RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014



ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-03-20 21:04:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2570, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ԱՐԱԲ ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ՀԱՅԱՇՈՒՆՉ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր Բաբկեն Սիմոնյանը ստեղծագործական այցով վերջերս գտնվում էր Լիբանանում, ուր բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոչ միայն լիբանանահայ, այլեւ արաբ մտավորականների հետ: Իր տպավորությունները նա մտադիր է առաջիկայում հրատարակել առանձին գրքով: Ներկայացվող հրապարակումը մի հատված է նրա ուղեգրությունից, որը լիբանանցի արաբ գրող եւ հրատարակիչ Նեժի Նաամանի հետ ունեցած հանդիպման մասին է:


Դեռ Երեւանում էի լսել արաբ գրող ու հրատարակիչ Նեժի Նաամանի մասին: Նեժին արաբ քրիստոնյա է: Տարիներ առաջ հրատարակչատուն է ստեղծել Ջունիում` Բեյրութից դեպի հյուսիս գտնվող բնակավայրում եւ հրատարակչական մեծ գործունեություն ծավալել: Նեժիին պիտի այցելեի Բեյրութում լույս տեսնող «Զարթօնք» օրաթերթի աշխատակից Հովսեփ Արթինյանի հետ:

Նախնական պայմանավորվածության համաձայն Հովսեփը պիտի գար Անթիլիաս` Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարան, ուր բնակվում էի Արամ Առաջին կաթողիկոսի բարեհաճ կարգադրությամբ: Մեքենայով պիտի գնանք Ջունի: Անձամբ չէի ճանաչում Հովսեփին, միայն հեռախոսով էի առնչվել:

Առավոտյան շարունակում էի նախորդ օրվա օրագրությունս, երբ սենյակումս հեռախոսազանգ հնչեց: Կաթողիկոսարանի «մշտարթուն պահապանն էր»` Թորոսը:

- Պարոն Բաբկեն, Հովսեփ Արթինյանը հոս է, ձեզի կսպասէ,- տեղեկացրեց նա:

- Հիմա, իջնում եմ, - հակիրճ պատասխանեցի ու իսկույն դուրս եկա բակ:

- Ես Հովսեփն եմ, - ձեռքն ինձ մեկնելով ասում է նա, - լսած եմ ձեր մասին:

- Ուրախ եմ, բարեկամս,- ասում եմ նրան,- գիտեմ որ աշխատում եք «Զարթօնքի» խմբագրությունում:

- Նստեք մեքենա, - ասում է Հովսեփը, - ճանապարհին կխոսենք:

Պատմում է իր մասին: Զեյթունցի եւ հաճնցի ծնողների զավակ է, նախնական կրթությունն ստացել է Բեյրութի Սահակ-Մեսրոպյան ազգային վարժարանում, երկրորդականը` Կիպրոսի Մելգոնյանում: Այնուհետեւ երկու տարի հաճախել է Բեյրութի Հայկազյան համալսարան, սակայն 1975-ին Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմին հարկադրաբար ընդհատել է ուսումը` երբեք չհրաժարվելով այն շարունակելու մտադրությունից: Այդ երազանքը, սակայն, իրականացրել է Մայր-հայրենիքում` սովորել ու ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երեւանում կրթություն ստանալուց հետո կրկին վերադարձել է Բեյրութ, աշխատակցել շատ պարբերականների, խմբագրել Հայկական Ժողովրդային շարժման` Բեյրութում լույս տեղնող «Սփիւռք» պարբերականը, իսկ 2010 թվականից մինչ օրս աշխատում է տեղի ՌԱԿ «Զարթօնք» օրաթերթի խմբագրությունում:

- Դե եթե Երեւանում եք սովորել, ուրեմն կարող ենք նաեւ արեւելահայերեն խոսել, թեեւ ես արեւմտահայերենով մտածելու եւ խոսելու խնդիր չունեմ,- դիմում եմ Հովսեփին:

- Անշուշտ, կարող ենք, ես հավասարաչափ մտածում եմ թե՛ արեւմտահայերենով եւ թե՛ արեւելահայերենով,- պատասխանում է Հովսեփը:

- Ջունիում եղե՞լ եք երբեւէ,- հետաքրքրվում է զրուցակիցս:

- Ոչ, առաջին անգամ եմ լինելու,- պատասխանում եմ:

- Արաբ հրատարակիչ Նեժի Նաամանի մասին երեւի լսել եք,- շարունակում է Հովսեփը:

- Անշուշտ, Երեւանում եմ լսել նրա մասին,- պատասխանում եմ:

- Շատ բացառիկ անձնավորություն է,- զրույցն առաջ է տանում Հովսեփը,- ես նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ, բայց վաղուց չենք տեսնվել: Կրկին հանդիպելու հարմար առիթ է:

Նեժիի հրատարակչատունը Ջունիում գտնվող Զմմառի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող շենքի երկրորդ հարկում է: Ինքնատիպ շենքերով ու փողոցներով գողտրիկ մի բնակավայր է Ջունին: Քաղաքի մի մասում հին, ավանդական ճարտարապետություն հիշեցնող կառույցներ են` միահարկ կամ երկհարկանի կղմինդրածածկ տներ, մեկ այլ մասում` վեր խոյացող նորակառույցներ:

- Վաղուց այստեղ չեմ եղել,- ասում է Հովսեփը,- բավականին փոփոխություններ եմ տեսնում:

Հովսեփը տեղացիներից հարցուփորձ է անում` գտնելու հրատարակչատունը:

Բարձրանում ենք երկրորդ հարկ: Մուտքի մոտ մեզ է դիմավորում սեւաչ ու սեւահոն երիտասարդ մի կին:

- Նեժիի հետ պայմանավորվածություն ունենք,- տեղեկացնում է Հովսեփը:

- Գիտեմ, գիտեմ, Նեժին ձեզ է սպասում, համեցեք,- սիրալիր ներս է հրավիրում աշխատակցուհին:

Նկատելով մեզ, Նեժին մի պահ ընդհատեց զրույցը իրեն այցի եկած հյուրերի հետ: Ծանոթանում ենք: Նախասրահից ներս ենք մտնում Նեժիի` գեղեցիկ կահավորված, գրապահարաններով ու գրքերով հարուստ աշխատասենյակը:

- Հիմա ճանապարհեմ հյուրերիս ու հանգիստ զրուցենք,- ասում է հրատարակիչը:

Մինչ Նեժին կճանապարհեր հյուրերին, ուշադիր զննում էի ինձ ոչ հասկանալի արաբալեզու գրքերը:

- Արաբերեն գրքերը հակառակ կողմից են կարդում,- ասում է Հովսեփը:

- Այդքանը գիտեմ, բարեկամս,- ասում եմ նրան,- արաբագետ ընկերներ ունեմ:

- Տեսնու՞մ ես ինչ մեծ գործ է անում Նեժին,- հիացած ասում է Հովսեփը,- նաեւ Հայաստանի մասին է գրքեր հրատարակում:

Հյուրերին ճանապարհելուց հետո Նեժին ընկերացավ մեզ:

Հովսեփն ինձ ներկայացնում է Նեժիին, տեղեկացնում այցիս նպատակը: Նեժին ուշադրությամբ լսում է Հովսեփին, ինչ-որ գրառումներ անում` հավանաբար ինձ հարցեր ուղղելու համար: Խոսում ենք գրահրատարակչության այսօրվա խնդիրների ու անելիքներ մասին: Հրատարակչական գործում հաջողություններ արձանագրելու համար բավարար չէ միայն նվիրյալ լինել, պետք են եւ միջոցներ, եւ լայն կապեր, նաեւ` մեծ փորձ ու հմտություն: Իսկ Նեժիին դա հաջողվել է: Ապացույցը` հրատարակած բազում ու բազմաբնույթ հատորներն են, որոնք գրքի հանդեպ իր անափ սիրո ծնունդ են: Եվ դա պատահական չէ: Նեժիի ծնողները եւս մտավորականներ էին: Հայրը բանաստեղծ եւ թարգմանիչ էր, մայրը` գրականության գիտակ, մարդիկ, ովքեր Նեժիի մեջ գրքի հանդեպ սիրո սերմեր են ցանել:

Նեժիի հրատարակչությունը հրաշալի ավանդույթներ ունի: Հրատարակում է կոթողային գրականություն` անվանի մարդկանց, քաղաքական, մշակույթի գործիչներին, արվեստագետներին վերաբերող գրքեր ու հանրագիտարաններ, ինչպես նաեւ բառարաններ, արաբագիտական գրականություն, որոնք սիրով գնում են համալսարանների ուսանողները, արաբագիտական եւ գիտահետազոտական-վերլուծական կենտրոնները: Նաեւ` թարգմանական գրականություն: Հրատարակչատան նշանաբանն է` «Մշակույթը վաճառքի առարկա չէ»: Առաջնորդվելով այդ սկզբունքով, նա հաճախ իր հրատարակած գրքերը նվիրում է այցելուներին, նույնիսկ հոնորարներ տալիս հեղինակներին: Ամեն շաբաթ նա կազմակերպում է «Չորեքշաբթի» հանդիպում, որ շատ է հիշեցնում թումանյանական «Վերնատունը»: Այդ հանդիպմանը մասնակցում են անվանի գրողներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ճանաչված լրագրողներ, բուհերի դասախոսներ, ինչպես նաեւ դիվանագետներ ու դատավորներ, որոնց հետ քննարկում է ոչ միայն հրատարակչական խնդիրներ, այլեւ ազատ ու բաց երկխոսություններ է անցկացնում, որոնք երկուստեք օգտակար են ե՛ւ իր, ե՛ւ հրավիրվածների համար: Նեժին իր հրատարակած գրքերի վաճառքից ստացած հասույթի մեծ մասը տրամադրում է լիբանանցի եւ օտարազգի գրողների գրքեր հրատարակելուն:

- Երբ ինձ տեղեկացրին, որ հայաստանաբնակ հայ գրող-մտավորական է այցելելու իմ հրատարակչատունը, անկեղծ ասած, մեծ հետաքրքրություն առաջացավ հանդիպելու,- ասում է Նաամանը,- նախկինում երբեք առիթ չեմ ունեցել հանդիպելու հայաստանցի գրողների հետ: Ես ինքս էլ գրող եմ եւ այդ իմաստով հայ գրողի հետ հանդիպելու հետաքրքրությունս պատահական չէ: Երբ մտաք հրատարակչատուն, տեսա թե ինչ հետաքրքրությամբ էիք նայում պահարաններում տեղադրված գրքերին: Դա ինձ իսկույն գրավեց ու ես ձեզ հետ զրուցելու ու մտքեր փոխանակելու մեծ ցանկություն ունեցա: Ահա թե ինչու: Ես ծնվել եմ Ջունիում, ուր ժամանակին շատ հայեր են ապրել, որոնց հետ շփվելու բազում առիթներ եմ ունեցել: Հայ համայնքը Ջունիում այն ժամանակ թվով երկրորդն էր: Մենք` արաբներս, նույնիսկ հայերեն բավականին բառեր գիտեինք ու հաճախ էինք դրանք գործածում տեղաբնակ հայերի հետ շփվելիս: Հիմա արդեն մոռացել եմ այդ բառերը, որովհետեւ, ցավոք, ժամանակի ընթացքում ոմանք տեղափոխվեցին այլ երկրներ, եւ հիմա հայերի թիվը Ջունիում մասամբ քչացել է: Հիշում եմ, Կարապետ Ուզունյան անունով հրաշալի համադասարանցի ունեի: 1975-ին, երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, շատ հայերի հետ Կարապետն էլ հարկադրված հեռացավ երկրից ու մեկնեց Ավստրալիա: Այդ օրվանից այլեւս լուր չունեմ նրանից, ցավոք, այսքանը գիտեմ նրա մասին: Հրաշալի ընկեր էր: Հաճախ էինք զրուցում ու մտքեր փոխանակում տարբեր հարցերի շուրջ: Առաջին անգամ Կարապետի պատմություններից տեղեկացա 1915-ին հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայում իրագործված աննախադեպ ոճիրների մասին: Այդ ժամանակ հրատապ էր նաեւ պաղեստինյան հարցը, ու մենք երկուսով հաճախ էինք խոսում պայքարող փոքրաթիվ ժողովուրդների ճակատագրի մասին: Երբ հայերը եկան Ջունի, նյութապես անապահով էին, բայց չափազանց բարի ու ավանդապաշտ, ազնիվ ու առաքինի մարդիկ էին, երբեք չէին քաշվում որեւէ աշխատանք կատարելուց: Կարապետի հորեղբայրը, օրինակ, կոշիկ փայլեցնող էր: Այդ ձեւով էր նա կարողանում փող վաստակել ու վճարել եղբորորդու ուսման վարձը: Դա ինձ համար, թերեւս, մարդասիրության լավագույն խորհրդանիշ է, թե որքան աշխատասեր ու ազնվագույն մարդիկ են հայերը եւ ինչպես են սատար լինում միմյանց: Կարապետի հետ մտերմությունս առիթ դարձավ, որպեսզի ավելի մոտիկից ճանաչեմ Հայաստանն ու հայերին եւ այդ մտերմության արդյունքում ես նույնիսկ մի փոքրիկ գրքույկ հրատարակեցի:

- Մենք հայերի հանդեպ անբացատրելի համակրանք ունենք,- շարունակում է Նեժի Նաամանը,- կնոջս եղբոր կինը եւս հայուհի է, հրաշալի անձնավորություն: Լիբանանում ուր էլ առիթ եմ ունենում լինելու, հայերը համարյա բոլոր բնագավառներում ներկա են, դրական կերպարներ են ու բարձրորակ մարդիկ: Իսկ հայոց հանդեպ 1915-ին իրագործված ցեղասպանությունը առանձին խոսակցության նյութ է: Ավելի ուշ խորացա հայոց պատմության մեջ, համացանցում հաճախ էի կարդում նյութեր Հայաստանի մասին: Այդ ամենին գումարվեցին Կարապետի պատմությունները ու իմ մեջ ամբողջացավ հայ ժողովրդի կերպարը: Այդպես Հայաստանը դարձավ ավելի մոտ ու սիրելի: -Որքանով հասկացա, Հայաստանում չեք եղել,- հետաքրքրվում եմ:

- Ցավոք, ոչ մի անգամ,- պատասխանում է արաբ զրուցակիցս,- դա իմ վաղեմի երազանքն է: Գիտեմ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ այդ առումով ցանկանում եմ ծանոթանալ ժողովրդի բարքերին, առօրյային, հանդիպել գրողների հետ: Առայժմ իմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ արտահայտում եմ հայոց պատմությանը վերաբերող գրքեր հրատարակելով: Ես հատուկ մատենաշար եմ ստեղծել եւ մտադիր եմ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով հրատարակել բացառապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի մի ամբողջ շարք: Արդեն հրատարակել եմ Հայր Հիասանթ Սիմոնի «Մարտին Հերոս քաղաքը», Իգնատիոս Մալոյանի «Մարդը, նահատակը եւ երանելին» գրքերը: Վերջինը, որ լույս է տեսել, գերապատիվ Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր եւ տեսիլներ» արաբերեն գիրքն է ցեղասպանության մասին: Ինքս էլ մտադիր եմ հայերի մասին վիպակ գրել:

- Հրաշալի է, ողջունում եմ ձեր մտադրությունը,- ասում եմ Նեժիին,- բայց մինչ այդ անպայման պետք է այցելեք Հայաստան, շփվեք մարդկանց հետ, ավելի մոտիկից ծանոթանաք մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Առանց Արարատը, Մատենադարանի ձեռագրերը, մեր վանքերն ու սրբությունները տեսնելու անհնար է Հայաստանի մասին որեւէ բան գրել: Խորհուրդ եմ տալիս անպայման արաբերեն թարգմանեք ու տպագրեք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Դա Հայոց մեծ եղեռնին վերաբերող գեղարվեստական ամենահաջողված գործն է: Հայերը ձեր այդ քայլը բարձր կգնահատեն:

- Հրաշալի են ձեր նկատառումները, անպայման հաշվի կառնեմ, բայց մեր հանդիպման առիթով բացառիկ առաջարկ ունեմ,- ասում է Նեժին: - Պիտի խնդրեմ ձեզ, որ լինեք մեր հրատարակչատան դեսպանը Հայաստանում, եւ վստահ եմ, անգնահատելի գործ արած կլինեք` կամուրջ դառնալով մեր երկու ժողովուրդների մեջեւ: Մեր հրատարակչատունը աշխարհի որոշ երկրներում արդեն պաշտոնապես նշանակված դեսպաններ ունի եւ մենք դա վավերացնում ենք պատվավոր դիպլոմով: Մի քանի օրից, երբ նորից հանդիպենք, հանդիսավոր ձեզ եմ հանձնելու այդ դիպլոմը:

Անակնկալն ինձ զարմացրեց: Մի պահ մտորեցի. ամբողջ կյանքս նվիրել եմ հայ-սերբական կապերին, հիմա գրական հաճելի մի նոր «բեռ» պիտի ավելանա ուսերիս:

- Ի՞նչ դեսպան, սիրելի Նեժի, ես գրող, Պատվո հյուպատոս մարդ եմ, հյուպատոսական առաքելություն եմ իրականացնում: Ի՞նչ պիտի անի դեսպանը,- ասացի նրան:

Նեժին չգիտեր, որ Հայաստանում Սերբիայի Պատվո հյուպատոսն եմ: Այս ամենը սիրով ու բարյացակամ նրան թարգմանում էր Հովսեփը:

- Էլի մնացեք Պատվո հյուպատոս,- շարունակում է Նեժին,- կդառնաք գրականության դեսպանը, դա կապ չունի քաղաքականության հետ:

- Լավ, իսկ ի՞նչ պիտի անի դեսպանը,- հետաքրքրվեցի ես:

- Պիտի զբաղվի գրական ու մշակութային կապերով, կամրջի հայ ու լիբանանցի բանաստեղծներին: Համացանցից տեղեկանալով ձեր կենսագրությանն ու գրական գործունեությանը, հասկացա, թե ինչ արժեքավոր գործ եք կատարում շուրջ չորս տասնամյակ հայ-սերբական կապերի բնագավառում: Առաջարկս պատահական չէ, քանի որ մեծ փորձ ունեք ու թրծված եք ձեր գործում:

- Բայց ես արաբերեն բառ անգամ չգիտեմ,- ասում եմ Նեժիին,- դա կարող է խոչընդոտ լինել մեր համագործակցությանը:

- Մեր դեսպաններից ոչ ոք արաբերեն չգիտի, եւ դա չի խանգարում, որպեսզի նրանք սիրով համագործակցեն մեզ հետ,- բացատրում է Նեժին:

Առաջարկն ընդունեցի: Չզգացինք, թե ինչպես սահեց ժամանակը` ուղիղ չորս ժամ: Մթնոլորտն ավելի էր ջերմացել, զգում էի, որ Նեժին ցանկանում է մի քիչ էլ մնանք իր հրատարակչատանը, բայց երեկոյան ինձ նոր հանդիպումներ էին սպասում Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների հետ: Մենք ջերմորեն հրաժեշտ տվեցինք իրար` կրկին հանդիպելու պայմանով: Մեկ անգամ եւս համոզվեցի, որ ժողովուրդներին ու նրանց պատմությունը լավ ճանաչելու ամենակարճ ուղին մարդկային ջերմ հարաբերություններն են ու գրական խոսքը, որոնք վեր են ամեն ինչից: Հրատարակած գրքերից շատերը Նեժին ինձ նվիրեց ու մենք հրաժեշտ տվեցինք իրար` կրկին հանդիպելու պայմանով:

Նա արաբ առաջին գրողն ու հրատարակիչն էր, ում հետ ծանոթացա` հուսալով, որ այդ ծանոթությունը գրական հարատեւ կամուրջ կդառնա Հայաստանի ու Լիբանանի միջեւ:

Երեւան-Բեյրութ-Երեւան, Նոյեմբեր, 2013 թ.

Նկար 1. Նեժի Նաամանը հրատարակչատան դեսպանի դիպլոմ է հանձնում Բաբկեն Սիմոնյանին:

Նկար 2. Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր եւ տեսիլներ» արաբերեն գիրքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ