RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1098, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԵՄՄԻԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի եւ մշակույթի նախարարության միջեւ լարվածությունը սկսվել է դեռեւս Լիլիթ Մակունցի նախարար եղած ժամանակ: Շատերին է հայտնի, թե Կոնստանտին Օրբելյանը միջազգային ինչ կապեր ու հեղինակություն ունի, շատերին է հայտնի նաեւ, որ հարուստ արվեստագետ է, եւ միջազգային նախագծերում համագործակցության համար նրան լավ են վարձատրում: Հիրավի, դժվար չէ ենթադրել, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հենց այս առավելությունների վրա էլ շեշտը դնում էրՙ հույս ուեննալով, որ Օրբելյանն օպերային թատրոնը ոտքի կկանգնեցնի ու միջազգային համագործակցությունների նոր հնարավորություններ կստեղծի: Այդպես էլ եղավ, թեպետ Կոնստանտին Օրբելյանի նկատմամբ չարակամության ալիքն անընդհատ հորձանք է տալիս: Քչերը գիտեն, որ նա շատ հաճախ շատ ծրագրեր իրականացնում է սեփական գրպանի, ոչ թե պետբյուջեի հաշվին: Կուլիսներում կատակում են. «Օրբելյանը միլիարդատեր էր, Հայաստանում դարձրին միլիոնատեր»:

2017-ին, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանն առաջադրված են «Գրեմմիի», նախկին նախարար Արմեն Ամիրյանը հենց օպերային թատրոնում մեծ ընդունելություն կազմակերպեց նշելով, թե ՙ«Գրեմմիի» առաջադրվելն արդեն իսկ հաղթանակ է: Մեր երկու թեկնածուներից եւ ոչ մեկը մրցանակ չստացավ, բայց նրանք հավուր պատշաճի շնորհավորանք ու գնահատանք ստացան:

Մի քանի ամիս առաջ Կոնստանտին Օրբելյանը հայտնել էր, որ «Լավագույն ձայնագրություն» անվանակարգում իր ղեկավարությամբ Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ առաջադրվել է «Գրեմմիի»: Նա, ինչպես կարգն է, գործուղման համար նամակ է ուղարկել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին: Օրբելյանը տեղեկացրել է, որ հունվարի 25-ից փետրվարի 8-ը մեկնելու է Կաունասՙ այնտեղի երգչախմբի ու նվագախմբի եւ մեր օպերային թատրոնի հետ հետագա համագործակցության պայմանավորվածությունները քննարկելու: Նա նշել է, որ իր գործուղման ծախսերը հոգալու է Կաունասը: Օրբելյանը Նազենի Ղարիբյանին նաեւ տեղեկացրել է, որ իբրեւ «Գրեմմիի» թեկնածու, նպատակ ունի փետրվարի 8-13-ը մեկնել Լոս Անջելես: Ծախսերը ինքն է հոգալու: Այստեղ էլ սկսվել է անհասկանալի հակասությունը: Օպերային թատրոնից հայտնում են, որ Նազենի Ղարիբյանը Կաունասի գործուղումը թույլատրել է, իսկ Լոս Անջելեսինըՙ ոչՙ պատճառաբալով, թե նպատակահարմար չի գտնում:

Հունվարի 24-ին Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասածՙ ինչ այս աշխատանքին եմ անցել, միջավայրումս ստերի եւ ստախոսների քանակը հազարապատկվել է, ուղղակի խեղդվում եմ։ Եւ որքան ցավալի է, որ դա մշակույթի ոլորտում է... Չեմ կարող չբարձրաձայնել մի փոքր դետալ։ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի թեկնածությունը ոչ թե ընտրվել է հազարների միջիցՙ «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այլ ինքն է դիմելՙ մասնակցության համար։ Ես պաշտոնապես ստացել եմ այդ փաստաթուղթըՙ որպես հիմքՙ իր գործուղումը թույլատրելու համար, այն էլՙ պահանջելով, որովհետեւ ի սկզբանե ոչինչ չէր ներկայացրել։ Բայց բոլորին փորձում է այնպես ներկայացնել, թե իբր իրեն կանչում են մրցանակը ստանալու, եւ ես թույլ չեմ տալիս...»:

Սրան հաջորդել է Կոնստանտին Օրբելյանի պաշտոնական հայտարարությունը.«Ինձ համար, իսկապես, շատ տարօրինակ եւ անբացատրելի է այդ ստատուսային գրառումը եւ ցավում եմ, որ աշխատանքային մակարդակում լուծելի հարցերը իջեցվում են հուզականությամբ մատուցված ոչ պաշտոնական գրառումների հարթակին եւ ավելորդ լարվածություն ստեղծում։ Տարօրինակ է նաեւ այն, որ ինչ-որ ստախոսության մասին է ակնարկվում նույն գրառման մեջ, որին էլ հաջորդում է իմ անունը։ Ի սկզբանե ներկայացվել են գործուղման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ իբր իմ կողմից բոլորին ասվել է, որ ինձ չի թույլատրվում գնալ ԱՄՆՙ «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Ինչ վերաբերում է նույն գրառման մեջ իմ մասնակցության համար ներկայացված հայտին եւ ընդհանրապես «Գրեմմիի» հայտերի ներկայացման ընթացակարգին, ապա մենք այդ մասին մանրամասն ներկայացրել ենք հանրությանը եւ բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն այդ հեղինակավոր մրցանակաբաշխության մանրամասներին»։

Իսկ մանրամասները հետեւյալն ենՙ 2019թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում աշխարհի առաջատար ձայնագրման ընկերությանՙ «Նաքսոս Ռեքորդսի» ( Naxos Records ) կողմից առաջադրվել է 2017 թվականին թողարկված Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս»( Delos ) ընկերության կողմից։ Ձայնագրությանը մասնակցել են Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը եւ Կաունասի պետական երգչախումբը, ինչպես նաեւ երգիչներ Ֆրանչեսկո Դեմուրոն, Դմիտրի Խվորոստովսկին եւ Նադին Սյեռան, Վիլիուս Կեռասը եւ Ալեքսանդրա Կերիենենՙ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

Համաձայն «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության պաշտոնական աղբյուրներիՙ մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրվում են Ակադեմիայի անդամների կամ առաջատար մեդիա եւ ձայնագրման ընկերությունների կողմից։

Ակադեմիան տարեկան ստանում է մոտ 20 000 առաջարկ, որոնց հիման վրա կատարվում են առաջադրումներ։ Այնուհետեւ ավելին քան 350 փորձագետ տարբեր ոլորտներից ստուգում է առաջադրումների համապատասխանությունը հատուկ պայմաններին եւ համապատասխան ոլորտներին։ Վերջնական առաջադրումները կատարվում են Ակադեմիայի քվեարկող անդամների կողմից քվեարկության հիման վրաՙ ընտրելով ընդամենը 5 առաջադրում յուրաքանչյուր անվանակարգում։

Եվ ուրեմն, ըստ «Գրեմմիի» ընթացակարգի եւ կանոններիՙ Օրբելյանի ղեկավարած օպերայի ձայնագրությունը 5-ից մեկն էՙ ընտրված հազարավոր այլ ստեղծագործություններից:

Հունվարի 29-ին Կոմիտասի 150 ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ, որտեղ ներկա է եղել նաեւ Նազենի Ղարիբյանը, լրագրողները փորձել են խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, սակայն նախարարի պաշտոնակատարը հարցին չի պատասխանելՙ պատճառաբանելով, թե ասուլիսը Կոմիտասին է նվիրված, թեմայից դուրս այլ հարցերի կպատասխանի հետո: Հետո, երբ ասուլիսն էլ, միջոցառումն էլ արդեն ավարտվել էին, «Ազգը» Կոնստանտին Օրբելյանիՙ «Գրեմմիի» առաջադրվելու հետ կապված խնդրի վերաբերյալ Ն. Ղարիբյանից փորձել է պարզաբանում ստանալ: Նախարարի պաշտոնակատարը պատասխանել է. «Օրբելյանի հետ կապված ես առայժմ ոչինչ չեմ ասի: Պատրաստվում եմ այդ մասին հրապարակային ելույթ ունենալ: Էնպես չի, որ էդ հարցը հենց էնպես պիտի մնա: Հետո կպատասխանեմ դրան»:

Խուսափողական կեցվածքը որքա՞ն է դեռ շարունակվելու, ե՞րբ են մեր պաշտոնյաները դադարեցնելու լուրջ հարցերը ֆեյսբուքյան ստատուսաքոմենթային ձեւաչափով ներկայացնելու գործելաոճը:

Հետեւություններ անելու իրավունք յուրաքանչյուրն ունի ու պետք է անի: Բայց եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենքՙ ամե՞ն երկիր ու ամե՞ն ժողովուրդ կարող է Կոնստանտին Օրբելյան ունենալ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ