RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



65-ամյակ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2451, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ԿԱԾԱՆՆԵՐԻ ԿԱՆՉԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայրը ամառները յայլաներում էր` անասնաբույժի իր պարտականություններին: Յայլաներ էր տանում նաեւ իր մեղվաընտանիքը` այդ զբաղմունքը հաճելիորեն համադրելով մասնագիտական բուն գործին:

Յայլաներում կիրակիներ, հանգստյան օրեր չկան, իսկ անելիք` ինչքան ուզես: Սակայն հոր համար ամեն տարվա այդ օրն առանձնակի էր` որդին այդ օրն այցի էր գալիս իրեն: Դա այն հազվագյուտ օրերից էր, երբ հայրն իրեն հեռու էր պահում առտնին գործերիցՙ առավոտից տրամադրվելով որդուն սարերում ընդունելու երանավետ պահերին: Ամառվա եւ վաղ աշնան ամիսներին բազում անգամներ էին իրենց հանդիպումները, բայց այդ օրվա որդու գալը մի առանձնակի նշանակություն էր ստանում հոր համար, եւ ամենամյա այդ օրվա իրադարձության հաճելի կրկնության մեջ հրաշալի մի զգացողություն կարոտների խտուտն էր բերում:

Այդպես էր նաեւ որդու համարՙ այդ օրն ինքն անպայման պիտի բարձրանար յայլաները: Եթե այդ օրը աշխատանքային օր լիներ, պիտի շտապեր այդօրվա անելիքները շուտ ավարտել եւ շտապել գյուղ, նախ հայրական տուն անցնելով, ապաՙ դեպի յայլաներ: Մինչեւ խոտհարքի դաշտերը մեքենայով պիտի գնար, ապա անհարթ ու դարիվեր ճանապարհը հաղթահարեր ոտքով: Քամուց նազուտուզ անող մարդաբոյ խոտերի միջով ոտքով դանդաղ բարձրանում էր` մտովի հոր հետ խոսելով, եւ այդ ներքին երկխոսության մեջ ծնվում էին բանաստեղծական տողերը` այդ զրույցն արդեն բերել-հասցնելով իր եւ իր զավակների հետ ունեցած ներքին մենախոսության.

«Ի՞նչ պետք է թողնեմ

Ինձանից հետո,

Որ քո հոգու մեջ նոր կրակ վառի,

Որ մոտեցնի ճանապարհն

անվերջ

Քո եւ Աստծու մեջ ...»:

Սա` երկու տղաներին ու դստերը նվիրված, որ «Պատգամ» վերնագրեց: Պատգամ նախ իր համար, որ չդառնա «պապերի հյուսած կյանքի պարանի քարկապուկը հանկարծ», որ ժառանգություն ասածը սոսկ պարգեւ չընդունի, այլ, ասենք, մի ճանապարհ, որ նախորդների բացածն է, եւ շարունակությունն իրեն է տրված: Ահա այս շարունակությունն այնպես անցնել, այս ճանապարհն այն տեսքի բերել, որ ավելի դյուրանցանելի դառնա նոր եկողների համար:

Մտավախությո՞ւն է, որ հորից առատորեն ստացածը հանկարծ իր կողմից հավելում չունենա ու նոր տեսքով, նոր բովանդակությամբ չփոխանցվի իր զավակներին: Քարկապուկ չի ուզում, սոսկ ստացածի փոխանցողը լինողն էլ չի ուզում` այդպես շարունակություն չի լինում. այդպիսի շարունակության մեջ հավելումներ չկան, իր ներդրածը չկա: Այնինչ, վերցրածը պիտի իրենով լրացվի, իրենով հարստանա ու փոխանցվի արդեն իր զավակներին:

Այսպես, ներքին մտորումները հաճախ բարձրաձայնելով` ալպյան մաքրության ափնարոտիկով որդիների հետ բարձրանում էր դեպի յայլաները, ուր հայրն էր միշտ ամռան ամիսներին ապրում իր ձեռքով կառուցած տնակում: Տարիներով անցել է այդ ճանապարհը: Անցնում էր, երբ փոքր էր դեռ, եւ իր ուղեկիցները գյուղի տղաներն էին` ամեն մեկն իր ծնողին այցելող: Այդպես բարձրացել է այդ սարերը, երբ ավագ էր արդեն ու իր երեխաների համար ինքն էր ուղեկից: Ի՜նչ երանելի սպասում այդ երկար ճանապարհին, երբ հայրը սարի բարձունքից պիտի նայեր ոլորուն կածաններով բարձրացող որդուն ու թոռներին: Նա լավ գիտեր, որ որդին այդ ճանապարհը երբեւէ ավտոմեքենայով չի անցնում, մանավանդ` ծառայողական մեքենայով, թեպետ աշխատանքի բերումով այդ հնարավորությունն ուներ: Նա լավ գիտեր այդ ճանապարհը ոտքով անցնելու որդու սովորույթի իմաստը. «Այս ճանապարհին իմ մանկությունն է հետս գալիս...»:

Հայրը միշտ կածանների ոլորաններում նրանց ճամփան էր պահում եւ, չհամբերելով, իջնում ընդառաջ: Սարերում հավքերի ձայնն էր, քամուց օրորվող խոտերի սոսափը, որոնց երբեմն խառնվում էր անսանձ ու անթամբ արածող ձիերի վրնջյունը: Հայրը` սարի սովոր, առույգ ու պինդ, ցավեցնելու չափ ամուր գրկում էր որդուն ու թոռներին, որոնց վրա տարածվում էր նրա զգեստներից եկող ուրցի անուշաբույրը:

Տնակում` կոշտ նստարան, կոշտ թախտ, մի հնամաշ ռադիոընդունիչ, անասնաբույժին անհրաժեշտ պարագաներ: Կաթնահամ այդ տնակում աշխարհիս բոլոր տեսակի դաշտային բազմերանգ ծաղիկների փնջեր էին` տարիներով պահված ու չորացած, նաեւ նոր բերված, որոնք հնաբույր այդ տնակին ակնահաճո տեսք էին տալիս ու անուշաբույրով լցնում: Պապի տաք, ամուր ձեռքերի շոյանքը խտուտ էր տալիս թոռների այտերը, եւ այդ շոյանքից անցյալ ու ներկա տարիները գերդաստանի պատմության շղթայում ակնածանքի, կյանքի շարունակական լինելու, երեք սերունդների փոխադարձ ամուր կապի ու վերաբերմունքի նոր օղակներ էին հյուսում:

Օրն անցնում էր աննկատ, եւ մայրամուտի վերջին ճառագայթների հետ գալիս էր նաեւ միմյանց հրաժեշտ տալու պահը: Ամենադժվարը դա էր. հայրն այդ պահից սկսած կարոտ էր ապրում, իրենք այդ պահից սկսած տխրում էին, որ պիտի իջնեն ալպիական գեղեցկության այդ հրաշք սարերից, որ պիտի բաժանվեն` Աստված գիտի, թե քանի օրով, քանի շաբաթով:

Վերադարձը կարոտ էր, վերադարձը բանաստեղծական տողերի ծնունդ էր, վերադարձը խոհերի ու ապրումների կուտակում էր ու ներքին մտորումների բարձրաձայնում.

«Իմ զրույցն այս

Կամ աղոթքը լուռ,

Պապերիս ձայնը քեզ հասցնելու

Ճիգն արցունքահամ

Քանի՚ սերունդ է

Ու քանի դար է,

Որ մնացել է

մենախոսություն...»:

...Ու մի օր էլ տնակն անվերադարձ հրաժեշտ տվեց իր բնակչին: Տնակը էլի տնակ էր «կոշտ թախտն ու կոշտ նստարանն էլի կային, բայց կենվոր, նստող-ելնող չկար: Ծաղիկները տխրում էին հայացքի պակասից, տնակի օդի մեջ կաթնահամ բույրը կամաց-կամաց վերացավ: Ծաղիկները, որ հայացքի էին սպասում` մի օր մոմեր տեսան, որ վառվում էին մահճակալի տեղում դրված խաչքարի առաջ: Իրենց ծանոթ, իրենց հարազատ եկվորներն էին մոմեր վառում, եւ տնակում մեկը պակաս էր: Շունչը կար, ոգին կար, կերպարը կար, միայն նա` տնակի իրական տերը չկար: Հիմա երեքով էին` հայրն ու երկու տղաները, որոնց ներս հրավիրողը խաչքար էր այլեւս` լսող, բայց անհաղորդ: Լսում էր հուշեր, տխրորեն բարձրաձայնվող մտորումներ եւ չէր պատասխանում: Նրա պատասխանը որդու մտորումն էր, որ մոմի լույսի եւ խունկի բույրի հետ թափառում էր տնակի պատերով ու բարձրանում, բարձրանում էր վեր` հաղորդվում երկնային ճանապարհներում իր հավիտենական ուղին բռնած հոր հետ` թեթեւություն, հանգստություն բերելով նրան, որ անհետք չի գնացել եւ մոռացում չունի: Մոմերի մարելու հետ դուռը փակվում էր դրսից, եւ տնակի մեջ երկար մնում էր խունկի հոտը:

Հետդարձի ճամփին ոլորուն կածանների վրա օդը լցվում էր բանաստեղծական տողերի շնչով, որոնք սարից իջնողի մրմունջն էին ու կարոտը, «ափսոսանքն էին ու հարազատի հեռացումի անմարելի հուշը.

«Բաժանվեցինք մենք լուռ,

Կարծես հրաժեշտ էր

սովորական,

Ու բաժանումն այդ

Նման էր

Մեր համր զրույցներին ...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ