ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 19-ին անդրադարձել է Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցապայքարին: «Դեսպանըՙ շախմատի խաղատախտակի առջեւ» վերնագրյալ հոդվածի հեղինակը Շտեֆան Լյոֆֆլերն է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից նրա գրած հոդվածի նախաբանում կարդում ենք. «Շախմատի չեմպիոնության համար մրցապայքարն ընթանում է Լոնդոնում, քանի որ հայերն Ադրբեջանում ապահով չեն զգում իրենց: Լեւոն Արոնյանն անկաշկանդ զրուցում է ադրբեջանցի գործարարների հետ: Վեճի մեջ մտած երկու հարեւանները մերձենում են»: Այս «ժլատ» բառերով նախաբանն, իհարկե, «բացվում է» հոդվածն ամբողջությամբ ընթերցելիս, թեեւ որոշ եզրակացություններ այդուհանդերձ «ենթադրական» տպավորություն են թողնում: Հոդվածի ընդարձակ տարբերակին անդրադառնում ենք ստորեւՙ համառոտած: Հավակնորդների մրցաշարը չսկսվեց բացման կարծր հանդիսությամբ: Ոչ էլ առաջին թույլ պայքարով, որտեղ որեւէ մեկը չէր ուզում ռիսկի դիմել, եւ բոլոր խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Իրականում ամեն ինչ սկսվեց դրանից հետո, խնջույքի ժամանակ, որ հրավիրել էր ադրբեջանական «Սոքար» նավթային ընկերությունը: Վերջինս միակ պաշտոնական ներկայացուցչությունն է, որ շախմատի համաշխարհային մրցապայքարին դրամ է հատկացնում: Նախապես Բաքվում պիտի կայանար մրցաշարը, բայց ֆավորիտներից մեկըՙ հայ Լեւոն Արոնյանը, Ադրբեջանում իրեն ապահով չէր զգա, այդուհանդերձ Լոնդոն տեղափոխված մրցաշարը չխանգարեց, որ «Սոքարը» հանձնառությունը կատարի: Չէ՞ որ Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին, որը 9 տարի արդեն անձնապես հովանավորվում է պետական ընկերության կողմից, արտոնություն է տրվել մասնակցելու մրցաշարին: 8 շախմատիստները հյուրանոցի իրենց համարներից փողոց էլ չպիտի անցնեին հարեւանությամբ գտնվող շենքում խնջույքի մասնակցելու համար: Միակը, որ վերջին պարտիայից հանգստանալու եւ հաջորդին նախապատրաստվելու արանքում ճեղքել էր կարգուկանոնը, Արոնյանն էր: Երեկոն բեռլինաբնակ աշխարհաքաղաքացի Լեւոնի սրտով էրՙ ջազ, կովկասյան ճաշատեսակներՙ գառան միս, սմբուկ, բրնձով փլավ, փախլավա: Արոնյանն անկաշկանդ զրուցում էր բոլոր հյուրերի հետ: Ադրբեջանցի գործարարների մեջ նա վերջին հաշվով Հայաստանի մի դեսպան էր: Շախմատը վեճի մեջ մտած երկու հարեւան երկրներում սիրված է, միջազգային հարթակներում նրանց լավագույն շախմատիստները հաճախ են հանդիպում, բայց ոչ երեբեքՙ մեկը մյուսի հայրենիքում: Շախմատային վերջին 4 օլիմպիադաներից երեքում Հայաստանը հաղթել է: 2016-ին կարեւորագույն թիմային մրցապայքարը Բաքվում է կայանայու: Քայլ առ քայլ Հայաստանի մասնակցությունը պիտի որ իրականանա: Կուլիսների հետեւում հրավերներ կձեւակերպվեն, այցը նախատեսող պայմանների շուրջը կբանակցեն: Նշանակություն կունենար, եթե Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, որ ինքը հանրապետության նախագահ Սերժ Սարգյանն է, Բաքու ուղեւորվեր: Ուշ երեկոյան հյուրերին միացավ նաեւ Ռաջաբովը: Արոնյանից ու Ռաջաբովից այս փոփոխությունը վրեժ չի լուծում: Նրանք երկուսն էլ հաջորդ օրը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ հետագա մրցամարտում ունեցած հաղթանակով Արոնյանն առաջատար է, գրում է գերմանական ««Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ» օրաթերթը: |