RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-16 20:41:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1679, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԾԻՐԱՆ-ԾԻՐԱՆ, «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»

Նաիր ՅԱՆ

Երբ 12 տարի առաջ երկար մազերով, սեւ մորուքով, բարձրահասակ, նիհար, սպիտակ ցիլինդրով Հարություն Խաչատրյանն առաջին անգամ ասուլիս հրավիրեց ու լրատվամիջոցներին (այն ժամանակ մեր լրատվական դաշտն այսքան փթթուն չէր) տեղեկացրեց, որ ուզում են Հայաստանում անցկացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոն, իսկույն եւեթ ծավալվեցին հակասական կարծիքներ: Շատերը հեգնեցին. «Կինո ունե՞ք, որ կինոփառատոն եք ուզում անել: ... Ի՞նչ փողերով եք փառատոն անելու... կամ փող ունեքՙ ֆիլմարտադրություն սկսեք, ամոթ է, մինչեւ հիմա «Մենք ենք, մեր սարերն ենք» նայում», եւ այլն:

Չնայած շատերի թերահավատությանըՙ «Ոսկե ծիրանն», այնուամենայնիվ, կյանքի կոչվեց: Առաջին երկու տարինՙ համեստ բյուջեով, բայց հետո ՎիվաՍել ՄՏՍ-ը դարձավ փառատոնի գլխավոր գործընկերը եւ արդեն 10 տարի պարբերաբար հովանավորում է «Ոսկե ծիրանը»ՙ ամեն տարի տրամադրելով առնվազն 120-130 միլիոն դրամ: Այս տարի «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 150 միլիոն դրամ, իսկ տասը տարում ընդհանուր առմամբ գումարը կազմում է 1,2 միլիարդ դրամ: Հարություն Խաչատրյանն, իհարկե, գոհ է բջջային օպերատորի աջակցությունից, բայց նշում է, որ այլ երկրների կինոփառատոների բյուջեն իրենցի տասնապատիկն է, եւ օտարազգի շատ կինոգործիչեր, հասկանալով, որ Հայաստանը Դուբայ կամ Վենետիկ չէ, մեծ հոնորարներ կամ առհասարակ հոնորարներ չեն պահանջում: Բայց փոխարենը նրանց մի լավ ման ենք տալիս, կերցնում-խմեցնում, ուսներին թփթփացնում, թե դուք մեր փառատոնի ու մեր երկրի լավագույն բարեկամն եք, ու մրցանակներով, նվերներով ճամփու դնում: Ու մի բան էլՙ 12 տարի սկզբունքորեն չի շտկվումՙ թարգմանության խնդիրը: Միջազգային նախագծերը հեշտ ու էժան ճանապարհ են գտելՙ լեզվաբանական բուհերի ուսանող-կամավորներին ընդգրկում են ծրագրերում, ու ահա քեզ երկկողմանի արդյունքՙ ուսանողներն օտար լեզուների իրենց իմացությունը փորձարկում են, իսկ փառատոնն էլ անվճար օգտվում է նրանց ծառայություններից: Բայց թե ինչի է նման վախվորած աղջիկների ու պատանիների թարգմանությունը, ավելի լավ կիմանան հանդիպումների վկաները:

Փառատոնի կազմակերպիչներն ամեն տարի հպարտ-հպարտ հայտարարում են. «Այս տարի մեր աշխարհագրությունն ավելի է ընդլայնվել, ավելի շատ ֆիլմեր են մասնակցության հայտ ներկայացրել, Հայաստան անունն ավելի հաճախակի է հնչում դրսումՙ շնորհիվ «Ոսկե ծիրանի»: Իսկ այս տարի փառատոնի հիմնադիրների հպարտությանը չափ ու սահման չկար. մոտ 200 ֆիլմՙ 60 երկրից: Հետաքրքրական էՙ ի՞նչ մի զարմանալու, հայիլ-մայիլ գալու բան կա: Այդպես էլ պետք է լիներ. 12 տարվա փառատոնը, մանավանդ 150 միլիոն դրամ բյուջեով, բնականաբար պետք է աշխարհագրությունն էլ ընդլայնի, ֆիլմերի թիվն էլ մեծացնի: Արտառոց ու հերոսկան ոչ մի արարք չկա այստեղ: Հատկապես եթե հաշվի առնենք, որ «Ոսկե ծիրանը» մասնակիցների առջեւ պայման չի դնում, թե ընդունում է միայն այն ֆիլմերը, որոնք նախկինում այլ փառատոների չեն մասնակցել: Հարություն Խաչատրյանն ասում է, որ իրենք չեն կարող ոտք մեկնել Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոների հետ: Եթե պայման դրվի, որ «Ոսկե ծիրանին» պետք է մասնակցեն միայն «կույս» ֆիլմերը, ապա դժվար թե ֆրանսիական, գերմանական, ամերիկյան, իրանական ռեժիսորները համաձայնեն իրենց ֆիլմերը «մեռոնից հանել»ՙ ոչ ավել, ոչ պակաս երեւանյան կինոփառատոնի էկրանին: Բայց մյուս կողմից էլ մեր հանդիսատեսն է շահում. աշխարհի հեղինակավոր փառատոներում մեծ արձագանքի արժանացած ֆիլմերը, որոնք դեռ երկար ժամանակ Youtube-ում չեն տեղադրվի, դիտելու հնարավորություն ենք ունենում: Ճիշտ է, ֆիլմեր կան, որոնց ցուցադրությանը դահլիճում մեկ-երկու մարդ է լինում, քանի որ մեր արժեհամակարգը երբեմն փշաքաղվում է էկրանին ցուցադրվող պատկերներից ու թեմաներից, բայցեւայնպես, մենք էլ ենք Ծմակուտից մեկ-մեկ քիթներս հանում ու իմանում, որ համաշխարհային կինոն շատ կարեւորում է, օրինակ, մարդու սեռափոխությունը: Բայց ապերախտ չլինենք ու ասենք, որ որակյալ ֆիլմեր էլ են ցուցադրվում: Միայն թե արդեն ձեւավորված ավանդույթ է, որ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագիրը միշտ ամենաթույլն է: Այդպես էլ հայկական ֆիլմերը մրցունակ չգտնվեցին ու միջազգային ֆիլմերի անվանակարգերում ի զորու չեղան ոտք մեկնել արտասահմանյան արտադրանքի հետ: «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ստիպված են իրար հետ մրցել ժանրերով այնքան միմյանցից տարբեր վավերագրական ու խաղարկային ֆիլմերը: Մի տեսակ խեղճացած, նվաստացած կարգավիճակի է դատապարտված հայկական կինոն: Փառատոնի կազմակերպիչները հատկապես շեշտում են, որ խաղարկային ժանրում սարսափելի ենք կաղում: Եթե 12 տարվա ընթացքում հայկական կինոն այդպես էլ արժանի չեղավ կամ այնքան թափ չունեցավ մրցելու միջազգային ֆիլմերի հետ, ապա հարցՙ ինչի՞ն է ծառայում «Ոսկե ծիրանը»: Չէ՞ որ պարզ տրամաբանությամբ Կաննում առաջնային տեղում ֆրանսիական կինոն է, Բեռլինումՙ գերմանականը, Պեկինումՙ չինականը, դրսի փառատոների ամենադեմոկրատ ու անաչառ քաղաքականությունն անգամ թվացյալ է. բոլորին է պարզ, որ այդ փառատոները նախ եւ առաջ ծառայում են սեփական մշակույթի, կինոյի, կինոարտադրության քարոզչությանն ու արժեւորմանը: Իսկ մենք միշտ ցույց ենք տալիս, որ մեր փառատոնում դոմինանտն ուրիշներն են, իսկ հայկական կինոն ուղղակի ածանցյալ ներկայություն է:

Կպատճառաբանեք, թե մեր կինոն թույլ է, փող էլ չունենք, որ որակյալ ֆիլմեր նկարենք ու մրցենք դրսի ֆիլմերի հետ. այդ դեպքում ճի՞շտ է հարազատ տկար երեխայիդ մոտ ամեն անգամ հրավիրել ուրիշի առողջ երեխային ու ասելՙ տեսՙ նա ինչքան սիրուն ու երջանիկ է, իսկ դու հիվանդ ու խեղճ ես: Էս նվերն էլ հիմա էս սիրուն ու առողջ երեխային կտամ, դու էլի կմնա հիվանդ ու խեղճ: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե հարազատ երեխային բուժենք, ոտքի կանգնեցնենք եւ ուղարկենք դուրս, որպեսզի ուրիշներն էլ հիանան նրանով: Ի վերջո, 150 միլիոն դրամով կարելի է ամեն տարի մի լավ ֆիլմ նկարել, ու հենց այդքան է կինոյին հատկացվող մեր տարեկան բյուջեն: Օռնելա Մուտի, Կիմ կի Դուկ, Նաստասյա Կինսկի, Զանուսի Հայաստան բերելովՙ ամեն անգամ դոզավորված փորձ է արվում մշակութային շոկի, իբր գնահատված, ուշադրության արժանացած հասարակության պատրանք ստեղծել: Ու դրոշակային ինքնաբավ հիշեցումները պարբերաբար կախում են ակնջներիցսՙ որպես օղՙ հո ամեն մեկին չի՞ հաջողվում էդ տեսակ մեգաաստղերի Հայաստան բերել:

Բայց դրանից ոչ մեր կինոն է զարգանում, ոչ էլ տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ ու սցենարիստներ են բացահայտվում ու իրենց համար ճանապարհ հարթում, առավել եւսՙ բարոյահոգեբանական ու ֆինանսական պայմանները չեն բարելավվում մեր երկրում: Եվ վատն այն է, որ այս փառատոնից բացի, կինոյի հետ առնչվող լրացուցիչ նախագծերը եւս դարձել են մենաշնորհ: «Այլեւս երբեք» ծրագիրըՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւս իրենցով արեցին: «Ծիրանային» թիմը ղեկավարում է երկրի կինոոլորտըՙ ստվերելով անգամ Ազգային կինոկենտրոնի գործունեությունը:

Ամեն տարի Հարություն Խաչատրյանի այս կամ ֆիլմը կամ ֆիլմերը շրջագայում են միջազգային փառատոներում, մրցանակներ ստանում, հեղինակին նվիրված մեծարման հանդիսություններ են կազմակերպվում, ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ անցկացվում: Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանի թիվ մեկ վավերագրողի հետ գործ ունենք, որի մասնագիտական հատկանիշները համաշխարհային կինոյին հար ու հավասար են: Անգամ Փելեշյանն այսքան գնահատված չի եղել իր կյանքում: Ինչո՞ւ նոր միայն, «Ոսկե ծիրան» փառատոն հիմնադիր-տնօրեն լինելուց հետո պարզվեց, որ Հ. Խաչատրյանի ֆիլմերն արժեքավոր են, բայց հանիրավի մնացել էին դարակներում պահված: Հետաքրքրական է. նորահայտ, անթիկունք, ուղղակի իրենք իրենցով տաղանդավոր, բայց ծանոթ-բարեկամ-հովանավոր չունեցող այլ ռեժիսորների ե՞րբ կտեսնենք միջազգային մրցույթներում ու փառատոներում: Եթե մի պատահական անուն հայտնվում է միջազգային որեւէ հարթակում, ապա երկար փորփրելուց հետո պարզվում է, որ միեւնույն է, ծանոթությունն է ծնում պատահականությունը: Ճիշտ է, «Ոսկե ծիրանի» շնորհիվ միջազգային կինոաշխարհում Հայաստան անունը երբեմն հնչում է, բայց փառատոնն իրականում արտասահմանյան ֆիլմերը մեր երկրում ցուցադրելու եւ որոշ ընտրյալ ռեժիսորների անուններն ակտիվորեն շրջանառելու, գովազդելու հարթակ է:

Հ.Գ.- Ի դեպ, «Ոսկե ծիրանն» ունի նաեւ կինոյի մեծերին նվիրված «Հարգանքի տուրք» ծրագիրը, որի շրջանակում արժեւորվել է, օրինակ, Փարաջանովի, Մալյանի, Բեկնազարյանի արվեստը: Երեկ «Հարգանքի տուրք» մատուցվեց նաեւ Հարություն Խաչատրյանին:

Երեւույթների խորքերը վերլուծելը չարակամություն կամ չուզողություն չէ, այլ արդարությանՙ երկրի սուղ միջոցները սրտացավորեն, տեղին օգտագործելու բնական պահանջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ