ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԵՐԳՙ «ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Սբ. Քաթբըրթի եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» (HART)ՙ գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, կազմակերպել էր Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա համերգ: Այս տարվա համերգին բարոնուհի Քոքսի հրավերով կրկին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի (Tekeyan Trust) «Կոմիտաս» երգչախումբը: Երգչախմբի անդամներըՙ ի նշան հարգանքի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, կրում էին անմոռուկների կրծքանշաններ, իսկ երգչախմբի ելույթից առաջ դիրիժոր Սիփան Օլահը իր ողջույնի խոսքում անդրադարձավ անմոռուկների խորհրդին, հիշատակելով պատմության դառը էջերը: Նա նաեւ ասաց, որ սույն օրը հայ ժողովրդի համար հիշատակի մեկ այլ օր է, քանզի 1988թ. դեկտեմբեր 7-ին Հայաստում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր: Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ Ծննդյան», ուելսական օրորոցային «Սիո Գան», Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան» եւ Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգեր» ստեղծագործություններըՙ Սիփան Օլահի դիրիժորությամբ եւ Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ: Սիփան Օլահը, հանդիսանալով օպերային տենոր, կատարեց դասական երկու ստեղծագործությունՙ Ք. Ու. Գլյուկի «J՛ai perdu mon Eurydice» Օրփեոսի արիան «Օրփեոս» օպերաjից եւ Ֆ. Շուբերտի «Սերենադը»: Այս ստեղծագործությունները եւ եւս 18 դասական արիաներ ու երգեր նա կատարել էր իր մենահամերգին, որը տեղի էր ունեցել Լոնդոնի Իլինգ Թաուն Հոլում նոյեմբերի 18-ին: Սուրբ Ծննդյան համերգին նաեւ մասնակցում էին Լոնդոնի ուգանդական «Աքոլի» երգչախումբը եւ չինացի օպերային սոպրանո Չենգ Ուանգը: Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհավորեց համերգի մասնակիցներին եւ մեծ գնահատանքի արժանացրեց իրենց բարի կամքի դրսեւորումը համերգին: Նա մասնավորապես շեշտեց «Կոմիտաս» երգչախմբի ակնհայտ կատարողական աճը եւ շնորհավորեց Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի պատվո քարտուղար Վարդան Ուզունյանին, տենոր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սիփան Օլահին եւ երգչախմբի անդամներինՙ ողջունելով նրանց ծավալած կարեւոր մշակութային գործունեությունը ինչպես հայ համայնքի ներսում, այնպես էլ բրիտանական հասարակության մեջ: Համերգին ներկաները բարձր ծափողջույններով ոգեւորում էին կատարողներին: |