ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Անցած տարի Մյունխենում գործող LAP LAMBERT Academic Publishing հրատարակչությունը Համացանցից տեղեկացել է երեւանցի գրականագետ Նարինե Պետրոսյանիՙ հայ գրականության դասական Կոստան Զարյանի մասին պաշտպանած ատենախոսության մասին եւ դիմել է նրանՙ առաջարկելով ռուսերեն թարգմանությամբ տպագրել նրա աշխատության մի մասը: Դժվար է ասել, թե որն է եղել Կոստան Զարյանի հանդեպ հետաքրքրությունը Մյունխենում (քաղաք, որտեղ գրողը երիտասարդության տարիներին մեկուկես տարի բանտ է նստելՙ ռուս հեղափոխական շարժմանն աջակցելու համար): Սակայն փաստն ուրախալի է, որ եվրոպական մի հրատարակչություն լույս է ընծայում գիտական աշխատություն մի հայ հեղինակի մասին, որը հայաշխարհում անգամ բավարար չափով հայտնի չէ: Փաստն ուրախալի է, անգամ եթե հրատարակությունը տիրաժավորված չէ, այլ տպագրվում է միայն Համացանցով պատվեր ստանալու պարագայում եւ ուղարկվում է պատվիրատուին (վերջին տարիներին տարածում գտնող մի երեւույթ): Գերմանաբնակ բարեկամներիս միջոցով վերջերս ստացա Նարինե Պետրոսյանի «Կոստան Զարյան. գեղագիտությունը, աշխարհայացքը» 72 էջ ընդգրկող մենագրությունը (տես Нарине Петросян, Костан Зарян: эстетика, мировоззрение: Дневники - Наватомары. Мюнхен, LAP LAMBERT Academic Publishing, 2013, 62 .): Ուսումնասիրության մեջ հետազոտվում է Զարյանի օրագրերում գրողի աշխարհայացքը, նրա իմացաբանությունըՙ սկսած անտիկ փիլիսոփայությունից մինչեւ Վերածնունդ, Լուսավորություն, ապաՙ 20-րդ դարի փիլիսոփայությունը, որը ներկայացվում է առավել հանգամանալից: Քննության է ենթարկված նաեւ գրողի մարդաբանական հայեցակարգը, որի շրջանակում գրողը ներառել է նաեւ հայ փիլիսոփայական մտքի պատմությունը, մասնավորապեսՙ նորպլատոնականության դրսեւորումը Դավիթ Անհաղթի փիլիսոփայության համակարգում եւ 20-րդ դարի հայ գրականության մեջ կամապաշտության յուրօրինակ դրսեւորումները: Զարյանի համար դա կարեւոր է եղելՙ բխած 20-րդ դարի սկզբի հայոց պատմության իրադարձություններից. նա այդ կերպ փորձել է ձեւաբանել պետականության հաստատման յուրօրինակ մի ձեւանմուշ: Այս իրողության սկզբնաղբյուրը կարելի է համարել Պոլսում Զարյանի եւ այլոց կողմից հրատարակված «Մեհեան» հանդեսը: Գեղագիտության համակարգը ուսումնասիրում է (օրագրերում) Զարյանի մշակութաբանական հայացքների սկզբնաղբյուրը, անդրադառնում Վերածննդի, մասնավորապեսՙ Լեոնարդո դա Վինչիի իրողությանը: Այստեղ անդրադարձ կա գրողի «Լեոնարդո դա Վինչին եւ Հայաստանը» հայտնի դասախոսությանը: Զարյանի մշակութաբանական հայացքների հիմքում Շպենգլերի «Արեւմուտքի մայրամուտը» աշխատությունն է (լույս տեսած անցած դարի 20-ական թվականներին), իսկ նախկինում նմանատիպ որոշ հայացքներ գրողն արդեն արտահայտել էր մեկ տասնամյակ առաջ, «Մեհեան» հանդեսում: Ըստ այդմ, Զարյանը տարբերակում է մշակույթ հասկացությունը քաղաքակրթությունից, ճիշտ ինչպես Շպենգլերի մշակութաբանական հայեցակարգում է: Մշակույթը համաշխարհային պատմության արտացոլումն է: Համաշխարհային պատմություն գոյություն չունի, գոյություն ունի պատմության ութ փուլ, որն արտացոլվել է մշակույթի միջոցով: Քաղաքակրթությունը մշակույթի շարունակությունն է, բայցՙ ամուլ վիճակը: Այսինքնՙ մշակույթը նյութի պաշտամունք չունի, նրա պաշտամունքը բնությունն է, հոգեւորը, մինչդեռ քաղաքակրթությունը հեռանում է բնությունից, նրա խնդիրը նյութն է, որ փոխանցելի է. վկաՙ հռոմեական քաղաքակրթությունը, որը շարունակությունն է Անտիկ Հունաստանի մշակույթի... Գրքի շապիկին տեղ է գտել նաեւ հեղինակի լուսանկարը եւ կենսագրությունը, որից տեղեկանում ենք, որ Նարինե Պետրոսյանը ծնվել է 1976 թվականին, Երեւանում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության բաժինը եւ 2009 թվականին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Հայ գրականություն է դասավանդել Մաշտոց քոլեջում, հոդվածներով աշխատակցել Հայաստանի եւ Սփյուռքի գրական եւ գիտական մամուլին («Նարցիս», «Գարուն», «Հայկազեան հայագիտական հանդէս», «Բագին» եւ այլն): Ավելացնենք, որ գիրքը հայերենից ռուսերեն է թարգմանել երեւանցի լրագրող եւ թարգմանչուհի Իդա Կարապետյանը: Նաեւ ափսոսանքով նշենք, որ երիտասարդ շնորհալի գրականագիտուհինՙ Նարինե Պետրոսյանը, այսօր ապրում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Զաոկսկ քաղաքում, աշխատում է միջնակարգ դպրոցում, անգլերեն է դասավանդում ռուս երեխաների... Այս տարի Զարյանի ծննդյան 130-ամյակն է: Շատ ցանկալի կլիներ, որ ցեղասպանության դարադարձի կողքին չմոռացվեն մեր մեծությունների հոբելյանները, հատկապես գրական, բանասիրական, մշակութաբանական, պատմական, գեղագիտական եւ փիլիսոփայական անսպառ նյութ տվող Կոստան Զարյանի գրականությունը, որի անտիպ ու չհավաքված բազմաթիվ էջեր ու ստեղծագործության վերլուծություններ սպասում են ընթերցողի հետ հանդիպման... |