RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



ՀԱՅ ԴԻՐԻԺՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 502, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԱՆԱՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԽՄԲԱՎԱՐԸՙ ՀԱՐՈՒԹ ՖԱԶԼՅԱՆ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU-INSIDER: Vol. 9, Dec. 2018)

«Ուրիշների համեմատությամբ իմ առավելությունն այն է, որ դասական երաժշտությանը իմ մոտեցումներում կարողանում եմ ներառել ռոք՛ն՛ռոլի էներգիան, եռանդն ու աշխուժությունըՙ ինձ հասկանալի չափաբաժիններով», բացատրում է Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանը «AGBU-INSIDER» պարբերականի երաժշտությանը նվիրված հատուկ համարում տպագրված հոդվածում, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:


Շատերի համար, գուցե, զարմանալի եւ անարգական թվա այն հանգամանքը, որ Լիբանանի ամենապահանջված խմբավարի գրասենյակի մի հատվածում, սիմֆոնիկ եւ օպերային ձայնագրությունների հարուստ գրապահարանների կողքին, կարելի է տեսնել դասական ռոք՛ն՛ռոլի սրբազան մի անկյուն, որտեղ լորամարգու գույնով ներկված պատերը զարդարված են Բիթլզի եւ Փինք Ֆլոյդի «Լուսնի անտեսանելի կողմը» ալբոմի պաստառներով: Իր գրասեղանի կողքին «հանգչում են» թմբուկների եւ մի տասնյակ կիթառների տպավորիչ հավաքածուները: «Սիրում եմ ռոք՛ն՛ռոլը: Չի կարելի ժխտել, որ «Լուսնի անտեսանելի կողմը» ալբոմը գլուխգործոց է: Բիթլզները 20-րդ դարի երկրորդ կեսի մոցարտներն են, իսկ ինչքանո՞վ է հեռու Լեդ Զեպլինի «Ներգաղթյալի երգը» Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից», ոգեւորված հարցնում է Հարութ Ֆազլյանը:

Ինչքան էլ տարօրինակ թվա եւ զարմանք առաջացնի, այդ բոլորը անքակտելի մասն են կազմում այս արտասովոր եւ բազմաշերտ խմբավարի բեղուն գործունեությանը, որն անընդհատ նորարարություններով խթանում է դասական երաժշտության ժողովրդականությունը Լիբանանում եւ նրա սահմաններից դուրս:

Ծնվել է Բեյրութում հայտնի արվեստագետների ընտանիքում: Հայրը ճանաչված թատերական գործիչ է եղել, մայրըՙ նկարչուհի եւ դաշնակահարուհի: Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը բնական երեւույթ է եղել նրա համար:

Պատանեկան տարիներին, երբ ընտանիքը Բեյրութից Մոնրեալ է տեղափոխվել, ավագ դպրոցում նա մի կիթառ է վերցրել, կազմել ռոք խումբ եւ սկսել շրջագայել: Այդ ձեւով է հաստատել իր հարաբերությունները հանդիսատեսի հետ: «Կարեւոր չէ, մեկ հոգի է նստած դահլիճում, թե հազար, դու պետք է հարյուր տոկոսանոց նվիրվածություն ցուցաբերես: Առանց հանդիսատեսի հակազդեցության քո արվեստը շատ բան կարող է կորցնել: Այդ շրջագայությունները շատ բան սովորեցրին ինձ», պատմում է Հարութը:

Մեծանալով թատերական արվեստի, երաժշտության եւ նկարչության մթնոլորտում, Ֆազլյանը ներշնչվում է ոչ միայն երաժշտական տարբեր ժանրերով, այլեւ արվեստի տարբեր ձեւերով: Նա երաժշտությունը տեսնում է ներկապնակի զանազան գույների, կտավի ստվերների եւ կառուցվածքի մեջ եւ դրանցով վերաիմաստավորում է, նոր շունչ տալիս հազար անգամ հնչած երաժշտական ստեղծագործություններին: «Եթե պատկերացնենք, որ երաժշտական երկը մի վարդ է, որոշ խմբավարներ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այդ վարդի ձեւի, տեսքի վրա, ուրիշներՙ գույնի կամ հոտի վրա: Իսկ ես նախընտրում եմ փշերին նայել, որովհետեւ դրանք էլ են վարդի մի մասը»:

Ֆազլյանի որոշակիորեն տարբերվող արտահայտչամիջոցը բազմաթիվ հանդիսատեսների է հմայել աշխարհով մեկ եւ միջազգային բարձր գնահատականների արժանացել, այդ թվում նաեւ Բնագիտության եւ հասարակագիտության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի գիտական աստիճանի, ՀՀ Մշակույթի նախարարության պատվո վկայականի եւ 2015-ին Ֆրանսիայի կառավարության Արվեստների եւ գրականության շքանշանի:

Բայց նրա համար ամենամեծ վարձատրությունը համակ ուշադրությամբ եւ անձնուրաց նվիրվածությամբ օդում զգացական ու մտավոր ճախրանքից հետո, շրջվել եւ բուռն ծափահարությունների միջոցով հանդիսատեսի արձագանքն զգալն է: «Դա ամենագեղեցիկ պահն է»:

Ֆազլյանը իր աշխատանքին նվիրված է, բայց դրանով չի սահմանափակվել: Գործնական քայլեր կատարելով նա իր ծննդավայրՙ Լիբանան վերադառնալով 1999-ին նպաստել է հիմնելու երկրի առաջին սիմֆոնիկ նվագախումբը (*), որի կատարումները ձրի են ունկնդիրի համար: Անցած 19 տարիների ընթացքում նվագախումբը աճել է, դառնալով միջազգային մակարդակի մի համույթ, որի ելույթներին անհամբեր են սպասում երաժշտասերները: Աճել է նաեւ իր հեղինակությունը, որպես մի խմբավարի, որը կարողանում է լիբանանյան եւ մերձավորարեւելյան երաժշտության ազդեցության ներքո նոր մեկնաբանություններով հնչեցնել բազմաթիվ ծանոթ սիմֆոնիաներ եւ օպերաներ: Լիբանանցի բանաստեղծ Անրի Զողեյբի համագործակցությամբ Ֆազլյանը լիբանանյան արաբերենի է թարգմանել Մոցարտի «Բաստիեն եւ Բաստիենա» օպերան, երաժշտությանը հարմարեցնելով տեքստը, եւ ամբողջովին լիբանանցիներից կազմված ազգային սիմֆոնիկ նվագախմբի կազմով ներկայացրել այն համաշխարհային հանրությանը: 2011-ին Բաալբեկի միջազգային փառատոնի ընթացքում «Սալահեդդինի ժամանակներից» երաժշտական պիեսը Լիբանանում բեմականացվել է առաջին անգամ կենդանի նվագախմբի կատարումներովՙ իր ղեկավարությամբ: Իսկ 2014-ին Մարսել Խալիֆայի համերգի ժամանակ ֆիլհարմոնիկ նվագախումբը, դարձյալ իր ղեկավարությամբ, միացել է 80-հոգանոց երգչախմբին, արձանագրելով Բիբլոսի միջազգային փառատոնի պատմության մեջ ամենամեծ հաղթանակը:

Նրան նաեւ լավ են ճանաչում հանրահռչակ երգչուհիՙ Ֆայրուզի, իսկ 2000-ից սկսյալ նաեւ Ջուլիա Բուտրոսի համերգներին իր նվագախմբով մասնակցելու պատճառով: Այդ համերգներին հազարավոր երկրպագուներ են ներկա գտնվում: 2017-ին Ֆազլյանին հրավիրել էին ղեկավարելու Ծննդյան տոների պաշտոնական համերգը, որը տեղի էր ունեցել նախագահական պալատում երկրի նախագահի, առաջին տիկնոջ, բարձրաստիճան պետական այրերի եւ դեսպանների ներկայությամբ:

Նվագախմբի հետագա բարելավման համար Ֆազլյանը ջանք չի խնայում: Նա ամուր կապեր է հաստատել դեսպանատների եւ այլ հաստատությունների հետ համագործակցելու համար աշխարհի տարբեր երկրների երաժիշտների հետ: Նա Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային Ամերիկայից եւ անշուշտ Հայաստանից ճանաչված ու տաղանդավոր երգահանների եւ երաժիշտների է Լիբանան հրավիրել համերգներ տալու:

Հայ արվեստագետների տաղանդը ցուցադրելը առիթ է նրա համար վարձահատույց լինելու այն ամենի համար, ինչ մայր հայրենիքն է տվել նրան: Նա յոթ տարի է անցկացրել Երեւանում, վաստակելով գիտական աստիճաններ:

«Այդ համերգներով երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն դասախոսներին, որոնք բացահայտեցին իմ մեջ երաժշտական այն ներուժը, որը դարձավ իմ կենսակերպը: Երբ ես շրջում եմ աշխարհով մեկ համերգներ տալու, անպայմանորեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ընդգրկում եմ իմ նվագացանկում: Իմ պարտքն եմ համարում հայկական երաժշտությունը լսելի դարձնել օտար ունկնդրին»:

Ֆազլյանը Բեյրութի ՀԲԸՄ-ի երկարամյա անդամներից է: Հաճախել է տեղի Դեմիրճյան վարժարանը: «Նույնիսկ ծնվելուց առաջ էի ՀԲԸՄ-ի համայնքի անդամը», կատակում է նա: Հայրըՙ Պերճ Ֆազլյանը, հիմնել էր ՀԲԸՄ-ի «Վահրամ Փափազյան» թատերախումբը, Բեյրութում: 1996-ն երբ Բեյրութ է վերադարձել Հարութը սկսել է աշխատել որպես ՀԲԸՄ-ի երգչախմբի տնօրեն եւ խմբավար: Երեք տարիների ընթացքում նա նոր շունչ է հաղորդել երգչախմբին, վերակենդանացրել երգացանկը, նորարարական մեթոդներով հասել գերազանցությանՙ երգչախումբը այժմ առաջին հորիզոնականն է զբաղեցնում Լիբանանում:

Ինչպես ինքն է հասել հաջողություններիՙ շնորհիվ մտավոր թռիչքի եւ ստեղծագործ աշխատանքի, նա այդ նույն հատկանիշները փորձում է փոխանցել իր ուսանողներին Բեյրութի Saint-Esprit de Kaslik եւ Հայկազյան համալսարաններում: Նա խրախուսում է նրանց ընդլայնելու իրենց երաժշտական մտահորիզոնը արվեստի եւ գրականության այլ բնագավառներին ծանոթանալով, որպեսզի նրանք կարողանան նաեւ տարբեր տեսանկյունից եւս մեկնաբանել երաժշտությունը:

«Երբ ճիպոտը ձեռքիս ղեկավարում եմ նվագախումբ, ես «խոսում» եմ նրանցՙ Բեթհովենի, Բրամսի, Մալերի եւ մյուս մեծ հեղինակների հետ, եւ ամենատարօրինակն այն է, որ նրանք ինձ պատասխանում են», ավարտում է Հարութը մեր զրույցը ժպտալով:

*) Տարածված սխալ. Լիբանանը սիմֆոնիկ նվագախումբ ունեցել է դեռեւս անցյալ դարի 60-ականներից եւ համերգներ է տվել հատկապես Բեյրութի Ամերիկյան համալսարանի Essembly Hall-ում, թեեւ ոչ կանոնավոր պարբերականությամբ: Ծ.Խ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ