RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 21:51:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3479, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐԻՐ ԿԱՄ ՄԵՌԻՐ

Սալմա ԱԲԴԵԼԱԶԻԶ

Սիրիացի փախստական երիտասարդը պարում է էյֆելյան աշտարակում

Ահմադ Ջուդեն արդեն վարժված է պարելու արտասովոր տեղերում. սկսած Յարմուկում Սիրիա) փլատակների վրա բացվող տանիքներից մինչեւ Պալմիրայի հին ավերակները: Նա նույնիսկ մահվան սպառնալիքների է ենթարկվել իր արվեստը ներկայացնելու համար:

Վերջերս Ահմադ Ջուդեն հանդիսատեսներին ներկայացավ պարելով, պտտվելով եւ շրջացատկելով Էյֆելյան աշտարակի եւ Փարիզի Օպերայի առջեւՙ իր համար հատուկ գրված «Պարիր կամ մեռիր» երգի ներքո, որով պարողը կկարողանա տարածել խաղաղության եւ մշակութային ըմբռնողության իր պատգամը:

«Հնարավորություն եմ ստացել Փարիզ գալ եւ ֆրանսիացի երգիչ Սանգայի հետ աշխատել այս երգի վրա»,- CNN-ին պատմեց Ջուդեն: «Նա այս երգը գրեց ինձ համար, իմ կյանքի նշանաբանի համաձայնՙ «Պարիր կամ մեռնիր»: Իրականում լավ բաներ էի ակնկալում, բայց ոչ այսքան հրաշալի բաներ, ինչպիսին հիմա է տեղի ունենում»:

«Պարիր կամ մեռիր» բառերը սանսկրիտով դաջված են Ջուդեի ծոծրակին: Դրանք միաժամանակ խոստում ենՙ ինքն իրեն եւ մարտահրավերՙ իր թշնամիներին:

Քսանյոթամյա Ջուդեն մեծացել է Յարմուկումՙ Դամասկոս քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբարում, որտեղ նա հաղթահարել է պահպանողականների հակազդեցությունը, քաղաքացիական պատերազմը եւ նույնիսկ ահաբեկիչների սպառնալիքներինՙ իր արվեստով զբաղվելու համար: Մինչ իր համայնքի ուրիշ մարդիկ իրենց համարում են սիրիացի փախստականներ կամ անհայրենիք պաղեստինցիներ, Ջուդեն իր ինքնությունը նկարագրում է երկու այլ բառովՙ բալետի պարող:

«Առաջին անգամ, երբ պարեցի, զգացի որ դա իմն է,- բացատրում է նա:- Ես ծնվել եմ փախստականների ճամբարում, իսկ հիմա ողջ աշխարհն ինձ որպես պարող է ճանաչում: Հենց դա էր ուզածսՙ դառնալ պարող: Երբ հայրս իմացավ, ինձ կանչեց ու ասաց. «Մենք դա չենք ուզում: Պարող չե՛ս դառնալու»: Ամեն ջանք գործադրեց, որ չպարեմ, նույնիսկ ինձ ծեծեց»:

Ջուդեն բալետ ուսանեց եւ պար դասավանդեց Յարմուկի փախստականների ճամբարում: Եվ չուզեց պարը լքել, եւ ի վերջո հայրը ստիպված հեռացավ ընտանիքից: Դա նշանակում էր, որ այսուհետեւ Ջուդեն է ֆինանսապես պատասխանատու էր մոր եւ եղբոր համար: Այդուհանդերձ, նա շարունակեց ամբողջացնել իր պարային կրթությունըՙ միաժամանակ պարի դաս տալով գումարի դիմաց: Իր տաղանդի շնորհիվ նա դեր շահեց «Պարիր, եթե կարող ես» հանդեսի արաբական տարբերակում, բայց իր հաջողությունը նաեւ իրեն ահաբեկիչների թիրախ դարձրեց: 2015 թվականին «Իսլամական պետությունը» հարձակվեց իր թաղամասի վրա եւ սկսեց Ջուդեին սպառնալՙ ասելով, որ նա իր արվեստի համար արժանի է մահապատժի: Ջուդեն քաջությամբ պատասխանեց սպառնալիքներինՙ իր մաշկի վրա ցմահ գրելով իր պատգամը: Եվրոպա մեկնելուց առաջ նա պարեց Պալմիրայի հին ավերակների մեջ: «Դաջվածքս «Պարիր կամ մեռիր» է, որովհետեւ ուզում էի, որ ինձ սպառնացողները տեսնեն, որ իրենցից չեմ վախենում»,- բացատրում է նա:

Չնայած Սիրիայի պատերազմում նա կորցրեց ընտանիքի անդամներին եւ տունըՙ նա մնաց անընկճելի եւ վճռական: Եվ այսպես, Ջուդեն շարունակեց պարել: Անցյալ տարի նրա կյանքն ամբողջովին փոխվեց, երբ հոլանդական ազգային բալետն առաջարկեց իրեն հովանավորել, որ Ամստերդամում սովորի:

Եվրոպա տեղափոխվելը նշանակում էր, որ նա վերջապես ապահով կլինի, սակայն նրա միտքը երբեք հանգիստ չէր: Նրա մեկնելուց ի վեր ընտանիքը երկու անգամ հարձակման է ենթարկվել: «Երբ հիշում եմ ընտանիքս, դժվարանում եմ շնչել, հատկապես պարելիս,- ասում է նա թաց աչքերով:- Մի օր, փորձի ժամանակ, երկիրս եւ ընտանիքս միտքս եկան, եւ դրանից հետո չկարողացա շարժվել, անգամ շնչել»:

Ջուդեի ճանապարհը գոնե մեկ հոգի փոխեցՙ իր հայրը, որն այժմ որպես փախստական ապրում է Գերմանիայում: «Նրան այցելեցի Բեռլինում հինգ օր առաջ եւ տեսա, որ պարում է իր տանը»,- Ջուդեն այս դեպքը հիշելիս ծիծաղում է: Հոր անհավատալի փոփոխությունը ամրապնդեց Ջուդեի համոզումը, որ բալետը կարող է ուրախացնել ամենամութ սրտերը եւ բացել փակ մտածելակերպը: «Դա ապացույց է, որ կարող եմ ողջ աշխարհը փոխել, եթե ինքս ինձ հավատամ,- ասում է նա:- Եթե կարողացա հորս միտքը փոխել, կկարողանամ արաբական աշխարհի բազմաթիվ հայրերի մտքերը փոխել»:

Ջուդեն ասում է, որ չի ափսոսում դժվար ժամանակներով անցած լինելու համար: «Շատ շնորհակալ եմ իմ կյանքի համար: Շնորհակալ եմ պատերազմին, ԻՍԻՍ-ին եւ բոլոր վատ բաներին, որովհետեւ ինձ ստիպեցին ուժեղացնել անձնավորությունս: Ուզում եմ ամբողջ աշխարհին ասել, որ կարելի է արվեստագետ լինել: Պայքարելու ամենալավ ձեւը հենց արվեստն էՙ պարը, երաժշտությունը, նկարչությունը: Ինձ համարում եմ աշխարհի ամենաբախտավոր սիրիացին»:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ