ԱՐԺԵ ԱՊՐԵԼ, ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ. ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ ՆԱԻՐ ՅԱՆ - Դե արի ու մի հավատա ճակատագրին: Նախախնամությանն եմ պարտական լույս աշխարհ գալուս համար: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, որովհետեւ անունս չկար հայրենադարձների ցուցակում, բայց դարձա հայրենիք: Կարող էի 1949-ին բռնել Սիբիրի ճամփան, քանի որ անունս աքսորյալների ցուցակում էր հայտնվել, բայց չաքսորվեցի,- պատմում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Ամեն տարիՙ մարտի 19-ին, նրա փոքրիկ բնակարանը լցվում է գունեղ ու բազմապիսի ծաղկեփնջերով: Արտիստուհու ծննդյան օրը շնորհավորում են երկրպագուներն ու բեմընկերները, պետական գործիչներն ու հարեւանները: Բեմի մարդ է. ծաղիկների շրջապատում է անցել ամբողջ կյանքը: Դերասանուհին նստած է բազկաթոռին, թվում էՙ նիրհում է, բայց ավելի շուտ կկոցած աչքերով նայում է մի կետիՙ ցուցամատը քունքին: - Իմ լավ բարեկամ ու խաղընկեր Ժան Էլոյանը տարիներ հետո միայն, երբ նորից խոսակցություն բացվեց, թեթեւակի ակնարկեց, որ ինքն է ինձ փրկել անդառնալի աքսորից: Սեւ ցուցակում անունս աչքովն է ընկել, անմիջապես բարեխոսել-միջնորդել է, թեՙ շատ օժտված աղջիկ է, լավ դերասանուհի կդառնա: Ժանի խոսքը տեղ է հասել. օրգանի աշխատողներն անունս հանել են ցուցակից: Պատահականություններ, դիպվածներ ու, մեծ մասամբ, երջանիկ. նրանց եմ պարտական հենց այս օրվա համար: Թե չէ անհետ կորած կլինեի Սիբիրներում. էլ ի՜նչ թատրոն, ի՜նչ բեմ, ի՜նչ ընտանիք ու թոռներ: Մի կարգին կրթություն էլ չեմ ստացել: Հիշում եմՙ Արմեն Գուլակյանը խորհուրդ տվեց թատերական ինստիտուտ ընդունվել, հետո միայն` Մայր թատրոն: Պահանջը տարօրինակ էր. Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանն ինստիտո՞ւտ էին ավարտել: Օժտված դերասանն ինստիտուտի կարիք չունի, նա պիտի բեմում լինի ու վերջ: Իսկ եթե բեմում ես ու չես կարող առանց բեմի, հանդիսատեսն ընդունում, սիրում է քեզ, ուրեմն ինստիտուտը քեզ պետք չէ: Ու բեմը դառնում է անհրաժեշտություն: Ես ինձ կիսել եմ ընտանիքիս ու բեմի մեջեւՙ վստահ, որ առանց նրանց չեմ կարող ապրել: Ես ինձ կիսեցի որդիներիս ու Ջոնիիս միջեւ: Արտիստուհին, աչքերը կիսաբաց, ժպտաց: Աջ ձեռքի քնքուշ շարժումով մազափունջը հետ տարավ ճակատից: Տեր Աստված, ի՜նչ նազանք. 20-ամյա օրիորդն անգամ կերազեր այսքան կանացի ու նրբակիրթ լինել: Դերասանուհիները չեն ծերանում, չեն կորցնում իրենց հմայքը, նրանց շարժուձեւը, դիմախաղը մշտարթուն են ու հավերժ երիտասարդ, իսկ տասնամյակներն ուղղակի ընդգծում են, բյուրեղացնում նրանց հմայքն ու արտիստական շարժուձեւը : Իշխանուհու կեցվածքով այս կինը 15-ամյա Ջոնի է խաղացել: - Ջոնի, իմ խեղճ Ջոնի: Այդ մանչուկին միշտ խեղճ եմ ասում, որովհետեւ ինչե՜ր քաշեց իմ ձեռքին: Սպասեց մինչեւ տղաս ծնվեց, մի քիչ մեծացրի, որ իրեն բեմ հանեմ, գլուխկոնծի տամ, կլոր-կլոր աչքերով զարմանամ աշխարհի ու մարդկանց վրա: 33 տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով բեմ մտա: Ու 17 տարի անբաժան էինք իրարից: Աճեմյանն անընդհատ զգուշացնում էր. «Վարդուհի, տես, հա, չգիրանաս»: Բայց մի օր ստիպված էի ընդմիշտ հրաժեշտ տալ իմ Ջոնիին, որովհետեւ արդեն հասուն կին էիՙ 50 տարեկան: Ու չնայած էլի ճարպիկ շարժումով գլուխկոնծի էի տալիս, բայց մեծացել էի, իսկ իմ Ջոնին կար եւ մնաց 15 տարեկանՙ իմաստուն, բարի, պայծառ, չծերացող մանչուկ: Սարսափելի ծանր էր իմ ու Ջոնիի հրաժեշտը: Մայրն անդարձ հրաժեշտ է տալիս իր հոգու զավակին: Ջոնին իմ երրորդ որդին էր: Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսով Վարդան Աճեմյանը Ջոնիին Մայր թատրոնի բեմ հանեց 1961-ին: Դու մի ասա, դահլիճում է նաեւ Մարտիրոս Սարյանը: Ջոնիիս հավանել էր: Որդուն ուղարկեց ինձ մոտ, թեՙ հայրիկն ուզում է քեզ նկարել: Հիմարություն արեցի, զբաղվածության պատճառով այդպես էլ չգնացի Վարպետի մոտ: Հիմա հպարտանալու մի ծանրակշիռ առիթ կունենայի: Ցույց կտայի դիմանկարսՙ արված Մարտիրոս Սարյանի ձեռքով: Ջոնիս ասում էր. «Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Ջոնին ինձ հնարավորություն տվեց երկու հսկաների հետ բեմ բարձրանալՙ սարոյանական երկու Մեք Գրեգորների. Հրաչյա Ներսիսյան ու Վահրամ Փափազյան: Երկուսի համար էլ Մեք Գրեգորը եղավ վերջին դերը: Փափազյանը երազում էր բեմի վրա մեռնելՙ բեմական հանդերձանքով, հանդիսատեսի աչքի առաջ: Բայց առաջին անգամ չկարողացավ իր կամքը թելադրել մարմնավորած կերպարին: Մեք Գրեգորի դերում նա փուլ եկավ բեմի վրա, բայց դեռ սիրտը բաբախում էր: 1967-ի տարեվերջյան այդ օրը Ջոնին ավելի ահասարսուռ արտասանեց. «Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Փափազյանն այլեւս բեմ չբարձրացավ: Դերասանուհին դանդաղ վեր կացավ բազկաթոռից, մոտեցավ պահարանին, փեղկը բացեց ու այնտեղից հանեց լուսանկարների ալբոմը: Նրբորեն բացեց էջերը. փակցված նկարներից զատ, իրար վրա դարսված էին սեւ-սպիտակ ու գունավոր լուսանկարներ, ներքեւումՙ տարեթվեր: Ժամանակը ոչ միայն մեր թատրոնի ու կինոյի պատմության, այլեւ արտիստուհու ինքնակենսագրական էջերում ճշգրտորեն ամրագրել էր տիկին Սեւիջին, Մարիամ իշխանուհուն, Յոթծովիմերանին, Սաթենին, Նաստասիա Ֆիլիպովնային, Ռանեւսկայային, Ջոնիին: Նրանք երբեք չեն հարցրելՙ տիկին Վարդուհի, այսօր տրամադրություն ունե՞ք մեզ մարմնավորելու, երեկոյան բեմ հանելու: Հո հիվա՞նդ չեք, կամ արդյո՞ք առողջ են Ձեր զավակները, թե՞ նրանց բարձր ջերմությամբ տանը պառկեցրել ու եկել եք թատրոն: Դերերին աշխարհիկ ոչ մի բան չի հետաքրքրումՙ ոչ մի հոգս ու պատճառ: Եթե որոշել ես նրանց որդեգրել, ուրեմն անդավաճան պիտի լինես մինչեւ վերջ: Վարդուհի Վարդերեսյանը լուսանկարների տրցակից հանեց մեկը: Ինքն էրՙ լույսերի մեջ ողողված, ժպտերես, մորթեզր դեկոլտեով: - Գյումրու թատրոնից Արմեն Արմենյանն ինձ տեսնելիս բացականչում էրՙ Шоколад с ликером: Այս նկարում, չեմ թաքցնում, իսկապես Шоколад եմ с ликером: Ինչքան էլ տարիներն անցնեն ու կյանքիս մայրամուտին մոտենամ, միեւնույն է, սիրում եմ կյանքն ու աշխատում ամեն օրս լիարժեք ապրել: ...Արժե ապրել, ինչ էլ լինի: |