ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ ԱՇՈՏ ՊԱՏՄԱԳՐԵԱՆ Հայաստանում քչերը միայն ծանոթ են սփյուռքահայ հայտնի երգահան, խմբավար, երաժշտական բազմաբեղուն գործիչ Աշոտ Պատմագրյանիՙ 1978 թ.-ին Բեյրութում լույս ընծայած «Իմ յուշերից» գրքին, որի էջերում 1898 թ.ին Թավրիզում ծնված եւ հետագայում Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում եւ այնուհետեւ Գերմանիայում երաժշտագիտական կրթություն ստացած հեղինակը հետաքրքրական ու թանկարժեք տեղեկություններ է տալիս Պարսկաստանի, Թիֆլիսի, Բեռլինի, Սոֆիայի, Փարիզի, Բաղդադի, Բեյրութի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Նյու-Յորքի, Ֆրեզնոյի, Դետրոյթի եւ հայաշատ այլ քաղաքներում ունեցած իր երաժշտա-մշակութային շրջագայությունների եւ այդ ընթացքում հանդիպած նշանավոր մարդկանց մասին, այդ թվումՙ Կոմիտասի, Արմենակ Շահմուրադյանի, Կոստան Զարյանի, Վահրամ Փափազյանի, Արամայիս Երզնկյանի, Հրաչյա Աճառյանի, Լուկաշինի, Պողոս Մակինցյանի, Չարենցի, հայ եւ օտար բազմաթիվ այլ դեմքերի մասին: Հուշագրական այդ ժողովածուից այսօր ընտրել ենք հոգեբուժարանում Կոմիտասի հետ հանդիպման հատվածը, որը, ինչպես ամբողջ գիրքը, գրված է անմիջական, հաճելի լեզվով, հումորով, հերթական կերպարն ու իրավիճակը բնորոշող ուշագրավ բնութագրմամբ: Նրա գրչին են պատկանում ուրիշ բազմաթիվ գրքեր, որոնց մեջՙ երաժշտական ու երաժշտագիտական շատ գրքեր, երգարաններ, իր երգերի ու խմբերգերի ժողովածուներ: Այդ գրքերից առավել հայտնին «Հայ երգը դարերի միջից» վերնագիրն է կրում: Ունի նաեւ բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ:
Փարիզի հայկական կեանքի այս անօրինակ եռուզեռին մեծ զարկ էին տալիս բազմաթիւ միութիւնները, որոնց թիւը երբեմն հասաւ մինչեւ 60ի, որոնց մեծ մասը հայրենակցական միւթիւններն էին, ապաՙ բարեսիրական, եկեղեցասիրաց, ուսանողական մարզական, գրական եւ այլ մեծ կամ փոքր միութիւններն ու կազմակերպութիւնները: Այս բոլորի մէջ կար մէկը, որ անաղմուկ տանում էր գերազանցապէս մի գեղեցիկ գործ: Դա Կոմիտասի բարեկամների միութիւնն էր, որին մասնակցում էին Պոլսի իր նախկին բարեկամները, նախկին սաները, որոնց մղիչ ոյժը հանդիսանում էր Կոմիտասի անխոնջ բարեկամըՙ օր. Մարգրիտ Բաբայեանը: Միութեան նպատակն էր նիւթական միջոցներ հայթայթել Մեծ Հիւանդի բժշկութեան եւ ապրուստի համար: Արդէն այս միութեան անդամների ջանքերով էր, որ 1918-ին Կոմիտասին Պոլսից Փարիզ փոխադրեցին: Նիւթական միջոցները գոյանում էին նուիրատուութիւններից եւ Կոմիտասի անտիպ գործերի տպագրութիւնից եւ վաճառքից: Այդ շրջանում էր, որ հրատարակուեցին Վարդապետի բազմաթիւ անտիպ գործերը, մանաւանդ նրա նշանաւոր Պատարագը, որ մինչ այդ մնում էր ձեռագիր վիճակում: Փարիզի մերձակայ արուարձաններից Վիլժիւյիվի մէջ էր գտնւում այն հոգեբուժարանը, ուր ապաստան էին տուել Վարդապետին: Այդ արուարձանը այդ օրերում հայութեան համար դարձել էր մի տեսակ «տեսարժան վայր» կամ ուխտատեղի, ուր շտապում էին բոլոր նորեկ հայերըՙ տեսնելու մեծ Վարդապետին: Երկու առիթով մի քանի ընկերներով մենք եւս փորձեցինք այցելել: Առաջին անգամ հիւանդապահ-պահակը թոյլ չտուեց ներս մտնել հիւանդի սենեակը, ասելով որ ամբողջ օրը շատ ջղային է եղել եւ կարող է շատ վատ ընդունելութիւն անել մեզ: Երկրորդ անգամ երբ գնացինք, ասացին որ շատ լաւ տրամադրութեան տակ է: Երբ լուր տուեցին որ այցելուներ են եկել, ինքը սենեակից դուրս եկաւ եւ սիրալիր կերպով մեզ ներս հրաւիրեց: Երբեք չէր կարելի ասել, որ մեր դիմաց նստած էր մի հոգեկան հիւանդ, այնքան որ բնական էին իր հարցերը եւ շարժումները, ինչպէս նաեւՙ տրամաբանական իր պատասխանները: Սովորական հարցուփորձից յետոյ մեր ընկերներից մէկը հարցրեց.- Հայր Սուրբ, հոս կը շարունակէ՞ք ձեր աշխատանքները. նոր յօրինումներ կ՛ընէ՞ք արդեօք: Կոմիտասը շատ վճռական կերպով պատասխանեց. - Ո՛չ, ո՛չ, հոս աշխատել անկարելի է. այնքան ժամանակ որ այստեղ եմՙ ոչինչ չեմ կարող անել. մինչեւ այստեղից դուրս չգամ, կինս, զաւակներս չ՛առնեմ, տուն-տեղ չը լինեմ, անկարող եմ նոր բան գրել կամ յօրինել: Այս պատասխանը մեզ վրայ շատ ճնշող տպաւորութիւն թողեց. զգացինք որ բոլորովին անգիտակից է իր կեանքին եւ վիճակին: Քիչ յետոյ ինքը դարձաւ մեզ եւ հարցրեց. - Տղերք, դուք նկատել է՞ք, որ հայերէն լեզւում որոշ հնչիւններ կան, որ որոշ պատկերներ են արտայայտում, ինչպէս օրինակՙ Օ հնչիւնը խորութեան պատկեր է տալիս- հոր, խոր, ձոր, ծով, փոր: Խօսում էր շատ սահուն եւ մաքուր արեւելահայերէն: Մեր ընկերներից մէկը հարցրեց. - Հայր Սուրբ, հայկական երաժշտութի՞ւնն է գեղեցիկ, թէ՞ եւրոպական: Վարդապետը ծիծաղով պատասխանեց. - Եթէ ես հարցնեմ քեզ թէ խաղո՞ղն է համեղ, թէ՞ տանձը, դու ի՞նչ կը պատասխանես. դու կ՛ասեսՙ Հայր Սուրբ, խաղողը խաղողի համ ունի, տանձըՙ տանձի: Նոյնպէս էլ հայկական եւ եւրոպական երաժշտութիւնը: Մեր ընկերը լսել էր, որ այդ միեւնոյն հարցը ուրիշ մի այցելու, տարիներ առաջ տուել էր. պարզապէս ուզեց իմանալ թէ արդեօ՞ք նոյն պատասխանը պիտի տար, թէ մոռացած պիտի լինէր: Պատասխանը ճիշտ ու ճիշտ նոյնն էր: Յետոյ դարձաւ մեզ եւ հարցրեց ,թէ ի՞նչպէս ենք, ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք սովորում եւ այլն: Մեզնից իւրաքանչիւրը պատմեց իր կեանքի մասինՙ մի քանի խօսքով: Ընկերներից մէկը, որ ամէնից աւելի համեստ պայմաններում էր ապրում, դառնութեամբ պատմեց պանդոկատէրերի խստութեան մասին, թէ ինչպէս եթէ երկու օր ամսավճարը ուշացնում է, պայուսակը դուրս են հանում եւ մերժում սենեակ տալ: Շատ կարեկցօրէն եւ բարեացակամութեամբ Կոմիտասը նրան դարձաւ եւ ասաց.- Այս կողքիս սենեակն այս առաւօտ պարպուեց. կ՛ուզե՞ս ասեմ քեզ համար պահեն. այստեղ մարդիկ շատ ազնիւ են եւ նման խստութիւններ երբեք չեն բանեցնում: Կէս ժամ տեւեց մեր այցելութիւնը. հիւանդապահ պահակը ներս եկաւ եւ հասկացրեց, որ ժամանակ է մեկնելու: Դուրս եկանք հոգեպէս բոլորս շատ ընկճուած տրամադրութեամբ: |