ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ-2016 Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Վենետիկյան հայագիտական դասընթացի, «գննաղկողի» եւ մեռնող քաղաքների մասին Հայաճանաչ Իտալիան Միշտ դժգոհել ենք, երբ արտերկրում մեզ հարցնում են, թե որ երկրից ենք. կա՛մ զարմացած ուս են թոթվում, կա՛մ շփոթում Ալբանիայի, Ռումինիայի հետ, կա՛մ «տեղադրում» ինչ-որ տեղ Լատինական Ամերիկայում: Սակայն Իտալիայում, գոնե նրա հյուսիսում, երբեւէ չեմ հանդիպել որեւէ տեղացու, որը լսած չլինի հայերիս մասին: Այս անգամ էլ, դեռ նոր ենք ոտք դրել Վենետիկի օդակայան, երբ մեր կողքին նստած տարեց իտալուհին հարցրեց մեր ազգությունը եւ պատասխանը լսելովՙ բացականչեց. - Դուք մարտիրո՜ս ժողովուրդ եք... Մի փոքր նեղվեցի, որ մեզ նորից ճանաչում են որպես կոտորված նահատակ ժողովուրդ: Բայց տարեց իտալուհին շարունակեց. - Մայրս բժշկուհի էր, նրա դասախոսներից մեկը հայ էրՙ սինյոր Արսլանը... մեծ գիտնական էր... Լավ, ուրեմն ամեն ինչ կորած չէ, մեզ ճանաչում են նաեւ մեր ականավոր հայրենակիցներով... Բայց անակնկալ էր, երբ երկու շաբաթ անց Ալպյան լեռներում գտնվող Կորտինա բնակավայրում հայերեն խոսողներիս մոտեցավ տեղացի մի տատիկ եւ ուզեց իմանալ, թե ինչ լեզու է (նա էլ հարցը տվեց իտալերենՙ հաշվի չառնելով, որ հո բոլոր արտասահմանցիները չգիտե՞ն այդ լեզուն): Ողջ աշխարհից դահուկորդների եւ հովեկների դեպի իրեն ձգող այդ հեքիաթային քաղաքիկի բնակիչների համար պիտի որ անսովոր չլինեին տեսակ-տեսակ լեզուները: Եվ պատասխանն առնելովՙ այս տատիկը նույնպես բացականչեց. - Իսկ դուք եղե՞լ եք Վենետիկում: Այնտեղ կա հայկական քոլեջ, հայկական կղզիՙ Սուրբ Ղազարը... Կորտինացի տատիկին ասացի, որ ահա արդեն տասներորդ անգամ եմ գալիս Վենետիկՙ որպես հայկական ամառային դպրոցի ուսուցիչ... Հերթականըՙ 31-րդը Ինչպես գիտենք, ամառային այդ աննախադեպ դպրոցի անունը կապվում է գիտական-հոգեւոր նշանավոր գործիչ, գերապայծառ Լեւոն Զեքիյանի անվան հետ: Բոլորովին վերջերս Թուրքիո կաթողիկե հայ համայնքի պատրիարք դարձած գերապայծառի պարտականությունները գնալով շատանում են, այս տարի Հռոմի պապը նրան նշանակեց Մխիթարյան միաբանության պապական նվիրակ: Սակայն դա չի խանգարում, որ օգոստոս ամսին աշխարհի առջեւ դարձյալ իր դռները բացի նրա հիմնած հայոց լեզվի եւ մշակույթի խտացյալ դասընթացը: Այս տարիՙ 31-րդ անգամ: Հիսունհինգ ուսանողովՙ աշխարհի տասներեք երկրից: Ներառյալ Չինաստանը: Չինուհի Շիան-ֆեյն այնքան սիրեց հայերենն ու հայերին, որ դասընթացի վերջին շաբաթը «անունդ ի՞նչ է» հարցին պատասխանում էրՙ Շուշան... այդպես էլ հայատառ ստորագրեց դասընթացի հուշամատյանում: «Շուշանը» երկրորդ չինացին է, որ եկել է հայերեն սովորելու: Մինչեւ հիմա դասընթացն ունեցել է ավելի քան 1200 մասնակիցՙ 35 տարբեր երկրներից, 40 տարբեր ազգությունների: «Իմ կյանքի լավագույն օրերն անցկացրի այստեղ,- դասընթացի մասին գրել է մի կալիֆոռնիացի հայուհի,- չափազանց շահեց իմ հայերենը...»: Եվ այդպեսՙ քանի-քանիսի համար... Թորոնթոյի Գոլոլյան վարժարանի ավարտական դասարանի աշակերտները յոթերորդ անգամ է մասնակցում են դասընթացին: Ուրախալի է, որ հայախոսությունը նրանց մեջ պատշաճ մակարդակի է: Բոլորը նշում են, որ այս նոր սերունդները անհամեմատ հանգիստ ու հավասարակշիռ ենՙ համեմատած, ասենք, քսան տարի առաջվա երիտասարդության հետ, որ շատ ավելի էր հակված դեպի խենթություններն ու ինքնահաստատման արտառոց ձեւերը: Պատճառը միգուցե նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունն է, կյանքը նաեւ վիրտուալ աշխարհում անցկացնելը... Հարցնում եմ թորոնթահայ ուսանողներին նրանց արմատների մասին: Միայն երկու-երեք հոգի է, որ Սիրիա-Լիբանանից «այն կողմ» չի գնում, բայց մեծ մասը նշում է պապենական բնօրրանըՙ Տիգրանակերտ, Այնթապ, Ուրֆա, Ադանա... Դրական երեւույթ է, Թորոնթոյի հայ գաղութին եւ մասնավորապես Գոլոլյան վարժարանին պատիվ բերող, քանի որ քիչ չի պատահել, երբ նորագույն սերնդի սփյուռքահայը պարզապես չի իմացել իր բնիկ որտեղացի լինելը... Թորոնթահայ աշակերտներից մեկըՙ Ռեմի Գիրգիսը (որ հայերենով իր ազգանունը գրում է Կրկես), դասընթացի ավանդական ուրախ երեկոյին արտասանում է Ժագ Հակոբյանի մի հայրենասիրական բանաստեղծությունը: Սփյուռքահայ այս բանաստեղծը, որին մաղթում ենք հաջորդ տարի նշել իր ծննդյան հարյուրամյակը, մեծապես գոհ կմնաՙ իմանալով, որ իր քերթվածը վարժ հնչում է շուրթերին սփյուռքահայ երիտասարդի (նույնիսկՙ հոր կողմից ոչ հայ, այլ ղպտի...): Վենետիկյան հայագիտական դասընթացը կարող է մրցել աշխարհի լեզվամշակութային որեւէ դասընթացի հետ: Իր բնույթով այն հանգիտություններ ունի աշխարհում գերմաներենն ու գերմանականը տարածող Գյոթե ինստիտուտի հետ, որի թիկունքին, սակայն, մի հզոր պետություն է կանգնած: Մինչդեռ վենետիկյան ամառային հայկական դպրոցը հստակ տեսլական ունեցող գիտակրթական մի ականավոր գործչի ջանքերի մարմնացումն է, որի երթը, մաղթենք, լինի հարատեւՙ քանի կա Վենետիկը, քանի կա հայությունը... Երբ «Տանկից էժանը չկա» կամ «Գննաղկողն հետաքրքրված է» Դասընթացի իտալացի մասնակիցներից երկուսի մոտ տեսա այս տարի տպագրված «Հայերեն Հոեփլի բառարան. հայերեն-իտալերեն, իտալերեն-հայերեն» գիրքը, հեղինակներՙ Բարբարա Գրասսի, Ռուզաննա Հարությունյան: Ծավալուն այս բառարանը արեւելահայերեն է եւ նոր ուղղագրությամբ: Ինչ լավ է, որ Միլանի նշանավոր «Հոեփլի» հրատարակչությունը տարբեր լեզուներով իր հրատարակությունների կողքին տեղ է տվել նաեւ հայերեն բառարանի: Սակայն, ավաղ, ոգեւորությունս մարեցՙ բառարանի միայն մեկ բաժինը թերթելուց հետո: Առաջին իսկ տպավորությամբՙ այն չափազանց սիրողական աշխատանքի արդյունք թվաց: Նախՙ աչքի են ընկնում անհարկի օտար բառերը (պանկրեասՙ փոխանակ ենթաստամոքսային գեղձ, պապրիկաՙ փոխանակ տաքդեղ, պրոպելլերՙ փոխանակ պտտաթեւ եւ այլն): Հետոՙ բառահոդվածի ընտրության սկզբունքի բացակայությունը: Դիցուք, կա «ամենագեր» բառը որպես առանձին բառահոդված, սակայն չկա «ամենանիհար» բառը, կա «ամենավատը», բայց չկա «ամենալավը»: Վստահաբար, հմուտ իտալագետները կգտնեն իմաստային շեղումներ (օրինակ, «zuzzurellone» բառն ամենեւին չի նշանակում «մանկամիտ մարդ», այլՙ «ուրախ-զվարթ մարդ»): Տարօրինակ է անձնանունների շարքում տեսնել անվան տառադարձության հետ մեկտեղ (կամ դրա փոխարեն) դրա իմաստի թարգմանությունը: Desiderata իտալերեն նշանակում է ցանկալի, բայց չգիտես ինչու թարգմանվել է... Սիրանույշ: Եվ առհասարակ, անունների իմաստների թարգմանությունն (փոխադրությո՞ւնը) ի՞նչ նպատակ է հետապնդում, որպեսզի այսուհետ Լուչիանո Պավարոտտի գրելու փոխարեն այսուհետ գրենք Փայլակ Պավարո՞տտի: Եվ կամ ի՞նչ տրամաբանությամբ է Marzia անունը թարգմանվում Արշակ, իսկ Loredana-ն եւ Lorenza-նՙ Լորիկ. սրանք նույնիսկ թարգմանություններ չեն: Liliana-ն էլ թարգմանել են ոչ թե Շուշան, այլՙ Լիլիթ: Իսկ լսե՞լ եք այնպիսի արտառոց թարգմանություններ-հարմարեցումներ, ինչպիսիք են Teofilio-ն` Հաստվածուհի, Valeria-նՙ Արժուհի, Tristano-նՙ Անբախտ.... Էլ չասած, որ եգիպտական փարավոնի անունն էլ, պարզվում է, հայերեն պիտի տառադարձել Թուտանկամոն (բոլոր օրինակներըՙ էջ 795): Նաեւ հարց է առաջանում հեղինակներիՙ հայերենի պատշաճ իմացության վերաբերյալ: Հունգարիա գրելու փոխարեն երկու տեղ Ունգերիա գրելը մի՞թե դրա ապացույցը չէ: Բառարանի ամենախոցելի բաժինը թերեւս առածներն են, երբ շատ իտալերեն ասացվածքների համար չեն գտնվել համարժեք հայերեններ: Միայն մեկ օրինակՙ իտալերեն «Փնտրողը կգտնի» առածի հայերեն համարժեքը բնավ էլ «Արջի բնում ընկույզ չես գտնի»-ն չէ (էջ 784).... Սակայն ամենաանընդունելին գրքում վխտացող վրիպակներն ու սխալներն են: Բառարանի հեղինակները որոշել են հայերենի ուղղագրական նոր կանոններ ստեղծելՙ գրելով Ռումինյա, Սլովակյա, Սլովենյա, Վյենա, Շվեդյա, Իսպանյա, Սարդենյա, Սիցիլյա եւ այլն: Իսկ առածների բաժնում սեւով սպիտակի վրա գրված է. «Գննաղկողն հետաքրքրված է» (էջ 785): Անհնար է կռահել այս «գննաղկող» բառի իմաստըՙ անգամ իտալերեն ենթադրյալ համարժեքը հիմք ընդունելով: Ցավոք, բառարանում նման օրինակներն այնքան շատ են, որ անկարելի է ընդգրկել մեկ լրագրային հոդվածում... Լավ, դժվա՞ր էր գիրքը հանձնել տարրական սրբագրման, էլ չասածՙ խմբագրման... Հասկանում ենք, դա լրացուցիչ ծախս է, բայց չէ՞ որ հեղինակներն իրենք էլ գրել են առածների բաժնումՙ «Տանկից էժանը չկա»: Այո, հենց այսպեսՙ տանկից... (հրատապ թեմա): Հայերենը վենետիկյան բաբելոնում Վենետիկը, լինելով զբոսաշրջային քաղաք, բնականաբար լեզուների բաբելոն է: Եվ տարի չի եղել, որ փողոցում առնվազն մեկ անգամ լսած չլինեմ հայերենըՙ թե՛ արեւելա-, թե՛ արեւմտա-: Հատկապես ուրախանում եմ արեւմտա-ն լսելով, որը գիտենք, պաշտոնապես ճանաչվել է որպես վտանգված լեզու (թեեւ արեւելա-ի վիճակն էլ մի բան չէ): ...Նոր մտա մի խանութ, երբ ետեւիցս արեւմտահայերեն խոսք լսեցի: Բնազդաբար շուռ եկա եւ հարցրիՙ հա՞յ եք: - Այո,- առանց զարմանքի կամ ուրախության ասաց մարդը,- աս խանութը քո՞ւկդ է... «Բա ոնց, Վենետիկի վաճառականն եմ»,- ասացի մտքումս եւ մի քանի հերթապահ խոսք փոխանակեցի լիբանանահայ զբոսաշրջիկի հետ: Այս տարի Երեւանի «Ֆեստա տուր» ճամփորդական գրասենյակը կազմակերպել էր չարթերային թռիչքներ դեպի Իտալիայի տարբեր քաղաքներ (շնորհակա՛լ ենք), երեւի այդ հանգամանքով էր բացատրված հայոց լեզվի հաճախակի հնչումը գոնդոլների քաղաքում: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ կիրթ արտաքինով հայաստանցիներ են վայելում Վենետիկը եւ, չեմ թաքցնում, դժգոհ եմ մնումՙ տեսնելով կերած-խմած բիրդան աղա «ապերոների» եւ նրանց ջրերն ընկած ծամոն ծամող մորքուրների, որոնք չեն էլ թաքցնում, որ չեն պատրաստվում Սուրբ Ղազար կղզի գնալ, քանի որ, «ընդե ոշ մի հետաքրքիր բան շկա»: Մինչդեռ Հայաստանում որքա՜ն արժանավոր մարդիկ եմ ճանաչում, որոնց համար անիրականանալի երազ է թեկուզ մի քանի ժամով Վենետիկում հայտնվելը եւ Մխիթարյանների կղզին ոտք դնելը... Երեւանի եւ Վենետիկի նմանությո՞ւնը Երեք տարի առաջ ՄԱԿ-ը հրատարակեց 28 ամենից արագ մեռնող քաղաքների ցանկը: Այնտեղ Երեւանը «պատվավոր» 24-րդ տեղում է: Մյուս կողմից, իտալացի ժողովրդագիրների կարծիքով, 2030 թվականին Վենետիկը կմնա առանց բնակիչ, քանի որ ամեն տարի քաղաքը լքում է 1500-ից ոչ պակաս մարդ: Ուրեմն ի՞նչ, Վենետիկը եւ Երեւանը նման են իրար որպես մեռնող քաղաքնե՞ր: Իսկապես, Վենետիկիՙ բնակիչներից դատարկված հին տներում նույն խավարն է, ինչ Երեւանի կենտրոնը խճողած հարուստ բնակիչների սպասող պանելային նոր շենքերում: Սակայն, ի տարբերություն Երեւանի, Վենետիկ տարեկան այցելում է մոտ 18 միլիոն մարդ, այնպես որ Վենետիկը երբեք մեռնող քաղաք չի լինի, եթե անգամ չունենա մշտական բնակիչներ: Իսկ Երեւա՞նը: Ինչպես տեսնում ենք, պատմական անցյալի հաշվին գերշահույթի հետեւից ընկած հսկա անճաշակ բազմաբնակարան շենքեր կառուցելը, ավաղ, չի փրկել մեր մայրաքաղաքը մեռնող քաղաքների շարքը չդասվելուց: Եվ, ցավոք, ֆանտաստիկա է երազել, թե մեր քաղաքը երբեւէ տարեկան 18 միլիոնի կեսի կեսի կեսի կեսի չափ հյուր կընդունի, քանի դեռ շարունակվում է մեր քաղաքամոր համատարած գորշացումն ու անապատացումը.... |