RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3715, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԲԵՐԵԼ ԳՈՒՍԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՒՂԻՆ

Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գուսանը եւ աշուղը նույնական են իբրեւ առհասարակ ժողովրդական երգիչ: Սակայն նրանք տարբեր պատմական ժամանակների ծնունդ են եւ տարբեր բանարվեստների կրող: Հետեւաբար, անհրաժեշտ է տարբերակել նրանց եւ խուսափել այն անցանկալի շփոթից, որ առկա է այսօր մեր իրականության մեջ, երբ ժողովրդական երգիչներից ոմանք իրենց կոչում են աշուղ, ոմանքՙ գուսան: Մի կողմիցՙ «Աշուղական երգի անսամբլ», մյուս կողմիցՙ «Գուսանական եւ ժողովրդական երգի համույթ»: Եվ երգիչ-կատարողն էլ հաճախ չգիտիՙ իր երգածը գուսանակա՞ն թե աշուղական երգ է:

Գուսանից աշուղ, ապա աշուղից գուսան փոխակերպումը բավական բարդ պատմական-մշակութային գործընթաց է եղել, ինչը փորձել ենք լուսաբանել մեր գիտական աշխատանքներում: Ստորեւ կբերենք դրանց ամփոփ եզրահանգումներըՙ առկա խառնաշփոթը փոքր-ինչ փարատելու համար:

Գուսան բառը գործածված է դեռեւս հինգերորդ դարի հայ մատենագրության մեջ, ապա նաեւ միջնադարյան հետագա բազում հեղինակների գործերում: Ըստ այդ վկայությունների, գուսանը վաղնջական ժամանակներից հայ իրականության մեջ հանդես եկած ժողովրդական երգիչն է: Նա, ընդհանրական-հավաքական առումով, երգող-կատարող է, նվագածու, ասմունքող, կատակերգու-դերասան, վիպական, ծիսական, ողբական, ներբողական, խրատական, երգիծական, վայելքի, սիրո եւ այլ բնույթի երգերի հեղինակ, երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ ինքնահնար կամ ավանդական երգերի կատարող-տարածող:

Գուսաններն առավելապես ելել են արհեստավորական շրջանակներից, հանդես են եկել ամենատարբեր միջավայրերումՙ գյուղական, քաղաքային, պալատական, մասնակցել են տարաբնույթ հավաքույթների, զանգվածային հավաքների, արտահայտվել ժամանակի խոսակցական լեզվով եւ սիրված մեղեդիներով ու ձայնեղանակներով, անկաշկանդ արծարծել ժողովրդին սրտամոտ գաղափարներ ու զգացումներ, իրենց արվեստով մրցակցել միմյանց հետ: Ըստ այսմ, իր որակական հատկանիշներով հայ գուսանը տիպաբանորեն համարժեք է հին հունական ռապսոդին (մասամբՙ միմոսին), կելտական բարդին, գերմանական մայստերզինգերին, պրովանսալական տրուբադուրին...

Լինելով ժողովրդական բանահյուսական տարերքի գործուն կրողները` գուսաններն են հեթանոսական ժամանակներում հորինել ու տարածել մեր առասպելական ու վիպական երգերն ու դյուցազնավեպերը, որոնք նրանց միջոցով հարատեւել են քրիստոնեական դարաշրջանում: Մովսես Խորենացին անձամբ լսել ու գրի է առել իր ժամանակի վիպասան-գուսանների պատմածները, ինչի շնորհիվ մեզ հայտնի են դարձել հեթանոսական շրջանի մեր առասպելական ու վիպական երգերի մի շարք թանկագին բեկորներ: Մեր հին էպոսըՙ «Հայկ եւ Բելը» եւ այլ հերոսական վեպեր, Պատմահոր վկայությամբ, պահպանվել են «գուսանական երգերով»:

Շարունակելով հնագույն հեթանոսական շրջանի գուսանների ավանդույթները` միջնադարյան գուսանները, ոչ միայն սերնդե սերունդ վերաձեւելով տարածել են նախկին երգերը, այլեւ ժողովրդական ավանդությունների հիման վրա հորինել են նորերը: Այդպես ծնունդ են առել «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ» վիպերգերը, «Սասնա ծռեր» էպոսի պատումները եւ բազում այլ ավանդավեպերՙ հիմնված պատմական նոր իրողությունների վրա:

Միջնադարյան գուսանների շնորհիվ ծնունդ են առել նաեւ այլ բնույթի բազմաթիվ ժողովրդական երգեր, այդ թվում նաեւ` մեր անզուգական հայրենները, որոնք, Մանուկ Աբեղյանի ճշգրիտ բնութագրմամբ, ծագումնաբանորեն ժողովրդա-գուսանական երգեր են: Հայրենների եւ ժողովրդա-գուսանական այլ երգերի զգալի մասըՙ ստեղծված լինելով ուրախ հավաքույթների, խնջույքների համար, անկաշկանդորեն արտահայտել են խրախճանքի եւ սիրո տրամադրություններ, ուստիեւ մերժվել են ասկետիզմի քարոզիչ Եկեղեցու կողմիցՙ համարվելով «դիվական» երգեր: Այսուհանդերձ, հատկապես կյանքի աստիճանական աշխարհիկացմանը համընթաց, ժողովրդի մտքի ու սրտի արգասիք գուսանական պարզ ու անկաշկանդ երգն ավելի ու ավելի ծավալվել է եւ ներազդել գրավոր-անհատական քերթության վրա...

Հայաստանի համար ծանրագույն ու ճակատագրական-բեկումնային այն ժամանակաշրջանում, երբ սելջուկ թուրքերն ավերեցին երկիրը եւ վերացավ Բագրատունյաց պետությունը, երբ պետականորեն հնագույն քրիստոնյա ժողովուրդը հայտնվեց մահմեդական այլազան ցեղերի տեւական բռնատիրության ներքո, հայությունն սկսեց աստիճանաբար, այսպես ասած, արեւելացվելՙ պահպանելով հանդերձ իր ազգային ինքնությունն ու քրիստոնեական-արեւմտյան մշակութաբանական տիպը:

Նշված պայմաններում, ահա, հայ ժողովրդական երգիչ-գուսանների մի մասը սկսեց ստեղծագործել նաեւ պարսկերեն, ապա առավելապես թյուրքերենի այս կամ այն խոսվածքով: Ինչպես ապացուցված է արեւելագիտության մեջ, Փոքր Ասիայի օղուզ-օսմանական միջավայրում հանդես եկած հայ գուսանը, արեւելացվելով ու ապազգայնացվելով, կոչվել է ուզան (օզան): Այնուհետեւ գուսան-ուզան անվանումը հայերի եւ օսմանցիների մոտ տեղի է տվել արաբական աշըղ-աշուղին: Սա արաբական ծագումով սուֆիական եզրույթ է, նշանակում է սիրահար, աստվածային սիրով վառվող եւ միստիկ դերվիշի մի աստիճանն էր:

Այսպիսով, հայ բանահյուսական ավանդույթները ժառանգած ժողովրդական երգիչ-գուսաններից շատերը, որ պարսիկ ու արաբ դերվիշների եւ առհասարակ պարսկա-արաբական սուֆիական բանաստեղծության ազդեցությամբ, բազմազգ հանրության մեջ երգ-երաժշտությամբ տարածում էին կրոնական երգեր եւ արեւելյան ժողովուրդների լեգենդներն ու ավանդությունները, վերափոխվեցին թե՛ ձեւով ու բովանդակությամբ եւ թե՛ անվանապես: Ըստ այդմ, հայ գուսանը մուսուլմանական աշխարհում վերածվեց պարսկալեզու, ապա առավելապես` թուրքալեզու միստիկ սիրահար-աշուղի: Այսինքնՙ տեղի է ունեցել մի կողմից արեւելյան աշուղության ներթափանցում հայ իրականության մեջ, մյուս կողմիցՙ հայ գուսանության ներթափանցում արեւելյան աշխարհ, ինչի արդյունքում կատարվել է հայկական-քրիստոնեական եւ պարսկա-թուրքական-մուսուլմանական մշակույթների որոշ խաչասերում: Եվ եթե դրանից շահել են աղքատիկ մշակույթ (մեղմ ասած) ստեղծած թյուրքական ցեղերը, ապա հայ մշակույթը դրանից ավելի շատ աղարտվել է...

Աշուղությունը հայ իրականություն է թափանցել արդեն 13-րդ դարում, երբ լայն թափ էր առել կյանքի ու մշակույթի աշխարհիկացումը եւ մեծացել էր հատկապես պարսկական ազդեցությունը հայկական կենցաղի եւ մշակութային տարբեր բնագավառների վրա: Առեւտրական եւ արհեստագործական խոշոր կենտրոններ հանդիսացող որոշ հայաքաղաքներում աշուղությունը տարածվել է սուֆի դերվիշ-աշուղների միջոցով, որոնք երգելով-պատմելով տարածել են նաեւ արեւելյան հերոսական ու սիրային ավանդավեպեր: Այդ ժամանակ էլ, ըստ երեւույթին, հայ գուսանը սկսել է մասնակիորեն աշուղանալՙ ստեղծագործելով նաեւ պարսկերեն ու թուրքերեն:

Աշուղությունը մեզանում աստիճանաբար ծավալվելովՙ որպես երգարվեստի հաստատություն, կայացել է արդեն 16-րդ դարում: Ըստ այդմ, հայ ժողովրդական երգիչ-գուսանը տեղի է տվել աշուղին, ոչ միայն փոխվելով անվանապես, այլեւ յուրացնելով նրա արվեստը, որ ընդգրկում է բազում ու բազմապիսի երգատեսակներ եւ ընդհանուր արեւելյան ձայնեղանակներ: Հայ ազգային բանահյուսական մշակույթի կրող գուսանները վերածվելով աշուղների, նախապես եւ երկար ժամանակ եղել են հայ երաժշտա-բանաստեղծական արվեստի մեջ «արեւելյան գծի հաղորդողներ», այն էՙ արեւելյան ժողովրդական եւ ինքնաստեղծ վիպական ու քնարական երգերի, ըստ այդմ, արեւելյան ոճի ու ճաշակի տարածողներ: Լինելով երաժշտա-բանաստեղծական դարավոր ու հարուստ ավանդույթներ ունեցող ժողովրդի ներկայացուցիչներ, գուսանները, որ արդեն հանդես են եկել օտարամուտ աշուղական «տարազով», իրենց հերթին մեծապես նպաստել են աշուղական բանարվեստի ճոխացմանըՙ ստեղծելով այդ արվեստի լավագույն նմուշները: Ըստ այսմ, հայ գուսանը իր որոշակի ավանդն ունի թե՛ աշուղության կազմավորման եւ թե՛ նրա հետագա զարգացման գործում :

Անհրաժեշտ է նշել, որ հայ իրականության մեջ աշուղության թափանցումից հետո էլ, արեւելացած գուսան-աշուղների կողքին կամ նրանցից զատ դեռ երկար ժամանակ գործել են նաեւ սոսկ հայալեզու եւ ազգային ավանդույթներով ստեղծագործող գուսաններ: Այնուհետեւ, սակայն, աշուղացած հայ գուսաններն աստիճանաբար անցել են բացառապես կամ հիմնականում թուրքերենի: Հայտնի են ուշ միջնադարում հանդես եկած հարյուրավոր թուրքագիր աշուղներ: Նրանց երգերը, սակայն, ինչպես հայատառ թուրքերեն մեծածավալ գրականությունը, կազմում են հայ մշակույթի մի ինքնօրինակ մասը...

16-րդ դարում հայ իրականության մեջ աշուղությունն արդեն կայացած երեւույթ էր: Այդ դարում արդեն որոշ գուսաններ եւ աշուղներ սկսել են հանդես գալ անվանապես, ինչը նշանակում էր ժողովրդական երգիչների ստեղծագործության աստիճանական անհատականացում-գրականացում: Սակայն, նկատենք, որ աշուղությունը (նույնն է, թե` ժողովրդա-գուսանական երգը) որքան էլ անհատականացել-գրականացել է, այդուհանդերձ, այն զուտ գրական երեւույթ չէ եւ մասամբ է պատկանում գրականությանըՙ մասամբ մնալով ժողովրդական բանահյուսության ոլորտում: Միակ բացառությունն է աշուղ Սայաթ-Նովան, որն «իր հանճարի զորությամբ ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման» (Վ. Բրյուսով):

16-րդ դարի աշուղները ստեղծագործել են թե՛ հայերեն եւ թե՛ թուրքերեն: Նրանցից ամենանշանավորըՙ Քուչակ Վանեցին է (Վանլի Քուչակ): Այդ ժողովրդական երգիչները հանդիսանում էին միաժամանակ աշուղ եւ գուսան-տաղասաց: Իրենց հայերեն ժառանգությամբ նրանք գուսան-տաղասաց էին, այն էՙ հայ բանավոր ու գրավոր բանաստեղծական ավանդույթների կրող ու արծարծող: Մինչդեռ աշուղ էին թուրքերեն երգերով, որոնք հյուսված էին աշուղական երգատեսակներով ու ձայնեղանակներով եւ նախատեսված էին երգելու աշուղական հավաքույթներին եւ մրցավեճերի ժամանակ: Ավելի ուշ աշուղների հայերեն երգերը եւս ենթարկվել են աշուղական բանարվեստին:

Աշուղությունը հայ իրականության մեջ առավել լայն տարածում է գտնում 17-18-րդ դարերում: Այն գրեթե լիովին փոխարինում է գուսանությանը. այսինքնՙ հայ ազգային գուսանները, մեծավ մասամբ, հանդես են գալիս արդեն իբրեւ արեւելցի աշուղներ, որոնք հիմնականում ստեղծագործում են թուրքերեն եւ աշուղական տարածված երգատեսակներով: Այս ժամանակ արդեն հանդես են գալիս որոշ աշուղներ, որոնք թուրքերենից բացի, այս կամ այն բարբառի հիմքի վրա, գրում են նաեւ աշուղական բանարվեստով հյուսված հայերեն երգեր: Ըստ այդմ, սկզբնավորվել է նաեւ հայերե՛ն աշուղական բանաստեղծությունը:

17-18-րդ դարերում հատկապես քաղաքային միջավայրում կազմավորվել են աշուղների առանձին կանոնակարգված ընկերակցություն-համքարություններ, որոնցով պայմանավորված են եղել հայ աշուղական դպրոցները: Առաջին աշուղական դպրոցները կազմավորվել են Հայաստանի եւ հայկական գաղթօջախների առեւտրական-արհեստավորական աշխույժ կյանք ունեցած քաղաքներում (Նոր Ջուղա, Կ.Պոլիս, Թիֆլիս):

Մի շարք աշուղական դպրոցներ եւ շնորհալի անհատ աշուղներ են գործել նաեւ 19-րդ դարումՙ մինչեւ հաջորդ դարի առաջին տասնամյակները: Նրանց մեջ ամենանշանավորը Ջիվանին է: Նա վերջին խոշոր հայ աշուղն էր, որի ստեղծագործությամբ ավարտվեց ուշ միջնադարից սկիզբ առած հայ աշուղությունը: Ժողովրդական երգի այդ հաստատությունը, որքան էլ հայացված, բայց պատկանում էր համաարեւելյան երգարվեստին: Ջիվանին լինելով վերջին խոշոր հայ աշուղը, իր մեծ տաղանդի ուժով դրեց նաեւ նորի հիմքերը. նա թե՛ լեզվի ու բանարվեստի եւ թե՛ երաժշտության առումով լիովին ազգայնացրեց աշուղությունըՙ «հանդիսանալով հիմնադիրը աշուղական հայկական դպրոցի» (Գարեգին Լեւոնյան):

Ջիվանու եւ նրա հիմնած հայկական-ազգային աշուղական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործության մեջ արդեն գերակշռեց, ապա բացառապես իշխեց հայերեն երգըՙ բանաստեղծական թե երաժշտական առումով: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերադարձ դեպի ազգային-ժողովրդական, այն էՙ գուսանական երգը:

Ջիվանու դպրոցի ավանդույթների լավագոյն կրողներն ու զարգացնողները հանդիսացան նոր շրջանի ժողովրդական երգիչները (Շերամ, Հավասի, Աշոտ, Շահեն եւ ուրիշներ): Նրանք գիտակցաբար թե ինքնաբուխ ներկայացան հանրությանն իբրեւ գուսաններ: Այդ, ինչպես նաեւ հետագա մեր ժողովրդական երգիչների ստեղծագործություններն, ըստ էության, վերաբերում են հայ գուսանության նոր եւ նորագույն շրջանին: Ըստ էության, գուսաններ են նաեւ այսօր ստեղծագործող ժողովրդական երգիչները, այդ թվում նաեւ նրանք, ովքեր ներկայանում են իբրեւ աշուղներ: Մինչդեռ անհրաժեշտ է հստակորեն տարբերել գուսանին եւ աշուղին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ