն երեւույթը, որ Կարմիր բանակի առջեւ գյուղացիք փախչում էին գյուղերից, էստեղ պարզվեց ինձ համար, եւ չեք կարող երեւակայել, թե էդ տրամադրությունը ինչպես է զարգանում գյուղացիության մեջ - դեպի տաճիկները :

Սակավաթիվ կիսագյուղացի բանվորությունը անկազմակերպ է եւ բնավ չի ներկայացնում էն հասարակական շերտավորումը, որի վրա կարողանային հենվել սովետական ուժերը Հայաստանում... Երբ կտեսնվենք, կպատմեմ, թե ինչ ծիծաղելի լուրեր տարածվեցին Երեւանում իմ գալու հետ կապված, իբրեւ եկած եմ բոլշեւիկների կողմից եւ զանազան դատարկ ասեկոսեներ, որոնք սակայն, դարձյալ հաստատում են ընդհանուր տրամադրությունը բոլշեւիկների դեմ: ...Էս ամենից հետո մտածելու շատ բան կա, թե մի՞թե արժեր էսքան արյուն թափել, մի անվերջ կռիվ ու գրեթե անդարմանելի հոգս վաստակելու համար մի երկրում, ուր ոչ գաղափարական շարժում կա, ոչ գաղափարի կռիվ: Ես մի կարճ ռադիո ուղարկեցի ընկեր Օրջոնիկիձեին (նկատի ունի մարտի 25-ի հեռագիրը) ... եւ շատ շնորհակալ կլինեի, եթե էս նամակի պատճենը ուղարկեիք իրեն » (ԵԼԺ, հ. 10, էջ 376-377):

Նամակում ակնբախ է Թումանյանիՙ Հայաստանի քաղաքական, տնտեսական իրադրությունը, ժողովրդի տրամադրությունը համապարփակ ընկալելու ունակությունը, նրաՙ «սակավաթիվ կիսագյուղացի բնավորությունը» հասարակական շերտավորում եւ խորհրդային ուժերի հենարան, ինչպես եւ այլ «գաղափարներ» անհեթեթություն համարելը:

Բանաստեղծը կարեւորություն է տալիս ոչ այնքան շարժման պատճառներին (կոմունիզմի անցկացումը «պրոլետարիատի դիկտատուրայի» միջոցով, անփույթ կերպով կազմակերպված բռնագրավումները եւն), որքան բռնկված պատերազմի դադարեցմանը: Նրա գերագույն ձգտումը անիմաստ արյունահեղությանը վերջ տալն էր (հայը դուրս էր եկել հայի դեմ), որին պատրաստ չէին եւ չէին ցանկանում ո՛չ ՀՓԿ-ն եւ ո՛չ էլ բոլշեւիկները: «Հաշտության էն սպիտակ դրոշակը ,- զարմանքով գրում է Թումանյանըՙ նկարագրելով մարտի 19-ին ռազմաճակատի մի կողմից մյուսին անցնելու դժվարությունները, - որ էնքան դուր եկավ Կարմիր բանակի զինվորներին, էդ նույն սպիտակ դրոշակը մի շատ մռայլ ու ծանր տպավորություն արավ հայ գյուղացիության վրա եւ հայկական ֆրոնտի վրա :

- Դա ի՞նչ կնշանակի...

Հաշտություն... Բայց ի՞նչ դուրս կգա էդ հաշտությունից: Միեւնույն է, հաշտվենք էլՙ նրանք մեզ չեն խնայելու: Չենք հավատում...

...Նույն պատասխանը տվեց ինձ Փրկության կոմիտեն, երբ ես հայտնեցի բոլշեւիկյան պատասխանատու շրջանների տրամադրությունը, թե կռիվը խաղաղ լիկվիդացիայի ենթարկելու դեպքում կհրատարակվի ընդհանուր ամնիստիա, իսկ մի 10-15 հոգի էլ, որոնց մնալը անկարելի կնկատվի, ազատ ճանապարհ կտրվի գնալու ուր կամենան: Սրա վրա կարելի էր, իհարկե, գոնե բանակցություն սկսել, բայց էդ էլ չեղավ:

- Չենք հավատում...

Իհարկե բոլորն ապարդյուն,- շարունակում է բանաստեղծը,- եւ ապրիլի 2-ին [վերջացավ Երեւանի գրավումը] հանկարծական խուճապի մատնված Երեւանը, Փրկության կոմիտեի առաջարկությամբ, [եւ մնացած զորքի պաշտպանության տակ] փախավ դեպի Զանգեզուր (վերջինս դեռ Խորհրդ. Հայաստանի կազմում չէր, այլ Գարեգին Նժդեհի ստեղծած «Ինքնավար Սյունիք» պետ. կազմավորման), իսկ գյուղերի ժողովուրդը - դեպի [Մարգարայի] Արաքսի կամուրջըՙ դեպի տաճիկները :

Դեպի Զանգեզուր ...

Եվ ...

Դեպի տաճիկները...» (ԵԼԺ, հ. 7, էջ 516-517):

Այստեղ հարկ է նշել, որ Թումանյանը մշտապես ընդգծել է իր վերկուսակցական էությունը. «Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից (թեեւ շատ արագ ու թեթեւ), եւ չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ :

Եվ սրա պատճառը հենց նրանց վատությունը չի եղել: Ո՛չ, եւ ոչ էլ նրանցից հալածվելը, եւ գլխավորը թերեւս էն, որ ես ուրիշ եմ. ես չեմ կարող մի ծրագիր ընդունեմ ու 40 տ<արի> դրա վրա նստեմ ու պարծենամ...» (ԵԼԺ, հ. 7, էջ 487-488):

Երկպառակտչական իրադարձությունների ժամանակ բանաստեղծը կանգնել է ժողովրդի կողքին: Նրա համար կարեւորը համազգային շահերն էին, ժողովրդի խաղաղ կյանքը:

Թումանյանի հաշտարարական գործունեության վերաբերյալ ապստամբության ճնշումից հետո տարածվել են թյուր կարծիքներ: Դրանցից մեկի արտահայտությունն է «Կոմունիստ» օրաթերթում (1921, 10 ապրիլի, 62) տպագրված «Մի դիպլոմատի խորտակված կառիերա» խմբագրական հոդվածը, որտեղ քամահրանքով քննադատվել է բանաստեղծը որպես «ձախողված դիվանագետի»:

«...Նա [Թումանյանը] ցանկութիւն է ունեցած եղել ծանոթացնելու Հայաստանի «փրկիչներին» իրանց ձեռնարկի քաղաքական անյուսալի հեռանկարների հետ եւ առաջարկելու նրանց կամովին վայր դնել իրանց զէնքերը Հայաստանի բանւորագիւղացիական իշխանութեան առաջ: Երեւան հասնելուցՙ Թումանեանի դերը փոխւում է: Նրա ստորագրութեամբ բռնւում է մի ռադիօ հաղորդագրութիւնՙ որտեղ դիպլոմատի դեր ստանձնած բանաստեղծը պաշտպանութեան տակ է առնում դաշնակների ձեռնարկած «ժողովրդական» շարժումը եւ իր կողմից խնդիր յարուցանում Վրացեանի կառավարութիւնը հանգիստ թողնելու մասին ...

Հայաստանի փրկութէան համար ըստ երեւոյթին անհրաժեշտ է նկատւել խորտակել ծերունի բանաստեղծի նոր կառիերան»:

Բանաստեղծը «Նամակ խմբագրության» հոդվածում (Կոմունիստ, 13 ապրիլի, 64) սպառիչ պատասխան է տվել վերոհիշյալ հրապարակմանը. «...Մի շատ շռայլ վերնագիր իմ պարզ դերի համար: Էս տեսակ չափազանցրած նշանակություն ու խորհրդավարություն տվեց իմ գալուն եւ Փրկության կոմիտեն, էնքան, որ ինքն էլ վախեցավ, հասարակությունն էլ, ես, էլ :

Եղածը սա է.

Երեւանի հեղաշրջումը շատ ծանր տպավորություն էր արել Թիֆլիսի հայության վրա եւ ահավոր լուրեր էին տարածվել քաղաքում Երեւանի կոտորածների, կախվածների ու գնդակահարվածների մասին: Ընդհանուրի ցանկությամբ եւ խորհրդային իշխանության հավանությամբ ես եկա ճշմարտությունն իմանալու եւ, եթե կարելի կլինի, միջամտելու, որ անարյուն վերջանա սկսված խռովությունը: Ես նախօրոք խոսել էի եւ ունեի կոմունիստ իրավասու ընկերների եւ մարմինների տրամադրությունը: Դժբախտաբար էդ տրամադրությանը ընդառաջ չգնաց Փրկության կոմիտեն միմիայն մի առարկությամբ, թեՙ չենք հավատում:

Երեւանում ինձ համար պարզվեցին մի քանի կարեւոր հանգամանքներ, դրանց մասին ես պարտք համարեցի նամակով գրել ընկ. Աթարբեկյանին, եւ էն կոմունիստ ընկերներին, որոնց հետ խոսել էի Թիֆլիսից Երեւան գալիս եւ նրանց միջոցով ընկ. Օրջոնիկիձեին - Թիֆլիս:

Կարմիր բանակի Երեւան մտնելուց հետո իմացա, որ իմ նամակները (ՀՓԿ-ի ուղարկածըՙ Օրջոնիկիձեինՙ մարտի 25, Աթարբեկյանինՙ 25, 26), չգիտեմ, ինչու, տեղ չեն հասած... Ինչ վերաբերում է էն ռադիոյին, որ Ղամարլուի ֆրոնտից ղրկել են ինձ կոմունիստ ընկերները, դրա մասին ես լսել էի միայն կողմնակի, իսկ ռադիոն ինձ չի հասցրած: Էդ ռադիոյի իսկական բովանդակությունը առաջին անգամ ես լսել եմ ընկեր Ավիսից (վերջինս վերոհիշյալ տխրահռչակ Ա. Նուրիջանյանն է)» (ԵԼԺ, հ. 7, էջ 409-410):

Փետրվարյան ապստամբության ճնշումից (ապրիլի 2) հետո Թումանյանն Աշխենի ու թոռանՙ Հովհաննեսի հետ, Գ. Օրջոնիկիձեի հոգածությամբ, վերադարձել է Թիֆլիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ