RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017



ԴԻՐԻԺՈՐԸ

Տեղադրվել է` 2017-09-28 21:52:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 4251, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Զավեն ՎԱՐԴԱՆՅԱՆ, Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստ. գործիչ

Գ. Լիխտենբերգ. «Եթե գրքի (մեր դեպքումՙ պարտիտուրի) հետ գլխի բախման ժամանակ հնչի դատարկ հնչյուն, մի՞շտ է, արդյոք, դա գրքի (պարտիտուրի) հնչյունը»:

Դիրիժորական ժեստը ներսից է գալիս եւ միաձուլում է բանականությունն ու հույզը: Դիրիժորական ժեստը, տեխնիկական առումով, ունի համախմբող, ղեկավարող, ուղղություն տվող հատկանիշներ, եւ, զուտ մեկնաբանման առումով, սիմվոլիկ արտահայտությունների համակարգՙ խնդրելու, պահանջելու, էներգիայի կուտակման, երաժշտության ընթացքի սահունության կամ կտրտվածության եւ այլն: Դիրիժորական ժեստը պետք է լինի իմաստավորված, գիտակցված, որին ուղղորդում է բնածին դիրիժորական խելքը, որն էլ սնվում է բազմազան գիտելիքներից, որոնք ամբարված են ուղեղում: Դիրիժորական ժեստի զգացողությունը կարեւորագույն հատկանիշ է: Ժեստը տալիս է անձի ներքին աշխարհի պատկերը:

Կան դիրիժորներ, որոնց նվագախումբ ղեկավարելու եղանակը չի բավարարում դիրիժորական արտիստիզմի իմ պատկերացումները: Սակայն խորը, մեծ երաժիշտների պարագայում, նրանցից ժայթքում է այնպիսի էներգիա, այնպիսի ֆլուիդներ, որոնք առաջացնում են այնպիսի մագնիսական դաշտ, ուր հայտնված երաժիշտ-կատարողներին ներշնչում, ենթարկում են հոգեբանական գրոհի եւ նրանց պարտադրում իրենց երաժշտական կամքը:

Դիրիժորական ժեստը պետք է համարժեք լինի երաժշտության շարժմանը, նրա պլաստիկային, արտահայտի նրա նրբագույն տատանումները: Նշանակում է դիրիժորի հոգին ու միտքը պետք է ներծծված լինեն կատարվող երաժշտության ռիթմով, հարմոնիայով, մեղեդիով, բովանդակությամբ ու ձեւով: Դիրիժորը ամբիոնի մոտ կանգնած նույն հռետորն է, այն տարբերությամբ, որ մեկը արտահայտվում է լեզվով, մյուսըՙ ձեռքերով, նոտակալի մոտ, նվագախմբի առաջ: Միտքը տեղ հասցնելու, լսողի վրա ազդելու համար, հռետորը տիրապետում է լեզվական, արտաբերման, դադարների, շեշտերի, ձայնի ուժեղացման կամ նվազեցման եւ այլ տարբեր հմտությունների, մի խոսքովՙ բանավոր խոսքի ձիրքի: Այդպես էլ դիրիժորը, պետք է ունենա ձեռքերին խոսեցնելու ընդունակություն, դրանցով հաղորդակցվելու ձիրք: Ինչպես հռետորի խոսքը պետք է կառուցվածք ունենա, այնպես էլ դիրիժորական ձեռքերը պետք է բովանդակային կառուցվածք ունենան: Դիրիժորի ժեստը պետք է տա հնչողության բնութագրական պատկերը: Երկուսին էլ պետք է «մատուցման հմայք, արտիստիզմ, որոնք զարդարում են տաղանդը»: Դիրիժորը պետք է կարողանա հավասարակշռել զգայականն ու ինտելեկտուալ ռեալությունըՙ հուզականություն եւ բանականություն, ինքնավերլուծություն եւ գործունեություն, պարտիտուրը եւ դրա մասին իր պատկերացումը: Դիրիժորության ընթացքում անհրաժեշտ է կենտրոնացնել ամեն ինչ. ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ մտավոր, ե՛ւ հուզական հատկությունները, կարողանա տեքստին վերաբերվել ճկունորեն, չկառչել նոտաներից, թողնել, որ երաժշտությունը հնչի այն բնատեսքով, որը հեղինակը դրել է ազատ հնչող, սիստեմավորված հնչյուններից կազմված միտք-ֆրազայում, միշտ հետեւի, որ ռիթմըՙ ստեղծագործության շաղախը, լինի առաձգական, որովհետեւ այն միավորում է ամեն ինչՙ սուբ-մոտիվներ, մոտիվներ, ֆրազներ, ամեն շարժիչ եւ զսպիչ դետալներ: Դիրիժորը պետք է նկատի եւ զգա միջին ձայները, կազմակերպի, կենդանություն հաղորդի դրանց գոյությանը, պեդալային նոտաներին, ստանա անկրկնելի նվագախմբային հնչյուն, մարդկային ձայնի բնականությանը հասնող հնչյուն, հնչողության գեղեցկություն, կառուցի հավասար դիապազոն, որպեսզի յուրաքանչյուր գիծ - պարտիա, բոլոր տեսիտուրաներում հնչի արժանապատվորեն, բոլոր ռեգիստրներն ունենան իրենց գույները: Դիրիժորը պետք է հնչյունի մեջ տեսնի գույն, լինի ճաշակ ձեւավորող, իսկ դա բխի որպես ներքին պահանջ, ունենա ներքին լսողություն եւ քննախույզ միտք, որի գեղարվեստական մտածողությունը, պոետական շունչը կրում է ներշնչանքի դրոշմ:

Դիրիժորի կողմից պարտիտուրի ուսումնասիրումը նշանակում է ստանալ ինֆորմացիա: Մեկնաբանությունը երկկողմանիՙ դիրիժոր-նվագախումբ, նվագախումբ-դիրիժոր հաղորդակցության ձեւ է, որի ընթացքում, դիրիժորը ուղարկում-հաղորդում է նվագախմբին իր ունեցած ինֆորմացիան եւ օգտագործում է նվագախմբի կողմից ուղարկված-ստացած ինֆորմացիան, իր ինֆորմացիայի արդյունավետությունն ստուգելու համար: Շատ հաճախ ենք ներկա լինում այնպիսի կատարումների, որտեղ ստեղծագործության միտքն ու կատարման արդյունքը էապես տարբեր են: Հիանալի դիրիժորը նվագախմբի մակարդակը բարձրացնում է նրանով, որ երաժիշտներին պարզաբանում է մեկնաբանման ու կատարման նրբությունները եւ դրանով հասնում եզակի վարպետության նվագի: Ներշնչումը, երեւակայությունը, ինքնատիպությունը լավ են միայն այն դեպքում, եթե զուգորդվում են բազմապիսի, խորը գիտելիքների հետ: Ուստի երաժշտագիտությունը դիրիժորի համար նույնպիսի անհրաժեշտություն է, ինչպես բրիչն ու վրձինը հնագետի համար, եւ այդ գիտությունը հնարավոր է կուտակել միայն մտավոր կարգապահության եւ խստորեն կարգավորված աշխատանքի շնորհիվ: Բայց սա էլ բավարար չէ, քանի որ հույժ կարեւոր է այն յուրացնել ճիշտ եւ կարողանալ գործի դնել պրակտիկորեն: Սակայն, ինչպե՞ս պիտի կայանա դա, եւ կիրառվի, եթե անձից դուրս է մղված ամբողջ գիտակցականըՙ գիտելիքների համակարգը, եւ դրա հետ կապված ամեն բան: Այսինքնՙ կանգնած ես «իդեալական դատարկությանը» դեմ-հանդիման: Հատկապես ուզում եմ նշել. անգրագետ րՈՎՏՐՏՊՏՍ-ների աստեղային դարաշրջանն անցել է ընդմիշտ:

Դիրիժորի կարեւորագույն հատկություններից մեկն էլ այն է, որ իր վերապրածըՙ եթե ունակ է վերապրելու, կարողանա փոխանցել նվագախմբին եւ նրա հետՙ ունկնդրին, իր արվեստով կարողանա վերականգնել կամ օգնի վերականգնելու մարդու հոգեւոր էներգիան: Դիրիժորը պետք է ունենա հարուստ կուլտուրա, որի պակասը սահմանափակում է իրեն, եւ էրուդիցիաՙ ծայրահեղորեն անհրաժեշտ առանձնահատկություն, որպեսզի կարողանա մտնել կոմպոզիտորի ստեղծագործության ամենախոր շերտերը, տեսնել դրանց դերը, կարողանալ որսալ կոմպոզիտորին բնորոշող «հավերժականը վայրկյանի մեջ»: Եթե չկա էրուդիցիա, դիրիժորը վերածվում է ձեռքում փայտիկ բռնող մեկի, որը եթե «մինչեւ չորսը հաշվել գիտի, ուրեմն դիրիժոր է», ինչպես սարկազմով արտահայտվել է Ռ. Շտրաուսը:

Դիրիժորը դետալներ տեսնելու, իրար համակցելու, շարժման մեջ դնելու վարպետ պետք է լինի: Հաճախ վկա ենք դիրիժորության, որը հենակետ չունի, քանզի երբ չկա միտք, ուրեմն չկա եւ մտքի հենակետ: Եվ հասկանում ես, որ նա դիրիժոր է լոկ զբաղմունքով, այլ ոչ էությամբ:

Կա եւ անգիր ղեկավարող դիրիժոր-հաշվապահի տեսակը: Երբ դիրիժորի ձեռքերը ըստ էության անհասկանալի ենՙ տակտի մետրային եւ հատկապես խարակտերային իմաստով, ինչ-որ զավեշտական շարժումներ են անում օդում, տալիս են սոսկ տվյալ անձի ծաղրանկարը: Նայեք դեմքին, եւ կտեսնեք դատարկություն, լսեք նրան, եւ կլսեք վիրավորական լինելու աստիճանի պարզունակ մտքեր ու կհասկանաք, որ այնտեղ` բացի վեգետարյանական մտքերից, երբեք ոչինչ չի եղել, չկա եւ չի լինի: Լիխտենբերգըՙ մարմնապես թերի, բայց մտքի առումով անթերի իմաստունը, սրամտորեն հարց է տալիս. «Եթե գրքի (մեր դեպքումՙ պարտիտուրի) հետ գլխի բախման ժամանակ հնչի դատարկ հնչյուն, մի՞շտ է, արդյոք, դա գրքի (պարտիտուրի) հնչյունը»: Մենք կպատասխանենք. իհարկե ոչ: Եվ շարունակում է. «Արարումը հայելի է: Եթե նրա մեջ նայողը կապիկն է, հայելին չի կարող արտացոլել առաքյալի դեմք»... Դիրիժորի այս տեսակը` միանգամայն անկարգապահ մտածողությամբ ու ամայի ներաշխարհով, մեզանում հաճախ հասնում է դիրքերի, որոնք համապատասխան չեն զբաղեցրած դիրքի եւ իր մտավորի ու հոգեւորի հարաբերակցությանը: Զգում ես, որ նա նման է դիրիժորի այնքան, որքան հնդուհավը արծվի: Եթե արծիվը կարող է իջնել մինչեւ հնդուհավը, ապա «հնդուհավը, երբեք չի կարող բարձրանալ մինչեւ արծիվը»: Մտավոր տկարության, ուստի եւ մրցակցության չդիմանալու պատճառով միջակությունն ամեն ինչ անում է տաղանդավորին վակուումի մեջ պահելու, հասարակության մեջ նրան մոռացության մատնելու համար: Կարծում եմ, մարդկային այս տեսակն է նկատի ունեցել Նիցշեն, երբ ասել է. «Քեզ գերազանցողի հետ մտերմությունը դառնացնում է, որովհետեւ չի կարող վերադարձվել»: Հերդերը, մի գրամոլի դիմելով, զայրացած հարցրել էՙ «Դու ուզում ես ձեռք բերել հաղթողի դափնիները առանց մարտում քեզ վտանգելո՞ւ»: Հերդերի այս զայրացկոտ հարցին կարելի է պատասխանել. «Հերր Հերդեր, դա կարող է պատահել մեզանում, որտեղ հաղթողի դափնիները կարելի է ձեռք բերել առանց վտանգելու սեփական անձը, առանց մարտի գնալու: Բավական է ունենալ «հովանավոր», «հրող»»: Նման դիրիժորների մասին կարելի է ասել. «Ունի դիպլոմ, բայց երաժշտության մարդ չէ, որոնց իրական կերպարը դիսոնանսի մեջ է բաղձալի կերպարի հետ»: Պահվածքի ու խոսվածքի անհամեստություն, սրան գումարած միջակություն` բազմապատկված տգիտությամբՙ դառնաղի կոկտեյլ է:

Արվեստագետի ուժն այն է, թե ինչպես է ինքը փոխանցում իր հոգեւոր եւ մտավոր էներգիան, իր ապրումների ուժը: Երբ խոսում ենք անհատականության մասին, նկատի ունենք Եսը, եւ ինքնանույնացումը նրա հետ: Երբ որեւէ մեկի մասին ասում ենքՙ «նա անհատ է», նկատի ունենք իր բանական ու հոգեւոր աշխարհների առանձնահատկությունները, որոնք իրապես տարբերակում են նրան ուրիշներից: Ուրեմն անհրաժեշտություն կա մշտապես կրթելու ներքին Ես-ը առատ մի սնունդով, որը Գիտելիք, Դիտողականություն, Զգացմունք բաղադրամասերից է կազմված եւ դաստիարակվում է կրիտիցիզմի (քննադատականության) կանոններով:

Ինչի մասին որ ասացի, վերաբերում էր Էությանը: Բայց Էությանը պետք է շունչ տալ, եւ շունչ է տալիս ո՞վ` Հոգին, որին ղեկավարում է Ոգին: Յունգն ասում էր. «Սովորությունների դաստիարակման մեծագույն ուժն է ձեւավորում մարդու Ոգին հենց մանկությունից եւ զարգացնում նրա մեջ ամուր եւ կայուն բնավորություն», եւ այնուհետեւՙ «Կուլտուրան, որը յուրացվում է հոգեւոր ուժի միջոցով, ձեւավորվում է կյանքի առաջին կեսին, եւ եթե դա տեղի չունեցավ, ուրեմն այն հազիվ թե տեղի ունենա կյանքի երկրորդ կեսին»:

Եթե դիրիժորն զգում եւ գիտակցում է ստեղծագործության ներքին կյանքը, «կենսահյութի շարժումը», իմաստի աստիճանաբար կազմակերպումը, կարողանում է կենդանի պահել կոմպոզիտորական մտքի ընթացքն ու զարկերակը, նա «այլ ականջով» է լսում եւ ընկալում գործը: Այսինքնՙ նրա մտավոր եւ հոգեւոր կարողությունները պետք է լինեն բարձրագույն մակարդակի, որպեսզի իր այդ կարողությամբ լինի կոնգենիալ, անկորուստ ի հայտ բերի կոմպոզիտորի մտահղացումները կամ երեւան հանի նրանց անկատարությունը: Ստեղծագործողը աբստրակտ երեւույթ չէ: Կատարողըՙ եւս: Եթե անգամ տաղանդ ունես, դա քիչ է: Եվ այնքան տաղանդը չէ էականը, որքան այդ տաղանդին ուղղություն տվող Ոգին: Տաղանդը` առանց քրտնաջան աշխատանքի, ոչինչ է: Անհրաժեշտ է սովորել մշտապես կրթվել:

Դիրիժորը, որի առաջ դրված է պարտիտուրը, եթե չստանա որոշակի իմպուլսներ, չի կարողանա ըմբռնել նրանում եղած տեղեկույթը, որն ընկալելու համար անհրաժեշտ է, որ ուղեղը լինի ընդունակ որսալու այդ իմպուլսները: Եվ դա կարող է լինել միայն այն ուղեղը, որն ունի համապատասխան գործիքՙ գիտելիքների սիստեմ: Իմպուլսների ընկալումից, դրանք սիստեմավորելու կարողությունից է կախված ըմբռնումը եւ իբրեւ հետեւանքՙ երաժշտության որակը, նրա բովանդակությունը, կառուցվածքը, գունագեղությունը, ի վերջո գեղագիտությունն ի հայտ բերելը: Կամՙ այդ ամենի բացակայությունը: Գտնել պատճառաբանվածությունՙ իմաստ, կամ դրա բացակայությունը, կամ թե առնվազնՙ ինչու է գրվել, ինչ նպատակ է հետապնդում, պարզել դրա գոյությունն արդարացնող կամ չարդարացնող միջոցները, որոնք կարող են նաեւ հաստատել այդ երաժշտության անհրաժեշտությունը կամ ոչ անհրաժեշտությունը: Արդյունքՙ դրական կամ ոչ դրական: Դիրիժորի երեւակայությունից, նրա հուզական աշխարհից, հնչյունների աշխարհը թափանցելու մտքի, դրանց շունչ տալու կարողությունից է կախված ստեղծագործության բախտը: Նիհարիկ խելքը, որը շարժվում է հոգեւոր եւ մտավոր աշխարհի նեղլիկ կածանովՙ անկարող է լուծել հզոր խնդիրներ:

Պարտիտուրան տարածք է, երաժշտակա՛ն տարածք: Նա սկսում է հասկանալի դառնալ, երբ իրենով զբաղվում է Ոգին: Դիրիժորները եթե չունենան լուսավորյալ Ոգի, խորը եւ բազմակողմանի գիտելիքներ, արարման կարողություն, ի վիճակի չեն լինի ի հայտ բերելու այն խնդիրները, որոնք առկա են ստեղծագործության մեջ: Սրա դեմ` բոլոր ժամանակներում, կոմպոզիտորները միշտ էլ բողոքել են, հատկապեսՙ Բեթհովենը: Պատկերացնո՞ւմ եք, այդ Մեծ Հեթանոսը (այդպես էին անվանում Գյոթեին, ես էլ Բեթհովենին եմ այդպես անվանում), ինչ կատաղության կհասներ, եթե հանկարծ լսեր, թե ինչպես են ապականում եւ աղավաղում իր երաժշտության Ոգին մեր ժամանակներում` նրա թրատող sf-ները Հերոսականում եւ խոցող sf-ները 7-րդ սիմֆոնիայի ֆինալում` հեթանոսական պարի ապոթեոզում, վերածելով անկիրք, անկամ, չեզոք սեռի ինչ-որ մի բանի...

Շատ կարեւոր եմ համարում գործիքավորման ուսումնասիրումը, որը կարեւորագույն մասն է ստեղծագործության հոգեբանության, կոմպոզիտորի ինքնաարտահայտման: Ճշտել «խոսող» պաուզաների նշանակությունը, շոշափել ինտոնացիան, հետեւել հնչյունի գույների եւ նրբերանգների փոփոխությանը, նրանց խաղին, էներգիայի ճիշտ բաշխմանը բարձրակետեր կառուցելիս, գլխավոր ձայների եւ ենթաձայների հարաբերությանը, դրանց շարժման տրամաբանությանը, ֆրազների դինամիկայի ճշգրիտ չափաբաժանմանը, դետալների մանրամասն մշակմանն ու դրանցով հասնել ամբողջական կառույցի կերտման, տեմբրինՙ իբրեւ կառույցի զգայական հյուսվածքի, ունենալ ականջ, որն զգում է հնչյունը, ճաշակՙ դեպի հնչյունը: Հնչյունը ինչ-որ դատարկ բան չէ: Ինձ համար կարեւոր է հնչյունի փիլիսոփայությունը, հնչյունի հոգեբանությունը: Ստրավինսկու համոզմամբՙ «Բեթհովենի իսկական մեծությունը հնչյունային բարձր որակի սուբստանցն է»: Ես փորձում եմ կառուցել կոմպոզիտորի «նախագիծը»ՙ պարտիտուրը, համապատասխան հնչյունովՙ դրա համար օգտագործելով հնչյունի փոփոխվող յուրահատուկ հոգեբանական բնույթը: Հնչյունը սիմվոլ է, ձայնային ազդանշան, որը ինֆորմացիա է կրում հնչողության բարձրության մասին եւ մյուս սիմվոլների հետ հարաբերվելիս առաջ է բերում իմացության հնարավորությունՙ հասկանալու նրանց միջեւ ծնունդ առած նյութըՙ երաժշտությունը: Կարեւորն ինքը հնչյունը չէ, այլ հնչյունների հարաբերակցությունը: Ինտելեկտից զուրկ, աղքատ ներաշխարհով դիրիժորի համար այդ հնչյունները լսելի չեն: Միայն ինտելեկտուալ, հարուստ ներաշխարհով ապրող դիրիժորին լսելի այդ հնչյուններին, դրանք ստեղծագործաբար ընկալող, ստեղագործաբար գործող դիրիժորը կկարողանա դեմք տալ: Կանխազգա՛լ կոմպոզիտորի մտքի ընթացքը:

Տիեզերքով զբաղվող գիտնականները փորձում են հասկանալ` ինչպես է Ոչնչի մեջ առաջացել Մեծ Պայթյունը: Այդ Պայթյունը ունեցե՞լ է Պատճառ: Մինչ Պայթյունը, Ժամանակը գոյություն ունեցե՞լ է, թե՞ գոյացել է պայթյունից հետո: Դիրիժորները նույն գիտնականներն են եւ պետք է փորձեն հասկանալ երաժշտական տարածությունը` պարտիտուրը, նրանում տեղի ունեցող Պրոցեսները եւ այդ Պրոցեսների ներքին համադրման կանոնը: Կատարողը հստակ պետք է իմանա, թե ինչպիսի մոտեցում, ինչպիսի գեղարվեստական շեշտեր են անհրաժեշտ ստեղծագործությունը կատարելիս: Կարճ ասածՙ գիտակցված ընթերցում: Եթե դա չկա, ապա տեխնիկապես ամենակատարյալ ընթերցումն իսկ դառնում է անիմաստ: Կատարողը կամուրջ է կոմպոզիտորի եւ ունկնդրի միջեւ: Դիրիժորի հուզական եւ մտավոր կարողություններից, նրա ստեղծագործական մտքի թափից, նրա անհատականությունից, պարտիտուրի մեջ խորանալու ընդունակությունից է կախված մեկնաբանությունը, մեկնաբանության ի՛ր ճշմարտացիությունը: Այսինքն հանդես բերել ինքնուրույն մտածողություն` մեկնաբանման հիմնական պայմանը: Իդեալական կլիներ ոչ միայն գիտակցել, այլ նաեւ գիտակցել, որ գիտակցել ես:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ