50 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ Նաիր ՅԱՆ Երգչուհի Արաքս Մանսուրյանը դարձյալ հայրենիքում էր: Գալու նպատակը ստեղծագործական գործունեության 50 ամյակին նվիրված հոբելյանական համերգն էր: Ընդհանրապես երգչուհին վերջին տարիներին Հայաստան է այցելում իր օտարազգի ուսանողների հետՙ նրանց հետ ոչ միայն ելույթ ունենալով, այլեւ ծանոթացնելով իր հայրենիքի հետ: Այս անգամ Արաքս Մանսուրյանը եկել էր ավելի մեծ խմբովՙ հույն, կորեացի, չինացի, ֆիլիպինցի, ասիացի. նրանք իրենց ուսուցչուհուն բեմից շնորհավորեցին կոմիտասյան ու մանսուրյանական երգերով: Հայկական երկացանկն Արաքս Մանսուրյանն էր կազմել. նա ցանկացել էր, որ օտարազգիները հայ հանդիսականի համար հայերեն երգեն: «Շատ հայտնի երգիչ-երգչուհիներ, իմանալով որ հոբելյանական համերգի եմ պատրաստվում, ցանկություն հայտնեցին մասնակցել երեկոյին: Բայց ես որոշեցի բեմը տրամադրել Ավստարլիայից ինձ հետ եկած օտարազգի ուսանողներիս: Թող բոլորը տեսնեն, թե Կոմիտասն ինչպես է հնչում նրանց շուրթերից, ինչպես են նրանք զգում ու հասկանում հայերենը, հայ երգերը: Յուրաքանչյուր բառի իմաստը, երգի յուրաքանչյուր ելեւէջը բացատրել եմ նրանց, որպեսզի սրտի եւ հոգու միջով անցկացնեն, հասկանան մեր ժողովրդական մշակույթի խորությունն ու հմայքը: Հավատացեք, դա ահռելի աշխատանք է, որովետեւ գործ ունեմ տարբեր հոգեկերտվածք ու մտավոր աշխարհ, տարբեր լեզվամտածողություն ունեցող մարդկանց հետ, որոնք անգամ Հայաստանի տեղը չգիտեն, հանձին ինձՙ առաջին անգամ են հայի հանդիպում: Մինչեւ որ «Կռունկը» կատարյալ չհնչի, իմ ուսանողներին հանգիստ չեմ թողնում, բառացիորեն հոգիները հանում եմ: Պիտի ամեն բան հասցնել կատարելության. սա է իմ ճանապարհը»,- համերգից առաջ ասաց երգչուհին: Ուսանողների համար կրթական ծրագիր է մշակել. ուսուցման ընթացքում պետք է անպայման Կոմիտաս երգեն ու ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր, նաեւՙ Տիգրան Մանսուրյան: «Ը» արտաբերել շատ են դժվարանում, հարցնում ենՙ ի՞նչ է նշանակում «Հաբըրբան»: Դե արի ու բացատրիր: Ախր այդ բառերը, հնչյունները հայ հողից, հայոց բնաշխարհից են դուրս եկել, դրանց իմաստը ոչ մի լեզվով չի բացատրվում. այն պետք է զգալ: Ուսանողներն Ավստրալիայում սկսել են նրանից հայերեն սովորել, «բարեւ-ցտեսություն»-ն անպայման են հայերեն ասում, չհաշվածՙ «ջան»-ը: Իրար դիմելիս ասում ենՙ Արաքս ջան, Ջորջիա ջան, Էնդրյու ջան, Ռիան ջան... Հույն երգչուհի Ջորջիա Կոկորիսը, որ երկրորդ անգամ էր իր ուսուցչուհու հետ նրա հայրնեիք այցելում, նկատել է, որ այստեղ Արաքս Մանսուրյանը բոլորովին ուրիշ մարդ է դառնումՙ վայելելով հայրենիքում անցկացրած ամեն վայրկյանը: «Արաքսին հանդիպել եմ 10 տարի առաջ: Նա փոխեց իմ կյանքը, ինձ: Նրա շնորհիվ ես ճանաչեցի հայ երգն ու մշակույթը: Ես Կոմիտաս, «Անուշ» եմ երգում: Վարակվել եմ Արաքսից. երգն զգում եմ ամբողջ էությամբ, ամեն բջիջով: Նա միակն է, ով գոնե մեկ անգամ յուրաքանչյուրիս ստիպել է երգելիս արտասվել»,- իր վարպետով հիացածՙ խոստովանեց հույն երգչուհին: Օպերային բեմարվեստում բազմաթիվ դերերգերով, մենահամերգներով հանդես եկած Արաքս Մանսուրյանը, որի հոգեւոր երգերի կատարումները հատկապես ավագ ու միջին սերունդը լավ է հիշում ու Լուսինե Զաքարյանի կողքին հիշում նաեւ նրա անունը, այսօր արդեն խուսափում է բեմերից: Ավելի հաճախ երգում են նրա սաները, քան ինքը: «Ցավալի է, բայց երգչուհու կյանքում գալիս է մի տարիք, երբ ձայնն այլեւս չի ենթարկվում իրեն: Թող ներվի ինձ ասել, բայց ես չեմ հարգում այն երգիչ-երգչուհիներին, ովքեր պետք է թողնեն բեմը, բայց համառորեն չեն թողնում: Կերկերուն, խզված ձայնով երգելովՙ փառքդ չես պահի: Ես չեմ ուզում, որ իմ հանդիսատեսն ինձ ծափահարի իմ անցած կյանքի ու ճանապարհի համար: Նա պիտի այսօրով գնահատի ինձ, ու եթե արժանի եմ, ծափահարի իմ այս պահի արածի համար: Շատ եմ ափսոսում, որ դաշնակահարուհի կամ ջութակահարուհի չդարձա: Եթե դառնայի, մինչեւ խոր ծերություն բեմի վրա կլինեի: Այդ ջութակը, դաշնամուրը երաժշտի հետ են հավերժ, իսկ ձայնը դավաճան գործիք է»,- ափսոսանքով նկատեց երգչուհին: Լինի հայ, թե եվրոպացի, դասական, թե ժամանակակից, Արաքս Մանսուրյանը մեկնաբանում, մատուցում, ներկայացնում ու ներառում է կրթական ծրագրերում ու համերգներում, բացի... հայ հոգեւոր երգերից: «Որպեսզի Կոմիտասը կոմիտասաբար հնչի, ես կարող եմ աշխատել շատ երկար, համբերատար ու համառորեն: Որպեսզի Տերյանի բառերը մաքուր հնչեն, ես կարող եմ օտարին ներկայացնել Տերյանի կյանքն ու նրա պոեզիայի գեղեցկությունը, կարող եմ արտասանել ու թարգմանել: Բայց ինչպե՞ս պատմեմ, թե որտեղից են գալիս մեր հոգեւոր երգերը, ինչ արժեք ունեն հայերիս համար: Ինչպե՞ս թարգմանեմ անթարգմանելին: Չեմ կարող, անհնար է: Դրա համար էլ ես ձեռք չեմ տալիս հոգեւոր երգերին: Եթե դրանց կատարումը կատարյալ ու բացառիկ չի լինելու, եթե օտարները չեն կարողանալու այնպես զգալ, ինչպես հայը, ուրեմն պետք չէ հոգեւր երգերին ձեռք տալ, որովհետեւ ուղղակի չի կարելի»,- ասաց երգչուհին: Հայաստան տեղափոխվելու եւ մշտապես բնակություն հաստատելու մասին երգչուհին սկսել է ավելի հաճախ մտորել. ուսանողները վրա բերեցինՙ մենք էլ ենք գալու: |