Déjà vue ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Եթե կուզեք` վերջին տասը տարիների համեմատությամբ ավելի քաոսային դրություն, քան այսօր, չի եղել: Սրանից առաջ ավելի վատ էր, բայց հասկանալի վատ էր. սոցիալական անարդարություններ իհարկե կային, այն էլՙ խայտառակ, սոցիումը վտանգող աստիճանի, հիմա էլ ըստ էության նույնն է: Սոցիալապես անապահովների թոշակի կամ նպաստի հավելումները՛ ինչպես նախորդում, չնչին են, մուրացկանին նետած մանրադրամի կարգի: Դե կրկնակի հո չի լինելու, սոցիալական մնացած շերտերը վերնախավից պիտի տարբերվեն, չէ՞, ու դա պիտի զգալիորեն նկատելի լինի, այնպես որ, օրինակՙ Լեզվի ինստիտուտի գիտությունների թեկնածու մասնագետի աշխատավարձը գիտական կոչման համար տրվելիք գումարի հետ միասին կազմի մոտ 70000 դրամ, միայնակ թոշակառու ծերունիների մի մասը փողոցներում շարունակի փող մուրալ, քանի պարզ է, այդ ողորմելի գումարով ապրել չի լինում: Կյանքի տարբեր ոլորտներում փոփոխություններ միշտ էլ եղել են, կյանքը կանգ հո՞ չի առնում, մի տեղ մի բան սարքվում, մի նոր բան է բացվում, մի ուրիշ տեղ քանդվում: Արտագաղթը ինչպես առաջ կար ու հիմա էլ նույնն է, դժգոհներ ու գոհեր կային ու էլի կան, նայած, թե ում նավը որ կողմն է թեքվում ու ինչ է բեռնում: Սոցիալ մակարդակներում մարդկանց կյանքը էականորեն բարելավող փոփոխություններ առայժմ չկան: Ի՞նչ է փոխվել հանրային կյանքում, ասենքՙ մայրաքաղաքում. աղբահանության հա՞րցը, բարեբախտաբար սա տեղից շարժվեց, բայց բազմաթիվ խնդիրներ դեռ չլուծված են: Բակերն են կարգավորվե՞լ, վերելակային հարցե՞րն են լուծվել. մեր բակում ու վերելակում ամեն բան նույնն է: Քաղաքի կենտրոնի մի քանի սրճարան քանդեցին, տեղը տեսնես քանի՞ ծառ տնկվեց: Քաղաքային տրանսպորտըՙ նույն ողորմելի վիճակում, համակարգային փոփոխությունների դեռ երկար պիտի սպասենք: Մաշված այնպիսի երթուղային տաքսիներ կան, որ զարմանում ես, թե դրանց երթուղի դուրս գալը ինչպե՞ս է արտոնվում, օրինակ 46 համարի երթուղայինը. ոտքերիդ տակ փողոցի ասֆալտը երեւում է, դռնից էլ կմախքն է մնացել, բենզինահոտը խեղդում է: Ակնկալվող հիմնարար փոփոխություններ չեղան: Մոռացության տրվեց արժեքների հեղափոխությունը, ու հուսադրող կարեւոր բոլոր խոստումները մնացին ետեւում: Ամեն օրվա հետ մի նոր թեմա է շրջանառության մեջ նետվում, լրահոսը լցված է իբր նոր բացահայտումներով, այս կամ այն անձի շուրջը ստեղծված նոր պատմությամբ, նոր սկանդալով. զբաղմունք են դարձրել, հոգնեցնող արդեն, որ այլեւս չունի նախկին ազդեցությունը, թալանած, չթալանածն անգամ հետաքրքրական չէ. անցյալ է: Հանրային էյֆորիկ տրամադրությունները վաղուց մարել են: Եթե կուզեքՙ հեղափոխության շունչը բառի մեջ է մնացել, խոսքի մակարդակում, սիրո, համաձայնություն - համերաշխության կարգախոսըՙ նույնպես: Փողոցի երգն ու պարը, կերուխումն այդ օրերի, մի քիչ էլ երկարեց, ու հետո՞, հետո հանգավ: Նախորդ վարչախմբերի կողմից բարոյազրկության մատնված հանրությունը (նրա հիմնական մասը, վկաՙ գրեթե համատարած 10000-անոցների ընտրազանգվածը) հիմա բարիկադավորվել է հակադիր գունային անջրպետով: Սեւ ու սպիտակ ենք (այսպիսի քաոս ստեղծելու համա՞ր էր սա), իսկ սիրո քարոզը, որ հեղափոխական էյֆորիկ մթնոլորտի մեջ երանության իլյուզիա էր ստեղծում, մնաց դրա ետնախորշերում. Սիրո քարոզը մարդը վաղուց է թողել նույն տեղում, այնտեղՙ զոհաբերումի Խաչափայտին: Հազարամյակների մտքի իր հսկայական առաջընթացին հակառակ, այս մակարդակում նա մնաց նույնը, ներքին նույն էության մեջ: Ցավալիորեն մեզանում դաստիարակության տարրական պակաս նաեւ կա, բարոյականության աղքատություն եւՙ շատ: Դա ամենից ակնհայտ սոցցանցերում է երեւում; Եթե հեռուտատեսային հաղորդումների, փողոցային այս ու այն հարցումների ժամանակ միկրոֆոնի առաջ զուսպ են արտահայտություններում, ապա այստեղ հակոտնյա կողմերը ոչ թե անհանդուրժող, այլ միմյանց ուղղակի ոչնչացնելու են պատրաստՙ ամենաբռի արտահայտություններով, ատելությամբ, ամենակոպիտ հայհոյանքներով: Այս երկուՙ որպես հների ու նորերի կողմնակիցներ, միմյանց համապատասխանաբար պիտակավորած կողմերին (պիցցայակեր ու զոմբի, օրերս էլ նոր «տերմին» շրջանառվեցՙ զգայուն զոմբի), ինչո՞ւ է թվում, թե բացի իրենցից ուրիշ շերտ չկա, որ ո՛չ հնի, ո՛չ էլ նորի կողմնակից է եւ որ այդ շրջանակից դուրս տեսնում է այլ անձանց, գիտակից, ունակ կառավարող ուժերի: Այս ֆոնի վրա ավելի ակնհայտ բացահայտվում են մի շարք երեւույթներՙ ամբոխի ու անհատի հակադրություն, ամբոխի ստրկամտություն, նեղմտություն, երախտամոռություն, քիմքին հաճելի չլինելու դեպքում պատրաստ ոչնչացնելու մարդուն, ու կապ չունիՙ թե նա կյանքը ո՞նց է ապրել, ի՞նչ արժեքներ է դավանել, հանուն դրանց ինչպիսի զոհողությունների է գնացել, ինչ դժվարություն ու տառապանք է կրել, ազատազրկվել, կամ վտարանդվել է: Անպատասխանատու, միմյանց ստորացնող, անարգող խոսքերից ֆեյսբուքի հայկական տարածքը, որ հասարակության բաց պատկերն է, ախտածին, թունավոր վայր է դարձել: Չարությունից մարդիկ հասել են ծայրահեղության, հայհոյանքի տարափները վերածվում են սպառնալիքների, անգամ հոգեխեղված կոչերի: Մոլորություն է, թե ազատ ինքնարտահայտման, խոսքի իրենց իրավունքի դրսեւորում է արածները: Սա ազատ մտածողության ընկալման տգիտություն է, ցինիզմի հասնող սանձարձակություն, որ կողմից էլ այն լինի: Խոսքի այդպիսի «ազատություն» կրողներն ու տարածողները ոչ միայն ավելի են ապականում, պղտորում անարխիայի հասնող իրականությունը, այլեւ ուղղակիորեն վտանգում են նորմալ մարդկանց առողջությունը: Ցավալի իրականություն: Միջանկյալ նկատենք, որ եթե հետեւենք տարբեր օտար սայթերիՙ թեկուզ բանավիճային բնույթի գրագրություններին, նման վերաբերմունքի, այսպիսի անկիրթ ու սանձարձակ արտահայտությունների, որ տիրում է սոցցանցային հայկական միջավայրում, կտեսնենքՙ քչերին է բնորոշ. ակնհայտ տարբերվում են կիրթ հասարակության մեջ ապրող մարդիկՙ գրագիտությամբ, միմյանց հանդեպ բարեկրթությամբ: Ահա թե ինչու է առաջնային հանրային գիտակցության փոփոխությունըՙ գաղափարականից մինչեւ կենցաղային մակարդակներ, ե՛ւ բարոյականի դաստիարակությունը: Իսկ այսօր հանրային մտածողությունը, վերաբերմունքը, կարծիքը ձեւավորվում է տարօրինակորեն պարզունակ ու անլուրջ հարցերի շուրջ. թվում է ՙ ամենաանհոգ ու պաշտպանված հասարակությունը մենք ենք. նախկինում գոնե ներքին ընդվզում կար: Կարեւոր նշանակության խնդիրները վտարվել են մարդկանց մտքերից, հանրային հետաքրքրության կենտրոնում պահելով կենցաղային մակարդակի հարցեր (պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների հետ կապված կենցաղային բնույթի եւ այլ բաներ), հանրային դիսկուրսից դուրս են թողնված կարեւորագույնները: Լուրջ մարդկանց փոքր խմբերը, կամ անհատները, որոնք ունեն իրական մտահոգություններ ու ծրագրեր, ինչպես առաջ, հիմա էլ լուսանցքից դուրս են: Մի տեսակ շատ է անլրջությունը: Եվ արդեն զարմանալի էլ չէ, թե ինչու արշավանք սկսվեց ազգային ինքնության հիմնասյանՙ հայերենի, հոգեւոր, բարոյական արժեքների դեմ, ինչո՞ւ են անտեսվում նախորդ շրջանների ձեռքբերումները, ստվերվում արժանավոր անուններ, հայտնվում են նորերըՙ նախորդների պես ընտրողաբա՞ր է արվում, չափանիշը գնահատման նորից նո՞ւյնն էՙ յուրայիննե՞ր եւ օտարնե՞ր: Ինչո՞ւ է քարկոծվում անկողմնակալ, անաչառ վերաբերմունքը, անհատական կարծիքը արհամարհվում: Ինչպե՞ս է պատահում, որ այսքան կիսատ - պռատ դասագրքերից, օրինակ, հենց այբբենարանին է «վիճակվում» աղբամանը նետվելու ճակատագիր: Շատերն անցյալներում երկրից հեռանում էին սոցիալական ու իրավական անարդարությունների, անվստահության, տիրող բարքերի, կորսված մարդկային արժեքների պատճառով, շատ էինք ասումՙ գաղջ մթնոլորտ էՙ կուպրի ծանրությամբ: Իսկ ինչպիսի՞ մթնոլորտ է հիմա. ատելությա՞ն, անզսպությա՞ն, թշնամանքի՞: Հիմա քաոս է, անհասկանալի, փախուստի մղող քաոս, քանի շատ հակասական է, բեւեռացված էՙ մի կողմից լույս է, քեֆ է, ուրախություն ու սելֆի, մյուս կողմիցՙ պատերազմի մոտալուտ կանխատեսումներ, սթափվելու, զանգ հնչեցնելու կոչեր: Եվ որտե՞ղ են հավասարակշռող ուժերըՙ ազգային համաձայնության ծրագրի շուրջ հանրությանը համախմբող, վճռական փոփոխությունների պատրաստ, անցած ճանապարհի փորձով չարատավորված անձինք: Թե չէ տոնածառի փայլփլուն լույսերով (որքան էլ սիրուն) տասըՙ ոգեւորվում, հարյուրի համար էլ եղած-չեղած է: |