RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-25 13:10:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1399, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԴԱԴԱՐՈՂ ՍՊԱՍՈՒՄԻ ԱՄԻՍՆԵՐ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրություն 3-րդ կուրս

Լույսը բացվելու հետ մենքՙ ապրողներս, պարտվածի ու փրկվածի միջակայքում դեգերում ենք: Դրա համար էլ զենքի փոխարեն գրիչն ենք ընտրել, հույսի անկման դեմ լավատեսի մտքի սպեղանի դնելով:

Այսօրը, որ թերթում դառնում է երեկ, ապառնի ժամանակ էլ չունի Հարությունյանների ընտանիքի համար: 22-ամյա Հարությունը պայմանագրային զինծառայող էր: Ծառայակից ընկերները պատմել են, որ Հարությունը ջոկատի հետ գնացել է վիրավոր զինվորներին օգնելու, սակայն նրանցից ոչ մեկը չի վերադարձել:

«Բանակից եկավ, ասացՙ էլի գնում եմ ծառայության, չգիտեմ էլՙ ինչի, երեւի գյուղում գործ չկար, տղա էր, էլի.... բա ի՞նչ աներ»,-մեզ հետ զրույցում ասում է Հարությունի հայրըՙ Էրիկ Հարությունյանը:

Հարությունյանները Ուխտաձորում թողել են անասնաֆերման, տները, հողատարածքները, սակայն այս պահին որեւէ բանի մասին չեն մտածում. միայն ուզում են, որ Հարությունը տուն գա:

«Ոչ մի լուր չկա, ուղղակի նստած սպասում ենք, իր հետ եղած 12 տղաներից ոչ մեկից տեղեկություն չկա: Բայց ես զգում եմ, որ իմ տղան ողջ է»,- կարմրած աչքերը փակելով ասաց Հարությունի մայրըՙ տիկին Վերան:

Չդադարող սպասումի ամիսները անմասն չեն թողել նաեւ Մանուկյանների ընտանիքին:24-ամյա Արմենակ Մանուկյանի ծնողները նրա հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 29-ինՙ երեկոյան 23:20-ի սահմաններում: Նա Հադրութից է զանգել, ծնողներին տեղեկացրել, որ պատրաստվում են գնալ Ջաբրայիլ:Հետագայում տարբեր մարդկանցից իրենց որդուց նորություններ են ստացել, սակայն դրանք նույնպես ինչ-որ պահի դադարել են:

«Այսքան ժամանակ որեւէ վատ նորություն չենք լսել: Մեզ մոտ ծնողներ կան, որոնք համոզված են, որ իրենց երեխան զոհված է, եւ ուզում են դիակը գտնել: Իմ էրեխու հետ կապված ո՛չ լավ, ո՛չ վատ ոչինչ չենք լսել: Իզով-թոզով կորած է»,-ասաց Արմենակ Մանուկյանի հայրըՙԳարեգինը:

Գարեգին Մանուկյանը մի քանի անգամ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների հետ մասնակցել է որոնողական աշխատանքներինՙ անտառներում, դաշտերում:Հանդիպել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Սակայն նշում է, որ այդպիսի հանդիպումների ընթացքում ծնողներին բավարարող ոչ մի բան ընդհանրապես չի ասվում:

«Իրեն ամեն ինչի մեջ գցում է: Խելացի եւ աշխատասեր է, նաեւ հնարամիտ, դրա համար եմ մտածում, որ ինքն իրեն պետք է կարողանար պահել: Չնայած ասել են, որ լավ կռվել է, հետ գալու նպատակ չի ունեցել, ասել էՙ մինչեւ վերջ պիտի կռվենք ու հետ գնանք»,- պատմում է մայրըՙ Արմինե Վարդանյանը:

Նրանց ընտանիքներում միայն անցյալի հուշերն են վառ գույներով. նրանց հույսը դեռ չի մարել, ու սպասումն էլ այսուհետ ու միշտՙ հայ զինվորի վերադարձին գգվածՙ ապրում է: Նրանց լուռ ճիչը, որդիների վերադարձն է պահանջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ