ՊԱՀԱՆՋՎԱԾ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ՌԱԶՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԻ ԳՐՉՈՎ Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Անցած շաբաթ օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց իր 152-րդ խաղաշրջանը: Արվեստի այս մեկուկեսդարյա օջախի անցած առաջին հարյուրամյա ուղու պատմությունն է ամփոփված խորհրդային շրջանի ճանաչված արվեստաբան, թատերագետ Ռազմիկ Մադոյանի օրերս վերահրատարակված «Գյումրու թատրոնը 1865-1965 թթ.» գրքում, որի շնորհանդեսը նոր խաղաշրջանի բացման օրը կազմակերպվել էր քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: 2005 թվականին ԱՄՆ-ում կյանքին հրաժեշտ տված, բայց հայրենի հողում վերջին հանգրվան գտած Ռազմիկ Մադոյանը, սկսած 1951 թվականից, աշխատել է Լենինականի քաղաքային «Բանվոր» թերթի, կուսքաղկոմի բաժնի վարիչ, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, ապա նշանակվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1984-94 թթ. եղել Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ: Նրա կյանքի գործը եղել է թատրոնը, ապա նաեւ կինոն: Իր ղեկավարման տարիներին են «Հայֆիլմում» ծնունդ առել Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Հայրիկ», «Կտոր մը երկինք», Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը», Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» եւ այլ արժեքավոր կինոնկարներ: Մադոյանի արվեստագիտական ժառանգությունը նրա թողած 15 գրքերն են, որոնցից այս մեկը ժամանակին եղել էր իր թեկնածուական ատենախոսությունը եւ առանձին գրքով, «Թատրոնի ուղին» վերնագրով լույս էր տեսել դեռ 1967 թվականին: Թե Ալեքսանդրապոլ-Լենինականի հանդիսատեսը որքան կարեւորություն է տվել թատրոնին, այդ մասին խոսում է թեկուզ երկու փաստ: 1865 թվականին քաղաքում այն հիմնվել է ժողովրդյան հանգանակությամբ, իսկ նրա առաջին ռեժիսորի պարտականությունը ստանձնել է քաղաքագլխի պաշտոնակատար Վաղարշակ Շահխաթունին: Գյումրու թատրոնի տարեգրության էջերը պսակված են հայ թատերարվեստի փառքը կազմող բազում պայծառ անուններով ու նրանց ստեղծած մնայուն կերպարներով, ներկայացումներով: Բեմադրիչներ Արմեն Արմենյան, Թադեւոս (Թաթիկ) Սարյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան, Լեւոն Քալանթար, Գրիգոր Մկրտչյան... Դերասաններ Ասյա Բերոյան, Արուս Ոսկանյան, Ցոլակ Ամերիկյան, Լեւոն Զոհրաբյան, Ժաննա Թովմասյան, Վարդուհի Վարդերեսյան, Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան... Թվարկումը կարելի է երկար շարունակել: Այս բեմում ներկայացումներով հանդես են եկել նաեւ Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, հայ բեմի այլ մեծություններ: Թատերագետը խորագիտակորեն ներկայացրել ու վերլուծել է մշակութային այս կարեւոր օջախի գործունեության սկզբնավորման ու կայացման ընդգրկուն պատմությունը, նշել հաջողությունները, վերելքներն ու նաեւ անհաջողությունները, ձախողումները, դրանով ժամանակին նաեւ օգնել թատրոնինՙ շտկելու դրանք: Պահանջված այս վերահրատարակությունը, որի հովանավորը նրա դուստր, ԱՄՆ-ում բնակվող Մարո Մադոյան-Ալաջաջյանն է, նաեւ հիշատակի տուրք կարելի է համարել հեղինակի ծննդյան մեկ ամիս առաջ լրացած 90-ամյակին: Գիրքը որակով լույս է ընծայել Գյումրու «Դպիր» հրատարակչությունը: Վերահրատարակման ընթացքում ծավալուն խմբագրական աշխատանք է կատարվել, մասնավորապես, հատորում 60-ական թվականների գաղափարախոսական պարտադրանքի արտահայտություններից ազատվելու ուղղությամբ, նոր հրատարակությունում ավելացվել են մեծ թվով արխիվային լուսանկարներ, նյութեր եւ այլն: Գրքի շապիկին զետեղված է Գյումրու թատրոնի շենքի ներկայանալի գծանկարը, որի հեղինակը գեղագետ, արվեստաբան, նկարիչ Լեւոն Լաճիկյանն է: |