RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2220, Տպվել է` 170, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՍՏՐԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հ.Ծ.

Չինացի մտածող Կոնֆուցիոսը ժամանակին ասել էՙ «Եթե ծրագիր ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ մշակիր, 10 տարվա համարՙ ծառ տնկիր, իսկ 100 տարվա համարՙ կրթիր երեխաներ»: Այս սկզբունքին է հետեւել Վարդանանց ասպետների կազմակերպությունն իր հիմնադրման օրվանիցՙ 103 տարի առաջ, կրթաթոշակներ հատկացնելով Միջին Արեւելքի (մասնավորապես Բեյրութի Վահան Թեքեյանի անվան եւ Հալեպի Հայկազյան վարժարանի) եւ ԱՄՆ-ի հայկական գաղութների երիտասարդներին: 1982-ին նոր հիմնադրամ է առանձնացվել Մ. Նահանգներում ապրող հայ երիտասարդների համար, իսկ 1988-ի երկրաշարժից հետո օժանդակությունը ներառել է նաեւ Հայաստանը, որտեղ հիմնականում օգտվել են Երեւանի Պետհամալսարանի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Այդ կրթօջախներին 2018-ին գումարվել է նաեւ Ամերիկյան համալսարանը:

Բացի կրթաթոշակներից կազմակերպությունը սատարում է հայագիտական ուսումնասիրությունների կենտրոններին եւ հրատարակչություններին: Այդ նպատակով 1986-ին ստեղծվել է «Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամը» (FAS), իսկ հետագայում համագործակցություն հաստատվել NAASR հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի հետՙ գիտաշխատողներին ընտրելու, գնահատելու եւ վերահսկելու համար նրանց հատկացվող դրամաշնորհները: Ի դեպ, հայկական ուսումնասիրությունների եւ հրատարակությունների կենտրոնի նախաձեռնողը եղել է դոկտ. Դենիս Փափազյանը , որ Վարդանանց նախկին ասպետ է եղել: Այդ կենտրոնը բազմաթիվ գրքեր, հոդվածներ եւ զեկույցներ է հրատարակել, բանախոսների հրավիրել եւ ռադիո-հեռուստատեսային ծրագրեր պատրաստել բարձրացնելու համար Հայոց ցեղասպանության իրազեկությունը օտարների շրջանում:

Այս ծրագրերին զուգընթաց Վարդանանց ասպետների կազմակերպությունը զբաղվել է նաեւ մանկապարտեզների եւ դպրոցների շենքերի վերանորոգմամբ ու ներքին հագեցվածությամբ: Ավելի քան 250 կրթօջախներ Հայաստանում օգտվել են դրանից:

Հիմնված Ֆիլադելֆիայում 1916 թվինՙ եղբայրական կազմակերպությունը հետզհետե ընդլայնել է իր գործունեությունը եւ այժմ Մ. Նահանգներում ունի 23 մասնաճյուղ: Ղեկավարությունը անընդհատ նոր հնարավորություններ է որոնում թեթեւացնելու համար նորանոր ոլորտների երիտասարդ գիտաշխատողների հոգսերը կրթության բնագավառում, եւ հույս է հայտնում, որ 2020 թվականը կտա այդ հնարավորությունը:

Մանրամասնությունների համար այցելել «http://kofv.org» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ