RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-16 20:41:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1048, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ՈՂՈՂՎԱԾ ՀՈԳՈՒ ԼՈՒՅՍՈՎ

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

Դավիթ Սարգսյանի հետմահու ցուցահանդեսի առիթով

Ամեն մի ցուցահանդեսի բացում տոն է մեզՙ երեւանցիներիս համար (այդ մասին իր բացման խոսքում նշեց նաեւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը), սակայն այս մեկի մեջ ամեհի ցավ կար, կորուստի անվերադարձ զգացողություն... Չէ որ մեր Դավիթը, հազիվ բոլորած չորս տասնամյակը, հեռացավ կյանքից...

Եվ հիմա, դիտելով նրա անդրանիկ ցուցահանդեսը (հետմահու), այդ ցավն ավելի է ահագնանում. Դավիթը ոչ միայն ազնվագույն երիտասարդ էր, լավ մարդՙ կատարյալ արարքով ու վարքով եւ պայծառ հոգով, այլեւ լավ ընկեր էր ու լավ արվեստագետ:

Ես բարեկամն եմ այդ ընտանիքի, մոտիկից ճանաչել եմ Դավիթին. նրա հետ հետաքրքրական էր շփվել, զրուցել, խոսել արվեստից, կյանքից (կյանքի մասին նա ուներ իր ուրույն հայացքները): Նա կատարյալ արվեստագետ էր, բազմակողմանի զարգացած, տաղանդավոր անհատականություն. ինչից ասես արվեստի գործ կստեղծեր...

Չգիտեմ, Դավիթը ծանո՞թ էր Մերիլին Մոնրոյի այս արտահայտությանը. «Կնոջ մարմինը նրա համար է, որ երեւա, ցուցադրվի, ոչ թե թաքցվի»: Չգիտեմ նա ականջալուր է եղել այս մտքին, թե՞ ոչ: Եվ Դավիթը ստեղծել է կանանց մերկ ֆիգուրաների տասնյակից էլ ավել մի գեղազմայլ շարք: Կնոջ մարմնի ինչպիսի՜ նրբազգացողություն... Թվում է, թե սա նկարիչ Դավիթ Սարգսյանի հոգեւոր հարստության գեղանկարչական հիմնն է:

Այս շարքի աշխատանքներում ակնհայտ է գունատեսիլային հրավառությունն ու ներքին հանդարտությունը (այդպիսին էր նա նաեւ իր էությամբ): Ինձ թվում է, որ կանանց այս շարքը ստեղծելիս Դավիթը դիմագծերի մեջ որոնել է կյանքի հմայքի (հավանաբար նաեւ թաքնված թախիծի) նրբագույն երանգները:

Ցուցահանդեսը վերնագրված է «Երանելի աշխարհներ»: Եվ իրոք Դավիթի աշխարհները բազմազան են ու բազմաբովանդակ: Բուռն են ոչ միայն գունային հրավառությունը, այլեւ ոճական բռնկումները: Մի շարք աշխատանքներ ստեղծված են ինքնատիպ ոճամտածողությամբ (բնապատկերներ, Արարատներ, նատյուրմորտներ), ասես ֆանտաստիկ վեպերի նկարազարդումներ լինեն եւ այնքան ինքնատիպ են ու դավիթսարգսյանական...

Ինչով է տարբերվում լավ նկարիչը շարքային նկարողիցՙ ամենից առաջ գեղագիտական նոր մտածողությամբ, նոր գունապլաստիկայով: Այս ցուցահանդեսը հավաստում է, որ Դավիթը տիրապետում էր աստվածատուր մի շնորհքի, ըստ որի արվեստում փորձում էր ստեղծել սեփական տարածք...

Եվ արդ, նրա նկարչությունը կհնչի ու կճանաչվի հայ կերպարվեստի համայնապատկերում: Ասածիս առհավատչան այս փայլուն ցուցահանդեսն է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ