«ՀՈՒԶԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԱՐԱՅԻ ՈՒ ՇԱՄԻՐԱՄԻ ԹԵՄԱՅՈՎ Մ. Ս. Հարցազրույց Անտուան Վագների հետ Անտուան Վագները (1982 թ.) գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների եւ Ֆրանց Լիստի մեծ -մեծ ծոռն է: Ունենալով թատերական, կինոռեժիսորի եւ լուսանկարչական կրթություն, Վագներն արվեստի մեդիումների իր սահմաններն է փնտրում ինստալյացիաների, տեղահատուկ նախագծերի, վերջին ժամանակներս նաեւ օպերային բեմադրությունների ձեւավորման եւ ռեժիսուրայի ոլորտներում: 2019 թվականի ապրիլի 6-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում «Կարոյան Գալերին» (www.karoyangallery.com) կբացի նրա «Հուզական վերլուծություն» անվանումը կրող մուլտիմեդիա ինստալյացիան: Նախագծի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Այս նախագծով բացվում է «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի (www.arepaf.am ) այս տարվա թողարկումը:
- Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիք Ձեր կյանքը նվիրել արվեստին: - Կարծում եմ, երբեք էլ այլ տարբերակ չեմ ունեցել: Որքան ինձ հիշում եմ, խնդիրը միայն այն էր, թե արվեստի հատկապես ո՛ր ձեւը կամ լեզուն եմ ընտրելու: Մինչ օրս աշխատել եմ վիդեոյի, ձայնի, լուսանկարչության, գծանկարի, քանդակագործության, վերջերս նաեւ օպերայի ոլորտներում: Ես ընտրել եմ մի ուղի, որը թույլ է տալիս ինտեգրել արվեստի բոլոր ձեւերն ու միջոցները, դիտարկել հայեցակարգի ու պատմության փոխհարաբերությունները, ինչը ժամանակի մեջ անվերջ փոխակերպումների մեջ է: Բնությունը իմ աշխատանքի հիմնական թեման է: Ես ինձ համարում եմ այն միջնորդը, որ նրան ձայն է տալիս: - Կարծու՞մ եք արդյոք, որ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը եկել է Ձեր ընտանիքից, Ձեր նախնիներից: - Անկասկած: Դա եկել է այն բոլորից ու ամենից, որով շրջապատված եմ եղել, երբ ամեն ոք գնահատում է ստեղծագործականությունը, յուրաքանչյուրը ներքնապես արվեստագետ է, եւ հազվադեպ կարելի է հանդիպել մեկին, ով չի ստեղծագործում: Ինձ համար նույնպես, արվեստը ոչ թե առաջնահերթություն է, այլ իմ կյանքը: Անշուշտ, դրա համար առաջին հերթին պարտական եմ մորս ու հորս, ում հարգանքն ու նվիրումը արվեստին պարզապես անզուգական է: Այնուամենայնիվ, դա իսկապես եկել է ամբողջ միջավայրից: Շատ վաղ տարիքից հայտնվեցի օպերայումՙ առանց որեւէ պատկերացում ունենալու որեւէ լիբրետտոյի մասին: Նորից ու նորից նույն տեսարանը չտեսնելու համար փակում էի աչքերս, ու երաժշտությունը դառնում էր իմ երեւակայած տեսիլքների ու սեփական պատմության սաունդթրեքը: Այսօր ես ի մի եմ բերում իմ տեսիլքներն ու պատմություններըՙ իմ ստեղծած վիզուալ լեզվով հաղորդակցվելու համար: - Երբ մտածում եք Ձեր նախնիների (Ֆրանց Լիստի կամ Ռիխարդ Վագների) հետ կապի մասին... նրանցից ո՞ւմ կնմանեցնեիք Ձեզ.... չէ՞ որ նրանք այնքա՜ն տարբեր էին.... - Այո, նրանք շատ տարբեր էին, բայց մրցակցության բացակայությունը գուցե այն էր, ինչը թույլ տվեց նրանց բարեկամ մնալ: Ռիխարդ Վագների իղձըՙ լիակատար վերահսկողություն ունենալ ամեն ինչի վրա, ի վերջո հանգեցրեց այն բանին, որ տարբեր ժամանակներում բավական թվով մարդիկ ներքաշվեցին դրա մեջ: Իսկ Լիստը համերգային շրջագայության էր գնում իր փոքրիկ, հատուկ պատրաստված ստեղնաշարով: Նա որեւէ մեկի կարիքը չուներՙ իր ստեղծագործականությունը ապացուցելու համար: Ամենայն հավանականությանմբ նա ավելի մոտ էր ազատությանը: - Խնդրեմ պատմեք ԱՐէ փառատոնի Ձեր համագործակցության մասին: Ինչպե՞ս դա սկսվեց: - Գրեթե մեկ տարի առաջ Մարինե Կարոյանն ինձ նամակ գրեց: Մեր շփումը սկսվեց Gesamtkunstwerk (Համընդհանուր արվեստի աշխատանք) հայեցակարգի շուրջ, ինչն աշնանը ԱՐէ-ի կողմից կազմակերպվող համաժողովի թեման էր: Մարինեի հետ շարունակական աշխատանքը, որ հասցրեց ԱՐէ-ի այս տարվա թողարկմանը, մի տեսակ նախորդ թեման ավելի եւս ընդլայնելու, թատերական հարթակից այն հանելու մի բնական զարգացում էր: Ծանոթացա ԱՐէ փառատոնի նախորդ թողարկումներին: Ուսումնասիրեցի, թե ինչպես է փառատոնը արձագանքում ժամանակակից արվեստի զարգացումներին, ինչն ինձ շատ հետաքրքրեց: Պարզվեց, որ Արէ փառատոնը Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի մի մասն է: Ավելին, ինձ առաջարկվեց ցուցադրությունը կազմակերպել Կարոյան Գալերիի, եւ, անձամբ Նազարեթ Կարոյանի հետ համագործակցությամբ (մեկը, որ անկախ Հայաստանում բացել է առաջին սեփական ցուցասրահն ու, ավելի ուշ, դարձել Վենետիկի Բիենալեի մի մաս): Այսօր մեր նախագիծը վիրտուալ տարածքից տեղափոխվել է Հայաստանի Ազգային պատկերասրահՙ վերածվելով մի տեղահատուկ մուլտիմեդիա ինստալյացիայի: - Ի՞նչ նախագիծ եք առաջարկել ԱՐէ-ի 2019 թողարկմանը մասնակցելու համար, որն, ի դեպ, «ՁԱԽՈՂՈՒՄ» խորագիրն է կրում այս տարի: - Ազգային պատկերասրահում իմ ցուցադրության անվանումն է «Հուզական վերլուծություն»: Այն արձագանք է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» լեգենդին: Իմ վերլուծությունը ուղղված է այս առասպելի հետ կապված արվեստի որոշ ստեղծագործությունների եւ դրանց անտեսանելի բովանդակության ընդլայնմանը, որ տեղի կունենա որոշ նշանային համընկնումներ լուսաբանելու միջոցով: Ինստալյացիան բաղկացած է տարատեսակ մեդիումներից, այդ թվումՙ տպված լուսանկարներ, ձայնային եւ վիդեո միջամտություն, պղնձե սկուտեղներ, մոմերի մոդուլար քանդակներ, գծանկարներ, հելիո-փորագրություններ: Այս բաղկացուցիչների մեծ մասը Երեւանում է պատրաստվել: - Եվ, ավելի կոնկրետ, ի՞նչն է այս տեղհատուկ նախագծի ոգեշնչման աղբյուրը: - Հիմնական ոգեշնչման աղբյուր հանդիսացավ Վադգես Սուրենյանցի (1860 -1921) «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը (1899թ.): Ինձ հետաքրքրում է երեք ժամանակաշրջանների եռաչափ փոխազդեցությունը, եւ, հատկապես, թե ինչպես պիտի այդ լեգենդար, մինչթվայնացման 1899թվականը այս ինստալյացիայով ցույց տամՙ ներկա ժամանակում: Ինստալյացիայի մի մասը Սուրենյանցի ստեղծագործության տարբեր հատվածների բարձր որակով լուսանկարած մանրամասներ են: Սրանք ներկի եւ պիգմենտային հյուսվածքների մանրադիտակային տեսարաններ են, հին լեգենդիՙ ժամանակակից տեխնոլոգիական ընթերցում: Ժամանակակից տեխնոլոգիաների (2019 թվանշանային սենսոր եւ 120 մմ ոսպնյակ) եւ 1899 թվականին ստեղծված Արայի նկարի փոխհարաբերությունը վերափոխում է լեգենդի զգացումները: Առաջին պլան է մղվում ժամանակի փուլային կողմը: «Հուզական վերլուծությունը» կարճ, տեսողական պոեմ է, եթե կուզեք` մի Հաիկու: - Ի՞նչ դեր ունի ընտրված վայրըՙ արվեստի ստեղծագործության հայեցակարգի ձեւավորման գործում: - Եկեք սկսենք ԱՐէ-ից եւ այն մանրամասներից, որոնց մասին ավելի վաղ խոսել ենք: ԱՐ-ի արմատաբանությունը (այն, որ այս արմատը հազարավոր բառերի հիմք է հայերենում), եւ Է բայը, որ «լինել» է նշանակում: Սրանից ելնելով, իմ պատկերացումներում ԱՐէ-ն արմատներով խորքերը հասած մի իրողություն է: Սա ինձ անմիջապես կապեց խորքային շերտերի հետ: Եվ երկրորդը. չափազանց ոգեշնչող է շրջապատված լինել Ազգային պատկերասրահի հիանալի հավաքածուի ստեղծագործություններով, եւ, իհարկե, Մարինեի ու Նազարեթի հետ հանդիպումը շատ յուրահատուկ է: Այս մոնումենտալ հաստատության ճարտարապետությունը, սանդուղքները, վերելակները նույնպես մասնակցում են զգացմունքների ամբողջականացմանը: Աշխատանքային գործընթացը նույնպես կարեւոր էր. սկզբում աշխատեցինք հեռավորության վրաՙ համացանցով, բայց, ավելի ուշ, իմ նախնական այցի ընթացքում այնքան մոտեցա առարկային, որքան հնարավոր չէ բնական եղանակով դա անել: Նկատի ունեմ, որ լուսանկարում էի գերժամանակակից գործիքովՙ վեր հանելով գունանյութի անտրոպոմորֆ ձեւերը: Այժմ ժամանակն է մի փոքր հեռանալ, որոշակի հեռավորություն պահպանել: Այնպիսի զգացողություն է, կարծես վայրէջք ես կատարել Լուսնի վրա եւ հետո նոր ուղիով հետ գնացելՙ որպեսզի վերադառնաս նոր, անժամկետ փաստերով: - Ի՞նչ տեղ կտայիք այս աշխատանքինՙ Ձեր ամբողջական ստեղծագործության մեջ: - Հույզն ու զգացմունքը հաղորդակցություն են, ինչն արվեստի միակ նպատակն է: Արան ինձ ոգեշնչում է իմ մի օպերա-ֆիլմ նախագծի հետ կապված, որի վրա այժմ զուգահեռ աշխատում եմ: Իսկ պղնձյա ու մոմե մոդուլար քանդակները էքսպերիմենտ ենՙ լույսի ու ժամանակի հետ: - Այս ամենը, ըստ էության, շատ ոգեշնչող է: Ի՞նչ ձախողվելու մասին է խոսքը: - Նախ ասեմ, որ ես ձախողումը տեսնում եմ հենց առասպելի մեջ: Ինչպե՞ս կարող է այնպիսի մի անկեղծ ու հավատարիմ հերոս, ինչպիսին Արան է, ձախողվելՙ չնայած իր բազմաթիվ արժանիքներին: Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը գերեվարել գեղեցկությունը, թե՞ այն կարող է գոյություն ունենալ միայն ազատության ու շարժման մեջ: Ըստ Օվիդիոսիՙ կատարելությունը հանգեցնում է ոչնչացման: Բացի այդ, ես անդրադառնում եմ ձախողման հարցինՙ նաեւ ներկայի կտրվածքով: Հուզական վերլուծությունը, կամ Կարծիքի վերլուծությունը ժամանակակից մեթոդներ են, որ ուղղված են տվյալ ուղերձը հասկանալուն: Դրա հիմնական նպատակը փաստերի խմբի վերլուծությունն էՙ հասկանալու համար մարդկային տիպական տրամադրվածությունները, զգացմունքներն ու հույզերը, որ այդ ուղերձի արտահայտությունն են: Զգացմունքներն այլեւս դուրս են մտերմության հասկացությունից ու, նաեւ, արվեստից: Ի՞նչ կարող ենք անել: Մենք ձախողվել ենք: |