«ԽԱՅԹ»-Ն ԻՐ ԽԱՅԹՈՑՈՎ ՆԱԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՂ ՈՒԺ Է ԴԱՌՆԱԼՈՒ... ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆ Տեղի ունեցավ Հայաստանի Երգիծաբանների համահայկական միության առաջին հավաքը. նպատակը` հիմնականում երգիծաթերթի ստեղծման խնդիրն էր: Ներկա էին երգիծաբաններ, երգիծանկարիչներ, լրագրողներ... Նիստը վարում էր ԵՀՄ նախագահ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող-երգիծաբան Ժակ Հակոբյանը: Նա նիստի մասնակիցներին առաջարկեց քննարկել հանդեսի անվանացանկը. Մեծամասնության հավանությամբ երգիծաթերթն անվանվեց «Խայթ»: Պ-րն Ժակ Հակոբյանը երգիծաբաններին կոչ արեց «...ԵՀՄ նոր հանդեսում քննադատությամբ անաչառորեն հանդես գալ, պախարակել վատն ու անընդունելին... երգիծանքով, սրամիտ գրչով պայքարել հանուն բարու հաղթանակի»: Գրող-երգիծաբան Գրիգոր Սուրենը ներկայացրեց ԵՀՄ ծրագիրը եւ երգիծաթերթի խորագրերի ցանկը, ծրագրում ընդգրկված են ժանրային թեմատիկ անվանումներ, ուր ընդգրկված են` մանկական ալմանախի տպագրության, երգիծական թատրոնի ստեղծման խնդիրները (Երեւանում, Գյումրիում, Լոռիում, Գորիսում, Ստեփանակերտում): Քննարկումներ եղան երգիծական հանրագիտարանի ստեղծման, ֆիլմերի եւ անիմացիաների, էլեկտրոնային թանգարան հիմնելու աշխատանքների մասին :Հաստատվեց երգիծաթերթի թվով 10 խորագրերի ցանկը, ուր ներառնվելու են հայ դասականների եւ ժամանակակից երգիծաբանների, ծաղրանկարիչների գործեր: «Խայթ» հանդեսում կներկայացվի բարբառային քարտեզ, հոբելյարի անկյուն, կենդանական աշխարհի երգիծանք, այլալեզու ժողովրդների երգիծանքի էջեր: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին` գրող-երգիծաբաններ Հորիզոնը, Գրիգոր Մելիք-Սարգսյանը, գնդապետ Վլ, Հայրապետյանը, Սուրեն Հայրապետյանը, Գոհար Գարունը, Արթուր Բունիաթյանը, Աննա Չոբանյանը, ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը.. Ձեւավորվեց խմբագրակազմ (խմբագրակազմի կոլեգիայի նախագահ հաստատվեց Ժակ Հակոբյանը): ԵՀՄ ծրագիրն, անշուշտ, ուսանելի է դաստիարակության առումով. ընթերցողներս կսպասենք «Խայթ» հանդեսի առաջին համարին եւ մեր կարծիքն անշուշտ կարտահայտենք մամուլի էջերում... |