ՀԱՐԱՏԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՐԱԿԱՆ ԵԼՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Միջազգային դիտորդները ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում են քաշմիրյան եւ կորեական խնդիրների տեսանկյունից, որոնցում ռազմականացված կողմերը մշտապես գտնվում են պատերազմի եզրին: Անցյալ տարվա ընթացքում հինգ անգամ հանդիպելուց հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունվարի 28-30-ը Ժնեւում դարձյալ հանդիպեցին: Ընդհանուր առմամբ տասներկու ժամ տեւած հանդիպումը, բանակցությունների ինտենսիվ բնույթն ու հովանավորող կողմիՙ ԵԱՀԿ-Մինսկի խմբի համանախագահների հրապարակած «երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կարգախոսը նշում են այն մասին, որ առաջիկայում փոխզիջումային ինչ-որ կարգավորում է ակնկալվում: Սակայն, բանակցությունների մանրամասնությունները գաղտնի են պահվում, թողնելով որ անորոշության մատնված փորձագետներն ու վերլուծաբանները կատարեն իրենց անձնական եզրակացությունները: Որոշ ներքին եւ արտաքին, միջազգային հարցեր անշուշտ ազդում են բանակցությունների ընթացքի վրա: Այն փաստը, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդները ընտրությունների գործընթացի մեջ են, բացառում է իրավիճակի հնարավոր սրումը: Մյուս գործոնը հրաժարումն է Հայաստանի նախկին վարչակազմի դիրքորոշումից, որը նախընտրում էր ամբողջովին բացառել կամ նվազագույնի հասցնել պատերազմական հռետորաբանությունը: Այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել մեծ քանակությամբ արդիական ծանր հրետանի: Զինվորական գերատեսչությունն իր հերթին հայտարարեց, որ վերանայում է իր ռազմական դոկտրինանՙ թշնամու տարածքում պատերազմական գործողություններ սկսելու նպատակով: Փաշինյանը, որ կողմնակից է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցություններին, կոչ է արել նախագահական բոլոր թեկնածուներին հանդես գալ հակամարտության կարգավորման իրենց ծրագրերով, եւ զարմանալի չէ, որ բոլորն էլ ռազմավարական հայտարարություններով են հանդես եկելՙ հատկապես տարածքային զիջումների հարցի վերաբերյալ: Թուրքիան, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն է առաջ տանում, գտնվում է այժմ իր դիրքորոշումը ճշգրտելու հանգրվանում: Ռուսական S-400 հրթիռները ձեռք բերելուց հետո, նախագահ Էրդողանը գիտակցեց, որ Մ. Նահանգները լուրջ է մոտենում խնդրին, հատկապես երբ չեղյալ համարեց իր ռազմական գործարքը: Նա չկարողացավ համոզել նախագահ Թրամփին, որ փոխի իր կարծիքը: Դրա համար էլ այժմ սկսել է հանդես գալ որոշ հակա-ռուսական արտահայտություններով եւ հայտարարություններով: Վերջերս Ուկրաինա կատարած իր այցի ժամանակ նա նշեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանին եւ շարունակում է մտահոգվել այդ տարածքի թաթարների ճակատագրով: Իսկ Իդլիբի (Սիրիա) անցած շաբաթվա իրադարձությունների առնչությամբ նա դարձյալ զգուշացրեց Մոսկվային: Մյուս կողմից, լիբիական պատերազմական թատերաբեմում, Ռուսաստանը, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ, պաշտպանում է Մարշալ Հաֆթարին, մինչդեռ Թուրքիան զորք է ուղարկում այդ երկիրը պաշտպանելու համար Տրիպոլիի կառավարությանը: Եվ վերջապես Պաղեստինի հարցի վերաբերյալ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» կապակցությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են երկու հակադիր կողմերում: Տարածաշրջանային հարցերի քննարկումներում անպայմանորեն հաշվի են առնվելու նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վերոնշյալ բոլոր խնդիրները: Քանի որ բանակցողները գաղտնի են պահում իրենց օրակարգը, լրատվամիջոցներն ու քաղաքագետները ստիպված են ենթադրություններ անել: Հիմնականում դրանք Մադրիդյան սկզբունքների շուրջն են պտտվում: Այն հարցին, թե ինքն ի՞նչ է մտածում, Փաշինյանը հարցով էր պատասխանել, թե «իսկ ադրբեջանցիները ի՞նչ են մտածում այդ հարցի մասին»: Ներկայիս, ոչ ոք տեղյակ չէ, թե Փաշինյանը ունի՞ արդյոք իր սեփական ծրագիրը, կամ թե ունի՞ քննարկված տեսակետների մասին իր սեփական կարծիքը: Քննադատները հարցականի տակ են դնում հարցերի ամբողջ կույտը հակիրճ եզրակացությամբ պարփակելու Փաշինյանի կարողությունը, մինչ ուրիշներ հավատացած են, որ լուռ մնալով եւ թողնելով, որ ուրիշները գուշակություններ անեն, նա վարում է ողջամիտ քաղաքականություն: 2007-ի մադրիդյան հանդիպումից հետո, ուրիշ փաստաթղթեր եւս հայտնվեցին համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգի եւ Կազանի հանդիպումների ընթացքում: Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկեց իրՙ լավրովյան ծրագիրը, որ հիմնականում մադրիդյանի մի տարբերակն է: Մադրիդյան սկզբունքներին համառորեն կառչելու պատճառն այն է, որ դրանքՙ այդ սկզբունքները, շատ են քննարկվել եւ դրանց մեծ մասը երկու կողմերի հավանությանն է արժանացել: Սակայն կողմերը դեռեւս վարանում են ընդունելու ամբողջական ծրագիրը, որը տարբեր բաղադրամասերի համադրումն է: Մադրիդյան սկզբունքները, որ 2007-ի նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը մշակել է, հիմնված են Հելսինկիի 1975 թվի վերջնական Ակտի վրա, որը կոչ է անում խուսափել ուժի կիրառումից, պահպանել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքները: Չնայած վերջին երկու հասկացությունները հակասական են, քաղաքական մյուս արտահայտությունները ավելի նման են մարտահրավերի` «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեի միջոցովՙ թույլ տալով ԼՂ-ի ժողովուրդին ազատ եւ անկաշկանդ կամարտահայտվելու»: Մինչ այդ շրջանը (մարզը) «միջակա կարգավիճակ» է ունենալու: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին հատուկ պայմաններ վերապահելով Քելբաջարին եւ Լաչինին: Հակառակ որ հայկական քաղաքական հռետորաբանությունը բացառում է որեւէ տեսակի տարածքային զիջում, իրարահաջորդ բոլոր կառավարությունները հավանություն են տվել սկզբունքներին: Բայց հարցը ծրագրի, կամ սկզբունքների կիրառման մեջ է, որը նախատեսում է նաեւ խաղաղապահպան ուժերի ներկայություն, որպեսզի բացառվեն բախումները տուն վերադարձող փախստականների հետ: Արեւմուտքի հանդեպ հարգանքից դրդված ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը դեմ են ռուս խաղաղապահպան ուժերի տեղակայմանը: Եթե Հայաստանը համաձայնվեր նրանց (ռուս խաղաղապահպանների) տեղակայմանը, Մոսկվան անմիջապես կշրջեր դեպի Հայաստանը, բայց ներկա քաղաքականությունը կողմերին պահում է տարակուսանքի մեջ, որն արտահայտվում է նաեւ համանախագահների մակարդակով: Ադրբեջանը միայն «ամենաբարձր մակարդակի ինքնավարություն» է խոստանում Ղարաբաղին իր իսկ իշխանության ներքո: 1905-7, 1920 եւ 1988 թվականների կոտորածներից հետո հայերը երբեք չեն համաձայնվի իրենց վիզը կամավոր յաթաղանի շեղբին դնել: Ադրբեջանին տարածքային զիջումներ չկատարելու Հայաստանի լուռ համախոհն է Իրանը, որովհետեւ կարող է վստահել իրանա-հայաստանյան սահմանի խաղաղ կարգավիճակին: Որեւէ խախտում կամ կրճատում այդ սահմանիՙ հօգուտ Ադրբեջանի, կնշանակի հավելյալ ռազմական լարվածության պարտադրում Թեհրանին, որովհետեւ ալիեւյան դինաստիան իր երկրի տարածքը դարձրել է փորձադաշտ Իսրայելի ռազմական ուժերի համար եւ հնարավոր հարթակՙ հարձակվելու Իրանի միջուկային հենակետերի վրա: Այդ պատճառով էլ, Իրանն իր լուռ համաձայնությունն է տալիս Ադրբեջանի հետ գործարքներում Հայաստանի որոշումներին: Եվ կարծես որոշ համաձայնություն արդեն իսկ գոյացած է: Թե՞ դա ընդամենը ժամանակավոր դադար է զգուշություն դրսեւորելու: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |