RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 20-03-2020



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-03-19 20:37:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 20901, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՓԱԿ ՏՈՂԱՏԱԿԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բողոքի, ինտրիգների, աղմուկի հերթական ալիքն է բարձրացել: Մի խումբ մեներգիչներ բաց նամակով են հանդես եկելՙ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Բաց նամակՙ նամակագրի փակ անունով, նամակի տակ նշվում էՙ Ալ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ մեներգիչներ, բայց թե որ մեներգիչներն են, ոչ մի անուն-ազգանուն գրված չէ:

Այս անգամ ի՞նչ են պահանջում մեներգիչները, եւ ինչո՞ւ են փրկություն աղերսում Արայիկ Հարությունյանիցՙ նամակում նշելով «Մենք անկարող ենք այլեւս լռել, քանի որ թատրոնը, ստեղծագործական ոգին եւ մեզ` որպես արտիստ, թաղում են վախի եւ լարվածության ճահճում: Թատրոնի առօրյա կյանքը վերածվել է մղձավանջային ներկայացման, որի վարագույրը բացվեց, երբ դատարանը Կոնստանտին Օրբելյանի հայցը բավարարեց: Պարոն նախարար, շատ ենք ուզում հավատալ, որ Օպերայի եւ բալետի թատրոնում ներկայումս տիրող` Կ. Օրբելյանի կողմից կառավարվող քաոսի հանդեպ Ձեր արձագանքի բացակայությունն անտեղյակության, այլ ոչ անտարբերության արդյունք է եւ, որ այս նամակի միջոցով կկարողանանք հեղափոխության հայացքն ուղղել դեպի Ա. Սպենդարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը»:

Ուրեմն, մեներգիչները հեղափոխություն են ուզում: Կոնստանտին Օրբելյանը հեղափոխությունից առաջ նշանակված կադր է, նաեւ հեղափոխությունից առաջՙ 2009 թվականին, մշակույթի նախարարի անհատական հրամանով հաստատվել է մասնագիտական որակավարման քննությունների օրինակելի կանոնակարգը, որի համաձայն ընդունվել է թատրոնի տնօրենիՙ 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 134-Ա համապատասխան հրամանը: Ըստ այդ կանոնակարգիՙ թատրոնին իրավունք է վարապահված 3 տարին մեկ անցկացնել արտիստների որակավորման քննություններ: Կոնստանտին Օրբելյանն էլ, օգտվելով այդ իրավունքից, մարտի 13-14-ը որակավորման լսումներ է անց կացնելու: Նրա այս որոշումը մեներգիչները որակել են «կամայական եւ չհիմնավորված, քանի որ, ըստ թատրոնում մեծ տարածում գտած կարծիքի, այս ատեստավորման լսումների արդյունքը լինելու է Կ. Օրբելյանին աջակցող եւ իր գործելաոճի հանդեպ լոյալ դիրքորոշում ունեցող շրջանակին պարգեւատրելու ծիսակատարությունը»,- նշված է բողոքի նամակում:

Նամակագիրները նաեւ նշել են, որ «Օրբելյանն իրեն դրսեւորում է որպես անցյալի բոլոր արատավոր դրսեւորումների լիարժեք իրավահաջորդն ու արմատավորողը: Ակնհայտ է, որ խորամանկորեն է ընտրված նաեւ ատեստավորման լսումների ժամանակահատվածը. Օրբելյանն իր նպատակների ծածուկ իրագործման համար ընտրել է այդ ժամանակահատվածը, քանի որ ամբողջ հասարակության ուշադրությանը սեւեռված է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ուղղությամբ»,- նշված է անանուն նամակում:

Մեներգիչների նամակի հրապարակումից երկու ժամ անց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատասխան նամակ հրապարակեց: Հղում կատարելով մշակույթի նախարարի հրամանինՙ նշվել է, որ ատեստավորման լսումներն օրինական են, եւ որ թատրոնը որակավորման ստուգումները դեռ անցյալ տարի էր նախատեսել, քանի որ ներկայացումների մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում նկատվել է, որ արտիստները կատարողական խնդիրներ ունեն:

Ի դեպ, որակավորման ստուգումներ անցկացնելու համար Կոնստանտին Օրբելյանը արտասահմանից մասնագետների է հրավիրել:

Եթե թատրոնի տնօրենը, ըստ օրենքիՙ իրավունք ունի մասնագիտական որակավորման լսումներ անցկացնել, եւ այդ կարգը նոր չէ, նախկինում էլ են արտիստները մասնակցել այդ լսումներին, ապա ինչո՞ւ են այդ կարգի դեմ նրանք հիմա՛ բողոքում: Չէ՞որ այդ լսումների արդյունքում է ձեւավորվել թատրոնի արտիստական ներկայիս կազմը, որում ընդգրկված են նաեւ նամակի հեղինակները: Թե՞ նախկինում հեղափոխություն չէր եղել, բողոքի ձայն բարձրացնելու դեպքում հաշվեհարդար կտեսնեին, իսկ հիմա հեղափոխություն է եղել ու «թավշյայի» ֆոնին ամեն տեղից վերկացողը կարող է բողոքել ու դժգոհել, աջուձախ անարգանքի սյունին գամել, պատեհ-անպատեհ պախարակել ու ոչնչացնել:

Հիմա պարզ չէՙ արտիստները մասնագիտական լսումների կարգի՞ն են դեմ, թե այդ կարգին համապատասխան լսումներ անցկացնող Կոնստատնտին Օրբելյանին: Եթե կարգին են դեմ եւ այն անօրինական են համարում, ուրեմն պիտի դրա դեմ բողոքեին կարգն ընդունելու պահինՙ 2014 թվականի ապրիլի 30-ին, իսկ եթե Կոնստանտին Օրբելյանին են դեմ, ուրեմն ինչու էին սրանից ուղիղ մեկ տարի առաջ թատրոնում, հետո նաեւ կառավարության շենքի դիմաց կուրծք ծեծում, թե հետ բերեք մեր Օրբելյանին, ինչո՞ւ եք նրան ազատել թատրոնի տնօրենի պաշտոնից: Դատ ու դիվան էին պահանջում, նախարարությանը ծաղրուծանակի ենթարկում, գոռում-գոչում, ներկայացում տապալում: Իսկ հիմա նամակում ակնհայտ դժգոհություն են հայտնում, որ Օրբելյանը տնօրենի պաշտոնում դատական կարգով վերականգնվել է: Հիշեցնենքՙ հենց այդ վերականգնման համար էիք անցյալ տարի բողոքի ակցիաներ անում, կոկորդ պատռում, սիրո ու նվիրումի ձոներ ուղղում Օրբելյանին: Ներկայացո՞ւմ էիք խաղում, հարգարժան արտիստներ:

Մասնագիտական բարձրորակ ունեցող ոչ մի արտիստ չպետք է խուսափի որակավորման լսումներից: Ընդհակառակըՙ պետք է ուրախությամբ ընդունի այդ մարտահրավերը, որովհետեւ այդկերպ իր որակները մեկ անգամ եւս ինքն իր համար կստուգի ու կպարզի, թե որոնք են իր ուժեղ ու թույլ կողմերը: Եթե արտիստը վստահ է, որ բեմական, ձայնային բարձր մարզավիճակում է, նրա համար պետք է միեւնույն լինիՙ ով ու երբ է անցկացնում որակավորման ատեստացիա:

Ընդունեք, տիկնայք ու պարոնայք, որ ձեզնից բացի, էլի երգիչ-երգչուհիներ կան, որոնք արժանի են մեր օպերային թատրոնում երգելու, ու չի բացառվում, որ նրանց մեջ ձեզնից լավերն էլ լինեն: Ի վերջո, մենքՙ հանդիսատեսներս, բեմից տեսնում ենք ձեր ե՛ւ առավելությունները, ե՛ւ թերությունները, ե՛ւ հաղթանակները, ե՛ւ պարտությունները: Ընդունեք, որ դուքՙ ձեզնից ոմանք, իրենց նահանջող ձայներով նաեւ պարտվում են: Բեմը չի կարող խաբել կամ կեղծել, որքան էլ ձեզնից ոմանք փորձեն հզորագույն ձայնի ու դիապազոնի պատրանք ստեղծել:

Ավելի ազնիվ կլինեիք, եթե Արայիկ Հարությունյանին ուղղված նամակի վերջում բացեիբաց ներկայացնեիք ձեր անունները: Մինչդեռ գրել եք «Եվ վերջում. խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեզ դիմելու այս անանուն միջոցին ենք դիմել գեստապոյական գործելաոճով ներդրված ճնշող վերահսկողության մեխանիզմների պատճառով»:

Մեկ տարի առաջ բոլորդ, քիչ բացառությամբ, ուզում էիք, որ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանիՙ մշակույթի նախարարին ուղղված նամակում ձեր անուն-ազգանունները կարմիր տառերով գրվեն, բողոքի ելույթներին իրար հերթ չէիք տալիս, թվարկում էիք, թե Օրբելյանն ինչեր է արել ձեզ համար, իր անձնական միջոցներից որքան գումար է ներդրել ներկայացումների ու ձեր հյուրախաղերի համար, թե ինչպես է նրա շնորհիվ օպերային թատրոնի խաղացանկի որակը բարձրացել, թե որքան բծախնդիր ու պահանջկոտ է նա արտիստներիդ նկատմամբ:

Նույն բծախնդրության ու պահանջկոտության հերթական դրսեւորումն են մարտի 13-14-ի որակավորման լսումները, հապա ինչո՞ւ եք դժգոհում ու դատապարտում, հարգարժան արտիստներ:

Եթե կատարյալ եքՙ որպես մեներգիչ ու արտիստ, ուրեմն «դուխով» մասնակցեք լսումներին, կանգնեք արտասահմանից հրավիրված մասնագետների առջեւ ու երգեք: Ապացուցե՛ք, որ դուք անթերի եք, բարձրակարգ, արժանի մեծ բեմերի: Եթե հանդիսատեսի հետ ազնիվ լինել չեք կարող, գոնե ինքներդ ձեզ հետ ազնիվ եղեք ու զերծՙ որեւէ ուղղորդումից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ