ՍՏԵՖԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆ. «ՍԵՔՍՈՒԱԼ ՏՂԱՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Անցած հոկտեմբերին հայազգի ֆրանսիական կինոբեմադրիչ եւ սցենարիստ: Ստեֆան Կազանջյանը առաջին անգամ Հայաստանում էրՙ հրավիրված լինելով որպես իր տասնամյակը տոնող Երեւանի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժյուրիի անդամ: Ստեֆան Կազանջյանն իր սցենարով նկարահանել է չորս գեղարվեստական կինոնկար` «Սեքսուալ տղաները» (2001), «Ժամանակակից սեր» (2008), «Եսՙ Միշել Գ-ն, միլիարդատեր, աշխարհի տիրակալ» (2011) եւ «Վատ աղմուկ» (2017): Նա պարբերաբար աշխատում է որպես սցենարիստ, նաեւ հեռուստատեսության եւ կինոյի համար: Գրել է երկու լիամետրաժ անիմացիոն կինոնկարի սցենարՙ «Հրեշը Փարիզում» (գլխավոր խոսնակՙ Վանեսա Պարադի) եւ «Սահարա» (խոսնակներՙ Օմար Սի եւ Ժան Դյուժարդեն): Նա նաեւ ֆրանսիական վերջին շրջանի ամենից դրամարկղային ֆիլմերից «Պատտայայի» եւ «Տաքսի 5»-ի սցենարի համահեղինակն է: Ստեֆան Կազանջյանի հետ իմ զրույցը վերաբերում է նրա ֆիլմերին, ինչպես նաեւ նրա հայկական ծագմանը... - Ստեֆան, քո մասին ես առաջին անգամ իմացել եմ 2002-ին` դիտելով առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմդՙ «Սեքսուալ տղաները»: Անկեղծ ասած, դեռահասների, երիտասարդների մասին կինոկատակերգություններն իմ ճաշակի չեն, բայց բեմադրիչի ազգանվան -յանը ստիպեց ինձ այդ մի կինոնկարը դիտել: Որքան հիշում եմ, գլխավոր կերպարի ազգանունը նույնպես հայկական է: Ֆիլմը ինչ-որ չափով ինքնակենսագրակա՞ն է: - Գլխավոր հերոսի անուն իսկապես Սեբաստիեն Քիբարյան է, որն իմ տատիկի օրիորդական ազգանունն էր: Ես այն բնավ չէի ծրագրել որպես ֆիլմ հայկական ընտանիքի մասին, բայց երբ հերոսիս համար ազգանուն էի փնտրում, որոշեցի ընտրել այնպիսի անուն, որը նաեւ ինչ-որ բան կնշանակեր ինձ համար: Կարող է տարօրինակ թվալ, բայց «Սեքսուալ տղաներն» իրականում բավական ինքնակենսագրական է: Դա իմ քոլեջի ընկերական շրջապատի մասին է, որի անդամներին ես շարունակում եմ հանդիպել եւ որոնց հետ, երիտասարդների մեծամասնության պես, մենք քննարկում էինք որոշ հատուկ հարցեր: Այս ֆիլմում ինձ հետաքրքրել է տղամարդկայնության գաղափարները քննելը: Դա շատ բարդ հարց է ուշ դեռահասության փուլում, թերեւսՙ քսան տարեկանից հետո էլ: Դեռահասների մասին ամերիկյան ֆիլմերը սովորաբար զբաղվում են «մերժվածների» կամ «սիրվածների» խնդիրներով, բայց հազվադեպ են անդրադառնում այն տղաներին, որոնք չեն գտնում իրենցՙ տարվելով «ինչ է նշանակում լինել տղամարդ» գաղափարով: Ո՞վ է «իսկական» տղամարդը: Բազմաթիվ զուգընկերներ ունեցող սեքս-աստվա՞ծը: Սուսիկ-փուսիկ տան տղա՞ն: Թե՞ ռոմանտիկ զգայուն ընկերը: - Կարծիք կա, որ հայկական ծագում ունեցող արվեստագետները, ներառյալ կինոգործիչները, քիչ հակում ունեն կատակերգության հանդեպ, որ նրանք ավելի հակված են դեպի լուրջ, անգամՙ դեպրեսիվ թեմաները: Սակայն քո «Ժամանակակից սերը», որ նկարահանեցիր «Սեքսուալ տղաներից» հետո, ինչպես նաեւ անցյալ տարի նկարածդ վերջին կինոնկարըՙ «Վատ աղմուկը», նույնպես թեթեւ կատակերգություններ են... - Երբ ձեռնամուխ եղա իմ առաջին լիամետրաժ ֆիլմին, երկու սցենար ունեի` մի կատակերգություն (որը հետագայում դարձավ «Սեքսուալ տղաները») ու մի դրամա: Ես կցանկանայի դրամա նկարահանել, եթե դա է ճիշտ մոտեցումը այն պատմության հանդեպ, որը ուզում եմ պատմել: Բայց, կարծում եմ, որ ես միշտ միտում ունեմ փորձել գտնել ցանկացած իրավիճակների ծիծաղելի՛ կողմերը, անգամ եթե դրանք դեպրեսիվ են: Դա փիլիսոփայական կեցվածք չէ, դա հենց ես եմ, որ կամ: Օրինակ, մի բան ես ատելով ատում եմՙ իշխանությունը: Իշխանությունն ուրիշների հանդեպ, ինչ է թե դու հարուստ ես, ծնվել ես ճիշտ ընտանիքում, ճանաչում ես ճիշտ մարդկանց... Ճնշողին ծաղրելը շատ ավելի արդյունավետ է, քան պարզապես տրտնջալը, թեՙ տեսե՛ք, ի՛նչ անարդար է կյանքը: Երբ ծիծաղում եք մարդկանց վրա, դադարում եք վախենալ նրանցից, սկսում եք դիտել նրանց որպես անառողջ արարածների: Եվ դա ճշմարիտ է նաեւ այն դեպքում, երբ մարդ ծիծաղում է սեփական սխալների վրա. դե լա՜վ, գիտեմ, որ ծիծաղելի եմ, միգուցե ես չպիտի հավակնեմ լինել ավելի լավը, քան իրականում եմ: Նման դիրքորոշումը քեզ իսկապես ազատություն է բերում: Եվ ինձ համար դա է կատակերգության ուժը: - Քո ֆիլմացանկում կա նաեւ մեկ այլ տեսակի կատակերգություն, այս անգամՙ մի կեղծ փաստագրություն (որի համար ես նոր բառ եմ հորինելՙ փուստագրություն), սակայնՙ լուրջ ուղերձով: Այդ ֆիլմըՙ «Եսՙ Միշել Գ-ն, միլիոարդատեր, աշխարհի տիրակալ» վերնագրով, տարիներ առաջ դիտեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Մարդու սեքսուալության, միասեռականների եւ սպորտային թեմաների շուրջ արտահայտվելուց հետո դու հանկարծ խորամուխ եղար կապիտալիստների աշխարհի մեջ: Ինչպե՞ս կատարվեց այդ կտրուկ անցումը: - Վաղուց, շատ վաղուց ես սովորել ու ավարտել եմ բիզնեսի դպրոցը: Դա ինձ եւ ծնողներիս հանգստացնելու միջոց էր, որ եթե կինոյի աշխարհում իմ երազանքները փլուզվեն, ես այլընտրանք ունենամ: Բնականաբար, նման կրթությամբ չես պարծենա, երբ փորձում ես ինքնահաստատվել որպես ստեղծագործող ուժ: Բայց ինչ-որ պահի ես զգացի, որ սա նույնպես իմ մի մասն է: Նաեւ այդ ժամանակ մենք զգացինք 2008 թվականի տնտեսական անկումը, եւ իմ բարկությունն անսահման էր մեզ դեպի փլուզում տանող աշխարհի «ամենագետ, հզոր տերերի» հանդեպ: Այնպես որ, մտածեցի, որ լավ գաղափար էՙ այդ թեմայով ֆիլմ նկարահանել փորձելը: «Ժամանակակից սերը» դժվար ստեղծվեց, տուժեց չափազանց ցածր բյուջեի պատճառով, որը չէր համապատասխանում ֆիլմի հավակնություններին: Ես ուզում էի արագ մի բան ստեղծել շատ փոքր ստեղծագործական կազմով: Եվ այդպիսով, ի հայտ եկավ «Աշխարհի տիրակալը»: - Իսկ այսպիսի մի հարց. կարծո՞ւմ ես, որ քո հայկական ժառանգությունը կարող է ինչ-որ կերպ արտացոլված լինել քո ֆիլմերում: Եթե այո, ապա ինչպե՞ս: - Ես իսկապես չգիտեմ: Կարծում եմ, որ ես էլ ունեմ «հայ բեմադրիչի դեպրեսիվ գենը», եթե հաշվի առնենք, որ իմ երեք ֆիլմերում էլ առկա է մահ ընտանիքում եւ գերեզմանոցի տեսարան: Իսկ եթե ավելի լուրջ խոսեմ, ես չգիտեմ էլՙ ի՛նչ է իմ հայկական ժառանգությունը: Սակայն ինձ զարմացրեց, որ երբ «Ռեանիմանիա» փառատոնին մասնակցելու համար առաջին անգամ այցելեցի Երեւան, այնտեղ ինձ զգում էի ինչպես տանը: Ես հայերեն չեմ խոսում, չեմ հասկանում, բայց «ծանոթ լինելու» արտասովոր զգացողությունն ունեի: Արի այս մասին նորից խոսենք տասը տարի հետո, երբ իմ թերապիան ավարտած կլինեմ: - Պատմի՛ր քո հայկական արմատների եւ կապերի մասին: - Իմ հայկական ժառանգությունը հորիցս է. մայրս ֆրանսուհի է: Պապիկս ու տատիկս մանկության տարիներին կրել են ցեղասպանության սարսափները եւ ինչպես հաճախ է լինում, երկար թափառումներից հետո, նրանք վերջապես հասել են Ֆրանսիա, որտեղ ընտանիքի մի մասն արդեն հաստատված է եղել: Պապիս հայրըՙ Վռամշապուհ Քիպարյանը, Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու առաջին արքեպիսկոպոսն էր: Ծնվել ու մեծացել եմ Մարսելում, ֆրանսիական միջավայրումՙ հայ մշակույթի որոշ անդրադարձով` հորս հետ գնալով հայկական եկեղեցի, ուտելով տատիկիս պատրաստած հրաշալի հայկական կերակուրները... Պատանեկությանս տարիներին փորձեցի հայ երիտասարդության մաս կազմել, բայց պետք է ասեմ, որ ինձ ճիշտ տեղում չէի զգում: Ես իրականում թե՛ համայնքի ներսում էի, թե՛ դրսում: Երբեմն դա անհարմարություն է պատճառում: Բայց դա նաեւ կարող է լինել դիտման հրաշալի կետ: - Սովորաբար քեզ նման արվեստագետները, առաջին անգամ այցելելով Հայաստան, մտածում են որեւէ հայկական նախագծի մասին: Դու բացառությո՞ւն ես: - Իմ համակարգչի գզրոցներում մոտ մեկ տասնյակ «հայկական նախագծեր» ունեմ: Մի քանիսը Ցեղասպանության մասին են, մի քանիսըՙ ֆրանսահայ համայնքի, կան նաեւ պատմական դրամաներ ու կատակերգություններ: Ես տարիներ շարունակ փորձում եմ գտնել ֆիլմ նկարահանելու այն դիտանկյունը, որը կանդրադառնա իմ ինքնությանը եւ իմաստալից կլինի ոչ միայն հայ համայնքի, այլեւ ողջ աշխարհի համար: Ես մինչ օրս չեմ գտել այն, բայց Հայաստանի զգացողությունը ձեռք բերելը նոր հնարավորություններ է բացում: Այնպես որՙ կյանքը ցույց կտա: - Քո առաջին ֆիլմի հերոսի կյանքի կարգախոսն էր «Ապրի՛ր սեքսով»: Իսկ ո՞րն է քո՛ կյանքի կարգախոսը: - Հըմմ, մեծ հարց է: Երբեք չեմ մտածել այդ մասին: Որոշ օրեր կարող է լինել «փորձիր անել քո առավելագույնը», քանի որ կյանքը սովորեցրել է ինձ, որ հաջողությունը բավականին հարաբերական հասկացություն է, ուստիեւ ավելի լավ է կենտրոնանալ ջանքերիդ վրա, քանՙ վերջնական արդյունքի: Որոշ ժամանակներում դա կարող է լինել միամիտ «եղիր բարի»-ն, ոչ թե ապուշության աստիճան միամիտ, այլ պարզապեսՙ հարգիր ուրիշներին, փորձիր չդատել նրանց, եղիր կարեկցող (նույնիսկ ինքդ քո հանդեպ): Այս աշխարհում այնքան շատ բռնություն ու բացասականություն կա, որ մի փոքրիկ, հիմնական «եղիր բարի»-ն կարող է իսկապես փրկել օրը: Ես կնախընտրեի, որ մարդիկ ինձ հիշեն որպես մի նորմալ գրող-ռեժիսորի, որը լավ մարդ էր, ոչ թե հանճարի, որը կատարյալ սրիկա էր: Ասել կուզեմ, որ ես հանճար չեմ, այնպես որ ավելի լավ է փորձեմ պարզապես լավը լինել... |