ՎՏԱՆԳՎԱԾ ԴԱՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԻՐ ՅԱՆ «Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային փառատոնը 15 տարվա ընդմիջումից հետո Հայաստան էր հրավիրել աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին: Լյուբիմովը շատ հայ ընկերներ ունի. հոկտեմբերի 8-ի համերգից մի քանի ժամ առաջ նրան տեսնելու էր եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նրանք 50 տարվա ընկերներ են. մաեստրոն հիացմունքով խոսեց Ալեքսեյ Լյուբիմովի վարպետության ու մարդկային նկարագրի մասին: Լյուբիմովի երկացանկը շատ տարողունակ է, ընդգրկում է մի քանի դարաշրջանՙ Բախ, Մոցարտ, Շնիտկե, Ռայխ, Լիգետի, բարոկկո եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ելույթներ ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի, Սանկտ-Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկի, Ռադիո Ֆրանսի, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Լյուբիմովը վարպետության դասեր է անցկացնում Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Բելգիայում: Նա համարվում է Շոպենի, Բրամսի, Շուբերտի, Բեթհովենի լավագույն կատարողներից, որի ձայնագրությունները թողարկել են «Մելոդիա», «ԲԻՍ», «Սոնի Կլասիքալ», «Հարմոնիա Մունդի» եւ այլ հեղինակավոր ընկերություններ: Երկու տարի առաջ Լյուբիմովն իր երկացանկը համալրել է Կոմիտասի 7 ստեղծագործություններով: Մոցարտի, Շուբերտի, Դեբյուսիի գործերից բացի, նա հայ հանդիսատեսի համար պատրաստել էր նաեւ Կոմիտաս: Լյուբիմովիՙ կոմիտասյան մեկնաբանությունները դաշնամուրով եւ որպես արվեստաբանՙ օտարազգի արվեստագետի դիտարկումներ են, որոնք ընդգծում են կոմիտասյան արվեստի առանձնահատկությունները: Կոմիտասի հետ մեր չմիջնորդավորված հարազատական կապը երբեմն խանգարում է մեզ Կոմիտասին դիտարկել, վերլուծել ու որակումներ տալ: Իսկ Լյուբիմովըՙ որպես օտարազգի երաժիշտ, մասնագիտական տեսանկյունից է նայում Կոմիտասինՙ զուտ իբրեւ դաշնակահար, որը հերթական կոմպոզիտորի գործն է նվագում: «Կոմիտասը պարզ է, անպաճույճ, առանց պաթոսի ու զգացմունքային բռնկումների: Հանդարտ, դեպի հստակ ուղղություն տանող այդ երաժշտությունը ստիպում է թե՛ երաժշտին, թե՛ հանդիսատեսին կենտրոնանալ զգայական այն շեշտված գծի վրա, որը մեղմորեն ուղղորդում է դեպի մաքուր մի աշխարհ: Ու դու անպայման զգում ես այդ աշխարհի ազգային դիմագիծը, ազգային շեշտադրումները: Ես Կոմիտաս կատարել եմ մի քանի բեմերում: Կնվագեմ նաեւ հայ հանդիսատեսի համար. միգուցե մատուցեմ ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, բայց այդպես եմ ես հասկանում ու զգում Կոմիտասին»,-համերգից առաջ ասաց Լյուբիմովը: Դաշնակահարը մշտապես հետաքրքրվել է ժամանակակից, ինչպես նաեւ ժամանակի ստվերում մնացած կոմպոզիտորներով: Նրա կարծիքովՙ պետք է միառժամանակ հանգիստ թողնել Բախին, Բեթհովենին, Շումանին, Շուբերտին, Չայկովսկուն եւ մյուս դասականներին: Ի դեպ, նա Չայկովսկի չի սիրում: «Իմ կոմպոզիտորը չէ Չայկովսկին ու վերջ»,-ասում է: Իսկ դասականներին հանգիստ թողնելու համոզմունքին հանգել էՙ ելնելով միմյանց կրկնող, ոչնչով չառանձնացող համերգներից ու ելույթներից, որոնցով ողողված են համաշխարհային բեմահարթակները: Նրա համար, օրինակ, անընդունելի է Շոպենի կատարումը բազմահազարանոց դահլիճում, ինչ է թե համերգը մեծ հասույթ է հետապնդում: «Շոպեն պետք է նվագել միայն ու միայն կամերային դահլիճում: Անգամ դա շատ է, ավելի ճիշտՙ մեկ-երկու հոգու համար: Մինչդեռ բոլոր դասականներին նույն հարթության վրա են դնում ու նույն մոտեցմամբ մատուցում: Դասականն այսօր վտանգված է: Այնքան հետաքրքիր ու անհայտ կոմպոզիտորներ կանՙ յուրահատուկ ստեղծագործություններով ու որակներով, ինչո՞ւ նրանց վեր չհանել, չծանոթացնել հասարակությանը»,-նկատում է Լյուբիմովը: Դաշնակահարը հիշեցնում էՙ երաժշտությունը կինդ չէ, որ ամբողջ կյանքում չփոխես ու չփոփոխես: |