RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017



ՀՅՈՒՐԱԽԱՂ

Տեղադրվել է` 2017-10-12 21:51:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3303, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԵՆԵ ՖԼԵՄԻՆԳԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Նաիր ՅԱՆ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում հյուրընկալեցինք երաժշտության աշխարհի հերթական մեգաաստղինՙ Ռենե Ֆլեմինգին: Նրա հայաստանյան այցը հնարավոր է դարձել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ: Պարզվում էՙ նրանք հին ընկերներ են: Դեռ տասնմեկ տարի առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում մաեստրոն ղեկավարել է «Խվորոստովսկին եւ ընկերները» մեծ համերգը, որտեղ ի թիվս համաշխարհային մեգաաստղերիՙ ելույթ է ունեցել նաեւ Ռենե Ֆլեմինգը: Դրանից հետո Կոնստանտին Օրբելյանն օպարային երգչուհու հետ համագործակցելու էլի առիթներ է ունեցել:

Ռենե Ֆլեմինգը շատ բարձր է գնահատում մեր մաեստրոյի պրոֆեսիոնալիզմը: «Հայաստանի, հայ մշակույթի ու պատմության մասին շատ տեղեկացված չեմ, բայց երաժշտության ասպարեզում շատ հայ ընկերներ ունեմ: Այսօր առավոտյան Արարատ լեռը տեսա. հրաշք էր: Նկատել եմ, որ հայ ընկերներս կառչած են իրենց արմատներին, ավանդույթներին: Հայի արյունն ու գենը նրանց մեջ շեշտադրված է: Նրանցից մեկն էլ իմ լավ ընկեր ու բարեկամ Կոնստանտին Օրբելյանն է, որի միջոցով որոշ տեղեկություններ եմ ստացել Հայաստանի մասին ու նրան ճանաչելով, գնահատելովՙ մեծ սիրով համաձայնել գալ ձեր երկիր ու սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալ: Ի դեպ, հրաշալի նվագախումբ ունեք. բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություններ, կատարողական վարպետություն: Հրաշալի են նաեւ հայկական ձայները: Համերգի փորձից հետո հնարավորություն ունեցա վարպետության կարճ դաս անցկացնել օպերային երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ, լսել նրանց: Իսկապես, հիացած եմ. նրանք բեմական լավ ապագայի հրաշալի նախադրյալներ ունեն»,- հայաստանյան այցի առաջին տպավությունները կիսել է Ռենե Ֆելինգը :

Համաշխարհային նշանակության, կարելի է ասելՙ դարակազմիկ իրադարձություններն իր ելույթներով զարդարած Ռենե Ֆելինգը շարունակում է երգել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, ամենահեղինակավոր նվագախմբերի, դիրիժորների, երաժիշտների հետ: Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողություն, Պեկինիՙ 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-ամյակ, 2013թ. Բարաք Օբամայի երդմնակալություն, Չեխիայի հեղափոխության 20-ամյակ (հրավիրվել է Չեխիայի նախագահի կողմից), «Սուպեր Գավաթ», Էլիզաբեթ թագուհու ադամանդե տարեդարձին նվիրված համերգՙ Բուքինգեմյան պալատի պատշգամբում. համաշխարհային նմանատիպ իրադարձությունները Ռենե Ֆլեմինիգի ելույթներն ավելի ծանրակշիռ ու նշնակալից են դարձրել:

Ռենե Ֆլեմինգը համագործակցել է նաեւ փոփ, ջազ, ռոք աստղերի հետ, համատեղ համերգներ ունեցել Պլասիդո Դոմինգոյի, Լուչանո Պավարոտտիի հետ: 14 անգամ «Գրեմիի» առաջադրված երգչուհին 4 անգամ արժանացել է այդ մրցանակին, նրա ձայնը հնչում է նաեւ «Մատանիների տիրակալը», «Երազների պահապանները», ինչպես նաեւ 2017-ին Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմերում:

Ռենե Ֆլեմինգը 2004-ին գրել է «Ներքին ձայնը» գիրքը, որը վերահրատարակվել է 16 անգամ ու թարգմանվել տարբեր լեզուներով: Նրա համերգների տեսագրությունները մեկ շաբաթում տասնյակ միլիոն դիտումներ են արձանագրում: Նախագահ Օբաման Ֆլեմինգին պարգեւատրել է ԱՄՆ-ի Արվեստների ազգային մեդալով: Երգչուհուն վրձնել են մեր ժամանակների հանրահայտ տարբեր նկարիչներ: Լավագույն կտավները Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության շարքում են:

Համաշխարհային նորաձեւթյան երեւելիները գնահատում են ոչ միայն Ռենե Ֆլեմինգի ձայնն ու արտիստական հմտությունները, այլեւ արտաքին հմայքն ու զգեստների ընտրության նրբաճաշակությունը: «Ռենեն առաջին իսկ վայրկյաններից իրենով է լցնում յուրաքանչյուր դահլիճ»,- ասում են նրանք:

Այդպես իրենով նա լցրեց նաեւ մեր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ էր մայր թատրոնն այդքան լեփ-լեցուն եղել: Աթոռներ էին տեղադրվել անգամ բեմի անկյուններում: Իսկ հանդիսատեսի շարքում մեծ մասամբ երիտասարդներ էին ու հատկապես օպերային արվեստում առաջին քայլերն անող երգիչ-երգչուհիներ: Ռենե Ֆլեմիգը երգեց արիաներ տարբեր օպերաներից, հայտնի դերերգերՙ թույլ տալով հանդիսատեսին գոնե մտքում համեմատություններ անել իր եւ մեր լսած ուրիշ ձայների միջեւ: Երեկոյի ամբողջ ընթացքում դահլիճում քար լռություն էր: Մարդիկ խուսափում էին անգամ խոր շնչել, կամ կողքինի հետ թեկուզ շշուկով մի-երկու բառ փոխանակել: Այնպիսի տպավություն էր, ասես Ռենե Ֆլեմինգը լիովին դատարկ դահլիճում էր երգում. յուրաքանչյուր ոք ջանում էր որսալ երգչուհու հիասքանչ պիանոների ամեն նոտան, ձայնի ամեն թրթիռն ու ելեւէջը: Դահլիճն ասես կախարդված լիներ, կտրված իրականությունից: Իսկ երգչուհու յուրաքանչյուր կատարումից հետո դահլիճն ուղղակի պայթում էր ծափերից ու «բրավո»-ներից: Հետո էլ մեղադրում ենք մեր հանդիսատեսին, թե համերգների, ներկայացումների ժամանակ հեռախոսով են խաղում, զրուցում. մի խոսքովՙ արվեստ չեն սիրում ու չեն գնահատում: Շատ լավ էլ սիրում են, հասկանում են, գնահատում են: Իրական արվեստը, օպերային դյութիչ, զգացմունքային կատարումը, բարձր երաժշտությունը, որպիսին լիարժեք մատուցեց մեր սիմֆոնիկ նվագախումբը մաեստոր Օրբելյանի ղեկավարությամբ, արվեստի հետ ոչ մի օրգանական կամ անօրգանական կապ չունեցողին անգամ կսիրահարեցնի արվեստին:

Ռենե Ֆլեմինգն իր կերպարների տիրույթում էր լիովինՙ լիներ Մանոն, թե Դեզդեմոնա. նրա լիրիկական սոպանոն ալիքվում էր ու տարածվում օթյակի ամենավերին շարքերում անգամ: Այդքա՜ն զգացմունքային, այդքան ապրումներով ու կերպարի տրամադրությամբ հագեցած, այդքան անկեղծ ու հանդիսատեսի առջեւ բաց, մտերիմ: Ոչ մի ձգտում կամ ջանքՙ ցույց տալու ձայնի դիապազոնը կամ երգելու վարպետությունը: Նա որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու համար չէր կանգնել բեմին: Նա չէր երգում, որպեսզի իր ձայնի ու կատարողական վարպետության կատարելությունը ցույց տար, նա անգամ հանդիսատեսին իրենով հիացնելու համար չէր երգում: Նա եգում էր ինքն իր համարՙ գոհունակություն ու հաճույք պատճառելով նախ ինքն իրեն, նախ վայելելով մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանճարեղությունը, ապա դրանց մատուցման ի՛ր տեսակն ու ձեւը: Ռենե Ֆլեմինգի ֆենոմոնը բնական լինելու մեջ է: Նա չէր երգում, այլ խոսում էր, զրուցում, պատմում, ապրում: Համացանցում ներկայացված նրա համերգները թերեւս չեն կարող փոխանցել ու հաղորդել այն անբացատրելին, այն էներգետիկան, որ հնարավոր է ստանալ Ռենե Ֆլեմինգի համերգներին հենց դահլիճումՙ նրա առջեւ նստած: Մեներգչուհին, նվագախումբն ու դիրիժորը մեկ ամբողջություն էին դարձել. հասկանալի է, որ մեկ-երկու ժամվա համատեղ փորձի արդյունքը չէր դա. այդ փորձը կարող էր եւ չլինել: Նրանց պրոֆեսիոնալիզմը, սրտերի համաչափ զարկը, շնչառության համընթացությունը, երաժշտության աներեւակայելի ուժը մեկտեղված էին առանց խոսքի կամ պայանական ժեստերի:

Անգամ համերգի ընդմիջմանը ճեմասրահներում լռություն էր. մարդիկ դեռ ըմբոշխնում էին եռամիասնության կատարելությունը:

Երիտասարդ երգիչ-երգչուհիները, կոնսերվատորիայի ուսանողները միջանցքներում փորձում էին Ռենե Ֆլեմինգի արիաների ամենագեղեցիկ կտորները կրկնօրինակել: Համերգն, իսկապես, վարպետության դաս էր նրանց համար, իսկ հանդիսատեսի համարՙ եզակի հնարավորություն օպերա լսել ճիշտ այնպես, ինչպես կուզեին լսել իրենքՙ այդ օպերաները գրող կոմպոզիտորները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ