ՀՈՒՍԱԽԱԲ ՉԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Մինչ ՀՀ կառավարությունում ու կառավարման այլեւայլ օղակներում խոսում են երկրի տարբեր ոլորտներում տնտեսական զարգացումներից, առեւտրային շուկայում գրեթե աննկատ թանկացավ տանտիրուհիների կողմից նախապատվության արժանացած բուսայուղերից հերթականը: Նախորդ տարվա այս օրերին այն 620 դրամից դարձավ 640 դրամ, իսկ հիմա 655 դրամ: Մի դեպքումՙ աճ 20 դրամ, այս տարի 15 դրամ, գործընթացը կառավարողների բնորոշմամբ գնաճի դանդաղումն ակնհայտ է, ամբողջ 25 տոկոս: Դե եկ ու շարքային քաղաքացի, գլուխ հանիր նման տնտեսվարումից: Գրեթե այսպիսին է մեր տնտեսության պատասխանատուների երեւակայությունըՙ միայն լավը տեսնել, ոգեւորվել, ծափերի սպասել, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում կպարզվեն ու թերեւս... լուծվեն: Նախարարությունների միջին օղակների պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում պարբերաբար տրվող հարցերիցս է, թե երբ Հայաստանի Հանրապետությունում, ասենք, միլիոնավոր լիտրեր օգտագործվող հայրենական արտադրության բուսայուղերի որոշակի քանակներ կարտադրվենՙ արեւածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի, խաղողի կորիզի, այլ մշակաբույսերի: Խոսքը կառավարման այն օղակների մասին է, որոնց աշխատանքը ՀՀ վարչապետն անարդյունավետ է համարում նրանց համար սահմանված ցածր աշխատավարձերի պատճառով: Աշխատաշուկայում հազարավոր, թերեւս տասնյակ հազարավոր երիտասարդ մասնագետներ կան, որոնք պատրաստ են սիրահոժար փոխարինել այսօրվա հաստիքներ զբաղեցնող կրտսեր ու ավագ մասնագետներին, բաժինների վարիչներին ու վարչությունների պետերին, քանզի թե՛ աշխատատեղերն են բարվոքՙ լուսավոր ու ջեռուցվող, թե՛ աշխատավարձերն ու պարգեւավճարներն են գրավիչՙ հարյուր հազարավոր դրամներ կազմող, թե՛ արտերկրներ մասնագիտական վերապատրաստման ու տեղում առաջքաշման հեռանկարներն են տեսանելի... Այնպես որ, վառ երեւակայությամբ չէ որ այստեղ ծրագրեր են կազմվելու, այլ պարզ հաշվարկներով, կոնկրետ նշված բուսայուղերից որեւէ մեկի պարագայումՙ ինչքա՞ն է վերջին տասնամյակի միջին տարեկան սպառումը, հումքի ի՞նչ քանակություն է անհրաժեշտ պահանջվող ծավալն ստանալու համար, ո՞ր մարզերում է առավելագույնս նպատակահարմար մշակություն իրականացնել, միջին հզորության ի՞նչ արտադրություններ տեղադրել բուսայուղի ստացման նպատակով եւ նման հարցերի ու խնդիրների պարզում, որոնք ծրագրերի են վերածվում: Վստահեցնում եմ, որ նման ծավալի գործունեություն արտերկրներում իրականացնում են անգամ անհատ ֆերմերները, արտադրելով թե՛ բուսայուղեր ու երշիկեղեն, թե՛ գինիներ ու հյութեր, թե՛ պանիրներ ու պահածոներ, այն ամենը, ինչ հնարավոր է արտադրել փոքր ու միջին գործարարության շնորհիվ, անգամ տնայնագործական միջոցներով ու եղանակով: Ընդամենն ամուսիններով, շատ հազվադեպՙ ընտանիքի 3-4 անդամներով հնարավոր է լինում տարվա արդյունքներով տասնյակ տոննաներ ու տասնյակ հազարավոր շշալցված արտադրանք թողարկել, երբեք չտրտնջալ կաթի լիտրը 30 եվրոցենտով մթերողներից եւ առավել եւսՙ կիրակնօրյա շուկաներում իրենց մասնակցությունից ու գնորդների գնողունակությունից: Երբ այսօրինակ հարցերի շուրջ զրուցում էի նախարարություններից մեկի վարչության պետի հետ, զգուշորեն նկատեց, որ ասվածի համար լավ երեւակայություն է անհրաժեշտ, պարզ ասածՙ ֆանտազիա: Թե ինչ է այն նշանակում, փորձեցի պարզել ՀՍՀ ակադեմիական հրատարակության օգնությամբ, որի 3-րդ հատորի 548-րդ էջում նշված է. երեւակայությունՙ գործունեության տեսակ, որը մտապատկերների վերափոխման, վերակառուցման եւ զանազան հարաբերությունների մեջ դնելու շնորհիվ մտովի ստեղծում է տվյալ անձի կենսափորձում գոյություն չունեցող պատկերներ, դեպքեր, իրադարձություններ: Դժվար է սահմանազատել երեւակայության եւ մտածողության գործունեությունը: Այնպես որ ՀՀ կառավարման միջին օղակի միջին ներկայացուցիչը կարող է ժամերով խոսել ու փորձել հիմնավորել, որ երկրում հնարավոր չէ անհրաժեշտ ծավալներով վերամշակման ենթակա հումք արտադրել, հզորություններ ունենալ եւ գործարկել, սեփական արտադրանք թողարկել, այնպես որՙ տնտեսավարման լավագույն ձեւը ներմուծելն է: Ապացույցն էլՙ Ախուրյանում կառուցված շաքարի գործարանը, որի հումք շաքարի ճակնդեղը տեղում չի աճեցվում, փոխարենը շաքարեղեգը բերվում է Կուբայից: Էլեկտրալամպ էլ հնարավոր չէ արտադրելՙ թեեւ երբեմի գործարանը կանգուն է մինչ օրս, սակայն գիտեք չէ՞, էլեկտրալամպը... 6 թե 7 բարդ մասերից է բաղկացած: Ահա այսպիսի հայաստանյան գործոն: Կարող է կարծիք հնչել, թե նշված գնահատականը մեր առօրյայում դյուրամարս չէ, քանզի ուսումնառության տարիներից սկսած այս մասին չի խոսվում, հիմա էլ վերադասն է ասումՙ տեղդ հանգիստ նստիր, հետն էլ հայտնի է, որ մեզանում անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների արտսդրություն չկա, գիտական կենտրոններն ու համալսարանական լաբորատորիաներն այլ գերխնդիրներով են զբաղված, մի խոսքովՙ իսկական յուրօրինակ մարտի դաշտ, երբ չգիտես որտեղից ինչ ուժգնության հարված կստանաս, այն ճակատագրական կլինի թե՞ առավել հուժկու: Որ այս ամենի յուրօրինակ մտածողության արդյունքում ՀՀ տարածքի հիմնական աշխատատեղերից մեկը, հողն անտեսվում է, արեւով ու ջրով հագեցած հարյուր հազարավոր հեկտարներով բարեբեր հողերը չեն մշակվում, դա բարձրագույն իշխանությանը չի մտահոգում, որն այս ընթացքում հասցնում է չգիտես ինչ հիմնավորումով երկիրը փոքր հռչակել: Օրերս ՌԴ-ի հեռուստաընկերություններից մեկը հաղորդում էր պատրաստել հրեից երկրի գյուղատնտեսության վերաբերյալ, ուր ուսումնասիրող մի գիտնական ցուցադրում էր հարյուր միլիոնավոր ճանճաբուծության լաբորատորիան, լիարժեք չբացահայտելով դրա անհրաժեշտությունը, մյուսը ներկայացրեց եգիպտացորենի դաշտի քաղցր բերքը: Եվ սաՙ իրական սակավահողության պայմաններում: Մարդիկ երեւակայությունն իրողության են վերածել, չեն թաքցնում այն, մենք առայժմ մտածում ենք, բավարարվում նրանով, որ մեզանում բուսայուղ վաճառվում է... այլոց արտադրածը շշալցնելով: Նաեւ այսպես է սկսվում սուրճի ներմուծման եւ վերամշակումից հետո արտահանման գործընթացը, որը ՀՀ-ից արտահանվող պարենային խմբի ապրանքատեսականու առաջին հնգյակում էՙ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների կողքին: Եվ խնդրեմ. կարելի է խոսել 2019-ին արտահանման 9,5 տոկոս աճի, ներմուծման էլ 10,5 տոկոս աճի մասին, դրանք աննախադեպ հռչակել: Ոչինչ որ տարբերությունն ընդամենը 1 տոկոս է: Իսկ ահա դոլարային արժույթով արտահանումն ավելացել է մոտ 200 մլն-ով, ներմուծումըՙ 350 մլն-ով, բացասական առեւտրային հաշվեկշիռը շարունակվում է: Դրական երեւույթ է այս թե ոչ, պարզաբանումը տնտեսագիտական ներուժինն է, որքանով որ այն կա: Իշխանամետ տնտեսագետները երկրի քաղաքական ղեկավարությանը կարծես համոզել են, որ ՀՀ առեւտրային հաշվեկշիռը հարկ է դրական դարձնել, այստեղից էլՙ ամեն մի արտահանում ողջունելու իշխանության մղումները, անգամ մարզերից մեկից տորֆի աննախադեպ ծավալների առաքումը ՌԴ: Տողերիս հեղինակը, թող որ փաստեր նշելով եւ դրանք սիրողական համարվող որակումով, հաճախ է առանձնացնում նաեւ առեւտրային բացասական հաշվեկշիռ ունեցող, միաժամանակ կայուն զարգացում ապահովող երկրների ցանկը, ասենքՙ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի օրինակը: Երկրի առեւտրային բացասական հաշվեկշիռը 1980 թվականի 19 մլրդ դոլարից 2018-ին հասել է 628 մլրդ դոլարի: Բացասական են Մեծ Բրիտանիայիՙ 170 մլրդ դոլար, Ֆրանսիայիՙ 75 մլրդ դոլար, այլ երկրների ցուցանիշները, դրականՙ Գերմանիայինը 300 մլրդ, Հարավային Կորեայինը 120 մլրդ, Իտալիայինը 75 մլրդ: Այնպես որՙ ո՞ւր կտանի մեզ ՀՀ տնտեսական կառավարումն ու կայացումը հարցն օրակարգային է: Ակնկալենք, որ այն գերխնդրի չի վերածվի, որ հայաստանյան հանրությունը բարեփոխումներ կզգա արդեն 2020-ին, մեր արարելու ուժի, ստեղծարար աշխատանքի շնորհիվ, որը մշտապես ենք վկայակոչում, բայցեւՙ տարօրինակ ու անհասկանալի անզորություն ցուցաբերում: Հուսանքՙ առաջիկայում հուսախաբ չենք լինի: 03.02.2020 թ. |