RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 22-09-2017



ՊԱՏՄԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-22 15:29:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3706, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՐՈՎԱՐՏԱԿ-ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸՙ ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ»

Արաքս Փաշայան, Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանի խմբագությամբ հրատարակել է արաբագետ Գայանե Մկրտումյանի «Հրովարտակ-պայմանագրերը որպես հայ- արաբական հարաբերությունների աղբյուր VII-XII դդ.» արժեքավոր մենագրությունը, որը նոր լույս է սփռում պատմական մի շարք կարեւոր հիմնահարցերի վրա: Աշխատանքը, որը կատարվել է հիմնականում արաբերեն եւ հայերեն սկզբնաղբյուրների խորքային ուսումնասիրությամբ, կազմված է երեք գլուխներից: Դրանցից առաջինը վերնագրված էՙ «Մուհամմադ մարգարեի վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ», երկրորդըՙ «Դաշնագրերըՙ որպես հայ-արաբական հարաբերությունների աղբյուր», եւ երրորդըՙ «Առաջին չորս արդարադատ խալիֆաների օրոք նվաճված բնակչությանը տրված պայմանագրերը»:

Նշենք, որ անկախ հրովարտակ-պայմանագրերի (մանշուր), մասնավորապես Մուհամմադ մարգարեի եւ Ալի իբն Աբու Տալիբ խալիֆայի անուններով դաշնագրերի պատմական վավերականության եւ իսկության իրողությունից, թեմայի ուսումնասիրությունը կարեւոր է աղբյուրագիտության տեսանկյունից: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս հասկանալու Մերձավոր Արեւելքում իսլամի ի հայտ բերած քաղաքական եւ քաղաքակրթական փոփոխությունները: Առանց նշված փաստաթղթերի ուսումնասիրության գրեթե անհնար կլինի ընկալել խալիֆայության մեջ մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների, մասնավորապես քրիստոնյաների, հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաեւ իսլամական օրենքների գերակայությամբ ապրող փոքրամասնությունների հիմնախնդիրները:

Հեղինակը օգտվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ պահոցում Մուհամմադ մարգարեի ու Ալի իբն Աբու Տալիբ խալիֆայի անուններով մեզ հասած եւ 16-19-րդ դարերում ընդօրինակված բազմաթիվ դաշնագրերից, որոնց նախատիպը Մուհամմադ մարգարեի կողմից 632 թ. Եմենի Նաջրան քաղաքի բնակչությանը տրված պայմանագրի «քրիստոնեական» տարբերակն է, որի կազմման ժամանակաշրջանը տատանվում է 7-9-րդ դարերի միջակայքում: Մուհամմադյան պայմանագրերը մասնավորապես պահպանվել են Իբն Իսհակ-Իբն Հիշամի «Վարք մարգարեական» աշխատության մեջ: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում եւ աշխատանքում ուսումնասիրվել են Մուհամմադ մարգարեին, Ալի իբն Աբու Տալիբ խալիֆային, Օմար իբն Ալ-Խատտաբ խալիֆային վերագրվող պայմանագրերը, որոնք շնորհվել են Երուսաղեմի հայ համայնքին: Հետագա պատմափուլերում մուսուլման կառավարիչների կողմից հայերին տրված բոլոր դաշնագրերը Երուսաղեմի հայոց համայնքին տրված պայմանագրի վերահաստատումն են: Ասվածի ապացույցն է նաեւ Սալահ ադ-դին Ալ-Այյուբիի (1171-1193) կողմից Երուսաղեմի քրիստոնյաներին, այդ թվումՙ հայերին շնորհած դաշնագիրը: Նշենք, որ հայերը նախքան իսլամի հաղթարշավը, հինգ-վեցերորդ դարերում Երուսաղեմում ունեցել են բազմաթիվ եկեղեցիներ: Երուսաղեմ են այցելել հայ ուխտավորներ, վանականներ, ուսանողներ եւ այլն: Հեղինակն իրավացիորեն նշում է, որ ժամանակի ընթացքում մուհամմադյան դաշնագրերը դարձան հեղինակավոր եւ անկասելի չափանիշ հայերի նկատմամբ մուսուլման կառավարիչների կայուն դիրքորոշման ձեւավորման համար:

Ժամանակագրական առումով աշխատանքի հիմնական նյութն ընդգրկում է 7-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 12-րդ դարն ընկած ժամանակահատվածը, որը ներառում է առաջին չորս արդարադատ խալիֆաների, ինչպես նաեւ Օմայան եւ Աբբասյան խալիֆայության շրջանը: Անդրադարձ է արվել նաեւ հետագա դարերին, մինչեւ 19-րդ դարը, երբ հայերը, ապրելով իսլամական օրենքի ներքո, ձգտում էին Մուհամմադ մարգարեին վերագրվող դաշնագրով վերահաստատել իրենց կարգավիճակն իսլամական միջավայրում:

Դաշնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գլխահարկի եւ հողահարկի վճարման դիմաց երաշխավորվում է քրիստոնյաների անվտանգությունը, ունեցվածքը, ապահովությունը, ինչպես նաեւ դավանանքի ազատությունը: Մուհամմադյան դաշնագրերի ուսումնասիրությունը վկայում է քրիստոնյաների նկատմամբ հանդուրժողական ու մարդասիրական վերաբերմունքի մասին: Հետագայում դրանք դառնում են խալիֆայության կազմում ապրող նվաճվաճ ժողովուրդների հետ հարաբերվելու կարեւոր ձեւերից մեկը: Նշենք, որ մենագության մեջ ուսումնասիրվել են նաեւ Ղուրանում եւ հադիսներում հրեաների եւ քրիստոնյաների նկատմամբ իսլամի մոտեցումները:

Աշխատության մեջ հեղինակը, փաստորեն, լայն քննության է ենթարկում «մանշուր»-ի ինստիտուտը («Ալի Մանշուր», «Մեծ Մանշուր», «Փոքր Մանշուր») ՙ որպես քրիստոնյա-մուսուլմանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային ոլորտներում կարգավորող կարեւոր գործոն: Սկսած 12-րդ դարիցՙ հայկական միջնադարյան մատենագրության մեջ բազմիցս հիշատակվում են «Մեծ» եւ «Փոքր» մանշուրները: Հեղինակը նշում է, որ չնայած «Մեծ մանշուրը» ուղղակիորեն վերագրվել է Մուհամմադ մարգարեին, այն 7-րդ դարի վերջին եւ 8-րդ դարի սկզբին հայերին շնորհել է Օմայան զորավար Մուհամմադ իբն Մրվանը: Վերջինիս պետք է վերագրել նաեւ «Փոքր մանշուրը»: Մինչդեռ «Մեծ մանշուրի» կետերը ամրագրում են իսլամական իշխանության ուղիղ հաստատումը Հայաստանում, որտեղ 701 թ. ձեւավորվեց էմիրությունՙ Արմինիա անվամբ (հայտնի է նաեւ Արմինիայի ոստիկանություն անունով), որտեղ հայ ազնվականությունը (նախարարներ) պահպանեցին իրենց որոշակի նշանակությունը: Այս հանգամանքը հետագայում հիմք դարձավ հայոց անկախ պետությանՙ Բագրատունյաց Հայաստանի ստեղծման համար:

Հարկ է նկատի ունենալ, որ խալիֆաների կողմից քրիստոնյա բնակչությանը շնորհված դաշնագրերը մեզանում համապարփակ ուսումնասիրության չեն արժանացել: Խնդիրը հիմնականում ուսումնասիրվել է, ինչպես հեղինակն է նշում, միջնադարագետներ Հ. Անասյանի, Հ. Փափազյանի եւ Ա. Տեր-Ղեւոնդյանի կողմից, որոնց ջանքերով գիտական շրջանառության մեջ են դրվել մի շարք պայմանագրեր: Հիշարժան են նաեւ Բ. Խալաթյանցի եւ Հ.Նալբանդյանիՙ իսլամական աղբյուրներից քաղած թարգմանությունները: Այս տեսանկյունից, կարեւոր նշանակություն ունի մասնավորապես արեւելագետ, պրոֆեսոր Սեդա Դադոյանի «Հայերը միջնադարյան իսլամական աշխարհում: Փոխառնչության օրինակներ յոթից մինչեւ տասնչորսերորդ դարերը» մենագրության առաջին հատորը, որտեղ հանգամանալից քննարկվում են դաշնագրերը, հրովարտակները, խաղաղության պայմանագրերը որպես մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների հարաբերությունների կարգավորման իրավական հենք:

Նշենք, որ աշխատանքը ստեղծվել է հեղինակիՙ տարիներ տեւած ուսումնասիրության արդյունքում եւ կարեւոր ներդրում է հայ-իսլամական եւ հայ-արաբական հարաբերությունների ուսումնասիրության ոլորտում: Թեմայի քննությունը ի ցույց է դնում, որ հայերի պատմությունը յոթերորդ դարից ի վեր առնչվում է իսլամական աշխարհի եւ Մերձավոր Արեւելքի պատմությանը: Փոխառնչությունների բազմաթիվ օրինակներ փաստում են, որ հայերն իսլամական աշխարհի հետ հարաբերվելու մեծ փորձառություն ունեն եւ մերձավորարեւելյան խճանկարի կարեւոր բաղկացուցիչներից մեկն են: Իսկ ահա տասներորդ դարից ի վեր, արտագաղթի եւ պատմական հայրենիքում ինքնիշխանության կորստից հետո, ամրապնդելով իրենց դիրքերը Մերձավոր Արեւելքում, հայերը դառնում են կարեւորագույն գործոն քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Հայաստանի միջնադարյան պատմությունը թե՛ ավանդական պատմական հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս, Մերձավոր Արեւելքի հետ փոխառնչությունների եւ համագործակցության պատմություն է, որը շատ դեպքերում կարգավորվել է իսլամական իրավական նորմերով եւ նշված դաշնագրերով: Միանգամայն ճիշտ է դաշնագրերի ուսումնասիրությունը համարել հայ-իսլամական հարաբերությունների կարեւորագույն աղբյուր: Այս տեսնակյունից, Գայանե Մկրտումյանի մենագրությունը կարեւոր ներդրում է հայրենական արեւելագիտության մեջ, որն աչքի է ընկնում գիտական արդիականությամբ, ինչպես նաեւ քաղաքական նշանակությամբ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջինարեւելյան ուղղությունը կարեւոր նշանակություն ունի: Նշենք նաեւ, որ հեղինակին, ինչպես ինքն է նշել նախաբանում, մեծապես աջակցել են արեւելագետներ Ա. Կոզմոյանը, Հ. Ժամկոչյանը, Վ. Տեր-Ղեւոնդյանը եւ Ե. Մինասյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ