RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 21:25:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3447, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊԱՐԱՆՅԱՆ ՄԵԿԴԱՐՅԱ ԵՐԳԵՐԸ ՎԵՐԱԾՆՎԵՑԻՆ

Նաիր ՅԱՆ

Հայ էթնիկ երաժշտության ռիթմերն ու երանգները ջազում, ռոքում, իմպրովիզացիաների հնարավորություն ընձեռող մյուս ժանրերում հաճախ են հնչում: Անգամ օտարազգի երաժիշտներն են խոստովանել, որ հայկական թեմաներն ավելի հետաքրքրական ու յուրօրինակ են դարձնում ստեղծագործությունը. եվրոպացի, ամերիկացի հանդիսատեսն ազգային տարրերով համեմված երաժշտությունը սիրում ու գնահատում է: Ակնհայտ էՙ աշխարհը նոր, չծեծված ու չմաշված զգացողություններ է փնտրում: Հատկապես փոքր, բայց հին ազգերի մշակույթում են թաքնված հետաքրքրական, նուրբ, գողտրիկ արժեքները, որոնք եզակի են, չկրկնվող եւ արտացոլում են տվյալ ժողովրդի նկարագիրը, տեսակը, խառնվածքը:

Հայերս երգեցիկ ազգ ենք: Ուրախությունն ու տխրությունը, անգամ Ցեղասպանությունը երգի ենք վերածել: Ազգագրագետները փաստում են, որ առավել երգեցիկ են եղել արեւմտահայերը: Մեծ եղեռնից հետո Արեւելահայաստան գաղթելովՙ նրանք իրենց հետ այստեղ են բերել նաեւ իրենց ավանդույթները, երգն ու պարը: Ցեղասպանությունը վերապրածները հաճախ չեն համարձակվել կամ սիրտ չեն ունեցել երգելու, բայց տարիների ընթացքում բացահայտվել է բանահյուսական այն ահռելի հարստությունը, որ նրանք ժառանգել են իրենց հայրենիքից: Կախված այն բանից, թե արեւմտահայ գաղթականները որտեղ են հաստատվել ու բնակվել, ըստ այդմ էլ Հայաստանի շրջանները համարվում են երգառատ եւ ոչ երգառատ: Օրինակՙ երգառատ են Գեղարքունիքը, Արագածոտնը, Շիրակը:

Դեռեւս նախորդ դարի 20-30-ականներից ազգագրագետներն ու բանահավաքները գյուղեգյուղ, տնետուն ընկածՙ երգ, հեքիաթ, պար, ասք, զրույց են հավաքել ու ամբարել տասնյակ ժողովածուներում: Այդ գանձերը երբեմն-երբեմն տպագրվել, հրատարակվել, հնչել ու ներկայացվել են: Հիշենքՙ ինչ վերելք ապրեց հայ էթնիկ երգ-պարը Հայրիկ Մուրադյանի ժամանակ: Վարպետի հետեւորդները շարունակեցին նրա գործըՙ ստեղծելով ազգային երգի, պարի խմբեր:

Ջազ-երաժիշտ Վահագն Հայրապետյանը վերջերս մտահղացավ բեմ հանել ապարանյան ժողովրդական երգերը: Նա ազգագրագետներ Ալինա Փահլեւանյանի եւ Արուսյակ Սահակյանի հավաքածուներից ընտրել է ինը երգ, մշակել եւ «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Սոնա Հովհաննիսյանին առաջարկել կատարել դրանք: Վահագնն այս նախագծի մասին ասում է.«Ես կապ ունեմ ջազի հետ, բայց այս երգերը կապ չունեն: Փորձել եմ պահպանել այս երգերի համն ու հոտը, չփոխել, պարզապես հարմոնիկ ռիթմերի, իմպրովիզացիաների միջոցով ժամանակակից երանգ հաղորդել»:

Քսան տարուց ավելի է անցել. Արուսյակ Սահակյանը հիշում է. «Վահագնը իմ ուսանողն է եղել, ֆոլկլորի դասերին գալիս էրՙ վերծանելու ժողովրդական երգերը:Դեռ այն ժամանակներից խեթացած էր. լսում էր ծերունիների երգը, աչքերը լցվում էին, երջանկանում էր»:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեց «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով խմբերգային նախագծի պրեմիերան: Բեմում Վահագն Հայրապետյանի ղեկավարած ջազ-տրիոն էրՙ դաշնամուր, հարվածային գործիքներ եւ կոնտրաբաս: Ջազ-անսամբլի կողքին «Հովեր» կամերային երգչախումբն էր: Համերգն սկսվեց կոմիտասյան ոչ հայտնի երգով, որին հաջորդեց ապարանյան ազգային երգերի շարքըՙ «Ես աղջիկ եմ», «Հազարներից քեզ եմ ընտրել», «Մեր հայաթը դիփ քյալամ ու բողկ ա», «Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով» եւ եւս հինգ երգ: Դրանք գեղջկական պարզ բառապաշարով, մեծ մասամբ սիրային կատակ-երգեր են, որոնք «Հովերը» ներկայացրեց սոլոյի եւ խմբերգերի միջոցով: Իսկ ջազ-տրիոն երգերը համեմեց ջազային երանգներով ու իմպրովիզացիաներով: Հանդիսատեսն ամեն երգից հետո ավելի ու ավելի էր ոգեւորվում ու զարմանք ապրում: Բոլոր երգերն էլ առաջին անգամ էին հնչումՙ արտահայտելով հայ շինականի ընտանեկան բարքերը, սիրային խաղերը, պարզ, անկեղծ տրամադրությունը:

Արուսյակ Սահակյանը եւս առաջին անգամ էր լսում իր հավաքած երգերի համերգային տարբերակը. «Նոտաներով արտահայտել ժողովրդական երգեցողությունն, ուղղակի անհնար է. Կոմիտասն էլ է դա ասել: Եվրոպական նոտագրությունը չի կարող վերարտադրել կատարողական, զգացական այն համակարգը, ձայնալարերի այն թրթռոցը, խաղիկները, որոնք մեր ազգային երգի համն ու հոտը, կոլորիտն են հանդիսանում: Սոնա Հովհաննիսյանն ինչպե՞ս է կարողացել նոտաներից դուրս, նոտաների տակից ցույց տալ ժողովրդական երգի նրբերանգները, ելեւէջները: Ինչպե՞ս էին երկու տենորները կարողանում գեղջկական երգեցողություն արտահայտել: Գեղջկական երգեցողությունն ու դասական վոկալը բոլորովին տարբեր հասկացություններ են: Ես ուղղակի խենթացած եմ, թե ինչպես հաջողվեց այս որակն ու արդյունքն ստանալ»:

Ազգագրագետին հիացմունք էին պատճառել Վահանգն Հայրապետյանի եւ Սոնա Հովհաննիսյանի հաջողված համագործակցությունն ու միմյանց ճիշտ հասկանալու, ներդաշնակվելու ունակությունը: Նրա մեծագույն ցանկությունն էՙ նման նախագծերը շատ լինեն, որպեսզի հայ երգը վերադարձվի ժողովրդին, ու ժողովուրդը ճանաչի իր ակունքները, իր հարստությունը:

«Վահագը պահպանել է այդ երգերն այն անաղարտությամբ, ինչպես ժողովուրդն է երգել: Նա պարզապես համեմել է ջազային երաժշտությամբ. դարձյալ խենթանալու բան է: Այսպիսի երգերի քսան ժողովածու է հրատարակել կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնը: Վահագն ու Սոնան վերցրել էին այդ երգերի մի մասը միայն: Պատկերացնո՞ւմ եքՙ քանի՜ այսպիսի համերգի նյութ կա ամբարված այդ ժողովածուներում: Ու սրանք միայն ապարանյան երգեր էին եւ ընդամենը ինը երգ: Ապարանը երգառատ է, որովհետեւ այնտեղ մշեցիներն, ալաշկերտցիներն ենՙ բարբառներն ու բանահյուսությունը պահպանած: Նույնը եւ Մարտունիում է, Շիրակում, Թալինում: Կոնսերվատորիայի կոմպոզիտորական, երաժշտագիտական բաժինների ուսանողների պարտադիր ուսուցման ծրագրում կա բանահավաքչությունը: Ուսանողները գյուղեգյուղ են գնում, ձայնագրում, նոտագրում ժողովրդական գանձերը: Հիմա էլ են պապիկ-տատիկները երգում ու պարում, բայց արդեն երրորդ, չորրորդ սերունդը գրեթե անհաղորդ է այդ երգերին ու պարերին»,- ցավով նշեց Արուսյակ Սահակյանը:

Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց երգերից մեկիՙ «Էլու յարի» պատմությունը. «Մեկ դար առաջ այս երգն էրզրումցիները բերել են Ապարան, երիտասարդ բանահավաքներն այն գրի են առել ու ձայնագրել, հետո երգն ընդգրկվել է ժողովածուում: Ես այն փոխանցել եմ Վահագնի, Վահագնը մշակել է, երաժշտություն գրել ու ինձ տվել: «Էլու յարը» հարյուր տարի հետո առաջին անգամ հնչեց այս համերգին: Երգը նոր կյանք ստացավ»:

«Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով նախագիծը հաջողվեց: Հեղինակները մտադիր են այն ներկայացնել նաեւ Հայաստանի մարզերում ու արտերկրի բեմերում: Նրանք համոզված են, որ մեր ժողովրդական գանձարանն անսպառ նյութ կարող է տրամադրել ոչ միայն երաժշտարվեստին, այլեւ մշակույթի բոլոր ոլորտներին: Պարզապես պետք է հայացքով շրջվել դեպի ժողովրդական ակունքներն ու ժողովրդի ստեղծած արժեքները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ