RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-21 00:33:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 902, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ ԿԻՆԸ ԳԻՐՔ Է «ԳՐԵԼ» ԱՉՔԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հ.Ծ.

Վաթսուն տարեկանում, 2012 թվականին ALS կամ Լու Գերիգի հիվանդությամբ ախտորոշված Սիրուն Երեցյանը , որ Գլենդեյլում ճանաչված նկարչուհի է եւ հասարակական գործիչ, վերջերս լույս է ընծայել իր նոր «Evolution Is My Revolution» (Էվոլյուցիան է իմ հեղափոխությունը) խորագրով հատորը, որը «գրված» է բացառապես իր աչքերի շարժումների միջոցով, տեղեկացնում է «Լոս Անջելես Թայմսի» թղթակից Լիլա Սիդմանը :

Նրա խոհերն ու մտածմունքներն ամփոփող գրքի նախաբանում Սիրունը գրել է, որ խոսելու, քայլելու եւ նույնիսկ գրիչ բռնելու կամ մատները շարժելու կարողությունները կորցնելուց հետո, «բացառիկ վերազարթնում է ապրել իր ուղեղը»: «Ես ամբողջովին նոր, տարբեր մարդ դարձա», խոստովանում է նա: Որդինՙ Առնոն հաստատում է, որ մայրը ինչքան մարմնապես անկարող էր դառնում որեւէ շարժում կատարելու, այնքան միտքը պայծառանում էր: «Նա անընդհատ երազանքների, մտորումների մեջ էր, եւ մենք չէինք կարողանում նրան հեռացնել հատուկ ապարատից, որը կարդում էր նրա աչքերի շարժումները եւ ըստ այդմ բառերի ու նախադասությունների վերածում դրանք»:

Անշուշտ, ըստ լրագրողի, չափազանց դժվար է եղել հարմարվել ապարատին, ճիշտ դիրք ընդունել եւ կարողանալ աչքի շարժումներով ճիշտ մտքեր արտահայտել: Սկզբում սահմանափակվել է իր նախասիրած ուտելիքը պահանջելով կամ խնդրելով, որ մարմնի այս կամ այն մասը քորեն: Հետո անցել է առավել բարդ գործողությունների, նախադասություններ կազմելուն: Գրքի ամբողջական տեքստը երեք տարվա ընթացքում է «գրվել», երբեմն նյարդային ցավալի վերիվայրումների հորձանուտում, եւ ապա խմբագրվել: Տեքստը հարուստ է սյուրռեալիստական, խորհրդապաշտական եւ փիլիսոփայական առկայծումներով, ինչը տարբերում է նոր հատորը իր նախկինում (նախքան հիվանդանալը) հրատարակած բանաստեղծությունների գրքից եւ հայոց այբուբենը միջնադարյան ձեռագրերի ոճով զարդագրված պաստառներից, որոնց հավաքել էր մեկ ընդհանուր ալբոմում: 2014-ին քաղաքի իշխանությունները Սիրուն Երեցյանին շնորհել էին հատուկ մրցանակ իր կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումներին առ ի գնահատանք: 2015-ին նրա աշխատանքները նպաստել էին ձեւավորելու ամերիկահայերի վարդերի կառքը Լոս Անջելեսում կայացող ամենամյա շքերթի համար: «Ազգ»ը ժամանակին անդրադարձել է Սիրունի վերոհիշյալ գրքին, պլակատներին, նրա արվեստին, ինչպես նաեւ հենց իր անունը կրող նկարչական ցուցասրահին: Ի դեպ, Սիրունը Գլենդեյլի «Ապրիլ» գրատան հիմնադիր, նույնանուն ամսագրի խմբագիր, ԹՄՄ Կենտր. վարչության անդամ, լուսահոգի Հարութ Երեցյանի այրին է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ