«ՀՈՎԵՐ» - ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ ՆՈՐ ՀՈՎԵՐՈՎ ՏԱՐՎԱԾ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ Մարինե ԿԱՐՈՅԱՆ, Երաժշտագետ Բրիտանացի ֆանտաստ գրող Արթուր Քլարքը հիանալի ձեւակերպված երեք ասույթ ունի, որոնք հայտնի են «Քլարքի օրենքներ» անվանմամբ: Հենց այս օրենքներին հետեւենքՙ խոսելու համար «Հովեր» կամերային երգչախմբի եւ նրա քսանհինգամյակը նշող համերգի մասին: Օրենք 1.- Երբ ականավոր, բայց տարեց գիտնականը պնդում է, որ տվյալ բանը հնարավոր է, նա գրեթե միշտ ճիշտ է: Բայց երբ նա հայտարարում է, որ ինչ-որ բան անհնար է, ամենայն հավանականությամբ նա սխալ է: Արդեն այն միտքը, որ «Հովեր»-ը քսանհինգ տարվա պատմություն ունի, ինքնին անհնարինի ֆանտաստիկ տիրույթ է տանում: Ինչո՞ւ: Մի պահ հիշեք հայաստանյան 1992 թվականը: Այն ավելի շուտ դժոխք էր հիշեցնում, քան որեւէ ստեղծարար գործունեությամբ զբաղվելու պատեհ պահ: Եվ այդ ժամանակ Սոնա Հովհաննիսյանը կամերային երգչախմբի հիմքեր էր դնում: Զարմանալիորեն նույն ընթացքում ժամանակակից վիզուալ արվեստի ոլորտում էլ կային գժեր, որ Խ. Միության փլուզումից խանդավառված, արցախյան պատերազմական նորությունների, անլույս օրերի ու սովի արանքում, թոկից փախածի նման, մեկ արվեստի պատկերասրահ էին բացում, մեկ ցուցահանդեսներ կազմակերպում, մեկ էլ գլխներից մեծ պլաններ գծումՙ չերեւացող ապագայի համար: Սա էր 1992 թվականը: Մի բանաստեղծ ասել է. «Ես պոեզիա եմ գրում, որովհետեւ ուզում եմ ստեղծել մի աշխարհ, որտեղ կուզենայի ապրել»: Նույն տրամաբանությամբ, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը 1992 թվականին իրավունքն ուներ ասելու. «Ես ստեղծում եմ այն երաժշտական աշխարհը, որտեղ ուզում եմ ապրել»: Իսկ այժմ նա կարող է նույնիսկ ավելացնել. «Նրանք, ովքեր մարտահրավերների սիրահար չեն, պետք է հեռու մնան իմ աշխարհից»: Օրենք 2.- Հնարավորի սահմանները բացահայտելու միակ միջոցը անհնարինին ընդհառաջ գնալն է: «Հովեր»-ի երգացանկը գծում է երաժշտության պատմության ընթացքը: Թերեւս միայն միջնադարյան երաժշտությունն է այստեղ բացակայում: Ժամանակակից երաժշտության ընդգրկումն էլ կանգ չի առնում Շոստակովիչի, Պրոկոֆեւի ու Խաչատրյանի վրաՙ որպես դրա վերջնակետ: Սոնա Հովհաննիսյանի ընտրությունը լայն էՙ Օրլանդո Լասսոյից ու Ջովաննի Պերգոլեզիից մինչեւ մերօրյա Կուրտագ, Մանսուրյան, Գուբայդուլինա, Շարաֆյան, Բուխենբերգ... եւ էլի շատ հայ ու օտար ժամանակակից կոմպոզիտորներ: Սա դժվար ուղի է: Դժվար է, որովհետեւ լավ չենք գիտակցում, որ այսպես կոչված «ժամանակակից երաժշտությունը» մեր ժամանակի եւ նրա մասը կազմող գեղարվեստական գործընթացների անքակտելի մասն է: Նորից ու նորից ուզում ենք հասկանալի, արդեն վաղուց մարսված երաժշտություն լսելՙ գեղեցիկի հին տարբերակների մեջ: Նոր տարբերակներ դժվար ենք ընդունում, որովհետեւ դրանք մեզ անհանգստացնում են (կարելի է կարծել, որ մեզ շրջապատող աշխարհը համաչափ է, հարմոնիկ ու փայլուն): Համերգային դահլիճը լցնող մասսայական ունկնդրին նեղություն չենք ուզում տալ, քանի որ արդեն «The Best of Mozart» կամ «The Best of Tchaikovsky» խտասկավառակների երկացանկը նրանից պահանջում է ուղեղի կեղեւի, ենթակեղեւի ու երկարավուն ուղեղի ամբողջ ռեսուրսերի ծայրագույն լարում: Եթե նրան հրամցնես թեկուզ նեոդասական Հինդեմիթի որեւէ ստեղծագործություն (էլ չասենք Քսենակիսի կամ Քեյջի), անմիջապես դուրս կփախչի համերգային դահլիճից: Մեր ժամանակներում գրված երաժշտությունը, արդյունքում, հնչում է միայն փոքր չափաբաժիններով ու հատուկ համերգների ընթացքում: Ավաղ, ամեն ինչի պարզեցումը ագրեսիվ գործընթաց է: Այն առաջադրում է իր սեփական ստանդարտները: Իսկ ի՞նչ անի հետաքրքրվող, իրեն նեղություն տալու, լայն մայրուղիների արանքում դեպի նորը տանող գողտրիկ արահետներ փնտրելու պատրաստ ունկնդիրը: Ուշադիր հետեւի «Հովեր»-ի համերգային գրաֆիկին, եւ փորձի սեփական խիտ գրաֆիկից ժամանակ ազատելՙ սեփական հաճույքի համար: Այդպիսի մի հաճույքի համերգային ծրագիր հրամցրեց այս երգչախումբըՙ իր 25-ամյա տարեդարձը իսկական նվեր դարձնելով ունկնդրի համար: Հատկանշական է, որ այս համերգային նրբաճաշակ ծրագիրը Սոնա Հովհաննիսյանը կառուցել էր հոգեւոր արթնացման ու աներեւույթը տեսնելու հղացքի շուրջը: Այն սկսվեց Դյորդ Լիգետիի «Ժամացույցներ եւ ամպեր» ստեղծագործության երեւանյան պրեմիերայով: Տասներկու կանացի ձայնի եւ նվագախմբի համար գրված այս ստեղծագործությունը միաժամանակ ինտելեկտուալ ու զգայական, համակարգված ու անարխիկ դետալների մի ամբողջություն է, բանաստեղծական պատկերներ գեներացնող մի գայթակղիչ ձայնաշխարհ, որտեղ ճշգրտորեն ընտրված ռիթմերը կարծես սկզբում հալչում են բարդագույն ակորդային լողավազաններում ու միկրոտոնալ ինտերվալներում, որպեսզի հետո վերադառնան իրենց կայուն կառուցվածքներին: Այսպիսով, ամբողջ երաժշտական միտքը անվերջ փոխակերպումների մեջ էՙ «ժամացույցներից» դեպի «ամպերը», եւ հակառակը: Առաջին կատարման համար երգչախումբը բավական վարպետորեն ներկայացրեց Լիգետիին բնորոշ լսողական բազմաշերտ փոխաբերությունների պատրանքը: Վստահաբար հաջորդ կատարումներում ավելի հղկված կլինեն երգչախմբի հետ մենակատարների միասեռ երգեցողությունը, նրանց ձայների օբերտոների սպեկտրալ հավելումները, ինչի դեպքում ռեզոնանսային ազդեցիկությունը ավելի նկատելի կլինի: Դեյվիդ Լանգ . «Պարզապես»: Պարզապես քո բերանը: Պարզապես քո սերը: Առաջին հայացքից բավական սեքսուալ թվացող այս վերնագրի տակ մի փոքրիկ հոգեւոր երգ է թաքնված: A capella տրիոյով սկսվող բավական կանխատեսելի հարմոնիաները աստիճանաբար փոխակերպվում են տղամարդու եւ կնոջ աստվածային միության վերաբերյալ սրբազան երգի խճճված ու անվերջ թվացող մի շրջանակի մեջ: Բաս թմբուկն ու կսմթվող լարերը յուրաքանչյուր վանկին ծանրություն են հաղորդում, մինչ կանանց անթերի տրիոն իր գովաբանությունն է շարունակում կողքից: Ալտը, հետո նաեւ թավջութակը կարծես դանդաղ սահում են, մինչդեռ գլոկենշպիլի մոռացված հնչերանգը դատարկ տարածք է հիշեցնում: Մենակատարների կողմից ամբողջովին ապրվող այս գողտրիկ երգը շատ տպավորիչ էրՙ օդում սավառնող լռության միջից: Քշիշտոֆ Պենդերեցկու «N3 Սաղմոսը» աղոթք է, օրհներգություն: Եվ, թերեւս, դրանով համերգային ծրագիրը սկսելը ավելի տպավորիչ լիներ: Հայոց ցեղասպանությանը նվիրված երգչախմբի եւ մենակատարի համար գրված այս ստեղծագործությունը հուզիչ մի խոսք է առ Աստված, որ «Հովեր»-ի կատարմամբ հնչել է աշխարհի տարբեր ծեգերում: Զգացում կար, որ մենակատարի պարտիայում ավելի սխոլաստիկ, զուսպ, մի տեսակ միջնադարյան գրեգորյան խորալին բնորոշ, օպերային վիբրացիաներից ազատ ձայնի կարիք կա ավելի: Բայց սա ճաշակի խնդիր է: «Հովերի» հոգեւոր ու բովանդակային առանցքը մնում է Կոմիտասը, - միշտ նշում է Սոնա Հովհաննիսյանը: Իրավամբ: Կոմիտասի ավելի քան հարյուր աշխարհիկ ու հոգեւոր երգ ու նաեւ նրա Սուրբ Պատարագը երգչախմբի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Կոմիտասի երաժշտությունը հատուկ ջանք չի պահանջում ունկնդրիցՙ բարդ, սխոլաստիկ կառուցվածքների մեջ ընկղմվելու իմաստով: Այն, իրականում, մեկ բան է առաջարկում - լայն բացել հոգին ու սիրտը, սպունգի նման ներծծել ձայնային հոսքերն ու դրանց հետ թռթռալ նույն ալիքի վրա: Կոմիտաս վարդապետը շատ կատակաբան մեկն էր: Նրա մասին հուշերում Հրաչյա Աճառյանը գրում է. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը», ու այնուհետեւ ավելացնում. «Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթեւ զվարճախոսություն էր խառնում»: «Հովեր»-ի Կոմիտասը վեհ է, տիեզերական ու, միաժամանակ, թեթեւ, կատակային, ու սիրելի, սիրելի, սիրելի... Այն փայլուն է ու, միաժամանակ առեղծվածային, ինչպես արեւի լույսի ու ստվերի անընդհատ փոփոխվող խաղը: Այն կենդանի է ու շնչով լի: Կատակ երգի վերածված կոմիտասյան որոշ գոհարներ պարզապես անգերազանցելի էին հնչում: Օրենք 3.- Յուրաքանչյուր բավականաչափ առաջադեմ տեխնոլոգիա մոգությունից չի տարբերվում: «Հովեր» երգչախումբը վաղուց սկսել է բեմի վրա ավանդական անշարժ վիճակից դուրս, տվյալ տարածաչափությանը հարմարեցված միզանսցենի ու շարժման փնտրտուքները: Հոբելյանական համերգի համար երգչախումբը ավելի առաջ էր գնացելՙ եւս մեկ բաղադրիչ ավելացնելով ձայնային նյութի ավելի եւս հագեցած ընկալման համար: Դա վիզուալ շարքն էր, որ մեծ էկրանից ուղեկցում էր երգչախմբի բոլոր կատարումներին: Սա, անշուշտ, մեզանում առաջին փորձը չէ: Վագների կողմից առաջադրված gesamtkunstwerk-ի (արվեստների սինթեզի) գաղափարը գրեթե 150 տարվա պատմություն ունի, սակայն մեզ մոտ դա, որպես կանոն, բավական պրիմիտիվ մակարդակով է արվում: «Հովեր»-ի հետ համագործակցում էր Հայաստանում վիզուալիզացիայի ժամանակակից տեխնոլոգիաների առաջատար TSD (Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս) ընկերությունը: Տեխնոլոգիական փոփոխությունների ամենօրյա հոսքին հետեւող (եւ երբեմն նաեւ տնօրինող) այս ընկերության առաջարկած տեսանյութերը, սակայն, ետեւիՙ նկատվող կամ չնկատվող ֆոնի մակարդակից դուրս չեկան այդպես էլ: Դրանք չկարողացան ստեղծել այն ամբողջությունը, որում վիզուալ բաղադրիչն ու երաժշտությունը պիտի մեկտեղվեինՙ լրացնելով մեկը մյուսին: Հասկանում ենք, որ դա ծայրահեղ բարդ է անելը: Սակայն սրանք են նորագույն մարտահրավերներըՙ համերգի ժամանակ նոր էկզիստենցիալ փորձառություն ստեղծելու համար: Այնուամենայնիվ, սա համարենք ողջունելի առաջին փորձ, համերգային իրողության վերանայման անսահմանափակ հնարավորությունների սադրիչ մի հարթակ: Վերջաբանի փոխարեն Իր «Ակուստիկ տարածքներ» (Les Espaces Acoustiques) ցիկլի առաջին կատարման համար գրված տեքստում Ժերար Գրիսեն (որ բավական մանրամասնորեն ուսումնասիրել է ձայնի օբերտոների եւ աղմուկի երանգային սպեկտրը) ձեւակերպում է կոմպոզիտորական տեխնոլոգիայի իր հիմնական սկզբունքները. «գրել ոչ թե նոտաներ, այլ ձայներ»: Եվ չնայած այս միտքը ավելի հասկանալի է դարձնելու իմ անօգնականությունը, ակնհայտ է, որ «Հովեր» երգչախումբը նույնպես անխոնջ աշխատում է ոչ թե նոտաներ, այլ ձայներ երգելու բարդ ուղին հերկելու ուղղությամբ: Երգչախումբը ուսումնասիրում է ձայնն իր ներքին կառուցվածքներովՙ բացելով դրա սպեկտրն ու ստանալով ձայնային սուբստանսի նոր գեղեցկություն, ինչն իր հետ բերում է նաեւ «ժամանակի» սակրալ հասկացողության, այժմեականի ու հավերժի փնտրտուքներ: Իր այսօրինակ գործունեությամբ «Հովեր» կամերային երգչախումբը նախաձեռնում է լուրջ քննարկումներՙ երաժշտության փաստացի խնդիրների շուրջ, որոնց ուշադրության կիզակետում բարձր արվեստն ու գիտելիքն են, այլ ոչ թե զվարճանքը: |