«ԳԻՏՆԱԿԱՆՙ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՄԵՋ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՙ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՋ» ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, info@ankyunacar.com Սեպտեմբերի 15-ի առավոտյան լեցուն էր Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական գեղակառույց դահլիճը, իսկ ճեմասրահում ցուցադրված էր գրքերի մի հարուստ հավաքածու: Առիթը Հայ եկեղեցու նվիրյալ սպասավոր, վաստակաշատ գիտնական Վրեժ Ներսիսյանի (տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյան) մեծարման ցերեկույթն էր եւ ի պատիվ նրա հրատարակված «Անդրադարձներ Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի մասին. Ուսումնասիրություններՙ ի պատիվ Վրեժ Ներսիսյանի «Reflections on Armenia and the Christian Orient. Studies in Honour of Vrej Nersessian» գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակման եւ հանդիսության անցկացման նախաձեռնողն է գերմանացի գիտնական, դոկտոր Քրիստիանե Էշե-Ռամսհորնը: Մեծադիր հատորը լույս է ընծայել «Անկյունաքար» հրատարակչությունը, որը մասնա-գիտացած է գիտական եւ բառարանային գրականաթյան հրատարակման ասպարեզում: Գրքի հրատարակմանն աջակցել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը: Ցերեկույթի հովանավորն էր Վ. Ներսիսյանի բարեկամներից Սեմ Ֆոգը: Գիտության անխոնջ մշակի պատվին կազմակերպված ցերեկույթին ներկա էին հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներՙ Նաթան արք. Հովհաննիսյանը, Եզնիկ արք. Պետրոսյանը եւ այլք, ներկա էին գիտության, գրքի մշակներ, գիտնականի գործունեությամբ հետաքրքրված ընկերներ ու բարեկամներ եւ իհարկե Վրեժ Ներսիսյանը: Հանդիսությունը վարում էր «Անկյունաքար» հրատարակչության տնօրեն եւ այս նախաձեռնության ակտիվ մասնակից Խաչիկ Գրիգորյանը : Ք. Էշե-Ռամսհորնն իր խոսքի սկզբում ընդգծեց, որ գիրքը հրատարակվում է օտար լեզվով (անգլերեն եւ ֆրանսերեն), քանզի Վ. Ներսիսյանի գիտական գործունեությունը կարեւոր է ո՛չ միայն հայ, այլեւ միջազգային հայագիտական շրջանակների համար: Գրքում զետեղված հոդվածների հեղինակները հայտնի դեմքեր են աշխարհի տարբեր գիտական հաստատություններից. ի դեպ նրանցից շատերը ներկա էին դահլիճում: Տիկին Էշե-Ռամսհորնը եւ մյուս ելույթ ունեցողներըՙ գերաշնորհ Նաթան արք. Հովհաննիսյանը , Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը , երաժշտագետ Հայկ Ութիջյանը , խոսեցին Վ. Ներսիսյանի աշխատանքային գործունեության եւ մարդկային նկարագրի մասին: Մեծապես կարեւորելով Վ. Ներսիսյանի գիտական վաստակըՙ Ազգային գրադարանը նրան շնորհեց «Հակոբ Մեղապարտ» շքանշանը: Վ. Ներսիսյանի գիտական եւ հոգեւոր գործունեությունը շատ հաճախ միահյուսված են: Նա ծնվել է Թեհրանում (1948), կրթությունը ստացել է նախ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում (1958-1965), ապա Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում (1965-1968), Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջում (1969-1975): Դարձել է աստվածաբանության մագիստրոս, փիլիսոփայության դոկտոր, Լոնդոնի թագավորական ասիական ընկերության անդամ է (1988): 1983-ին ձեռնադրվել է քահանա եւ երկար տարիներ եղել Լոնդոնի հայ համայնքի հովիվը: Միաժամանակ աշխատել է Բրիտանական գրադարանումՙ որպես Արեւելյան բաժնի համադրող: Հեղինակել է հայագիտական, մատենագիտական, աստվածաբանական տասնյակ աշխատություններ, կատարել է մեծաթիվ հետազոտություններ, թարգմանություններ, խմբագրումներ, կազմակերպել ցուցահանդեսներ եւ այլն: Մեծ Բրիտանիայի տարբեր գրադարաններում եւ կրթարաններում նա հայտնաբերել է 12-17-րդ դդ. ավելի քան 280 հայկական ձեռագիր: Թեեւ ներկայումս Վ. Ներսիսյանը ապրում եւ աշխատում է Մեծ Բրիտանիայում, նրա վաստակը բարձր է գնահատվում նաեւ մայր հայրենիքում, որտեղ նա դարձել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2005), պարգեւատրվել է Սբ. Ներսես Շնորհալու անվան շքանշանով (2012): Մեղվաջան գիտնականն ինքն իր մասին ասում է, որ գիտնական է գրադարանավարների մեջ եւ գրադարանավարՙ գիտնականների մեջ... Իր շնորհակալական խոսքում Վ. Ներսիսյանը կիսեց իր ապրումներըՙ ցերեկույթից, իր պատվին հրատարակված գրքի, ներկաների ջերմ խոսքերի ու նաեւ իր անցած ճանապարհի հետ, ինչը լրացուցիչ անմիջականություն հաղորդեց հանդիսությանը: Նա հատուկ ընդգծեց «Անդրադարձներ Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի մասին» ժողովածուի գիտական արժեքը եւ նման հրատարակությունների կարեւորությունը հայագիտության համար: Գիրք, որը առանձնանում է նաեւ գեղեցիկ ու զուսպ ձեւավորումով, որակյալ տպագրությամբ, ինչը հատուկ է «Անկյունաքարի» հրատարակած գրքերին: Ցերեկույթին առանձնահատուկ հմայք հաղորդեցին «Լույս» վոկալ հնգյակիՙ հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի հրաշալի կատարումները... Դահլիճում տիրող ջերմ մթնոլորտը, ի սրտե մեծարումը արժանի գնահատական էին մեծանուն հայորդու կատարած անձանձիր աշխատանքի: Հուսանք, որ դա ներշնչանքի աղբյուր կդառնա նորանոր նախագծեր իրականացնելու համար: |