ԳՐԻԳՈՐԻՍ ԲԱԼԱՔՅԱՆԻ «ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ» ԱՆԳԼԵՐԵՆՈՎ Հ.Ծ. Գրիգորիս վարդապետ Բալաքյանի Կոնստանդնուպոլսում 1910-ին հրատարակված «Անիի ավերակները» գիրքը վերջերս թարգմանվել է անգլերենի Փիթեր Բալաքյանի եւ Արամ Արքունի կողմից եւ հրատարակվել Ռատգըզ համալսարանի տպագրատան կողմից: Առաջաբանը գրել է Փիթեր Բալաքյանը: Գրքում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, տեղադրված են բնագրից վերցված 33 սեւուսպիտակ լուսանկարներ եւ մոտ մեկ տասնյակ գունավոր լուսանկարներ կատարված Փիթեր Բալաքյանի կողմից վերջին տասնամյակում: «Անիի ավերակները» տպագիր միակ մենագրությունն է Անիի պատմության եւ թողած ժառանգության մասին, ընդգրկում է 1909-ին Մատթեոս Բ. Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան) կաթողիկոսի կղերականների շքախումբով Անի կատարած պատմական ուխտագնացությունը: Գրիգորիս Բալաքյանը ծնվել է 1875-ին: Կրթությունը ստացել է Կոնստանդնուպոլսի հայկական վարժարանում եւ Արմաշի հոգեւոր ճեմարանում: Հետագայում ճարտարագիտություն եւ աստվածաբանություն է ուսանել Գերմանիայում: Եղել է 1915 թվի ապրիլի 24-ին 250 հայ համայնքի առաջավոր գործիչներից, մտավորականներից մեկը, որոնց թուրքական կառավարությունը ձերբակալել է եւ բռնագաղթեցրել երկրի ծայրամասային ամայի տարածքներ: Քչերից մեկն է, որ չորս տարի կարողացել է դիմակայել դաժան պայմաններին: Հետագայում Հարավային Ֆրանսիա է տեղափոխվել, որտեղ դարձել է թեմի առաջնորդ: Վախճանվել է Մարսելում 1934-ին: Հեղինակ է նաեւ «Հայկական Գողգոթան» գրքի, որը Եղեռնի տարեգրությունն է, վերապրողի հուշագրություն: Այն նույնպես թարգմանվել էր անգլերենի 2010-ին: Վերջերս լույս տեսած «The Ruins of Ani» (Անիի ավերակները) անգլերեն հատորը, արդեն իսկ դրական արձագանքներ է ստացել գրաքննադատների կողմից, որոնցից Ռոբերտ Ջեյ Լիֆտոնը գրել է. «Ուշագրավ եւ անգնահատելի ուսումնասիրություն է», Քրիստինա Մարանջին ՙ «Նոր կյանք է պարգեւում մի վճռորոշ, բայց մոռացված անցյալի պատմությանը», իսկ Ջեյ Ուինտերը ՙ «Խորապես ընդգծում է, թե ինչպես է իրականացվել անցյալում մշակութային ոչնչացումը եւ ինչպես է այն կրկնվում մեր օրերում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների շարքում»: |