ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՍԿԱՊԵ՞Ս ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԱՎՏՈԿՐԱՏԻԱՆ ԵՆ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՊԱՏՐԻՔ Ջ. ԲՈՒՔԱՆԸՆ, ԱՄՆ նշանավոր հրապարակագիր, վերլուծաբան եւ հասարակական-քաղաքական գործիչ Իսկապե՞ս մենք գաղափարաբանական պատերազմի մեջ ենք Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ այսօր, ինչպես էինք Ստալինի ԽՍՀՄ-ի հետ` Սառը պատերազմի օրերին: «Նա կարող է մի շանորդի լինել, բայց մե՛ր շանորդին»: Այսպես ասաց նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը Նիկարագուայի բռնապետ Անաստազիո Սոմոզայի մասին` տիպիկ ամերիկյան ձեւով: Քանի որ Ամերիկան իր ծննդյան օրվանից համագործակցել է ավտոկրատների հետ, երբ ազգային շահն այդպես է պահանջել: Ջորջ Վաշինգտոնը 1778-ին ուրախությունից պար եկավ, երբ իմացավ, որ մեր դիվանագետներին հաջողվել է դաշն կնքել Ֆրանսիայի Լուդովիկոս 16-րդ թագավորի հետ: Այդ դաշինքը, վստահ էր նախագահը, անխուսափելիորեն հաղթանակ պիտի պարգեւեր Ամերիկային: 1917 թ. ապրիլին Մ. Նահանգները մտավ պատերազմի մեջ` «աշխարհը դեմոկրատիայի համար ապահով դարձնելու» առաջադրանքով` համագործակցելով աշխարհի մեծագույն 4 կայսրությունների հետ` անգլիական, ֆրանսիական, ռուսական ու ճապոնական: Նրանք չորսն էլ այնուհետեւ բռնակցեցին նորանոր գաղութային տարածքներ եւ ստրկացրեցին նրանց ժողովուրդներին` ժողովրդավարության վճռական հաղթանակի համար մեր մղած պայքարում: Երկրորդ աշխարհամարտին մենք զանգվածային ռազմական օգնություն տվեցինք Ստալինի ԽՍՀՄ-ին, որը նա գործածեց ճզմելու, գրավելու եւ կոմունիստականացնելու համար Եվրոպայի կեսին: Անտոնիո Սալազարը` Պորտուգալիայի բռնապետը, ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ էր: Սառը պատերազմի ընթացքում մենք դաշնակցեցինք Հարավային Կորեայի Սինգման Ուիի, Ֆիլիպինների Ֆերդինանդ Մարկոսի, Իրանի շահի եւ Չիլիի Աուգուստո Պինոչետի հետ, բոլորն էլ հայտնի ավտոկրատներ: ՆԱՏՕ-ի մեծագույն 2-րդ բանակը Թուրքիայի ավտոկրատ նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարության տակ է գտնվում: Արաբական աշխարհում մեր գլխավոր դաշնակիցները Եգիպտոսի գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին է, որը տապալեց դեմոկրատականորեն ընտրված նախագահ Մոհամադ Մուրսիին, ինչպես նաեւ Պարսից ծոցի ամբողջ երկայնքով մեկ տարբեր թագավորները, իշխանները, սուլթաններն ու էմիրները: Ու տակավին` նախագահ Ջո Բայդենը համաշխարհային պայքարը սահմանում է իբրեւ պայքար` դեմոկրատիայի եւ ավտոկրատիայի միջեւ եւ ասում` «Ժողովրդավարությունը պիտի եւ պետք է հաղթի եւ իշխի»: «Մենք համաձայն ենք ռազմակավարական այդ տեսլականին», իր հերթին արձագանքում է «Վաշինգտոն Փոստը»: Սակայն մի՞թե սա է ճշգրիտ պատկերը մեծ ուժերի միջեւ այսօրվա մրցակցության: Եթե ավտոկրատ-դեմոկրատ բաժանարար գիծ գոյություն ունի, ապա ո՞ր կողմում են Էրդողանը, Սիսին եւ Սաուդական Արաբիայի գահաժառանգ Մոհամադ բին Սալմանը: Իսկապե՞ս մենք գաղափարաբանական պատերազմի մեջ ենք Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ այսօր, ինչպես էինք Ստալինի ԽՍՀՄ-ի հետ Սառը պատերազմի օրերին: Մենք վեճ ունենք Պուտինի հետ Ղրիմի եւ Դոնբասի խնդրով: Պուտինն ուզում է Ուկրաինան եւ Վրաստանը հեռու պահել ՆԱՏՕ-ից: Բայց այստեղ ո՞ւր է ապացույցը, թե Պուտինն ուզում է կառավարման մեր դեմոկրատական ձեւը փոխել ու վերածել ավտոկրատիզմի: Պուտինի` մեզ ուղղած առարկությունները վերաբերում են մեր քաղաքականությանը, ո՛չ թե դեմոկրատիային: Հետ գնալով մինչեւ 1950-ականներ` Նիկիտա Խրուշչեւը հոխորտում էր, որ ամերիկացիների թոռներն ապրելու են կոմունիզմի պայմաններում: Այդ ե՞րբ է Պուտինը հայտարարել Կրեմլի այդպիսի գաղափարախոսական նպատակների մասին: Արդյո՞ք Չինաստանի հետ մեր վեճը գաղափարախոսական բնույթ է կրում: Չինաստանը մեծ եւ մեծացող տնտեսական ու ռազմական ուժ է, իր հարեւանների հետ վեճերի մեջ գտնվող: Մեր վեճը Չինաստանի հետ գաղափարախոսական բնույթ ունի՞: Չինաստանը առեւտրային խնդիրներ ունի Ավստրալիայի հետ, սահմանային հակամարտություն Հնդկաստանի հետ` Հիմալայների հարցով, տարակարծություններ` Վիետնամի հետ, Ֆիլիպինների եւ ուրիշ չորս երկրների հետ` Հարավային Չինական ծովում գտնվող կղզիների շուրջ: Չինաստանը նաեւ պահանջում է Թայվանն ու Սենկակա կղզիները, որոնք գրավված են Ճապոնիայի կողմից: Սակայն բացառությամբ Թայվանի եւ Հոնգ Կոնգի, որը նա պահանջում է որպես իր ինքնիշխան տարածքներ, Պեկինը չի ճնշել որեւէ երկրի որդեգրելու Չինաստանի կոմունիստական կուսակցության նման վարչակարգ: Այն գոյակցում է կոմունիստական Վիետնամի, ավտոկրատ Միանմարի, կրոնապետական Աֆղանստանի եւ դեմոկրատական Հնդկաստանի, Ավստրիալիայի եւ Ճապոնիայի հետ: Մեզ հետ Չինաստանի վեճը Ամերիկայի «դեմոկրատական» լինելը չէ: Չինաստանի քննադատությունների պատճառը մեր կողմից նրա հավակնությունները արգելափակելու, Հարավային եւ հարավարեւելյան Ասիայի երկրներին մեր թիկունք կանգնելը, որը խանգարում է նրա ռազմավարական նպատակները: Պայքարը գաղափարաբանական չէ, այլՙ քաղաքական ու ռազմավարական: Ուրեմն ինչո՞ւ այն վերածել վարչաձեւերի միջեւ պատերազմի: Ո՞ւր է ապացույցը, որ Պեկինը ձգտում է կոմունիստական դարձնել իր հարեւաններին կամ փոխել նրանց վարչաձեւըՙ համապատասխնեցնելու իրեն: Այսուամենայնիվ, նկատառելի ապացույցներ կան, որ ԱՄՆ-ը ակտիվորեն հետամուտ է տապալելու Պուտինի վարչակարգը Ռուսաստանում: Թեեւ Պուտինի Կրեմլը ամբաստանվում է 2016 թ.ին Դեմոկրատական կուսակցության եւ Հիլլարի Քլինթոնի ընտրապայքարը հաքերության ենթարկելու գործով, սակայն նույնիսկ եթե դա ճշմարտություն է, ապա ինչպես կարելի է այն համեմատել Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ ներկայի քաղաքականության հետ: Արդյո՞ք Ազատություն/ Ազատ Եվրոպա ռադիոկայանները օբյեկտիվ ու չեզոք են Ռուսաստանի մասին իրենց հաղորդումներում: Արդյո՞ք մեր ոչ-կառավարական բազմաթիվ կազմակերպություններն ու Ժողովրդավարության ազգային հիմնադրամը ձեռնպահ են Ռուսաստանի ներքին հարցերի նկատմամբ: Այդ ի՞նչ է արել Կրեմլը խթանելու Դոնալդ Թրամփի քաղաքական հավակնությունները համեմատած մեր դիվանագիտական ու կառավարական ինստիտուտների, ինչպես նաեւ կիսապետական ծառայությունների հետՙ Պուտինին ստորադասելու եւ փոխարենը Ալեքսի Նավալնու թեկնածությունը առաջ տանելու գործում: Եթե ամերիկյան ժողովրդավարությունը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ապա ո՞վ է նախահարձակ կողմում: Ո՞վ ո՞ւմ վարչաձեւն է ցանկանում փոխել: «ԱՄՆ-ի ազգային շահերն ու ժողովրդավարության պաշտպանությունը, կամ առնվազնՙ կայունության ամրապնդումը արտասահմանում հեշտությամբ չեն կարող տարանջատվել իրարից», գրում է «Վաշինգտոն Փոստը»: Բայց այդ որտեղի՞ց է Ամերիկան ստացել իրավունքը միջամտելու այլ երկրների ներքին գործերինՙ մերինի նման վարչաձեւ ունենալու նպատակով: Եթե մեր նպատակը Ռուսաստանին ու Չինաստանին ժողովրդավարացման ենթարկելն է, այսինքն նրանց մեր ժողովրդավարականության սերտորեն նմանեցնելը, արդյո՞ք դա նման չէ մեր կողմից գաղափարական պատերազմ հայտարարելուն: Սա գաղափարական պատերազմի էությունը չէ՞: Հետեւաբար, ո՞վ է ագրեսորը այս նորՙ գաղափարաբանական պատերազմում: Թրգմ.` Հ.Ա. |